HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պատմամշակութային հուշարձանները չեն վերականգնվելու. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուշ է արձագանքում կառավարությանը, բավարար ժամանակ չկա, բավարար գումար չկա

Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է այն վայրերում, որտեղ պատմամշակութային արժեքավոր հուշարձաններ կան՝ հեթանոսական տաճար, եկեղեցիներ, ամրոցներ, հնավայրեր և ընդհանրապես՝  պատմական միջավայր: 2014թ.-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ Կառավարությունն առավել այցելվող զբոսաշրջային երթուղու գնահատում էր իրականացրել: Գնահատման արդյունքներով՝ ամենաշատ այցելություն ունեցել էր տուրիզմի հյուսիս-հարավ երթուղին, որն անցնում է 5 մարզերով՝ Կոտայք, Լոռի, Արարատ, Վայոց ձոր, Սյունիք:

Այս ուղղությունում կան անտիկ և միջնադարյան հուշարձաններ, որոնց պահպանման համար երբևէ միջոցառումներ չեն ձեռնարկվել կամ մասնակի ամրակայումներով ապահովագրել են փլուզվելու վտանգից: 2015թ.-ին Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հաստատած 55 մլն ԱՄՆ դոլար վարկային ծրագիրը լավագույն հնարավորությունն էր դրանք վերականգնելու և ամրակայելու, զբոսաշրջային ուղղություններում ենթակառուցվածքներ ստեղծելու համար: Ծրագրի իրականացման 6-րդ տարում պարզվեց, որ Կառավարությունը հրաժարվում է վերականգնել պատմամշակութային հուշարձանները: Այդ նպատակի համար հատկացված գումարներով ասֆալտապատում են իրականացնելու այն համայնքներում, որոնք հաստատված վարկային ծրագրով տուրիզմի ուղղության մեջ չէին մտնում:

2015թ.-ին կառավարությունը տուրիզմի հյուսիս-հարավ երթուղին հզորացնելու նպատակով ՎԶՄԲ-ին 55 մլն ԱՄՆ դոլար վարկային ծրագիրը ֆինանսավորելու հայտ ներկայացրեց: Հայաստանի Կառավարությունը ծրագրում 20% համաֆինանսավորում պետք է կատարեր: Բանկի հաստատած «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրով զբոսաշրջային ենթակառուցվածքներ պետք է ստեղծվեին 5 մարզերի ընտրված վայրերում՝ Գառնի-Գեղարդ-Խոր Վիրապ-Արենի-Ջերմուկ-Սիսիան-Տաթև-Գորիս-Մեղրի:

Ծրագիրը նախատեսում էր՝

ա/ Կենտրոնական զբոսայգիների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ճանապարհային ցանցի և հանրային տարածքների, փողոցների լուսավորության սյուների և կարևոր ճարտարապետություն ունեցող հին հանրային շենքերի վերականգնում:

բ/ Հայաստանի առավել այցելվող զբոսաշրջային երթուղում գտնվող վանքերի, եկեղեցիների կամ եզակի ժողովրդական հուշարձաններ ունեցող մշակութային ժառանգության ընտրված օբյեկտների վերակառուցում:

գ/ Զբոսաշրջային վայրերում ավտոկայանատեղերի,սանհանգույցի, հուշանվերների խանութների, տեղեկատվական տաղավարների կառուցում և այլն:

Ընդհանուր 64 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագիրը Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՀԲ-ի հաստատելուց մեկ տարի հետո՝ 2016թ. դեկտեմբերի 16-ին: Աշխատանքներն սկսվելու էին 2016թ. մայիսի 9-ին եւ ավարտվեին 2021թ. ապրիլի 30-ին, սակայն 2018թ. մարտ ամսվա դրությամբ գրեթե ոչինչ չէր արվել: Վարկային ծրագրով ծախսվել էր ընդամենը 270 000 դոլար, հիմնականում`նախագծեր պատրաստելու եւ տենդերներ հայտարարելու համար:

Մշակութային ժառանգության օբյեկտներից վերակառուցման համար ընտրվել էին երեք պատմամշակութային հուշարձաններ՝ Լոռու մարզում գտնվող Հաղպատ և Սանահին վանական համալիրները, Կոտայքի մարզում գտնվող Գեղարդավանքը, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վարկային ծրագրով նախատեսվում էր ամրակայել նաև «Գառնի» պատմամշակութային ագելոց-թանգարանի տարածքում գտնվող «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանները (Արքունի բաղնիքին անդրադարձել ենք առանձին հրապարակումով):

Ծրագիրն ուշացումով մեկնարկեց, աշխատանքներն սկսվեցին 2018թ.-ին, որովհետև Հայաստանի կառավարությունը համաֆինանսավորումը չէր կատարում: Այդ ժամանակ երկրում արդեն իշխանափոխություն էր տեղի ունեցել: Նոր կառավարությունը տևական ժամանակ կասեցրեց ծրագրային աշխատանքները, այնուհետև  վարչապետ Ն. Փաշինյանն անվավեր ճանաչեց ծրագրի կառավարման կոմիտե ստեղծելու` նախորդ վարչապետի որոշումը և 2019թ. նոյեմբերի 4-ին ծրագրի կառավարման կոմիտեի (ԾԿԿ) նոր կազմ հաստատեց: Այսինքն, 2020թ.-ին ծրագրային հիմնական աշխատանքները դեռևս չէին սկսվել: 

Ծրագրի կառավարման նոր կոմիտեի կազմում ընդգրկվեցին՝ փոխվարչապետը, որը ԾԿԿ-ի նախագահն է, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, զբոսաշրջության և քաղաքաշինության կոմիտեների նախագահները, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

Վարչապետը ԾԿԿ-ի կազմում չընդգրկեց Հայ առաքելական եկեղեցին, այն դեպքում, երբ վերակառուցման և ամրակայման համար ընտրված երեք վանական համալիրները՝ Հաղպատ, Սանահին, Գեղարդավանք, պատկանում են Մայր Աթոռին: Միաժամանակ, նորընտիր կոմիտեն գրեթե հիմնովին վերանայեց ԱԺ-ի հաստատած վարկային ծրագրի բովանդակությունը: Փոփոխությունների արդյունքում որոշվել է վերակառուցման աշխատանքներ չիրականացնել երեք վանական համալիրներում: Չեղարկվել են նաև բազմաթիվ այլ ծրագրեր, այդ թվում`«Գառնի»-ում գտնվող 3-րդ դարի «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների վերականգնումը,Ամբերդ միջնադարյան ամրոցի վերականգնումը և այլն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հուշարձանների վերականգնման, ամրակայման ցանկացած աշխատանք կարող է իրականացվել միայն այդ կազմակերպության հաստատելուց հետո։ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի համակարգող, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանն ասում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը կորոնավիրուսի ժամանակ հեռավար էր աշխատում, և իրենց դիմումներին ուշ էին արձագանքում։ 

«Մենք հասկացանք, որ նախանշված ժամկետում կոնկրետ այդ երեք վայրերում աշխատանքներ իրականացնելն ուղղակի անհնար է։ Այդ վանական համալիրներում մեծածավալ աշխատանք էր նախատեսված, խոսքը միայն շինարարական աշխատանքների մասին չէ։ Դրանք այնպիսի աշխատանքներ էին, որոնք իրականացնելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունն անհրաժեշտ էր: Մենք վստահ չենք, որ նրանք կկարողանային ժամանել Հայաստան և իրականացնել այդ աշխատանքները, դրա համար էլ չեղարկեցինք: Եթե նույնիսկ 2-3 տարի էլ ժամանակ ունենանք, միևնույն է, այդ երեք վանքերում աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ»,- հայտնեց Անահիտ Ոսկանյանը։ 

Վերջինիս կարծիքով՝ նման աշխատանքները պիտի սկսվեին ծրագրի մեկնարկի առաջին փուլում, որովհետև պատմամշակութային հուշարձանի բարեկարգումը մեկ-երկու տարվա աշխատանք չէ: Մինչդեռ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ նամակագրությունը 5 ամիս առաջ են սկսել: Ինչո՞ւ այդքան ուշացումով, երբ ծրագրային աշխատանքները 2018-ից են մեկնարկել, և ԾԿԿ-ն արդեն կորցրել է չորս տարի:

Քանի որ վարկային ծրագիրը նախատեսված ժամկետից երկու տարի ուշ են սկսել, Կառավարության խնդրանքով ՀԲ-ն երկարաձգել է ժամկետները՝ ծրագրի ավարտը սահմանելով 2023թ. մարտին։ Վերջերս ԾԿԿ-ն կրկին դիմել է ֆինանսների նախարարություն՝ ծրագիրը մինչև 2024թ դեկտեմբերի 31-ը երկարաձգելու համար, քանի որ ծրագրային հիմնական աշխատանքները նոր են սկսում: «Հիմա մեզ ժամանակ է անհրաժեշտ ընթացքում գտնվող շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- հայտնեց Անահիտ Ոսկանյանը։ Նա պնդում է, որ վարկային ծրագիրը նույնիսկ 20 ամիս երկարաձգելու դեպքում չեղարկված ծրագրերն իրագործելը դարձյալ իրատեսական չի լինի։

«Եթե ծրագիրն ավարտվեց, իսկ շինարարական աշխատանքները դեռ պետք է շարունակվեն, դա լրացուցիչ բեռ է պետության համար։ Պետք է լիարժեք համոզված լինես, որ սահմանված ժամկետում կավարտես, առանց այդ էլ նախատեսված բավականին թվով շինարարական աշխատանքներ սահմանված ժամկետում չենք կարող իրականացնել»,- հայտնեց ծրագրի համակարգողը։

Բացի այդ, զրուցակցիս խոսքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված երեք նշանավոր վանքերը վերականգնելու համար ծրագրում բավարար գումար չէին նախատեսել, որպեսզի միանգամից ակնառու փոփոխություններ տեսնեինք։ «Այն գումարը, որը նախատեսված էր, ամենախիստ անհրաժեշտության ամրակայումների և եկեղեցիներին մոտեցող ճանապարհների բարեկարգման համար էր»,- ասում է Ա. Ոսկանյանը:

Նա միաժամանակ հաստատեց, որ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի բյուջեից Կառավարությունը 12,2 մլն դոլար նվազեցրել է՝ խիստ անհրաժեշտ կարիքներ կային հոգալու, և գումարներն ուղղվել են այդ կարիքներին։ 

Կառավարությունը 2020թ օգոստոսի 24-ին ՀԲ-ին խնդրել է ծրագրային բյուջեից նվազեցնել 3,2 մլն դոլար և այն հատկացրել է կորոնավիրուսի ծրագրային ֆոնդերի համալրմանը։ Կառավարությունը 2021թ օգոստոսի 12-ին կրկին դիմել է ՀԲ-ին և խնդրել վարկային ծրագրից նվազեցնել 9 մլն դոլար, որը հետո հատկացրել են Երևան քաղաքի հանրային տրասպորտի պարկի բարելավմանը։ 

ԾԿԿ-ն թույլ է տվել ծրագրային բյուջեից մեծ գումարներ ծառայեցնել այլ նպատակների, այն դեպքում, երբ վանքերը վերականգնելու և ամրակայելու համար հատկացված բյուջեն անբավարար է համարել:

Հավելված 1

ԱԺ-ի հաստատած վարկային ծրագրում նշված երեք եկեղեցիների «ամենախիստ անհրաժեշտության ամրակայումը» հետևյալ փաստերով է հիմնավորվել:

Գեղարդավանքի տանիքն առավելագույնը 50 տարվա է (անցյալ դարի յոթանասունական թվականներին այն ծածկվել է մետաղական ծածկով), արդեն լուրջ խնդիրներ են առաջացել՝ անձրևաջրերի ներթափանցման կետերում ձևավորվել է բիոլոգիական փառ: Վանքի տարածքում նախատեսված էր իրականացնել վերականգնման աշխատանքներ՝ շարվածքի ամրացում, տանիքների պահպանություն, կենսաբանական տարրերի գոյացությունների հեռացում:

Լոռու մարզում  են գտնվում ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող` 10-րդ դարում կառուցված Հաղպատ եւ Սանահին վանքերը:

Հաղպատի վանքում նախատեսվում էր ամրացնել պատերը և պատի ճաքերը, լուծել մոլախոտերի խնդիրը (երբեմն որոշ տեղերում տանիքների վրա նույնիսկ փոքր ծառեր են աճում), ուժեղացնել քարե շարվածքը, մակերեսների և որմնանկարների պահպանումը, ամրապնդել փայտե տանիքները, վանական համալիրը շրջապատող պատերը:

Սանահին վանական համալիրում՝ վերականգնման աշխատանքներ իրականացնել վանքի ներսում՝ ամրացնելու համար պատի ճաքերը, լուծելու տանիքների վրա աճող մոլախոտերի հարցը:

Հատկապես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու որոշ մասերում բացակայում են սալիկներն ու կապող քարերը, ճակատամասերի վրաորոշ քարերանհրաժեշտ է հեռացնել և փոխարինել, ուժեղացնել քարե շարվածքը, իրականացնել մայթերին ուղղված միջամտություն և այլն։ 

Ծրագրի համակարգող Անահիտ Ոսկանյանի ասելով՝ բոլոր այն նախագծերը, որտեղ հնագիտական միջամտության կարիք կար՝ լրացուցիչ պեղումներ պետք է արվեին, ամրակայումներ և այլն, չեղարկվել են։ Այդ սկզբունքով չեղարկվել է նաև Ամբերդ միջնադարյան ամրոցի վերականգնումը: Արագածոտնի մարզում գտնվող «Ամբերդ ամրոց»  պատմամշակութային արգելոցը ԾԿԿ-ն վարկային ծրագրում կատարված փոփոխությունների արդյունքում է ընդգրկել ծրագրում, իսկ հետո որոշել է աշխատանքներ չիրականացնել: 

«Ամբերդում արևմտյան աշտարակը տարեցտարի ավելի է թեքվում, աշտարակի ամրակայումը, նաև Ամբերդ տանող մոտ 22 կմ ճանապարհի կառուցումն առաջնահերթ էր։ Այս պատմամշակութային հուշարձանի վերականգնումը երկար ժամանակ էր պահանջելու, մինչև ծրագրի ավարտը չէինք կարող վերջացնել, այդ պատճառով էլ չեղարկվեց։ Չենք կարող նաև ամրոց տանող ճանապարհը բարեկարգել, տուրիստական հոսքերը մի քանի անգամ ավելացնել ու աշտարակը թողնել վթարային վիճակում։ Ինչքան հոսքերը մեծացնես, նրա վթարայնությունն ավելի կմեծանա»,-  ԾԿԿ-ի որոշումն այսպես է հիմնավորում Ա. Ոսկանյանը։

Ամբերդ ամրոցի վերականգնումը կառավարման կոմիտեի որոշումով փոխարինվել է Արագածոտնի մարզում գտնվող մեկ այլ հուշարձանով՝ Դաշտադեմի ամրոցով, որտեղ անհամեմատ ավելի քիչ աշխատանք կա անելու՝ նախատեսում են աշտարակը ամրակայել, իսկ ներսում փոքրիկ թանգարան ստեղծել։

Ծրագրում պատմամշակութային վայրերից պահպանել են միայն Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինը: Դվինում հուշարձանների մասնակի վերականգնում և ամրակայում իրականացնելուց բացի, քննարկում են հնագետների թանգարան և պատմական թանգարան կառուցելու, տեղեկատվական կենտրոն ստեղծելու հարցերը։

«Այս ծրագրի նպատակը ոչ միայն պատմամշակութային կոթողների բարեկարգումն է, այլև դրանք տուրիստական հանգույցի մաս դարձնելը՝ նպաստելով այդ հանգույցի զարգացմանը»,- ասում է ծրագրի համակարգողը: 

Այո, նպատակը միայն պատմամշակութային կոթողների բարեկարգումը չէ, բայց այն ծրագրի առաջնային նպատակն էր, որից Կառավարությունը փաստացի հրաժարվել է: 

Այդ աշխատանքներն ինտելեկտուալ ներդրում են պահանջում, որտեղ Կառավարությունը, հավանաբար, դժվար է կողմնորոշվում: Ծրագրում ընդգրկված հուշարձանների համալիր վերականգնումն ու ամրակայումը մեծ ներդրումներ են պահանջում, որի համար էլ Կառավարությունը վարկային միջոցներ էր ներգրավել: Պետական բյուջեից երբևէ մեծ գումարներ չեն հատկացվել հուշարձանների պահպանության համար։

Ինչ է արվել վարկային ծրագրով, և ինչ չի արվելու, որ պետք է արվեր

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի իրականացումը մեր երկրի համար դժվարին ժամանակաշրջանի համընկավ՝ իշխանափոխություն, կորոնավիրուսի համաճարակ, պատերազմ: Որոշ շինարարական աշխատանքներ ընդհատվել են` ֆորս մաժորային իրավիճակով պայմանավորված, որոշ աշխատանքներ հետաձգվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Դրանց համար սահմանված ժամկետները երկարաձգվել են և կրկին երկարաձգելու անհրաժեշտություն է առաջացել, որոշ ծրագրեր էլ չեղարկվել են ժամանակի սղության պատճառով։ 

Ծրագրի կառավարման կոմիտեի համակարգող Անահիտ Ոսկանյանի ասելով՝ չեղարկվել են, հիմնականում, այն ծրագրերը, որոնք դեռ չէին սկսվել և նախատեսված ժամկետում հնարավոր չէր իրականացնել: ԾԿԿ-ի որոշումների համար հիմք են հանդիսացել աշխատանքներն իրականացնող կազմակերպության՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հիմնավորումները: «Եթե շինարարն ասում է, որ ժամկետի մեջ չի տեղավորվում այդ ծրագիրն իրականացնելու համար, կառավարման կոմիտեն որոշում է կայացնում, և կատարված փոփոխությունները ներկայացնում է Համաշխարհային բանկի հաստատմանը»,- բացատրում է Անահիտ Ոսկանյանը։

ԾԿԿ-ի որոշումով ընդլայնվել է վարկային ծրագրում ներառված մարզերի թիվը՝ նախկին 5 մարզի փոխարեն ներառելով 9 մարզ, բացառությամբ Արմավիրը: Դա տեղի է ունեցել հյուսիս-հարավ զբոսաշրջային երթուղու համար պլանավորված մի շարք ծրագրերից հրաժարվելու հաշվին:

2022թ.-ը ծրագրի իրականացման 6-րդ տարին է, սակայն պլանավորված 37 ծրագրերի մեծ մասը դեռևս նախագծման, նախնական փորձաքննության կամ ուսումնասիրման փուլում են։ Մեկ տարի հետո՝ 2023թ.-ի մարտին ծրագիրն ավարտվում է, սակայն մինչև հիմա 37 հիմնական ծրագրից ավարտված է համարվում 10-ը, այն էլ` ոչ ամբողջությամբ: 

  1. Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի վերականգնում, 
  2. Գյումրու Վարպետաց, Աբովյան, Ղորղանյան փողոցների՝ Ռուսթավելի և Ֆուրմանովի փողոցներով պարփակված հատվածի հիմնանորոգում  և լուսավորում, 
  3. դեպի Տաթև վանական համալիր տանող  ճանապարհի կառուցում,
  4. Խոր Վիրապ վանքի տարածքի բարեկարգում,
  5. Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկ տանող ճանապարհի վերականգնում,
  6. Գորիսի Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնում,
  7. Գորիս քաղաքի կենտրոնական մասի բնակելի տների վերանորոգում,
  8. Գառնիի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 1.6 կմ ճանապարհի վերականգնում,
  9. Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հուշարձանների մասնակի վերականգնում և ամրակայում,
  10. Արենի հանգույցի վերականգնման կոնցեպտի պատրաստում։

Որոշ տեղերում տեսանելի արդյունքներ կան:

Գորիս քաղաքի պատմական թաղամասում բարեկարգվել է 35 տուն՝ փոխվել են դարպասները, պատուհանները, պատշգամբներն ու տանիքները: Քաղաքի միջով անցնող Վարարակն գետի հունն է մաքրվել, Գորիսում հին թաղամասի ճանապարհի բարեկարգումով ծրագիրը կավարտվի։

2016թ.-ին Ազգային ժողովի  հաստատած վարկային ծրագրով պլանավորվում էր նաև հիմնանորոգել Գորիս քաղաքի թանգարանը, հին բաղնիքը, որի վերին հարկերը նախատեսվում էր վերածել պատկերասրահի, բարեկարգել Գորիսի մանկական և երիտասարդական զբոսայգիները և այլն: ԾԿԿ-ի իրականացրած փոփոխությունների արդյունքում դրանք դուրս են թողնվել։

Տաթևի եկեղեցի տանող ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է, ուսումնասիրության փուլում է դեպի Տաթև տանող նոր, շրջանցիկ ճանապարհի նախագիծը: Զորաց քարերի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Չեղարկվել է դեպի Հին Խնձորեսկ տանող ճանապարհի վերանորոգումը, որի համար նաև նախագիծ էր պատվիրվել:

Վարկային ծրագրով վերականգնման գործողություններ էին նախատեսված Տաթև վանական համալիրը շրջապատող Տաթև, Տանձատափ և Սվարանց գյուղերի համար: Հայաստանի հիմնական զբոսաշրջային երթուղու երկայնքով տեղավորված այս գյուղերը համարվում են զբոսաշրջության զարգացման խթան դառնալու մեծ ներուժ ունեցող: Այդ գյուղերում նույնպես աշխատանքներ չեն իրականացվելու:

Մեղրի քաղաքի պատմական միջավայրի պահպանությանն ուղղված աշխատանքները կմեկնարկեն մյուս տարի՝ երկու փողոցների բարեկարգում պետք է արվի, կոյուղագիծ կառուցվի, գիշերային լուսավորություն և այլն: Սրանով Սյունիքի մարզում կավարտվեն հարավային զբոսաշրջային երթուղում ենթակառուցվածքներ ստեղծելու աշխատանքները:

Արենիում նախատեսում են գինու թանգարան կառուցել, գինու փառատոնում ներգրավված գյուղի փողոցները բարեկարգել: Արենի համայնքի մեջ մտնող 9 գյուղերի համար մոտ 72 ներդրումային ծրագիր է առաջարկում ԾԿԿ-ն, որպեսզի ամբողջ համայնքը ներգրավվի գինու տուրիզմում։ Այդ ծրագրերից երկուսը, որոնց համար մոտ 3 մլն դոլար է նախատեսված, իրականացման ընթացքում են։ Մնացած ծրագրերը կյանքի կոչելու համար համագործակցում են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ՝ դրանք իրականացնելու նպատակով ներդրողներ գտնելու համար։

Արենիի զբոսաշրջային երթուղուց դուրս է թողնվել հայտնի Մոզրովի քարանձավը, որի համար բազմաթիվ առաջարկներ կային վարկային ծրագրում, ինչպես նաև` փառատոնների համար 400 տեղանոց բաց ամֆիթատրոն կառուցելու նախագիծը, Մոմիկ եկեղեցուն մոտեցող հետիոտնային անցումի կառուցումը և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնցով Վայոց ձորի մարզում կամբողջանար տուրիզմի հանգույցը:

Գառնիում  նախատեսված երեք նախագծից երկուսն իրականացվել է՝ բարեկարգվել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհը, մուտքի մոտ սանհանգույց է կառուցվել, պահակակետ և արգելափակոց։ Համայնքում ևս երկու ճանապարհ է բարեկարգվում հիմա: 

Ողջաբերդի սողանքային ճանապարհին իբրև այլընտրանք կառուցվում է Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհը: Երևանից զբոսաշրջիկները կմեկնեն Խոր Վիրապ, այնտեղից՝ Գառնի-Գեղարդ և հետադարձը նույն ճանապարհով։

Խոր Վիրապ վանքի տարածքի բարեկարգումն ավարտվել է, հուշանվերների վաճառքի տաղավարներ պետք է տեղադրվեն ու հարակից թփուտները բարեկարգվեն։  

2016թ.-ին հաստատված վարկային ծրագրում Գյումրին և Ջերմուկը որպես զբոսաշրջային առաջնային ուղղություն ներառված չէին: ԾԿԿ-ի իրականացրած ծրագրային փոփոխություններով Գյումրիում և Ջերմուկում մեծ թվով ծրագրեր են պլանավորվել: Անահիտ Ոսկանյանը հայտնեց, որ Ջերմուկում 7 խոշոր նախագիծ է իրականացվում՝ 5,7 մլն դոլարով։ Հիմնական ուղղությունը առողջարաններ տանող փողոցների բարեկագումն է, ջրահեռացում, լուսավորության համակարգ, ըմպելասրահի ամրակայում, դեպի «Քարայծ» տանող ճանապարհի բարեկարգում, ավտոկայանատեղի, դիտակետ և այլն։ 

Գյումրիում 6 նախագիծ է իրականացվում՝ Կումայրի պատմական թաղամասի փողոցների բարեկարգման երկրորդ փուլն է մեկնարկում: Նախագծման փուլում է Գյումրից Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի վերանորոգումը։

Վարկային ծրագիրը նաև մասնավոր ներդրողին աջակցության բաղադրիչ ունի։ Շուրջ 7,2 հեկտար տարածք զբաղեցնող Բարեկամության այգու տարածքն է բարեկարգվում ծրագրի բյուջեով, ոռոգման և խմելու ջուր է անցկացվում, փոքրիկ էլեկտրակայան է կառուցվում: Դրանից հետո այգում ներդրումներ կիրականացնի «Քաղաքաշինություն և զբոսաշրջություն» (ТUF) բարեգործական հիմնադրամը (համահիմնադիր` Ռուբեն Վարդանյան)։

 «Մասնավորը, եթե մեր նախանշած մարզերում ուզում է ներդրում անել, մենք պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք՝ ջուր, հոսանք, կոյուղի, գազ և այլն, որից հետո հանձնենք իրենց»,- տեղեկացրեց Ա. Ոսկանյանը։ Այդ իմաստով նա լավագույն օրինակ է համարում Արենիում Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը: Թուֆենկյանի կառուցած հյուրանոցի գազիֆիկացումը, էլեկտրականությունը, ջրամատակարարումն այս ծրագրով է արվել։ Պայմանն այն է, որ ներդրողը պետք է ստեղծի X քանակի աշխատատեղ, ակտիվացնի հարակից գյուղական համայնքները։ Պետությունն այստեղ ներդնում է 20% գումար, մասնավորը  պարտավոր է դրանից 4 անգամ ավելի ներդնել։

Գեղարքունիքի մարզը ծրագրում ներառել են «Դար» հիմնադրամի «Գագարին նախագծին» աջակցելու համար: Այս նախաձեռությունը նպատակ ունի մշակել համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել 6 գյուղերի համար՝ Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրի համար: Վարկայի ծրագրով բարեկարգում են Ծաղկունք գյուղի այգին և մի քանի փողոց, որոնք մոտենում են այգուն։ 

Այսպիսով՝ ՎԶՄԲ-ի հաստատած «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» 55 մլն դոլար վարկից ծրագրի իրականացման համար թողնվել է 42.8 մլն դոլար: Ծրագրի իրականացման 6 տարիների ընթացքում ծրագրային գործողություններն իրականացնելու համար ծախսվել է 14,5 մլն դոլար: Մոտ 19 մլն դոլար գտնվում է 2022թ.-ի օրացուցային տարվա ընթացքում մրցույթի նախապատրաստական տարբեր փուլերում: Մնացածը կհատկացվի այն աշխատանքներին, որոնք փորձաքննության մեջ են, և շինարարական աշխատանքների մրցույթները մինչև ապրիլի 15-ը պետք է հայտարարվեին։

Գլխավոր լուսանկարում՝ Գեղարդավանքը, Նարեկ Ալեքսանյան

Ինֆոգրաֆիկաները՝ Սամսոն Կարապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter