HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ԿԳՄՍՆ-ն համաշխարհային ժառանգության օբյեկտ-հուշարձաններում կատարվող աշխատանքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համաձայնեցնելու կարիք չի տեսնում

Հաղպատ վանական համալիրի պարսպի աշտարակը փլուզվեց մի ժամանակամիջոցում, երբ Կառավարությունն այն վերականգնելու ու ամրակայելու համար երկու ծրագիր ուներ։ 2022թ․-ին «Զբոսաշրջության զարգացման վարկային ծրագրից» հանվեց պատմամշակութային հուշարձանների վերականգնումը, որի համար Հայաստանի կառավարությունը 2016թ․-ին 55 մլն դոլար վարկ էր վերցրել Վերակառուցման և զարգացման Միջազգային բանկից։ Մոտ մեկ տարի առաջ այն վերականգնելու ծրագիր էր ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը, բայց՝ չհասցրեց։

Մայիսի 14-ին հաղորդագրություն տարածվեց, որ «ցերեկը Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է: Աշտարակից մոտ 12 քմ հատված է փլուզվել և փակել ճանապարհը, առկա է մնացած մասի փլուզման վտանգ, տուժածներ չկան»:

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ պարիսպը վթարային էր դարձել անցած տարի տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։ «Մենք զգուշացրինք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ու ԿԳՄՍ նախարարությանը և վերանորոգելու թույլտվություն խնդրեցինք։ Ասացին, որ արդեն մտցված է վերանորոգման ծրագրում, պետբյուջեով պետք է վերանորոգվի, ուղղակի չհասցրին»,- տեղեկացրեց Գուգարաց թեմի առաջնորդը։

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մոտ մեկ տարի առաջ՝ 2022թ․ հուլիսին այցելել էին Հաղպատ վանական համալիր՝ շինությունների վիճակին ծանոթանալու նպատակով։ Աշխատանքային խումբը հրատապ էր համարել 10-13-րդ դարերի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակների վերականգնումը, որոնցից հյուսիսայինը գտնվում է վթարավտանգ վիճակում։ «Առկա են 5-8 սմ ճաքեր ամբողջ բարձրությամբ, ինչը հետևանք է վերջերս տեղի ունեցած երկրաշարժի»,- արձանագրել էին նախարարության աշխատակիցները: 

Համալիրի վթարայնությունը վերացնելու հրատապությունը 10 ամիս առաջ արձանագրած նախարարությունը մինչ օրս չի  սկսել վերականգնման աշխատանքները։

Նախարարությունը Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծեր պատրաստելու, ծախսերի գնահատման ծառայություններ մատուցելու պայմանագիր էր կնքել 2022թ․ հոկտեմբերի 4-ին։ Մրցույթում հաղթող ճանաչված «ՎԱՍԱՐՏ» ՍՊԸ-ն պարտավորվել էր դեկտեմբերի 25-ին ավարտել աշխատանքը։ Դրանից անցել է մոտ 6 ամիս, սակայն ԿԳՄՍ նախարարությունը դեռևս ամրակայման և նորոգման մրցույթ չի հայտարարել։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փլուզման վերաբերյալ իր հաղորդագրության մեջ նշել է, թե ամրակայման և նորոգման մրցույթը հայտարարման փուլում է, առաջիկա օրերին կհայտարարվի: «Մասնակից լինելու պարագայում այս տարի փլուզված աշտարակը և պարսպի տվյալ հատվածն ամբողջությամբ կվերականգնվեն»,- տեղեկացրել է ՊՈԱԿ-ը։

Միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն համարվող Հաղպատի վանքը հայկական պատմաճարտարապետական առաջին հուշարձանն էր, որ 1996թ․-ին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայով այդ եկեղեցիները բարեկարգ վիճակում պահելու պարտավորություն ունի, չարվելու դեպքում վատ կլինի։

Լոռու մարզում գտնվող, ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային ժառանգության  ցանկում ընդգրկված Հաղպատ եւ Սանահին վանական համալիրների վերականգնումն ու ամրակայումը նախատեսված էր դեռևս 2016թ․-ի փետրվարի 23-ին հաստատված Զբոսաշրջության զարգացման վարկային ծրագրով։ Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 55 մլն դոլար վարկ էր վերցրել զբոսաշրջության առաջնային երթուղիներում գտնվող պատմամշակութային հուշարձանները վերականգնելու և սոցիալական ենթակառուցվածքներ ստեղծելու համար:

Մշակութային ժառանգության օբյեկտներից վերակառուցման համար ընտրվել էին երեք պատմամշակութային հուշարձաններ՝ Լոռու մարզում գտնվող Հաղպատ և Սանահին վանական համալիրները,Կոտայքի մարզում գտնվող Գեղարդավանքը։ Երեքն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 

Ծրագրի մեկնարկից 4 տարի հետո՝ 2022թ․-ին, նորընտիր կառավարությունը ծրագրի կառավարման նոր կոմիտե կազմեց, որն էլ որոշեց պատմամշակութային հուշարձանների վերականգնումը հանել ծրագրից։

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքետինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանը «Հետք»-ին տված հարցազրույցում չեղարկման համար երկու հիմնական պատճառ էր նշել։ «Այդ վանական համալիրներում մեծածավալ աշխատանք էր նախատեսված, խոսքը միայն շինարարական աշխատանքների մասին չէ։ Դրանք այնպիսի աշխատանքներ էին, որոնք իրականացնելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունն անհրաժեշտ էր: Մենք վստահ չենք, որ նրանք կկարողանային ժամանել Հայաստան և իրականացնել այդ աշխատանքները, դրա համար էլ չեղարկեցինք: Եթե նույնիսկ 2-3 տարի էլ ժամանակ ունենանք, միևնույն է, այդ երեք վանքերում աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ»,- հայտնել էր Ա. Ոսկանյանը։ 

Վարկային ծրագրով Հաղպատի վանքում նախատեսվում էր ամրացնել պատերը և պատի ճաքերը, լուծել մոլախոտերի հարցը (որոշ տեղերում տանիքների վրա նույնիսկ փոքր ծառեր են աճում), ուժեղացնել քարե շարվածքը, մակերեսների և որմնանկարների պահպանումը, ամրապնդել փայտե տանիքները, վանական համալիրը շրջապատող պատերը:

ԿԳՄՍ-ն այս ծավալի աշխատանք չի նախատեսում Հաղպատում։ Նախարարությունը նախագիծ է պատվիրել միայն վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար։ 

ԿԳՄՍ նախարարությունը ներկայում նորոգման և ամրակայման աշխատանքներ է իրականացնում 2000թ․-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին վանական համալիրում։ Սանահինի վերականգնման և ամրակայման համար գումարը տրամադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը։ 

Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար հիմնադրամը 2019 թ. 100.000 ԱՄՆ դոլար էր հատկացրել:

2021թ․ օգոստոսին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել էին Սանահին վանական համալիր՝ ազդարարելու հյուսիսային հուշարձանախմբի՝ Զաքարյանների դամբարան-մատուռի և Արղության-Երկայնաբազուկների դամբարանի ամրակայման, նորոգման ու վերականգնման նախատեսվող աշխատանքների մասին: Մշակութային պահպանության աշխատանքներն ամբողջացնելու նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հավելյալ 192 հազար դոլար է հատկացրել: 

ԿԳՄՍՆ-ն դեռևս մրցույթ չի հայտարարել հյուսիսային հուշարձանախումբը վերականգնելու համար։

Նկատենք, որ ԱՄՆ դեսպանը Սանահինի վերականգնման ծրագիրը ֆինանսավորել էր 2019թ․-ին, երբ այն ներառված էր կառավարության վարկային ծրագրում։ Վանական համալիրների վերականգնումը վարկային ծրագրից դուրս թողնելու հիմնական պատճառաբանությունն այն էր, որ աշխատանքներ իրականացնելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնությունն էր անհրաժեշտ։ Քանի որ այդ կառույցի հետ աշխատանքային գրագրությունը երկար ժամանակ է պահանջում, որն իրենք չունեն, որոշեցին չեղարկել ծրագիրը։

ԿԳՄՍՆ-ն Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներ իրականացնելու համար 2021թ․ դեկտեմբերին 27 300 000 դրամ արժեքով պայմանագիր է կնքել «ԱՐԹՄԱՇԻՆ» ՍՊԸ-ի հետ։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համաձայնեցվե՞լ են աշխատանքները»,- հարցնում եմ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանին։ «Այն աշխատանքները, որոնք մեր պատվերով հիմա կատարվում են Սանահինում՝ տանիքածածկերի, լանջածածկերի, ծածկասալերի նորոգում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համաձայնեցնելու կարիք չունեն»,- պատասխանեց վարչության պետը։ 

Վարկային ծրագրով, կարծես թե, նույն աշխատանքներն էին նախատեսված Սանահին վանական համալիրում, ինչը նաև նախարարությունն է պլանավորել։ ԿԳՄՍՆ-ն ընդգրկված է վարկային ծրագրի կառավարման կոմիտեի կազմում, նրանց չէի՞ն տեղեկացրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնությունը պարտադիր չէ։ 

Հիշեցնենք, որ վարկային ծրագրով Սանահինում նախատեսվում էր վերականգնման աշխատանքներ իրականացնել վանքի ներսում՝ ամրացնելու համար պատի ճաքերը, լուծելու տանիքների վրա աճող մոլախոտերի հարցը: Հատկապես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու որոշ մասերում բացակայում են սալիկներն ու կապող քարերը, ճակատամասերի վրա որոշ քարեր անհրաժեշտ է հեռացնել և փոխարինել, ուժեղացնել քարե շարվածքը, իրականացնել մայթերին ուղղված միջամտություն և այլն։

«Նախարարությունում ՄԱԿ-ի 1972թ․ «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի համակարգողը ես եմ։ Կոնվենցիայում ասվում է՝ եթե վտանգ եք տեսնում, որ արվող աշխատանքները կարող են հուշարձանի ներկայացրած համամարդկային արժեքի վրա որևէ ազդեցություն ունենալ, այդ դեպքում խորհուրդ է տրվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համաձայնեցնել, որպեսզի քննարկվի այդ ազդեցությունը։ Վերջերս մեզ մոտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներ էին եկել՝ Շրի Լանկայից և Հունաստանից, նրանց հետ այդ հարցը առանձին քննարկել ենք, նույն պատասխանն եմ ստացել»,- տեղեկացրեց Հարություն Վանյանը։

Կառավարության վարկային ծրագրում ներառված էր նաև Գեղարդավանքը, որտեղ ամրակայման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունն այսպես էր հիմնավորվել․ «Գեղարդավանքի տանիքն առավելագույնը 50 տարվա է (անցյալ դարի յոթանասունական թվականներին այն ծածկվել է մետաղական ծածկով), արդեն լուրջ խնդիրներ են առաջացել՝ անձրևաջրերի ներթափանցման կետերում ձևավորվել է բիոլոգիական փառ»: Վանքի տարածքում վերականգնման աշխատանքներ էին նախատեսված՝ շարվածքի ամրացում, տանիքների պահպանություն, կենսաբանական տարրերի գոյացությունների հեռացում:

Վարկային ծրագրից դուրս թողնելուց հետո Գեղարդավանքում վերականգնվում է միայն եկեղեցու գմբեթը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսավորմամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter