HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Նոր Հալեպ» թաղամասը չկառուցվեց․ Սփյուռքը գումար չհանգանակեց, սիրիահայ փախստականները խոստացված գումարը չներդրեցին

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ընթացող պատերազմի հետևանքով 2012-13թթ-ին մեծ թվով սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան։ Նրանք, հիմնականում, բնակվում են Երևան քաղաքի Կոմիտաս, Զեյթուն, Դավթաշեն և Կենտրոն թաղամասերում։ «Սիրիահայերի մեծ մասը չէր ուզում Երևանից դուրս բնակվել, քանի որ Հայաստանում մեկ քաղաք կա, որը ենթակառուցվածքներ ունի, մյուս բնակավայրերում նաև կրթության ու առողջապահության որակը բավարար չէ»,- ասում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը։

Սիրիահայ ներգաղթյալները նաև այդ պատճառով են հրաժարվել Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու առաջարկից։ Սիրիահայերի՝ Հայաստանում բնակություն հաստատելու ժամանակներից անցել է շուրջ տասը տարի, և մինչ օրս նրանցից շատերը վարձով են բնակվում Երևանում։

Նրանց բնակարան ունենալու հարցին աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությունը դեռևս 2013թ-ի հունիսի 6-ին որոշում կայացրեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս կառուցել։ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանն առաջարկվում է՝ հստակեցնել «Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ձեռք բերելու ցանկություն հայտնած սիրիահայ ընտանիքների թիվը։ Որոշման մյուս կետով հանձնարարվում է Սփյուռքի կառույցների և բարերարների հետ քննարկել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքներին հնարավոր ֆինանսական աջակցության հարցերը։

2013թ-ի հուլիսի 23-ին Աշտարակ համայնքի ավագանու որոշումով քաղաքի վարչական տարածքում 48 հա հողատարածք է հատկացվում «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին՝ «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս հիմնելու ու կառուցապատելու նպատակով։

Ըստ Վարդան Մարաշլյանի, ծրագիրը հետևյալ կերպ պետք է իրականացվեր՝ պետությունը հողն է հատկացնում, մասնավոր ներդրումների շնորհիվ շենքեր են կառուցվում, որի մի մասը ֆինանսավորում են բարեգործական աղբյուրները, իսկ մյուս մասը՝ սիրիահայերն իրենք պետք է վճարեին։

Այդ տարիներին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատմում է, որ կառուցապատումը սկսելուց առաջ սիրիահայերի հետ ժողովներ էին արել և 610 հոգի այդ թաղամասում բնակարան ունենալու ցանկություն էր հայտնել։ Նրանք գրել էին, թե քանի քառակուսի մետր բնակարան են ցանկանում ունենալ, և պատրաստ են վճարել բնակարանի արժեքի 50 տոկոսը։ «Մտածում էինք բնակարանի արժեքի մյուս մասը կա՛մ Սփյուռքը կհանգանակի, կա՛մ վարկերի միջոցով կվճարեն։ Բանկերի հետ քննարկել էինք վարկավորման հարցը և ասել էին, որ 6%-ով վարկեր կարող են տալ։ Կառուցվելիք բնակարանը կգրավադրվեր բանկում մինչև վարկը կմարվեր»,- պատմում է Սփյուռքի նախկին նախարարը։

Տկն Հակոբյանն ասում է, որ Աշտարակի քաղաքապետարանին երկար խնդրելուց հետո, մեծ դժվարությամբ, մոտ 5 հա հող են հատկացրել թաղամասը կառուցելու համար։ «Նոր Հալեպ» թաղամասի նախագծանախահաշվային բոլոր աշխատանքներն անվճար իրականացրել են Երևանի ճարտարապետներն ու շինարարները, Երևանի քաղաքապետարանը, Քաթարից՝ Գոհար և Վահե Թութունջյան ամուսինները։ Երևանի պետական համալսարանի և ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի աշխատակիցներն անվճար երկրաբանահետախուզական աշխատանքներ են կատարել։

Սակայն, երբ սկսել են թաղամասի կառուցապատման աշխատանքները, ինչպես ներկայացրեց Հրանուշ Հակոբյանը, սիրիահայերը հայտնել են, որ գումար չունեն, բնակարանները թող անվճար հատկացնեն իրենց։ Տկն Հակոբյանն ասում է, որ պետությունն ամբողջությամբ չէր կարող ստանձնել թաղամասի կառուցապատումը։ Պետական բյուջեից և ՄԱԿ-ի աջակցությամբ նրանց բնակարանի վարձն էին տալիս։ «Մեր երկիրը կայանում էր, հիմնավորվում էր, զարգանում էր։ Մենք Ֆրանսիա կամ Անգլիա չէինք և չէինք կարող անվճար թաղամասեր կառուցել նրանց համար»,- հայտնեց տկն Հակոբյանը։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն այդ տարիներին Սփյուռքի նախարարի տեղակալն է եղել և ասում է, որ դեմ էր թաղամաս կառուցելու գաղափարին։ «Դեմ էի այն իմաստով, որ գետտո չձևավորվի, թեկուզ Երևանից դուրս նրանք չպետք է առանձնացված և մեկուսացված ապրեին, նրանց ինտեգրել էր պետք»,- հայտնեց պրն Մարաշլյանը։ Վերջինիս կարծիքով՝ գաղափարը վատը չէր, բայց երբ խոսքը ճգնաժամային պայմաններով հայրենակիցների ներգաղթի մասին է, բնակարանային հարցը լուծելու ավելի արագ և ավելի ճկուն լուծումներ էին պետք։ Թաղամաս կառուցելը երկարաժամկետ պրոցես էր՝ 3-4 տարի, որի դեպքում մարդկանց մի մասը կլքեր երկիրը։

Հրաժարվելու երկրորդ պատճառը Վ Մարաշլյանի ասելով այն էր, որ ճգնաժամային լուրջ իրավիճակից տեղափոխվող մարդը, որն իր ակտիվները վաճառելու սահմանափակումներ ունի կամ ֆինանսական դժվարություն, դժվար թե կարողանար միանգամից երկարաժամկետ պարտավորություններ ստանձնել, այդ տան թեկուզ մի մասի գինը վճարել։ «Այդ ժամանակ Երևանում բազմաթիվ բնակարաններ կային, որոնք վաճառքի էին դրված։ Միգուցե, կարելի էր մի տարբերակ մտածել, որի շնորհիվ նրանք կարող էին անտոկոս վարկ ստանալ պետությունից կամ՝ պետություն-Սփյուռք համատեղ հիմնադրամի միջոցով, անշարժ գույք ձեռք բերեին։ Այն գումարը, որ նրանց տրվում էր վարձակալության համար, տային սեփական բնակարան ունենալու համար»,- ասում է ՎՄարաշլյանը։

«Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը ձախողելուց մոտ 6 տարի հետո Աշտարակի համայնքապետարանը պահանջում է համայնքին վերադարձնել նվիրաբերված հողամասը։ 2019թ օգոստոսի 22-ի որոշումով Աշտարակ համայնքի ավագանին լուծել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ կնքված անշարժ գույքի՝ 48 հա հողատարածքի նվիրաբերության պայմանագիրը։ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բարեգործություն ստացողն անշարժ գույքը չի օգտագործել՝ «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։ 

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղյանը հայտնեց, որ համայնքապետարանի պահանջով 2019թ. սեպտեմբերին դիմումով հրաժարվել է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասից և այն վերադարձրել է Աշտարակ համայնքին։

Ինչպե՞ս առաջացավ «Նոր Հալեպ» բնակելի թաղամասը կառուցելու գաղափարը

Հրանուշ Հակոբյանն ասում է, որ սիրիահայերը Հայաստանում գտնվելու առաջին երկու տարիներին կարծում էին, թե պատերազմը շուտ կավարտվի, և իրենք կվերադառնան Սիրիա։ Այդ պատճառով պահանջել են, որ երեխաները ոչ թե հայկական դպրոցներ հաճախեն, այլ՝ արաբական։ Կառավարությունն, օրենսդրությունը շրջանցելով, մայրաքաղաքի թիվ 14 դպրոցի բազայի հիման վրա արաբական դպրոց է բացել։ Դպրոցում 402 սիրիահայ երեխա էր սովորում, ներգաղթողների մեջ 34 ուսուցիչ կար, և պարապմունքներն իրենց ծրագրով էին անցնում։ Նրանց նպատակն այն էր, որ ուսումնական ծրագիրը չընդհատվի և վերադառնալիս կրթությունը շարունակեն Սիրիայում։

Սփյուռքի նախկին նախարարը վերհիշում է՝ ուսումնական տարին ավարտվեց, իսկ պատերազմը գնալով թեժանում էր Սիրիայում։ Ծնողների հետ ժողով է գումարել և հորդորել՝ երեխաներին իրենց բնակության թաղամասերի հայկական դպրոցներ փոխադրել։ «Փորձեցին ընդդիմանալ, բայց համոզեցի, և երեխաներին բաշխեցինք ըստ տարածքների դպրոցների։

Երբ երեխաները դպրոց գնացին՝ նրանք հասկացան, որ պետք է հիմնավորվեն Հայաստանում և կամաց-կամաց սկսեցին բիզնես սկսելու մասին մտածել։ Իրենք դիմել են Էկոնոմիկայի նախարարություն, որի փոքր և միջին ձեռներեցության կենտրոնը երիտասարդներին մինչև 4 մլն դրամի վարկ էր տրամադրում բիզնես հիմնելու համար, որպեսզի վարկեր տրամադրեն սիրիահայերին։ «Ծրագիրը հայաստանցիների համար էր, բայց մենք ողջ գումարը ներդրեցինք սիրիահայերի համար։ Նրանց օգնեցինք մաքսային խնդիրները լուծելու հարցում, և շատերն իրենց փոքրիկ ֆաբրիկաները, հաստոցները տեղափոխեցին Հայաստան՝ առանց մաքսատուրք վճարելու։ Մեքենաների լվացման կետեր գործարկեցին, այնուհետև ճաշարաններ ու սրճարաններ բացեցին, խմորեղենի փոքրիկ արտադրություններ հիմնեցին։ Տարբեր տեղերում նրանց ձեռքի աշխատանքների վաճառքն էինք կազմակերպում և գովազդում արտադրանքը։

Կրթական և առողջապահական ոլորտներում պետությունն աջակցություն ցուցաբերել է ներգաղթյալներին։ Ուսանողներն անվճար են սովորել բուհերում․ ուսման վարձը վճարել են մի մասը՝ պետական բյուջեից, մյուս մասը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը և «Հայ բարեգործական ընդհանուր միություն»-ը (ՀԲԸՄ)։

Տկն Հակոբյանն ասում է, որ սիրիահայ փախստականներից 39-ը բժիշկներ էին և բոլորին աշխատանքի են տեղավորել։ Սիրիահայերը սովոր են իրենց բժիշկի մոտ գնալ, ՀԲԸՄ-ն սենյակներ տրամադրեց Քանաքեռ թաղամասի Վահե Կարապետյան կենտրոնում, որտեղ նրանց համար առանձին պոլիկլինիկա է գործում և իրենց ծանոթ բժիշկներին են այցելում։

Այդ տարիներին գործող կառավարությանը չհաջողվեց միայն սիրիահայերի բնակարանների հարցը լուծել։ Փախստականների ինտեգրման ամենակարևոր երեք մարտահրավերներից՝ աշխատանք, բնակարան, կրթություն և առողջապահական ծառայություններ, բնակարանայինը մնում էր չլուծված։

Հրանուշ Հակոբյանը պատմեց, որ երբ սիրիահայերը ներգաղթեցին, իրեն զանգել է հայտնի գործարար Հրանտ Վարդանյանը։ «Ասաց՝ քեզ տալիս եմ 100 000 դոլար, կարգավորիր նրանց հարցերը։ Քանի որ առաջին գումարը մեծ էր՝ ուզում էի մեծ գործի համար ներդնել և չփոշիացնել։ Ժամանակ խնդրեցի, որ մտածեմ, թե ինչ է հնարավոր անել այդ գումարով։ Մտածում էի դրանով գյուղերում տներ գնենք կամ բնակարանաշինության հիմք դնենք։ Հրավիրեցի սիրահայերին, բոլոր կառույցների և կուսակցությունների ներկայացուցիչներին՝ «Հայ բարեգործական ընդհանուր միություն», «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամ, ավանդական կուսակցություններին և մյուս կազմակերպություններին։ Նրանց ասացի, որ ես առաջին ներդրումն եմ անում Հրանտ Վարդանյանի անունից՝ 100 հազար դոլար, և մտածենք Նոր Հալեպ կառուցելու մասին։ Իրենք էլ ոգևորվեցին, և ասացի՝ ցուցակագրեք, թե քանի հոգի և ինչ պայմաններով են բնակարան ցանկանում ունենալ։ Առաջարկեցի հասարակական կազմակերպություն հիմնել, խորհուրդ ընտրել և հաշվեհամար բացել, որ իրենք էլ կառավարեն միջոցները»,- պատմեց տկն Հակոբյանը։

Այսպես է հիմնվել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը ստանձնել է համակարգողի դերը։ Վարդան Մարաշլյանը նշում է, որ նախարար Հրանուշ Հակոբյանը բավականին մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի կարողանա իրականացնել այդ ծրագիրը։

Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը հայտարություն էր տարածել՝  Հայաստանի քաղաքացիներին կոչ անելով օգնել կյանքի կոչելու սիրիահայերի բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագիրը։ «Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում մոտ 10 000 սիրիահայ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Հայրենիքում նրանց նկատմամբ ցուցաբերած ջերմությունը լիարժեք կլինի, եթե նրանք ունենան սեփական տանիք: Նոր թաղամասի կառուցման համար պետության հատկացրած միջոցներից բացի՝ անհրաժեշտ է նաև բարերարների, հովանավորների և ողջ հանրության աջակցությունը»,- ասվում էր հայտարարության մեջ:

Նախարարության կոչին որոշ շրջանակներում արձագանքել են։ Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի նախասրահում կազմակերպվել է լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի հավաքածուի ցուցադրությունը՝ ներկայացվել է 30 հայ նկարչի 36 աշխատանք: Տեղեկացրել են, որ նկարների վաճառքը կազմակերպվելու է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, իսկ ստացված գումարները փոխանցվելու են թաղամասի կառուցման նպատակով բացված հաշվեհամարին։

2014թ սեպտեմբերին այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Քուվեյթի խորհրդարանական պատվիրակությանը։ Հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆեյսալ Ֆահադ ալ-Շային նշել է, որ Քուվեյթը պատրաստ է աջակցելու «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը։ «Հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը մարդասիրական ծրագիր է, և Քուվեյթը պիտի լինի այն առաջին երկիրներից մեկը, որ նյութապէս կաջակցի այս ծրագիրին»,- այդ օրերի մասին գրում է «Ասպարեզ» օրաթերթը։

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղյանն ասում է, որ Սփյուռքը, դժբախտաբար, չմասնակցեց հանգանակությանը։ Թաղամասը կառուցելու համար մոտավոր հաշվարկով 30 մլն դոլար էր անհրաժեշտ։

Հրանուշ Հակոբյանի ասելով՝ մոտ 243 հազար դոլար էր հավաքվել, որից 100 հազարը Հրանտ Վարդանյանի նվիրաբերած գումարն էր, ևս 143 000 դոլար՝ հանգանակված գումարը։

«Պետությունը փորձում էր համակարգել և դոնորներ գտնել հենց Սփյուռքի կառույցներից։ Իմ կարծիքով, սա շատ սխալ մոտեցում էր, պետությունը պետք է պարտավորություն ստանձներ։ Քանի որ թաղամասի կառուցապատման ժամկետը 3-4 տարի էր, դժվար էր այդ մարդկանցից ստանալ հստակ պարտավորվածություն՝ մասնակցելու նման ծրագրի։ Պետության աջակցությունը ներգաղթյալներին պետք է լիներ բնակարաններ ձեռք բերելու հետ կապված որոշակի սխեմաներ մշակելը, սուբսիդավորեր բնակարաններ ձեռք բերելը՝ պայմաններ դնելով։ Օրինակ՝ եթե 5 կամ 10 տարի կապրեն Հայաստանում, եթե հեռանան՝ ապա սուբսիդավորված տոկոսները մարելը դառնում է նրանց պարտավորությունը։ Դրանով մարդուն կապում ես երկրի հետ, ֆինանսական լծակներ ես ստեղծում»,- իր տարբերակն է առաջարկում Վարդան Մարաշլյանը։

Հրանուշ Հակոբյանն ասում է, որ 2012-ից մինչև 2018թ մայիս ամիսը՝ մինչև իր  պաշտոնավարման ավարտը, Հայաստան է ներգաղթել և հայկական անձնագիր է ստացել մոտ 21 000 սիրիահայ։ Հեռացել է ընդամենը 3500 հոգի, ինչը նախկին նախարարը բնական է համարում։ Նկատի ունենալով, որ Սիրիայում և Լիբանանում ապրող ցանկացած հայ ընտանիքի կեսն այսօր Արևմուտքում է բնակվում, ընտանիքների միավորման խնդիր կար։ Մարդիկ կային, որոնք բարեկամներ ունեին Շվեդիայում, Ամերիկայում և Կանադայում ու տեղափոխվեցին նրանց մոտ։ Կային մեծահարուստներ, որոնք գնացին զարգացած երկրներ՝ ավելի լավ կյանք, ավելի լավ կրթություն ստանալու համար։

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղյանի տվյալներով՝ ներկայում սիրիահայերի թիվը Հայաստանում հազիվ 8000-ի է հասնում։

Սփյուռքի նախկին նախարարն ասում է, որ Հայասատանի Հանրապետությունն այդ ժամանակ բացի հայ լինելուց, ազգայինից զատ, որևէ արտոնություն, որևէ առաջարկ ի վիճակի չէր անելու։ «Սփյուռքի նախարարությունը գործել է 9 տարի, 18 տարում մենք ի՞նչ պետություն էինք, որ կարողանայինք հայրենադարձություն կազմակերպել։ Հայրենադարձություն կազմակերպելու համար պետք է իրավական պետություն լինես, որ մարդկանց ձգի։ Կրթական և առողջապահական լավ համակարգ ունենաս, հարկային և մաքսային արդար քաղաքականություն լինի, լավ օրենսդրություն ունենաս և այլն»,- շեշտում է տկն Հակոբյանը։

 

Լուսանկարները՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter