HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գեոթիմը» սպառնում է դատի տալ «Էկոլուրին»

«ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Գեոթիմ» ՓԲԸ-ից նամակ է ստացել ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի ստորագրությամբ: Ընկերության 11.06.2012թ. Հ/Ա– 2012/27 նամակում գրված է.

 ««էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ` տ-ին Ինգա Զառաֆյանին

ՊԱՀԱՆՋ

(2012 թվականի մայիսի 21-ին հրապարակված տեղեկությունները հերքելու մասին)

Հայտնում ենք, որ սույն թվականի մայիսի 21-ին Ավիատրանս հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ժամանակ անձամբ Ձեր կողմից հրապարակայնորեն հնչեցվել են ՓԲԸ-ի հասցեին բացահայտ սուտ, կեղծ և «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի գործարար համբավը արատավորող արատահայտություններ, մասնավորապես` մեջբերվում է տառացի.

«...Ուրեմն կոմպանիան «ԳԵՈԹԻՄ» ընկերությունը 2009 թվականին մի հատ ՇՄԱԳԻ դրական եզրակացաթյուն ստացել է: Մենք լավ ուսումնասիրել ենք և էտ ՇՄԱԳ և արձանագրությունը հասարակական լսումների, որը ընդհանրապես ռիսկերը չեն ներկայացնում` ներկայացված չեն ռիսկերը։ Բայց քանի որ նրանք չեն շահագործել այդ փոքր տեղամաս դա վերաբերվում է Տիգրանես տեղամասին, և ուզում եմ ասել դա արդեն իսկ Կոմպանիայի ոճն է, այսինքն նրանք վերահսկում են շատ մեծ տարածք, բայց մաս-մաս այդպիսի ՇՄԱԳ– երն են ներկայացվում, բայց այս անգամ նրանք փորձել են ներկայացնել այդպիսի ընդլայնված նախագիծը։ Եվ հենց այդ նախագծի վերաբերյալ շատ մեծ հակասաթյուն կա, որովհետև, եթե դուք մտնեք նախարարության կայքը դուք կտեսնեք էնտեղ երկու նախագիծ։ Մի նախագծում ցիանային և շատ վտանգավոր   ձեռնարկության   մասին  խոսք   կա, մյուսում` չկա։ Եվ պարզ է արդեն դարձել, որ էտ առանց ցիանի մասին դա է քննարկվել և անցել հասարակական լսումներ։ Մյուս կողմից պարզվեց, պարզ չդարձավ ինչպես են, քանի որ Լիդիանը հայտարարեց, որ նրանք, քանի որ նրանք ստացել են ցիանի համար դրական եզրակացություն նախարարության կողմից, ոչ մի հասարակական լսում դա չի անցել, նախարարը պատասխանեց, որ այդպիսի դրական եզրակացություն չկա, այդպես էլ մենք չհասկացանք։ Մենք հասկանում ենք, որ ընդեղ ինչ որ խաղ է գնում, որի կանոններր մեզ համար մոտավորապես պարզ են, բայց ինչա կատարվում էտ խաղի մեջ մենք չենք պարզել......», մեջբերման ավարտ:

Այսպես, «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի գործարար համբավը արատավորող արտահայտություններն են, մասևավորապես`

«ուզում եմ ասել դա արդեն իսկ Կոմպանիայի ոճն է, այսինքն նրանք վերահսկում են շատ մեծ տարածք, բայց մաս-մաս այդպիսի ՇՄԱԳ-երն են ներկայացվում»

«Մենք հասկանում ենք, որ ընդեղ ինչ որ խաղ է գնում, որի կանոնները մեզ համար մոտավորապես պարզ են»

Բացահայտ սուտ և կեղծ տեղեկություններն են, մասնավորապես`

«...հենց   այդ    նախագծի   վերաբերյալ   շատ մեծ  հակասություն կա։

Մի նախագծում ցիանային և շատ վտանգավոր ձեռնարկության մասին խոսք կա, մյուսում` չկա։ Եվ պարզ է արդեն դարձնել, որ էտ առանց ցիանի մասին դա է քննարկվել և անցել հասարակական լսումներ։ Մյուս կողմից պարզվեց, պարզ չդարձավ ինչպես են, քանի որ Լիդիանը հայտարարեց, որ նրանք, քանի որ նրանք ստացել են ցիանի համար դրական եզրակացություն նախարարության կողմից, ոչ մի հասարակական լսում դա չի անցել։»

Նշված արտահայտությունները տեսաձայնագրվել են, իսկ «Ջերմուկը ազգային   պարկ է դառնալու»  տեսագրությունը  տեղադրվել է «Էկոլուր» ՀԿ-ի պաշտոնական կայքէջում։ Ավելին` այն արդեն առկա է  «Youtube» կայքում, որը այս նամակի պատրաստման պահին դիտել են շուրջ 197 անձ։

Այդ իսկ նպատակով սույն գրությամբ պահանջում ենք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակայնորեն հերքել մեր ընկերության գործարար համբավը արատավորող և զրպարտություն պարունակող վերոգրյալում հիշատակված արտահայտությունները ամբողջությամբ:

Միաժամանակ   տեղեկացնում   ենք,   որ   եթե «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն «Զանզվածային լրատվության մասին»  ՀՀ  օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում չհերքի մեր ըեկերության գործարար համբավր արատավորող և զրպարտությու֊ն պարունակող վերոգրյալում հիշատակված արտահայտություները, ապա «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ն ստիպված կլինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավունքները վերականգնելու և հասցված վնասներր բռնագանձելու պահանջով դիմել դատարան»:

«ԷկոԼուր»-ը հիշեցնում է, որ, ի պատասխան մայիսի 21-ի քննարկման, «Գեոթիմ» ընկերությունը լրատվամիջոցներին տարածել է պաշտոնական մամլո հաղորդագրություն, որտեղ կետ առ կետ մեկնաբանել է «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանի արտահայտած կարծիքը: Մամլո հաղորդագրության մեջ առկա էր հետեւյալ արտահայտությունը. «Կարծում ենք, որ «Էկոլուր» ՀԿ-ի որոշ մեկնաբանությունները միտումնավոր ոչ ճշգրիտ եւ զրպարտչական էին»:

Մայիսի 25-ին «ԷկոԼուր»-ը «Գեոթիմ»-ի պատասխանը տեղադրեց իր կայքում: Այդպիսով, հունիսի 11-ի նամակում նշված «Գեոթիմ» ընկերության պահանջն արդեն իսկ կատարված է` համաձայն «ԷկոԼուր»-ի ընդունած քաղաքականության, ըստ որի` բոլոր շահագրգիռ կողմերը` այդ թվում «Գեոթիմ» ընկերությունը, կարող են իրենց սեփական դիրքորոշումն արտահայտել «ԷկոԼուր»-ի www.ecolur.org կայքի էջերում: Նշենք, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, որին հղում է անում ընկերությունը,  5-րդ կետի համաձայն` «Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով»:  Այդպիսով, իր հրապարակմամբ «ԷկոԼուր»-ը բավարարել է ընկերության հերքման պահանջը:

«Գեոթիմ»-ը հրապարակայնորեն «ԷկոԼուր»-ին մեղադրում է զրպարտության մեջ, որը, ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածի համաձայն, ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելն է: Սակայն արտահայտած կարծիքը նպատակ չի հետապնդել արատավորելու ընկերության համբավը, այլ նպատակ է ունեցել վեր հանելու Ամուլսարի նախագծի ռիսկերը եւ բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները: Այն չի պարունակում զրպարտություն, վարկաբեկող եւ սուտ տեղեկատվություն չէ: Նաեւ նշենք, որ սա «ԷկոԼուր»-ին ուղղված արդեն երրորդ նամակն է, որոնցով ընկերությունը պահանջում է հրաժարվել արտահայտած կարծիքից եւ սպառնում է դատարանի միջոցով բռնագանձել պատճառված վնասը:

«ԷկոԼուր»-ը կարծում է, որ այդ կերպ «Գեոթիմ» ընկերությունը փորձում է ճնշում գործադրել «ԷկոԼուր»-ի նկատմամբ, հանդես է գալիս վարկաբեկող հայտարարություններով եւ մեղադրանքներով մեր հասցեին` դրա համար չունենալով որեւէ ապացույց եւ հիմնավորում:

Մեր հերթին հայտարարում ենք, որ արտահայտած կարծիքն ունի հետեւյալ հիմնավորումը:

Ամուլսարի Տիգրանես տեղամասի շահագործման առաջին նախագիծը  «Գեոթիմ» ընկերությունը ներկայցրել է 2009թ. եւ ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն: Ինչ վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքավայրի ընդլայնման ծրագրին, ապա 2012թ. ապրիլի 18-ին  ՀՀ բնապահպանության նախարարի մոտ տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը դիմեց «Գեոթիմ» եւ «Lydian International»  ընկերություններին.  «Դուք հանքավայրը սկսելու եք շահագործել առանց հանքանյութի վերամշակման նախագծի (խոսքը ցիանային արտադրության մասին է) հաստատմա՞ն»: «Lydian International» ընկերության գլխավոր տնօրեն Թիմըթի Քաֆլինը պատասխանեց. «Առաջին թույլտվությունը` ըստ ՀՀ օրենսդրության, բաց հանքի թույլտվությունն է եւ դատարկ ապարների: Այնուհանդերձ, պետք է համաձայնություն ձեռք բերենք լեռնահատկացման ընդհանուր նախագծի վերաբերյալ, որն արդեն նախնական փուլում արվել է: Այնուհետեւ հասնում ենք մանրամասն ինժեներական նախագծին, որը 6 միլիոն դոլլարի ներդրում է: Բնական է, որ մինչեւ մենք չիմանանք, որ ամբողջ թույլտվությունները ստացվել է, մենք չենք կարող այդ 6 միլիոնը ներդնել…»: Նախարար Արամ Հարությունյանը քննարկման ժամանակ հարց ուղղեց փորձագետին. «Ինձ անհանգստացնում է, չէ որ այնտեղ տուրիստական գոտի է, եւ մենք համաձայնվել ենք, որպեսզի 24,6 հա-ի վրա իրենք  գործունեություն ծավալեին եւ ընդլայնման նախագիծ չներկայացնեին: Ինչո՞ւ է այս տարածքը 12 անգամ ավելացել: Ես ուզում եմ, որ Դուք ասեք որպես անկախ փորձագետ: Եւ երկրորդ, երկու անգամ ավելացել է իրենց հանքաքարի կորզումը, եւ 3-րդ, Դուք` որպես պրոֆեսիոնալ մասնագետ, կարո՞ղ եք պատասխանել, ինչո՞ւ ամբողջ ցիկլը չեն փակում, ինչի՞ են կամաց-կամաց, քայլ-քայլ մեզ կոխում մի բանի մեջ, որից երբեք էլ չենք կարող դուրս գալ: Այսինքն, ամբողջ ցիկլը պատրաստ լինի, ամբողջը դնենք, քննարկենք եւ ֆաբրիկան եւ,.. որովհետեւ պայմանական հնարավոր է չէ, որ այնտեղ ոսկու կորզումը տարբեր քիմիական նյութերի միջոցով իրականացնեն, մասնավորապես ցիանը: … Այնտեղ էլ մենք ունենք Սպանդարյանի ջրամբարը, որ ամեն գնով ես չէի ուզենա, որ Սպանդարյանի ջրամբարի հարակից տարածքում ցիանի օգտագործմամբ կորզում անեն»:

Մեր մեջ հարց է առաջանում, թե ինչպես է ստացվել Բնապահպանության նախարարության եզրակացությունը ցիանային արտադրության մասին, երբ «Գեոթիմ» ընկերությունն իր պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ պնդում է. «Հանքաքարի վերամշակման ՇՄԱԳ-ում հստակորեն ներկայացված է հեղուկ նատրիումի ցիանիդի լուծույթի օգտագործումը եւ կույտային տարրալվացման գործընթացը «Ամուլսար» նախագծի համար: Տվյալ ՇՄԱԳ-ի վերաբերյալ հանրային լսումները տեղի են ունեցել 2011 թվականի նոյեմբերի 28-ին` Գորայք համայնքում, ինչի մասին հայտարարությունը մեկ ամիս առաջ տպագրվել է «Ազգ» օրաթերթում: Բացի թերթի հայտարարությունից, լսումների վերաբերյալ առաջին ծանուցումն արվել է սեպտեմբերին ընկերության ամսական տեղեկագրի միջոցով եւ տեղադրվել է մեր կայքում: Լսումների մասին տեղեկատվությունը եւ վայրը հաստատվել են նույն ձեւով 2011թ. հոկտեմբերին: ՇՄԱԳ-ը հաստատվել է 2011 թվականի դեկտեմբերի 5-ին» (http://www.mediamax.am/am/news/business/5062/, http://www.ecolur.org/hy/news/mining/geoteam-company-accusing-ngos-of-bias/3861/):

 

Մեր կողմից նշենք, որ 2011թ. նոյեմբերի 28-ին «Գեոթիմ» ընկերության ղեկավարները հանրային քննարկում անցկացրեցին Ջերմուկ քաղաքում, եւ հարցը, թե ով այդ նույն օրը հասարակական լսումներ անցկացրեց Գորայքում, մնում է բաց:  Այդ հարցը «ԷկոԼուր»-ը փորձեց պարզել ՀՀ բնապահպանության նախարարությունից եւ խնդրեց տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը`արդյոք ցիանային արտադրության վերաբերյալ հասարակական լսումներ անցկացվե՞լ են: Նաեւ խնդրել էինք տրամադրել հասարակական լսումների արձանագրությունը եւ տվյալներ այն մասին, թե արդյոք ցիանային արտադրության վերաբերյալ  ՇՄԱԳ-ը առանձնացվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացրած ընդհանուր ՇՄԱԳ-ից:

Նախարարության պատասխանում գրված է` նայեք www.mnp.am կայքը, եւ վերջ: Իսկ նախարարության կայքում տեղադրված են Ամուլսարի վերաբերյալ երեք նախագծեր: Առաջին նախագծում` «Ամուլսարի հանքավայրի ոսկու արդյունահանման բացահանքի ընդլայնման նախագիծը», որ  տեղադրված է 07.03.2012թ., որեւէ խոսք չկա ցիանային արտադրության մասին: Երկրորդ փաստաթղթում` «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր նախագիծ», որը տեղադրվել է 20.04.2012թ-ին, նույնպես խոսք չկա ցիանային արտադրության մասին: Երրորդ փաստաթուղթը` «Ամուլսարի հարակից տարածքում նախատեսվող ոսկու կորզման կույտային տարրալվացման ծրագիր»,  նկարագրում է ցիանային արտադրությունը, սակայն չկա ամսաթիվ, եւ չկա տեղեկատվություն հասարակական լսումների մասին: Բացի այդ, ս.թ. ապրիլի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ցիանային արտադրության վերաբերյալ եզրակացություն դեռ չի տրվել:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր կայքում տեղադրում է հասարակական լսումների անցկացման մասին բոլոր հայտարարությունները եւ տրամադրում է տեղեկատվություն, թե ինչպես կարելի է ծանոթանալ նախագծին` լսումներին մասնակցելու համար: Դա բնապահպանական փորձաքննության անցկացման պաշտոնական գործընթաց է, ինչը ցիանային արտադրության դեպքում չի արվել: Մյուս կողմից 2012թ. մարտի 12-ին «Lydian International» ընկերությունն արտասահմանյան կայքերի շրջանում տարածել է մամլո հաղորդագրություն (ոչ հայաստանյան լրատվամիջոցներին), որում ասվում է, որ ցիանային արտադրության նախագիծը ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության հավանությունը: Միեւնույն օրը Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում «Գեոթիմ» ընկերությունն անցկացրեց «Ամուլսարի հանքավայրի ոսկու արդյունահանման բացահանքի ընդլայնման նախագծի» վերաբերյալ հասարակական լսումներ, որում ցիանային արտադրությանը վերաբերող հատվածը բացակայում էր:

Վերոշարադրյալը հիմք է տալիս կարծելու, որ հասարակայնությունն ունի ծայրահեղ հակասական  տեղեկատվություն ցիանային արտադրության թույլտվության գործընթացի վերաբերյալ եւ Ամուլսարի նախագծի տարբեր տարբերակների վերաբերյալ, որոնք ներկայացվում են հանրային քննարկման: Բայց չէ որ խոսքը շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերի մասին է, որոնք կապված են հանքարդյունաբերական օբյեկտների հետ:

Այդ ռիսկերն են`

- արդյունաբերական թափոններով ջրային ռեսուրսների` Սպանդարյանի եւ Կեչուտի ջրամբարների, Որոտան եւ Արփա գետերի ջրահավաք ավազանի եւ, վերջնական արդյունքում, Սեւանա լճի աղտոտման վտանգ

 - ռադիացիոն ռիսկերի վտանգ` կապված նրա հետ, որ Ամուլսարից 5կմ հեռավորության վրա գտնվում է Ամուլսարի ուրանային երեւակումը

- բաց հանքի պայթեցումներից Ջերմուկ հանքային ջրի կորստի կամ բաղադրակազմի փոփոխության վտանգ

- ռիսկեր` կապված միլիոնավոր տոննաների հասնող լցակույտերի կուտակման եւ ցիանային արտադրության հետ

- «Ջերմուկ» բրենդի` որպես առողջարանային գոտու կենտրոնի կորստի վտանգը, որի զարգացման ռազմավարությունը հաստատված է կառավարության որոշմամբ, եւ որտեղ արդեն միլիոնների ներդրումներ են արվել

- կենսաբազմազանության կորստի` մասնավորապես, Կարմիր գրքում գրանցված տեսակների կորստի վտանգ

- բնակչության առողջության համար ռիսկեր:

Այդ ռիսկերի մասին խոսում է հասարակայանությունը: «ԷկոԼուր»-ի նյութերում արտացոլված է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի,  երկրաբանական գիտությունների թեկնածու, հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանի, ինժիներ-հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանի, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի կարմիր գրքի հեղինակներից Էլեոնորա Գաբրիելյանի, WWF-Armenia-ի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանի, WWF-Armenia-ի փորձագետ, դաշտային հետազոտող Ալեքսանդր Մալխասյանի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանի, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանի,   ՀՀ ԱՆ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բնական բուժական ռեսուրսների ուսումնասիրության եւ էկոլոգիական բժշկության կենտրոնի ղեկավար Կարինե Մայսուրյանի, քիմիական գիտությունների թեկնածու, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանի, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյանի,  «Ջերմուկը հանք չի դառնա», «Թռչկան», «Փրկենք Թեղուտը», քաղաքացիական-հասարակական նախաձեռնությունների, «Ժառանգություն» եւ ՀԱԿ քաղաքական կազմակեպությունների, Ջերմուկի երեք առողջարանային համալիրների  ղեկավարների եւ բժիշկների, Ջերմուկի քաղաքապետարանի կարծիքը: www.ecolur.org կայքում տեղադրված են նյութեր, որոնք արտացոլում են նաեւ ՀՀ Բնապահպանության նախարարության  դիրքորոշումը (ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի խոսքը, «ԷկոԼուր»-ի հարցումներին ուղղված նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի ստորագրությամբ պաշտոնական պատասխանները, ՇՄԱԳ-ը, հասարակական լսումներից պաշտոնական արձանագրություններ) «Lydian International» ընկերության գլխավոր տնօրեն Թիմըթի Քաֆլինի, «Գեոթիմ» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի, գլխավոր էկոլոգ Արմեն Ստեփանյանի, ՇՄԱԳ-ը պատրաստած ընկերության փորձագետների` ինժեներ-հիդրոլոգ ՎալերիՊռազյանի, Վռամ Թեւոսյանի, Կարեն Աղաբաբյանի դիրքորոշումը եւ մեկնաբանությունները, ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրությունները, որոնք ուղղված են եղել հասարակայնության, այդ թվում «ԷկոԼուր»-ի հասցեին, «Գեոթիմ» ընկերության գլխավոր բաժնետերերի` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD)  եւ Համաշխարհային բանկի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) դիրքորոշումը:

«Գեոթիմ» ընկերությունը հայտարարում է, որ հավատարիմ է միջազգային չափանիշներին, որոնք միջազգային ֆինանսական կազմակերպություններ  EBRD-ի եւ IFC-ի քաղաքականությունն են: Այս կապակցությամբ նշենք, որ EBRD-ի տնօրինությունը 2012թ. Լոնդոնում տեղի ունեցած տարեկան ժողովի ընթացքում եւս մեկ անգամ հայտարարեց իր նախագծերի սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության սկզբունքների մասին, իսկ հասարակայնության հետ երկխոսության ժամանակ պատասխանատու անձիք պնդեցին, որ մտադիր են լեռնահանքային ոլորտ ներմուծել եվրոպական լավագույն չափանիշները: Կոչ ենք անում «Գեոթիմ» ընկերությանը ռիսկերի մասին ահազանգող եւ Ամուլսարի նախագծի առաջ իր պահանջներն առաջադրող հասարակայնությանը սպառնալու փոխարեն անցնել երկխոսության: Միաժամանակ դիմում ենք «Lydian International» ընկերությանը, որը «Գեոթիմ»-ի 95% բաժնետոմսերի սեփականատերն է, ինչպես նաեւ զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտներին, որոնք «Lydian International»-ի բաժնետոմսերի սեփականատերեր են, որպեսզի  կիսեն էկոլոգիական եւ սոցիալական ռիսկերի նվազեցմանն ուղղված սկզբունքների կատարման պատասխանատվությունը եւ ապահովեն հասրակայնության մասնակցությունը էկոլոգիապես կարեւոր որոշումների ընդունման գործընթացին:

Մեկնաբանություններ (2)

Torabora
extract from first page of kydian website ...... a strong social agenda and unique understanding of the complex political backdrop to this region, Lydian develops its projects responsibly with exceptional emphasis on social and environmental awareness and care. The company minimises environmental impact and engages local communities in order to deliver sustainable social development initiatives.
Torabora
It is really disappointing that Lydian now seem intent to go down the road of issuing legal letters to NGO organisations and individuals (primarily engaged in environment and rural development) that express different viewpoints to their own. A number of organisations have considerable interest in Armenia, environmental and rural issues and have a right to express their opinions and engage in a debate. This development does not only have implications for Jermuk and surrounding villages but also for Armenia and many countries in the region. Lydian/Geoteam has to act responsibly and engage in this debate and challenge what is being said through the strength of their arguments and not through the power of their lawyers in Armenia, London or Toronto. In addition to the legal challenges Ecolur are now facing in Armenia Torabora has also been sent copies of legal letters sent to specific individuals through Canadian and British lawyers that have been based on statements made on the Ecolur website. So you can judge for yourself whether you feel they are litigious or not the specific statements relate to Ecolur postings: The “Jermuk Won’t Become a Mine” youth initiative continues the fight against the exploitation of the gold mine in Amulsar 17:43 May 02, 2012 Nature Protection Minister - Amoulsar Project Needs Additional Studies 16:09 April 23, 2012 WB and EBRD Faked Discussions on Largest Gold Mine in Transcaucasia (Armenia) 16:24 April 20, 2012 Tim Coughlin. “Lydian” in Armenia is the Face of International Investments 17:44 March 26, 2012 Activist: How It Can Be Supposed That Whole Town May Be Destroyed and This Will Be Swallowed 09:15 March 23, 2012 “Amulsar” will rank among Armenia’s top 3 largest taxpayers 13:22 February 15, 2012 Alarm Signal Addressed to IFC and EBRD, Investors of Lydian International 16:28 December 14, 2011 We at Torabora feel all of this is legitimate debate. Ecolur are a highly respected environmental organisation that represents a significant opinion of many people across the Caucasus on environment and rural development issues. It is important that these issues are debated. Ecolur provide an open debating channel which enables freedom of expression. Lydian/Geoteam can also openly engage in this debate and by using the same channels but seem to have chosen not to, preferring to use their own website for information dissemination (where no mention is made of any opposition at all) and their own channels of communication. We feel the same as Ecolur that both EBRD and IFC have to be questioned specifically over this. They are significant contributors to the Amoulsar project and as Ecolur say they consistently declare the principles of social and environmental responsibility in their projects, and for promoting dialogue with public. How might we ask does specific legal actions directed to individual activists and NGO environmental and rural development organisations fit into this philosophy? Part of EBRD and IFC funds contributing to legal actions in what we feel should be a legitimate and open debate. It is remarkable really. On a more positive note it is also remarkable that suddenly after pressurising Lydian/Geoteam to act more socially and environmentally responsibly over a number of months that Lydian announced on 7th June a primary health care programme in partnership with Oxfam. The hard work from concerned activists should be applauded in this respect. They should not have to feel threatened or bullied and should feel a great deal of satisfaction in what they have already achieved.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter