HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հումքի դեֆիցիտի, ներմուծման, գրանցման խնդիրների պատճառով ԱՆ առաջարկում է` գնումներին մասնակցեն նաև չգրանցված դեղերը

Առողջապահության նախարարությունն առաջարկում է նոր նախագիծ, որի նպատակն է կարգավորել պետական գնումներին մասնակցող, Հայաստանում չգրանցված դեղերի սահմանափակման հարցերը, ինչպես նաև՝ համապատասխան տեղեկանքի ներկայացման փուլը:

Ըստ այդ նախագծի՝ ԱՆ-ը ցանկանում է փոփոխություններ մտցնել Կառավարության՝  2 մայիսի 2013 թվականի N 502-Ն («Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի ն տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին») որոշման մեջ, որով հնարավորություն կտրվի, որ պետական գնումների մրցույթին մասնակցեն Հայաստանում գրանցում չունեցող դեղերը։ 

Թեև հիմա գնման ընթացակարգերը իրականացնելիս սահմանափակված է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի մասնակցությունը պետական գնումներին, սակայն վերոնշյալ որոշմամբ՝ պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին թույլատրվում է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ձեռք բերել ԱՆ թույլտվության հիման վրա ներմուծված չգրանցված դեղեր` ներմուծման հավաստագրի առկայության դեպքում։

Ներկայումս, պայմանավորված այլ երկրներում (մասնավորապես, Ռուսաստան-Ուկրանիա) արտակարգ և ռազմական դրություններով՝ Հայաստանում որոշ դեղերի գրանցման կամ արդեն գրանցված տարբերակի ներմուծման հետ խնդիրներ են առաջացել։

Բացի այդ, կորոնավիրուսի հետևանքով բազմաթիվ դեղագործական կազմակերպություններ ունեն լոգիստիկ խնդիրներ, հումքի, ռեսուրսների, նաև՝ մարդկային ռեսուրսի դեֆիցիտ։ Այդ պատճառով էլ ԱՆ-ն նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել մշակելու այս նախագիծը։

Միաժամանակ, դեղերի գնման ժամանակ գնահատող հանձնաժողովը ներկայացված դեղը գնահատելիս պետք է հնարավորություն ունենա մասնակցի կողմից առաջարկվող դեղերից ընտրել գրանցված կամ չգրանցված դեղեր, որոնք երկուսի դեպքում էլ մատակարարը, որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ, պետք է ներկայացնի «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի կողմից տրված տեղեկանք, որը հավաստում է, որ այդ դեղը գրանցված է միջազգային մասնագիտական կազմակերպությունների անդամ երկրում կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից նախաորակավորում ունի։

Եթե նախագիծն ընդունվի, որոշման մեջ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դրա հրապարակման հաջորդ օրվանից, իսկ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները կտարածվեն նաև մինչև որոշումն ուժի մեջ մտնելը դեղերի գնման սկսված և չավարտված գործընթացների, ինչպես նաև՝ կնքված և գործող գնման պայմանագրերի վրա:

 

Տես նաև՝ 

 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter