HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկուսով՝ տնակում

Առավոտյան Մարգարիտան միացնում է էլեկտրական հովհարը, հետո սրճեփը դնում փոքր սեղանին դրված գազօջախին ու դստեր հետ միասին սուրճ խմում։ Օրվա անելիքները շատ չեն՝ դրանք հաճախ կրկնվում են:

Նոր Խարբերդի ամայի տարածության մեջ՝ չորացած ու գունաթափ խոտերի վրա, կարմիր թիթեղյա տնակը երիզված է ցանկապատով։ Այս անծառ տարածքում կեսօրվա շոգը, կարծես, թափանցիկ վարագույրի պես կախվել է երկնքից։ Տնակի մոտ դրված երկու բազկաթոռներին երեկոները նստում են Մարգարիտա Բաբայանն ու դուստրը՝ Մարիամ Օհանջանյանը։ Բազկաթոռների մոտ Մարիամի սայլակն է։ Տնակ տանող քարքարոտ ճանապարհից սայլակի անիվները մաշվում են։ Հիմա Մարիամը էլեկտրական սայլակ ունի, որը հարեւանի տանն են պահում՝ անձրեւներից եւ շոգից չվնասելու համար։ Դրանով երբեմն գյուղի կենտրոն է հասնում, շրջում ու տպավորությունները հավաքած տուն վերադառնում։ Դրանք այն չափաբաժինն են, որոնք հետո տնակի ներսում լցնելու են Մարիամի օրը։

Մարգարիտան Գորիսից է։ Երբ Մարիամը նոր էր ծնվել, նրան տեսակցության էր գնացել մանկաբույժ ծանոթներից մեկը։ Երեխային տեսնելով՝ նկատել էր, ոտքերը խնդիր ունեն, խորհուրդ էր տվել հիվանդանոց տանել՝ ստուգման համար։ Մարգարիտան չէր էլ պատկերացնում, որ դստերն ախտորոշելու էին մանկական ուղեղային կաթված։ Մարիամն արդեն 4 տարեկան էր (1996-ին է ծնվել), երբ մայրը որոշել էր նրան Երեւան բերել։

Մարգարիտան ասում է՝ Գորիսից Երեւան գալու պատճառը Մարիամի կրթություն ստանալն էր։ «Հիմա ենք մի քիչ լավ աչքով նայում էս էրեխեքին, էն ժամանակ լավ աչքով չէինք նայում»,- նշում է մայրը՝ նկատի ունենալով հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ հասարակության վերաբերմունքը։

Մինչեւ Մարիամի ծնունդը Մարգարիտան մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։

«Հայրս ավանդապաշտ մարդ էր, չէր թողնում, փախա տնից, էն ժամանակ Կոռնիձորի, Խնձորեսկի ինքնապաշտպանությանը մասնակցեցի։ Պապաս նույնիսկ երկար ժամանակ չէր խոսում հետս, 17 տարեկան էի, բայց հետո ես էլ, մերոնք էլ հասկացանք, որ մեծ գործ եմ արել, չեմ ափսոսւոմ։ Հիմա էլ եթե վտանգ լինի, աստված չանի, նույն մարդն եմ ես, նույն ձեւի ոգով դաստիարակված, էլի կգնամ»,- հիշում է զրուցակիցս։ Պատերազմից հետո ամուսնացել էր, ամուսինն էլ ազատամարտի մասնակիցներից էր։ Մարիամը փոքր էր, երբ ամուսնալուծվեցին։

Մարգարիտան Մասիսի ջոկատի հետ մասնակցել է նաեւ 2016-ի քառօրյա պատերազմին։ Այդ ժամանակ հայրը Գորիսից եկել էր բուժման։ Մարիամի հետ մնացել էր 46 օր, մինչեւ Մարգարիտան պատերազմից հետո վերադարձել էր տուն։ «Էլի ոչ մի բանի համար չեմ ափսոսում, իմ հայրենիքի համար եմ արել, նույնիսկ էդ շքանշանները չեմ ուզեցել ցույց տալ, որ մարդիկ հասկանան, թե դա եմ շահարկում, դա իմ պարտքն էր, կատարել եմ, բայց չէ՞ որ մենք էլ էս պետության մի մասնիկն ենք, մենք էլ իրավունք ունենք․․․ Շատ բան չեմ պահանջում, ոչ մեծ բաներ եմ պահանջոմ, ուզում եմ էրեխես բարվոք ապրի»,- ասում է ազատամարտիկ կինը։

44-օրյա պատերազմին եւս Մարգարիտան կամավորագրվելու էր գնացել, բայց թույլ չէին տվել։ Մասիսի ջոկատի հրամանատարն ասել էր՝ էս կռիվը քո կռիվը չէ, դստեր կարգավիճակն էր նշել՝ ավելացնելով, որ եթե ռազմաճակատում իր կարիքը զգացվի, կասեն։

Մարիամի ծնվելուց հետո Մարգարիտայի կյանքն էլ է կռիվ դարձրել։ 13 տուն են փոխել, մեծամասամբ վարձով են ապրել։ Ներկա տնակը, որտեղ ապրում են, եզդի համայնքից են տվել ժամանակավոր բնակության համար։ Մարգարիտային եւ Մարիամին մենք հանդիպել էինք 4 տարի առաջ՝ Երեւանի Մուրացանի 110 հասցեում։ Դրանից հետո նրանք շարունակել են վարձով տներ փոխել։

Դստեր ծնվելուց հետո Մարգարիտան կարճաժամկետ աշխատանքներ է անում, որպեսզի Մարիամը երկար ժամանակ մենակ չմնա։ Եղել են տարիներ, երբ պահածոներ է պատրաստել, վաճառել։ Այդ գործում օգնել է նաեւ Մարիամը։ Այս տարի ժենգյալով հաց է թխել, վաճառել, բայց ստացած գումարը շատ քիչ է։ Մարիամի հաշմանդամության թոշակն է նրանց միակ կայուն եկամուտը։

Տնակի շուրջը, որտեղ ապրում են, օձեր ու կարիճներ կան։ Մարգարիտան հիմա ավելի շատ է անհանգստանում դստեր համար, երբ թեկուզ մի քանի ժամով դուրս է գալիս աշխատանքի: «Չեմ սիրել, որ մարդիկ անընդհատ շահարկել են իրենց կռված լինելը, կամ հաշմանդամ երեխա ունենալը, ուղղակի էլ արդեն անհնարին է։ Գոնե մարդ մի տանիք չունենա՞, մնացածը՝ հացը, ամեն ինչը, էլի կստեղծվի»,- նշում է նա։

Տնակի ներսում ամեն բան այնքան կոկիկ ու մաքուր է, որ ներս մտնողն առաջին հայացքից կարող է շփոթվել դրսի ու ներսի հակադրությունից։ Մարգարիտան անջատում է էլեկտրական հովհարը, լսվում է ճանճերի ձայնը։ Գունավոր բաժակները դնում է սեղանին, ապա սրճեփը բերում։ Տնակում ջուր չկա։ Այն բերում է հարեւանի տնից։ Ամռանն ավելի շատ կա ջրի անհրաժեշտություն։

Մարիամը բազկաթոռին նստած նայում է մորը։ Երբ վերջինս խոսում է տնակի պայմաններից, աչքերը կարմրում են, հետո մի կողմ թեքվելով՝ մաքրում է արցունքները։

«Իմ մասին համարյա թե պատմելու բան չկա։ Առավոտյան զարթնում ես, քեզ հետեւիր, հաց կեր, նորից պառկիր, հաջորդ առավոտյան նորից նույն պատմությունը։ Ուրիշ հետաքրքրություն չունեմ»,- ասում է 27-ամյա Մարիամը։

Երբ 4 տարի առաջ հանդիպել էինք նրանց, Մարիամը համակարգչային դասընթացների էր գնում։ Դրանք կիսատ է թողել հետագայում, ասում է՝ հասկացել է, որ իր հետաքրքությունների շրջանակում չեն։ Հիմա մտածում է աշխատանք գտնելու մասին։ Ձեռքի աշխատանքներ կանի, հատկապես շյուղերով գործել գիտի։

Գրեթե ամբողջ օրը Մարիամը տնակում է անցկացնում։ «Նայում եմ իմ հասակակից մարդկանց, ամեն մեկն իր կյանքով է ապրում։ Ես՝ տանը նստած, իմ մամային եմ խնդրում, որ ինձ օգնի ինչ-որ տեղ գնամ, սեղանից բան վերցնեմ, դժվար է ինձ համար։ Հնարավոր է ամբողջ օրը ժպիտը դեմքիս է, բայց ոչ ոք չգիտի, թե իմ ներսում ինչ է կատարվում»,- ասում է Մարիամը։ Հետո նորից աչքերը լցվում են, մեր զրույցը ծանրանում է։

Ուղղաթիռների ձայնը խլացնում է տնակի ձայները։ Մարգարիտան սկուտեղով բաժակները մոտեցնում է գազօջախին ու սուրճը լցնում։ Մարիամը ժպտում է։ Հիմա արդեն չրերի պատրաստման սեզոնն է։ Մարգարիտան սառնարանից հանում է խնձորի ու սալորի չրերը։ Ձմռան համար դդմիկը կտրտել է, տոպրակներով դրել սառնարանում։ Ասում է՝ ինչ իրենից կախված է, ամեն ինչ փորձում է հասցնել, բայց խնդիրը տանիք ունենալն է։

Մայր ու դուստր չգիտեն, թե որն է լինելու իրենց հաջորդ կանգառը։

Մարիամը, հազիվ բռնելով պատերից, հասնում է դռան մոտ։ Եթե թույլ տային հողը մշակել, Մարգարիտան ծաղիկներ կաճեցներ, թեկուզ հարեւանի տնից ջուր բերելով։

Խարբերդի խորդուբորդ փողոցով Մարիամի սայլակը դժվար է շարժվում։ Եթե ասֆալտապատած լինեն, գոնե երեկոները 27-ամյա աղջիկը դուրս կգա ցանկապատված տարածքից, կշրջի գյուղում եւ իրեն միայնակ չի զգա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter