HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մայրաքաղաք Դվինը» քարե կոթողներով և հնագիտական գտածոներով ամենահարուստ քաղաքն է

Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հուշարձանները վերջին տարիներին մասնակի վերականգնվում ու ամրակայվում են։ Աշխատանքներն իրականացում է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Դվինի հայ-իտալական արշավախումբը։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ Հայաստանի կառավարությանը տրամադրած տուրիզմի վարկային ծրագրի միջոցներով Դվինում նախատեսվում է նաև թանգարան կառուցել։ 

Հայկական կողմից հնագիտական արշավախումբը ղեկավարող պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն ասում է, որ Դվինը շքեղ թանգարանի կարիք ունի, որովհետև Դվինը 90%-ով հնագիտական գտածոների քաղաք է։ «Հայաստանի հուշարձանների մեծ մասը ճարտարապետական կոթողներ են, Դվինի դեպքում՝ զբոսաշրջության համար հավասարարժեք կարող են լինել և՛ այն, ինչ  թողել են ճարտարապետները, և՛ գտածոները»,- համոզված է հնագետը։ 

Պրն Պետրոսյան, Դվինը ամենահին և ամենահայտնի հնավայրերից է, ինչո՞ւ է հիմա խոսվում Դվինի հնագիտական ժառանգության ամրակայման և վերականգնման մասին։ Արդյոք, նախկինում պեղումները մեծ տարածք չե՞ն ընդգրկել կամ՝ գուցե պեղված շինությունները չեն ամրակայվե՞լ։ 

Հնագիտական արշավախմբերն ինտենսիվ աշխատել են Դվինում, սակայն ամրակայումը շատ թույլ է եղել, և պեղված հատվածները մի քանի տարի հետո կրկին հողակույտի են վերածվել։ Դվինում մենք պեղումներ սկսել ենք իրականացնել 2019թ-ից, արշավախումբը մինչ այդ աշխատում էր Արցախի Տիգրանակերտում։ Փորձ ձեռք բերելու համար սկսեցինք շուկայից, որը քարի կառույց է՝ 32 զույգ սյուներ են, լավ հղկված խոյակներ, իսկ պատերը դարձյալ աղյուսից են, բայց սրա ամրակայումն ավելի հեշտ է։ Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի շուկան քաղաքի ճարտարապետական նշանավոր կառույցներից է եղել: Դվինը եղել է վաճառաշատ քաղաք, աշխարհի լավագույն՝ բյուզանդական, արաբական, պարսկական, չինական խոշորագույն կենտրոններից արտադրանքը հասնում էր Դվին։ Շուկան նախկինում մասնակի պեղվել է, բայց մինչև վերջ չի հետազոտվել։ Մինչև վերջ պարզ չէ նրա գործառույթը՝ շուկա՞ է եղել, թե՞ քարվանսարա։  Դվինը հողի քաղաք է, այստեղ ամենի ինչ հողի տակ է։ Սկսած 4-րդ դարից բազմաթիվ կառույցներ հում աղյուսից են կառուցվել՝ կավը շաղախում էին, թողնում, որ չորանա և շարում էին։ Շաղախը ժամանակի ընթացքում հող էր դառնում։  

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինում ավելի քան 80 տարի հնագիտական արշավախմբերը պեղումներ են իրականացնում։ Պեղումներն այնտեղ սկսել են 1938-39թթ-ին, Դվինի պեղավայրը հետազոտել են Խորհրդային Հայաստանի ամենալավ մասնագետները՝ Դվինն ունեցել է արշավախմբի երկու ղեկավար՝ հայտնի հայագետ Կարո Ղաֆադարյանը, որը մի քանի հատոր է նվիրել Դվինի հետազոտությանը, նրանից հետո արշավախումբը ղեկավարել է ԳԱԱ թղթակից անդամ Արամ Քալանթարյանը։ Այսօր Հայաստանում չկա մի հուշարձան, որի մասին այնքան հրատարակություն լինի, որքան Դվինի մասին է հրատարակվել։ Դա պայմանավորված է նրանով, որ Դվինի նման հարուստ ու մեծ քաղաք տարածաշրջանում չկա, և դա հաստատում են պեղումների արդյունքները՝ զարմանալի շատ նյութ էր հայտնաբերվում։ 

Շատ հետաքրքրական է Դվինի արհեստագործական արտադրանքը, այնտեղ բազմաթիվ ապակեգործական, խեցեգործական, մետաղագործական արհեստանոցներ են հայտնաբերվել։ Դվինի արտադրանքը հասել է Սիբիր, Սկանդինավյա և այլ վայրեր և հիմա շատ հետազոտողներ հետաքրքրված են այս հնավայրով։ Արհեստանոցների տեղերը մենք գիտենք, բայց, ցավոք, դարձյալ նույն խնդիրն է այստեղ արհեստանոցն ունեցել է հնոց, կավը մշակելու հորեր և այլն, որոնք նորից ծածկվել են հողով։ Այն աքսեսուարները, որոնք ցույց են տալիս տեխնոլոգիական պրոցեսները՝ մաքրվել, վերականգնվել և ցուցադրվում են Պատմության թանգարանում։ 

Մենք հիմա մեծ ջանք պետք է գործադրենք, որ դրանցից գոնե մեկ-երկուսը վերաբացենք, փորձենք ամրակայել։ Մեր առջև հզոր մշակութային համալիր է, որը պահանջում է պրոֆեսիոնալ թիմ և համապատասխան ֆինանսավորում, որը մեր օրերում բավականին դժվար է։ Դվինի պահպանության, ամրակայման ծախսերը տասնապատիկ ավելին են, քան պեղման ծախսերը։ Պեղումները մեծ արդյունք կտան, բայց շուտով նորից կվերածվեն հողակույտերի, եթե չունենանք համապատասխան հնարավորությունները։ 

Մեկ տարի առաջ Կառավարությունը «Մայրաքաղաք Դվին»-ին պատմամշակութային արգելոցի կարգավիճակ շնորհեց։ Դվինը ներառվեց տուրիզմի վարկային ծրագրում՝ նպատակ ունենալով այս հուշարձանը ներգրավել տուրիզմի առաջնային երթուղում։ Զբոսաշրջիկն այսօր ի՞նչ կարող է տեսնել Դվինում։

Դվինի կենտրոնական թաղամասում ամրակայել են 5-7 դարի կաթողիկոսական պալատները, Սուրբ Գրիգոր եկեղեցին, միանավ բազիլիկ եկեղեցին, Արշակունյաց գահանիստ դահլիճը։ Դվինում քիչ են պահպանված մոնումենտալ կառույցները, այստեղ այլ մոտեցում պետք է լինի։ Հիմա մեր գործընկերների հետ քննարկում ենք մի ուրիշ ծրագիր, որի նպատակը պետք է լինի Դվինի հայտնի կառույցների ծավալային ցուցադրությունը։ Մենք ունենք դեկորներ, բայց չունենք ամբողջական կառույց։ Նման դեպքերում ցանկացած վերականգնում իր մեջ արհեստականության տարր է պարունակում։ Այցելուն տեսում է, որ դա օրիգինալը չէ, բայց պատկերացում է կազմում օրիգինալի շքեղության մասին։ Դրանք մեծ գումարների հետ են կապված, բայց դա պայմանավորված է նաև նրանով, թե ինչքան ենք հաջողում հետազոտական բնագավառում։ Իրական աղյուսներով անցյալը վերականգնելը մեր արշավախմբի կարևոր գործերից մեկն է։

Դվինը միաժամանակ ամենահարուստ քարե կոթողների հուշարձան է պատմական մայրաքաղաքի տարածքում մթա8-7-րդ դարերում շատ մեծ բնակավայր է եղել՝ բազմաթիվ տաճարներով, որոնք ուրարտական ժամանակաշրջանի կառույցներ են համարվում։ Այդ ժամանակաշրջանի բազմաթիվ կոթողներ են գտնվել Դվինում։ Հաջորդ փուլը Դվինի անտիկ ժամանակաշրջանն է, որը նույնպես ներկայացված է, բայց ամենահարուստը վաղ միջնադարյան կոթողներն են, որոնք ուղղակի արվեստի գործեր են՝ առաջին թևավոր խաչերը, կոթողները, ֆալոսներ, հայկական և մահմեդական տապանաքարեր, վաղ քրիստոնեական մեծ սարկոֆագեր և այլն։

Հայ և իտալացի հնագետների համագործակցությանը վերջին տարիներին տարբեր հնավայրերում ենք հանդիպում։ Իտալացի հնագետներն ի՞նչ են փնտրում պատմության հողաշերտերում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք հնագետներդ հայ-իտալական համագործակցությունից։ 

Ֆլորենցիայի համալսարանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի հետ համագործակցում է 2010թ-ից։ Ֆլորենցիայի համալսարանի հնագիտության բաժնի առաջարկով մոտ 10 տարի հետազոտել ենք Մետաքսի ճանապարհի Վայոց ձորի հատվածը, և շուտով լույս կտեսնի Եղեգիսին նվիրված հետազոտությունը։ Ֆլորենցիայի համալսարանի նույն արշավախմբի հետ Դվինում ենք սկսել աշխատել, քանի որ այն Մետաքսի ճանապարհի ամենակարևոր կենտրոններից մեկն է։ Դվինի արշավախմբի աշխատանքներն իտալական կողմից ղեկավարում է Ֆլորենցիայի համալսարանի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ Միքիելե Նուչոտին։

Հիմա կարող ենք այդ հսկայի մի փոքր հատվածը պեղել, և այդ առումով հայ-իտալական համագործակցությունը, կարծեք, պահանջված է։ ժամանակագրության թվագրման, մանրամասն շերտագրման առումով Ֆլորենցիայի համալսարանն աշխարհում լավագույններից է։ Հայաստանում չկա հնագիտական գտածոների անալիզների լաբորատորիա, մենք օգտագործում ենք նրանց հնարավորությունները։ Դվինի ջնարակն, օրինակ, քիմիական մեծ արտադրություն է հիշեցնում, պետք է հստակեցնել, թե ինչ նյութեր են իրար խառնել։ Մենք օգտագործում ենք նրանց պեղման տեխնոլոգիաները, որն այս համագործակցությունը դարձնում է ամբողջական և շատ հետաքրքիր։

Դվինը ոչ միայն արքայական նստավայր է եղել, այլև մինչև 9-րդ դարի վերջերը կաթողիկոսական նստավայր էր։ Արաբական արշավանքի ժամանակ եղել է արաբական ոստիկանության՝ «Արմենիա»-ի կենտրոնը, արաբներից հետո Բագրատունիներն են իշխել այնտեղ, այնուհետև՝ սելջուկները և այլն։ Դվինը կռվախնձոր է եղել տարբեր ուժերի միջև, այդ է պատճառը, որ Դվինը բազմադեմ քաղաք է։ Դվինում ընդգծված հայկական հետք կա, բայց այնտեղ նաև իսլամական հետք կա։ Դվինը բազմալեզու քաղաք է, պեղումները երևան են բերում արաբերեն, հունարեն, պարսկերեն արձանագրություններ։ Այսինքն, այն նաև քաղաքակրթական խոշորագույն հանգույց և կենտրոն է եղել։

Հայ-իտալական արշավախումբը ներկայումս ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Դվինում։

12-րդ դարի մի գեղեցիկ բուխարանման կառույց կա, որն այս տարի պետք է վերականգնենք։ Սուրբ Գրիգոր եկեղեցին և կաթողիկոսական պալատը նորից մաքրում ենք և հետևում ամրակայման աշխատանքներին։ Դվինում թանգարան է  նախատեսվում կառուցել, այդ տարածքը պետք է հնագիտորեն հետազոտենք, որպեսզի կարողանան կառուցել, շուկան ենք հետազոտում և ստորին բերդում շերտագրական հետազոտություն ենք իրականացնում։ Ես չեմ շտապում պեղումների տարածքն ընդարձակել, որովհետև այդ դեպքում այլ հարցեր են առաջանում, որը եթե չլուծենք՝ ամեն ինչ նորից նույն վիճակին է գալու։ 

Պակաս կարոր չէ, որ Դվինն այդքան հանրահայտ լինելով Հայաստանում, որոշ չափով՝ Խորհրդային տարածքում, սակայն միջազգային գիտությանը գրեթե հայտնի չէ։ Մեր ամենամեծ բացթողումն այն է եղել, որ ինչպես հայ միջնադարն է ներփակված, կարծես նաև միջնադարագիտությունն է ներփակված։ Շուտով Ֆլորենցիայում մեծ գիտաժողով է լինելու, որտեղ մենք նույնպես պետք է զեկույցներ ներկայացնենք, և դուրս գանք միջազգային ասպարեզ։ Այդ առումով շատ եմ կարևորում Իտալիայի հետ մեր համագործակցությունը։ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն Ակֆրեդո Դի Ռիզոն շատ լավ գիտի մեր մշակույթը, մեր հուշարձանները։ Իտալացի մեր գործընկերները մեզ հետ համահավասար ֆինանսավորում են այս պեղումները։ 

Ֆլորենցիայի համալսարանը մի ամսագիր ունի, որի աշխատանքները համակարգում է բյուզանդագիտության դասախոս Զառա Պողոսյանը։ Դվինի նյութերը հրապարակվելու են այդ ամսագրում։  Մետաքսի ճանապարհի բազմաթիվ ծրագրեր կան և Հայաստանը միշտ դուրս է մնում, չկան քաղաքական, նյութական, ֆինանսական պոտենցիալները, բայց շատ վատ է օգտագործվում այն գործիքը, որ Հայաստանին կարող է օգուտ բերել։ Այդ է պատճառը, որ նախաձեռնեցինք Մետաքսի ճանապարհի հետազոտությունը։ Մենք աշխարհի հետ գիտական լեզվով խոսելու խնդիր ունենք։

Ուզում ենք Դվինը դարձնել միջազգային մի կենտրոն, որտեղ պարբերաբար կոնֆերանսներ կանցկացնենք՝ «Քաղաքը և քաղաքակրթությունը» թեմայով։ Քաղաքը որպես սոցիալ-մշակութային հանրույթ ինչպես է գործել՝ տեսականորեն թերի է մշակված։ Հնագիտական հետազոտության արդյունքները չեն բերվել այդ համատեքստի։ 

Դվինը ամենաառաջին հնավայրերից է, որտեղ ինչպես նշեցիք, անվանի հնագետները երկար տարիներ պեղումներ են իրականացրել։ Եթե ամփոփելու լինենք՝ մոտ մեկ դար ընթացող գիտական հետազոտություններն ի՞նչ հիմնավորումներ են տվել այդ պատմական քաղաքի մասին։ 

Առաջինը՝ «Մայրաքաղաք Դվինը» վաղ քրիստոնեական ճարտարապետութան և մշակույթի ամենամեծ, ամենահարուստ և ամենաներկայանալի հայկական կենտրոնն է։ Հայկական արձանագրությունների թիվը 20-ից չի անցնում և դրանցից ամենաառաջին մոտ մեկ տասնյակ հայերեն արձանագրությունները գտնվում են Դվինում։ 

Երկրորդը՝ մենք հայաստանայն վաղ քրիստոնեական շրջանի երկու հրապարակ ունենք մեկը՝ Դվինում է, մյուսը՝ Արցախի Տիգրանակերտինն է։ 

Երրորդը՝ փաստվել է Դվինի բազմէթնիկ, բազմամշակութ և բազմադավան կերպարը։ Դասական հայագիտությունը փորձել է Հայաստանը համարել ինքնաբավ և ինքնամփոփ մի բան։ Շատ հաճախ դա բարդացնում է երկխոսությունը աշխարհի հետ։ Դվինում կան շատ հզոր իսլամական տարրեր և կա հանրույթ, որը փոխհարաբերվել է այդ ամենի հետ։ 9-րդ դարից սկսած ունենք բազմաթիվ խեցեգործական անոթներ, որոնց վրա պարսկերեն բանաստեղծություններից հատվածներ կան, Ղուրանից մեջբերումներ կան։ Դրանք բոլորը պետք է ուսումնասիրվեն, որպեսզի Հայաստանը չներկայացվի որպես գավառական ինքնամփոփ մի վայր։ 

Դվինում կան առանձին հուշարձաններ, որոնք ամբողջ Մերձավոր արևելքում չկան և ապագայում նախատեսում ենք այդ պեղումները։ Մոնղոլական արշավանքից հետո Դվինը որպես քաղաք վերացել է, բայց մոնղոլները նստել են Դվինին կից բլուրների վրա, այնտեղ ամրոց են ստեղծել, դամբարան են կառուցել։ Դվինի ընդգծված մահմեդական հուշարձանների հետազոտությունները կսկսենք համաշխարհային մակարդակով, բայց միայն այն ժամանակ, երբ խաղաղություն կլինի մեր երկրում։

Դվինի հնագիտական հավաքածուները հայաստանյան ամենամեծ հավաքածուներից մեկն են։ Դրանց մեջ աշխարհում հազվագյուտ հանդիպող գտածոների օրինակներ կան և դրանք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում։

Լուսանկարները՝ Համլետ Պետրոսյանի և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի ֆեյսբուքյան էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter