HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մայրաքաղաք Արտաշատ» պատմամշակութային հուշարձանը արգելոցի կարգավիճակ պետք է ստանա ոչ թե 5,8 հա, այլ 700 հա տարածքով

Ապրիլ ամսին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն իրազեկեց «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային հուշարձանին արգելոցի կարգավիճակ տալու մասին։ Կառավարության որոշումով «Մայրաքաղաք Արտաշատ» պատմամշակութային ագելոցի տարածքը սահմանվել է 5,8 հեկտար։

«5,8 հա-ը արգելոցի տարածքի վերածելու տրամաբանությունը չեմ տեսնում, «Արտաշատ Մայրաքաղաք» հուշարձանի տարածքը նվազագույնը 700 հա է, դա քաղաքի բուն տարածքն է։ Ինչ վերաբերում է հուշարձանին՝ քաղաքի, նրա արվարձանների և դամբարանադաշտերի ընդգրկմամբ, ապա այդ տարածքը հասնում է 3000 հա-ի։ Լուսառատ գյուղի տարածքում գտնվող այդ երկու բլուրները, որոնց շրջանակով սահմանվել է արգելոցի տարածքը, համեմատաբար երկրորդական նշանակություն ունեն»,- հայտնեց Արտաշատի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը։ Հնագետը դեռևս 1990-ական թվականներին է այնտեղ պեղումներ կատարել։

«Եթե ձեզ առաջարկվեր սահմանել արգելոցի տարածքը՝ ո՞ր հատվածից կսկսեիք»,- հարցնում եմ Արտաշատի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավարին։

«Այդ երկու բլուրները, որ պետք է հուշարձանի մեջ մտցվեն, մինանշանակ է, բայց որ սկսել են դրանից՝ թողնելով միջնաբերդը և Խոր Վիրապի բլրաշարքի մյուս հատվածները, դա առնվազն զարմանալի է»,- նշեց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։ Վերջինս մեկ անգամ ևս շեշտեց, որ անցյալում Արտաշատը միջազգային ճանաչում ունեցող հսկայական քաղաք էր, անտիկ աշխարհի մեգապոլիսներից մեկը։ Համեմատության համար հիշեցրեց, որ Հին Աթենքը, անգամ իր ծաղկուն շրջանում, մոտ 60 հեկտար տարածք է զբաղեցրել։ 

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հավաստիացնում է, որ հուշարձանի տարածքի հետ կապված հարցերը քննարկում են արշավախմբի հետ։ Մկրտիչ Զարդարյանից խնդրել են բոլոր ճշգրիտ նյութերը, միասին քննարկում են այն տարածքներն ու դրանց սահմանները, որտեղ փաստացի ուսումնասիրությամբ հուշարձանի հետքեր կան։ 

«Հարությունը վստահեցնում է, որ փաստաթղթերը քիչ թե շատ պատրաստ լինեն՝ մենք տեղյակ կլինենք։ Հաշվի առնելով նրա բարձր մասնագիտական աշխատաոճը՝ ես դրանում չեմ կասկածում։ Բայց, ելնելով նախարարության այլ ատյանների հետ շփումների փորձից, արդյոք, երբ դրանք պատրաստ լինեն, վերջանական չե՞ն լինի, մենք կկարողանանք ճշգրտումներ անել»,- երկմտեց հնագետը։

Նախարարության խոստումները վստահություն չեն ներշնչում պրն Զարդարյանին ու նրա հնագետ գործընկերներին։ Նրա ասելով՝ այն ծրագիրը, որն այսօր քննարկվում է, նույնիսկ նրա հաջող լուծման արդյունքում,  հուշարձանի պահպանական գոտին ավելի փոքր կլինի, քան Խորհրդային տարիներին հաստատվածն էր։ Ի դեպ, Խորհրդային շրջանի պահպանական գոտին էլ չէր համապատասխանում հուշարձանի իրական տարածքին։ Հուշարձանը շատ մեծ է, մենք ժամանակին նշել ենք նրա տարածքը նախարարությանը ներկայացված քարտեզի վրա, որից մոտ 100 հեկտարը միայն Արտաշատ քաղաքի, այսպես կոչված, «Վերին քաղաքի» բլուրներն են»,- նշեց արշավախմբի ղեկավարը։

Նախարարության պաշտոնյաների ասածներին թերահավատորեն վերաբերվելու պատճառներից մեկն էլ այն է, որ արդեն երկու տարի է, ինչ հնագետները հնարավորութուն չունեն աշխատելու այն տարածքում, որտեղ հուշարձանի մասին փաստացի տեղեկություններ կան։ Բոլորը մասնավոր հողատարածքներում են, այնտեղ աշխատել չեն կարողանում։ «Մասնավոր հողակտորներից մեկում հսկայական՝ 5000 քմ դահլիճ ունենք։ Սեփականատերը թույլ չի տալիս աշխատել իր հողում, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ խոստում է տալիս՝ կլուծենք այդ հարցը և մինչև հիմա լուծում է։ Մեր իրականացրած միջազգային ծրագրով սեփականատիրոջը փոխհատուցելով երկու հատված պեղեցինք։ Արդյունքները շլացուցիչ էին, սակայն, նախարարության խոստումներից առկախվածության արդյունքում՝ անցյալ տարի  զրկվեցինք աշխատելու հնարավորությունից»,- հայտնեց պրն Զարդարյանը։

 

«Մայրաքաղաք Արտաշատ»-ին արգելոցի կարգավիճակ տալու հիմնական նպատակը հուշարձանի պահպանությունն ուժեղացնելն է

Հուշարձանին արգելոցի կարգավիճակ տալու հիմնական նպատակը, ըստ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, պահպանական միջոցառումների՝ հսկողության ուժեղացումն է։ «Կարգավիճակը հնարավորություն կտա հաստիքային աշխատողներ ունենալ, հուշարձանի տարածքը հարյուրավոր հեկտարներ է զբաղեցնում, մեկ աշխատողով տարածքն ամբողջովին վերահսկելը ռեալ չէ, մի քանի հաստիք կավելացնենք»,- հայտնեց պրն Վանյանը։

Վարչության պետը շատ անհանգստացնող է համարում հուշարձանի տարածքում գանձագողության և թաղումների հարցը։ Լուսառատ և Փոքր Վեդի գյուղերի գերեզմանոցներն ընդլայնվում են հուշարձանի հաշվին։ Ասաց, որ համայնքների ղեկավարներին ու մարզպետին զգուշացրել են, որ թաղումների համար նոր հողահատկացումներ չանեն։ Մետաղորսիչ սարքերի արգելքը չկա, օրենքով պետք է արգելել, գանձագողության դեպքերը մեծ մասամբ  հայտնաբերվում են կատարվելուց հետո։ Նաև՝ հնագետների պահանջն էր, որ «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանը օր առաջ համապատասխան կարգավիճակ ունենա։ 

Հարություն Վանյանի ներկայացրած տվյալներով՝ «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանի տարածքը մոտ 96 հեկտար է, որից 85 հեկտարը պատմության և մշակույթի հուշարձանի կատեգորիայի հատուկ պահպանվող հողեր են։ Դրանք պետական սեփականություն են համարվում, սակայն առայսօր այդ տարածքները պետական սեփականության վկայականներ չունեն։ Հատվածներ կան, որոնք համայնքային են, և համայնքն օտարելու որոշում էր կայացրել։ 

«Քանի որ սեփականության իրավունքի վկայական չկա, դա թույլ է տալիս նաև ապօրինի որոշումներ կայացնել։ Կան հողատարածքներ, որոնք մասնավորեցվել են՝ օրինակա՞ն, թե՞ ապօրինի, դա այլ հարց է։ Հանրային գերակա շահի մասին որոշումներով մասնավորից պետք է հետ բերենք։ Այն տարածքները, որտեղ նույնիսկ առանց պեղումներ կատարելու, հայտնի է, որ հնագիտական շինություններ կան, հանրային գերակա շահ պետք է ճանաչվեն»,- ասաց զրուցակիցս։

Վարչության պետը տեղեկացրեց, որ «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային հուշարձանի տարածքից մոտ 6 հեկտարը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումն արդեն ներկայացրել են Կառավարություն։ Նախարարությունն անցած տարվանից մի քանի հուշարձանների չափագրման աշխատանքներ է պատվիրել, որպեսզի սեփականության իրավունքը գրանցեն։ Կադաստրի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ քարտեզների համադրումներ են կատարվում։ «Մի կետից պետք է սկսել, աշխատանքները շարունակական արվելու են, խնդիրները լուծելով առաջ ենք գնալու»,- հուսադրում է պրն Վանյանը։

Վերջինս նշեց նաև, որ հուշարձանի տարածքում տարբեր համալիրներ կառուցելու վերաբերյալ նախարարության դիրքորոշումը միշտ անխախտ է եղել։ Անգամ այն հողամասերում, որոնք ինչ-որ ձևով մասնավորեցվել են, որևէ գործունեություն չի թույլատրվել՝ հաշվի առնելով «Արտաշատ»-ի բացառիկ արժեքը։ Կառուցապատման վերջին ծրագրերից մեկը նույնպես չեղարկվեց, որովհետև հնագետները պեղումներով հաստատեցին հնագիտական շերտի առկայությունը։ 

Խոսքը մոսկվաբնակ գործարար Գրիգորի Մարտիրոսյանի հիմնած «ԱՅԷԹՆՈՍ» ՍՊԸ-ի մասին է, որը Լուսառատ համայնքում խաղողի այգիներ ունի։ Այն գտնվում է «Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի (մ.թ.ա. II – մ. թ. V դդ.)  տարածքում: Մեր հրապարակումներից մեկում ներկայացրել ենք, որ գործարարը ցանկանում է այնտեղ զբոսաշրջությանը ծառայող համալիր կառուցել: 

2021թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հնագետները պեղումներ իրականացրին ընկերության հողատարածքի տարբեր հատվածներում և հաստատեցին հնագիտական մշակութային շերտերի առկայությունը: Բացահայտեցին վաղ միջնադարյան բնակավայր, ուրարտական պահուստային հորեր, հայտնաբերեցին գտածոներ՝ ուրարտական, անտիկ և միջնադարյան խեցեղենի մեծ խմբաքանակ և այլն։ 

Դրանից առաջ հայտարարվեց, որ հուշարձանի տարածք համարվող 16 բլուրներից մեկի վրա «Նոյան Տապան» անունով հյուրանոցային համալիր է կառուցվելու։ Արարատի մարզի Լուսառատ համայնքի ավագանին 2020թ-ի որոշումով գյուղի վարչական տարածքում գտնվող հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային հողերի նպակային նշանակությունը փոխադրել էր բնակավայրերի հողերի՝ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։ Հողատարածքը հատկացվել էր մի գործարարի՝ կառուցապատման համար, «Հետք»-ի հրապարակումից հետո ավագանու որոշումն անվավեր ճանաչվեց։

Կառավարությունը հենց այս բլուրն է իր 5,8 հա տարածքով «Մայրաքաղաք Արտաշատ» պատմամշակութային հուշարձանին արգելոց-հուշարձանի կարգավիճակ տվել։ Հուշարձանին արգելոցի կարգավիճակ տալը, ինչպես պրն Վանյանն էր նշել մեր զրույցի սկզբում, նաև հնագետների պահանջն էր։ Բայց, արդյոք, հուշարձանի հիմնական տարածքի պահպանության հարցը դրանով լուծվե՞ց։ 

 

«Մայրաքաղաք Արտաշատ»-ի հուշարձանները բացելու և ցուցադրելու մասին խոսելը դեռևս վաղ է

Պատմամշակութային հուշարձանին արգելոցի կարգավիճակ տալու Կառավարության նախագծի հիմնավորումն այն է, որ զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենախոշոր, շահութաբեր արդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջության երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: 

Հարություն Վանյանը «Մայրաքաղաք Արտաշատ»-ի հուշարձանները բացելու և ցուցադրելու մասին խոսելը դեռևս վաղ է համարում, քանի դեռ դրանք պետական չեն, իսկ պետական կարող են դառնալ, երբ իրավունքի գրանցման գործընթացն ավարտեն։ 

«Կոնկրետ պալատական կառույցը՝ մասնավորի տարածքում է գտնվում, հնագետները բանակցությունների միջոցով են պեղելու թույլտվություն ստացել սեփականատիրոջից և և դրանից հետո պեղավայրերը ծածկվել են։ Նույնը վերաբերում է հայտնաբերված հռոմեական ակվեդուկներին, դա էլ է պեղվել տարիներ առաջ և մասնավորի տարածքում է։ Մենք տարբեր հուշարձանների մասով հանրային գերակա շահ ճանաչելու հարցեր ունենք, բայց նախ՝ պետության միջոցներն անսահմանափակ չեն։ Նախորդ և այս տարի մենք անընդհատ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումներ ենք տանում հուշարձանների մասով»,- ասում է ԿԳՄՍ նախարարության վարչության պետը։

Զբոսաշրջիկներին կարող է ցուցադրվել Արտաշատի Գետամերձ թաղամասը, սակայն այն Արաքս գետի ափին է գտնվում, սահմանային գոտում, որտեղ հատուկ ռեժիմ է գործում։ Վարչության պետն ասում է, որ չափագրողները մեծ դժվարություններ են ունեցել այնտեղ աշխատելու ընթացքում, հատկապես դրոն աշխատեցնելու ժամանակ։ Այդ հատվածը դեռևս ընդգրկված չէ արգելոց-հուշարձանի տարածքում, բայց նախատեսվում է։ «Երբ կընդգրկվի՝ կքննարկենք հնարավո՞ր է այն զբոսաշրջիկներին ցույց տալ, եթե հնարավոր չէ, հատուկ անցագրերո՞վ պետք է լինի։ Անվտանգության նկատառումներով, գուցե, հուշարձանի որոշ մասը փակվի, դա ԱԱԾ-ի կամ սահմանապահ զորքերի հետ կքննարկեն հաջորդ փուլում»,- հայտնեց պրն Վանյանը։  

Խոր Վիրապ եկեղեցու քարտեզի ու նրան հարակից «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանի կադաստրային ծածկագրի հետ կապված նույնպես վիճելի հարցեր կան։ Հ Վանյանն ասում է, որ Մայր աթոռի ներկայացուցիչների, Կադաստրի հետ  հանդիպումներով փորձում են հարցը լուծել։ 

«Պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա կառուցված 17-րդ դարի վանք-ամրոց Խոր Վիրապը պատկանում է եկեղեցուն, իսկ բլուրը հնագիտական օբյեկտ է, քաղաքային թաղամասերից մեկն է, ինչո՞ւ պետք է եկեղեցապատկան լինի»,- հարցնում է հնագետ Մկրտիչ Զարդարյանը։ 

Պրն Զարդարյանը հուշարձանը զբոսաշրջությանը ծառայեցնելու իր պատկերացումներն ունի և շեշտում է, որ այսօրվա գործող օրենսդրությունն այդ հնարավորությունը տալիս է։ Ըստ նրա՝ արգելոցը սահմանվում 350 հա տարածքով, գյուղատնտեսական նպատակներով օգտագործումը չի արգելվում, միաժամանակ ապահովվում է հնագիտական ուսումնասիրությունների իրականացումն այդ տարածքում։  Բացահայտվող հնագիտական օբյեկտների, կառույցների ամրակայումը, անվտանգությունն ու շահագործումը իրականացվում են հողատիրոջ և պետության միջև կնքվող պայմանագրի շրջանակում։ 

Մկրտիչ Զարդարյանն ասում է, որ բլուրներից առնվազն մեկը, որը դեռևս 71-73թթ-ին լիովին պեղվել է, այսօր հնարավոր է ամրակայել և ծառայեցնել զբոսաշրջությանը։ Բայց ոչ ոք ոչինչ չի արել՝ կառույցները բացված են, փողոցները կան, պարիսպները կան, դրանք պետք է ամրացնել և մտցնել զբոսաշրջային շրջանառության մեջ, ինչը պետությանը գումար կբերի։ Մինչդեռ, անխնամ մնալով, տարեց-տարի այդ կառույցներն ավերվում են։ 


Լուսանկարները՝ արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter