HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Զբոսաշրջային երթուղիներում ենթակառուցվածքներ ստեղծելու վարկային ծրագիրը նվազ արդյունավետությամբ է իրականացվում

Կառավարությունը շարունակաբար երկարաձգում է ծրագրի իրականացման ժամկետը

Հայաստանի կառավարության խնդրանքով այս տարվա մարտին Համաշխարհային բանկը (ՀԲ) կրկին երկարաձգել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (ՏՏԵԶ) վարկային ծրագրի ժամկետները՝ մինչև 2025թ-ը։ Վարկային ծրագրով զբոսաշրջային ենթակառուցվածքներ են ստեղծվում Հանրապետության 9 մարզի ընտրված բնակավայրերում։

2016թ-ի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի վավերացրած վարկային ծրագրի ավարտը նախատեսված էր 2021թ-ին։ Կառավարությունը երկրորդ անգամ է երկարաձգում ժամկետը, որ կարողանան իրականացնել Ծրագրի կառավարման կոմիտեի (ԾԿԿ) հաստատած բոլոր ծրագրերը։ Վարկային ծրագրի ժամկետը մեկ անգամ երկարաձգվեց մինչև 2023թ. մարտը, ապա՝ մինչև 2024թ դեկտեմբերի 31-ը։ Աշխատանքներն իրականացնելու չափազանց դանդաղ ընթացքը ցույց է տալիս, որ դարձյալ ժամկետները երկարաձգելու անհրաժեշտություն կլինի։

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի իրականացման 7-րդ տարին է և հաստատված 37 հիմնական ծրագրից մինչ օրս ավարտված է համարվում 12-ը, այն էլ` ոչ ամբողջությամբ: Հետևաբար, իրատեսական չէ, որ 1,5 տարվա ընթացքում կկարողանան ավարտել պլանավորված 22 ծրագիրը, հատկապես, երբ դրանց մեծ մասը դեռևս նախագծման և մրցույթներ հայտարարելու փուլում են։ Հաստատված ծրագրերով աշխատանքների ծավալը զգալի չափով պակասեցնելը նույնպես չնպաստեց սահմանված ժամկետները պահպանելուն։

Հիշեցնենք, որ ծրագրի բովանդակության պատասխանատուն Զբոսաշրջության կոմիտեն է, ծրագրերը հաստատողը՝ Ծրագրի կառավարման կոմիտեն, իրականացնողը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Նրանցից ոչ մեկը չի խոսում ծրագրի կառավարման ցածր արդյունավետության ու դրա պատճառների մասին։

Զբոսաշրջության Հարավային միջանցքում իրականացված աշխատանքները

Զբոսաշրջության Հարավային միջանցքում (Գառնի-Գեղարդ-Խոր Վիրապ-Արենի-Ջերմուկ-Սիսիան-Տաթև-Գորիս-Մեղրի) ամբողջությամբ ավարտվել է Գառնիում իրականացված երեք ծրագիրը՝ 

  • «Գառնի տաճարի շրջակա տարածքի բարեկարգում» ենթածրագիրը (այս տարի),
  • Քարերի սիմֆոնիա բնական հուշարձան տանող 1.6 կմ ճանապարհի վերականգնումը,
  • Գառնի-Լանջազատ ճանապարհի վերականգնումը, որը միմյանց է կապում Խոր Վիրապից Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղին։

Արարատի մարզում ամբողջությամբ ավարտվել են Խոր Վիրապ վանքի տարածքի բարեկարգումը և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառուցումը։ Այս մարզում իրականացվում է նաև «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացում» ենթածրագիրը։ Դվինում հուշարձանների մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքներ են կատարում հնագետները՝ Կաթողիկե Սբ Գրիգոր եկեղեցու, 7-րդ դարի Հայրապետական դահլիճի և 5-րդ դարի կաթողիկոսական պալատի մասնակի վերականգնում: Այստեղ երկրորդ ծրագիրն է իրականացվելու՝ ավտոկայանատեղի, թանգարան և տեղեկատվական կենտրոն կառուցելու աշխատանքները նախագծման փուլում են։ ԾԿԿ համակարգող Ռիմա Օհանյանի ասելով՝ մինչև ծրագրի ավարտը պետք է պատրաստ լինեն այդ կառույցները։

Ի դեպ, «Դվին արգելոցը» միակ պատմամշակութային հուշարձանն է, որի վերականգնումն ու ամրակայումը՝ տուրիստական հանգույցի մաս դարձնելու հեռանկարով, պահպանվեց ՏՏԵԶ ծրագրում:

Հարավային զբոսաշրջային երթուղու՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ենթակառուցվածքներ ստեղծելու աշխատանքները մասնակի են իրականացվել: Գորիս քաղաքում իրականացվող երեք ենթածրագրից ավարտվել է երկուսը՝ 

  • քաղաքի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող բնակելի տների վերականգնում
  • Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնում։

Գորիսում ներկայում կենտրոնական փողոցների սալիկապատում է կատարվում։ Մոտակա ամիսներին նախատեսվում է ավարտել «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի հարակից տարածքի բարեկարգումը։ Ավարտված է դեպի Տաթև վանական համալիր տանող ճանապարհի կառուցումը։ 

«Մեղրիի Փոքր Թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում» ենթածրագիրը դեռևս նախագծման փուլում է, հանրային լսումներ են անցկացվում, տարբեր գերատեսչությունների հետ քննարկումներ են ընթանում։ Մեղրի քաղաքի պատմական միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրի նպատակն է պահպանել և վերականգնել Մեղրի քաղաքի մշակութային ժառանգությունը: Ծրագրով Մեղրիի Փոքր թաղում նախատեսվում է տների վերականգնում, երկու փողոցների բարեկարգում, կոյուղագծի կառուցում, գիշերային լուսավորություն և այլն: Ծրագրի կառավարման կոմիտեի համակարգող Ռիմա Օհանյանը  կարծում է, որ մինչև աշուն կսկսեն աշխատանքները, բայց մեկ տարվա ընթացքում արդյոք կկարողանա՞ն ավարտել։

Սրանով Սյունիքի մարզում կավարտվեն Հարավային զբոսաշրջային երթուղու ենթակառուցվածքներ ստեղծելու աշխատանքները:

Ծրագրի իրականացման առաջին տարիներին նախատեսվում էր նաև «Դեպի Հին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնում», որի համար նախագիծ էր պատվիրվել, սակայն ԾԿԿ-ի նոր կազմը չեղարկեց։ Ռիմա Օհանյանի տեղեկացմամբ՝ հնարավոր է, որ այն նորից մտցվի իրականացվող ծրագրերի ցանկում։

ԾԿԿ-ի իրականացրած ծրագրային փոփոխություններով Ջերմուկում և Գյումրիում մեծ թվով ծրագրեր են պլանավորվել: «Ջերմուկ քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրով 7 խոշոր նախագիծ է իրականացվում՝ 5,7 մլն դոլար արժեքով։ Հիմնական ուղղությունն առողջարաններ տանող փողոցների բարեկարգումն է, ջրահեռացում, լուսավորության համակարգ, ըմպելասրահի ամրակայում, դեպի «Քարայծ» տանող ճանապարհի բարեկարգում, ավտոկայանատեղի և այլն։ 

2022թսեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակման թիրախ դարձած Ջերմուկում անհավանական էր դարձել ծրագրերի իրականացումը։ ԾԿԿ-ում ասում են՝ մտահոգություններն արդեն ցրվել են։ Առողջարանային քաղաքի Շահումյան, Վ Վարդանյան, Մյասնիկյան, Մելիք Ադամյան և Չարենցի փողոցների վերանորոգում ու վերականգնում, «Քարայծ» տանող ճեմուղու կառուցում և Մաշտոցի փողոցի բարեկարգում բաղադրիչներով ակտիվ շինարարություն է ընթանում։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը տեղեկացնում է, որ «Ջրվեժի մոտեցման ճանապարհի և ճեմուղիների վերականգնում, կամրջակի,  ավտոկայանատեղիի և մայթերի կառուցում» բաղադրիչի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են և ուղարկվել են համալիր փորձաքննության։ Դրական արձագանքից հետո կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ կհայտարարվի։

Ըմպելասրահի ճեմուղիների վերանորոգում, բարեկարգում և կանաչապատում, տաղավարների տեղադրում և տեղեկատվական կենտրոնի կառուցում, Եղնիկի  արձանին  մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցում, Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում բաղադրիչների համար իրականացվել են շինարարության մրցույթներ, դրանք գտնվում են  գնահատման և ամփոփման փուլում։ Ըմպելասրահի և սանհանգույցների վերականգնում և ուժեղացում բաղադրիչի նախագծման մրցույթը նույնպես գտնվում է գնահատման փուլում։ 

Ամփոփենք՝ Ջերմուկի համար հաստատված 7 ծրագրերից 5-ը դեռևս չի սկսվել։ 

Հարավային զբոսաշրջային երթուղում ընդգրկված Վայոց ձորի մարզում ներառված է նաև Արենի համայնքը, որտեղ նախատեսվում է իրականացնել մեկ ենթածրագիր՝ «Արենի գյուղի գինու փառատոնի փողոցների հիմնանորոգում»։ Այս ծրագիրը  դեռևս նախագծման փուլում է գտնվում։ Ի սկզբանե Արենիում նախատեսվում էր գինու թանգարան կառուցել և գինու փառատոնում ներգրավված գյուղերի փողոցները բարեկարգել: ԾԿԿ-ն հրաժարվեց թանգարան կառուցելու մտքից, իսկ փողոցների բարեկարգում ծրագրում Արենի համայնքի գյուղերից մնաց միայն Արենի գյուղը։ 

Արենիում ավարտվել է «Ենթակառուցվածքի տրամադրում «Արենի ՈՒայն Հոտել» համալիրի կառուցման նպատակով» ծրագիրը։ «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը Արենի համայնքում, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կառուցել է «Արենի Ուայն հոտել» հյուրանոցային համալիրը: Հյուրանոցը ունենալու է 100 սենյակ՝ նախատեսված 212 հյուրերի համար: Գործարարը դիմել էր ՏՏԵԶ ծրագրի պետական-մասնավոր ներդրումների ենթաբաղադրիչից աջակցություն ստանալու համար։ Հյուրանոցային համալիրի համար վարկային միջոցներով ենթակառուցվածքներ են ստեղծվել՝ ջրամատակարարում, էլեկտրականության մատակարարում, գազամատակարարում, կոյուղու ցանց, կոյուղու մաքրման կայան, պոմպակայն, ասֆալտապատում, ինտերնետ կապ և այլն։ 

«Հանրային-մասնավոր ենթակառուցվածքներ» ենթաբաղադրիչով ենթակառուցվածքներ են ստեղծվել նաև Գյումրի քաղաքի «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման համար։ Այգին վերականգնելու նախաձեռնությունը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանինն է, ծրագրային աշխատանքներն այս տարի են ավարտվել։

ԾԿԿ-ն հրաժարվել է զբոսաշրջային միջավայր ստեղծող Հաղպատ և Սանահին գյուղերին կենդանություն տալու ծրագրերից

Զբոսաշրջության Հյուսիսային միջանցքում (Գյումրի-Վանաձոր-Սևան) ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքը շատ ավելի դանդաղ է։  Լոռու մարզում մեկ ծրագիր է ավարտվել՝ Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկ տանող ճանապարհի վերականգնումը։

Գյումրիի համար հաստատված 6 նախագծերից առ այսօր իրականացվել են երկուսը՝ Կումայրի պատմական կենտրոնի վերականգնումը, Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցների վերանորոգման աշխատանքները։ Կումայրի պատմական կենտրոնի փողոցների բարեկարգման երկրորդ փուլն է այժմ մեկնարկում։ Շինարարական աշխատանքներ են ընթանում «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» և Խանջյան, Չայկովսկի փողոցների, Հաղթանակի պողոտայի վերականգնման ծրագրերով։ Մնացյալ երեք ծրագրերը, որոնցով նույնպես Գյումրիի փողոցների վերականգնման ու բարեկարգման շինաշխատանքներ պետք է կատարվեն, դեռևս նախագծման կամ շինարարական մրցույթի փուլում են։

ԾԿԿ-ն 2021թվերջին չեղարկեց Հյուսիսային միջանցքում իրականացվելիք ծրագրերը կամ դրանք փոխարինվեցին նորով։ Այս մարզում գտնվող մշակութային ժառանգության օբյեկտներ Հաղպատ և Սանահին վանական համալիրները վարկային ծրագրով հաստատված տուրիզմի հիմնական ուղղություններից էին։ Մեր հրապարակումներից մեկում պատմել ենք, թե ինչպես 2018թ-ի իշխանափոխությունից հետո ստեղծված ԾԿԿ նոր կազմն ամբողջությամբ չեղարկեց զբոսաշրջային այս ուղղության ծրագրերը։ Պատճառաբանվեց, որ համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտներ հանդիսացող երկու վանական համալիրների՝ Հաղպատի և Սանահինի վերականգնման և ամրակայման աշխատանքների համար բավարար ժամանակ ու գումար չկա: 

Հաղպատում և Սանահինում դրանից բացի, նախատեսվում էր բարելավել և զարգացել զբոսաշրջային ենթակառուցվածքները, որոնք նույնպես չեղարկվեցին։ Այստեղ նախատեսվում էր կառուցել՝ տոմսերի վաճառքի կրպակ, կայանատեղիներ, հասարակական զուգարաններ, լուսավորության ցանց և այլն: 

Վարկային ծրագրով անհրաժեշտ էր համարվում մեծապես քայքայված Հաղպատ գյուղի վերակառուցումը, ջրամատակարարման և կոյուղու համակարգեր կառուցել, վերականգնել հրապարակի կառույցների տանիքները և ճատակային մասերը, վերանորոգել հին Բոլշևիկյան թանգարանը՝ գյուղի պատմությունը և վանքի վանականների կյանքը ներկայացնելու համար:

Սանահինում անհրաժեշտ է համարվել իրականացնել հիմնական գոտում գտնվող փոքրիկ հրապարակի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերակառուցում և զարգացում, որի ճարտարապետական դիզայնը համահունչ լինի վանքին։ 

Վարկային ծրագիրը ներկայացրած նախկին կառավարությունը Հաղպատում և Սանահինում պատմական միջավայրը վերականգնելու համար հիմք էր ընդունել նաև Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պատրաստած հետազոտության տվայլները։ Այն վերնագրված է՝ «Հայաստանում Համաշխարհային ժառանգության վայրերի մաստեր պլան Հաղպատի և Սանահինի վանքերը, Գեղարդի վանքը և Ազատի վերին հովիտը»: 

«Սանահինը ոչ թե գյուղ է, այլ միջավայր, և այդ հանգամանքը ենթադրում է բնակիչների ապրելակերպի, ռեսուրսների և զարգացման հնարավորությունների զգալի տարբերություն: Վանքի մոտակայքում գտնվող գյուղի մի մասն ունի գյուղական բնույթ՝ ցածր շինություններով, որոնցից ոմանք ավանդական գյուղական ճարտարապետության հետաքրքիր վկայություն են»,- նկարագրել են հետազոտության հեղինակաները: 

Նկարագրված միջավայրին կենդանություն տալու մաստեր պլանն առաջարկում է՝ Հաղպատում և Սանահինում ավանդական մասնավոր շենքերի պատմական ճակատային մասերի վերականգնում, ասբեստի տանիքների հեռացում և դրանց վերակառուցում, ֆասադների վերաձևավորում, դեպի շենքեր մուտքերի ցանկապատում, ճանապարհների վերանորոգում, հանրային լուսավորության ցանցի ընդլայնում և այլն:

Նշվածների փոխարեն ԾԿԿ-ն անցած տարի որոշել է ենթակառուցվածքների բարելավման ծրագիր իրականացնել Վանաձոր քաղաքի հյուրանոցային-ժամանցային կենտրոն ունեցող մասնավոր ընկերության համար։ Արդյոք, այս հյուրանոցային համալիրին օժանդակելը բավարա՞ր է Հյուսիսային միջանցքում զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Արդյոք, այն կակտիվացնի՞ զբոսաշրջությունը նշված գյուղերում և կապահովի՞ ակնկալվող եկամուտները։

ԾԿԿ-ն անցած տարի «Հանրային-մասնավոր ենթակառուցվածքներ» ենթաբաղադրիչով ևս 3 ենթածրագիր է հաստատել, որից մեկը՝ Կոտայքի մարզում, երկուսը՝ Տավուշում և ինչպես արդեն նշեցինք՝ Լոռու մարզում։ Ծրագրի կառավարման կոմիտեի համակարգող Ռիմա Օհանյանը հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել ներդնողների բիզնես ծրագրերի մասին, ասելով, որ ԾԿԿ-ն դրանք անձնական տվյալներ է համարում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter