HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամը. որ երազանքները նորից ապրեն

Մարիամի սայլակի անիվն ընկնում է քանդված մանրահատակի նեղ անցքը: Նա հետ ու առաջ է անում անիվը, ապա թեքվում աջ՝ հարմարեցնելով սայլակի դիրքը: Հայացքս ընկնում է Մարիամի մրոտ ձեռքերին՝ մատին արծաթագույն մատանի կա, եղունգներին՝ կարմիր լաքի հետքեր: Քիչ անց նա մեկնում է ձեռքերը՝ ափերը վեր պարզելով, ասում է, թե նայի, անիվները պտտեցնելուց են մրոտվել:

Սենյակի մուտքի մոտ դրված աթոռին ջրով լի վարդագույն տաշտը նրա համար է, որ Մարիամը ձեռքերը լվանա: Օրվա մեջ մի քանի անգամ ձեռքերը լվանում է, բայց միևնույնն է՝ դրանք արագ մրոտվում են, որովհետև սենյակը տարիներով կուտակված փոշու մեջ է: Մայրը՝ Մարգարիտա Բաբայանը, ասում է, որ ինչքան էլ մաքրում են, միևնույնն է՝ հնարավոր չէ ազատվել կեղտից:

Մարիամ Օհանջանյանը 23 տարեկան է, մանկական ուղեղային կաթվածի պատճառով սայլակին է: Առաջին կարգի հաշմանդամ է, ամսական ստանում է 25 հազար դրամ թոշակ: 4 տարեկան էր, երբ ծնողներն ամուսնալուծվել են, ինչից հետո մոր ու կրտսեր եղբոր հետ Գորիսից տեղափոխվել է Նոր Խարբերդ, ապա՝ Երևան:

Մարգարիտա Բաբայանն ազատամարտիկ է: Թղթապանակով փաստաթղթերը մահճակալից վերցնում դնում է սեղանին: Դրանք նրա անցած մարտական ուղու մասին են: Ասում է, որ մասնակցել է Քաշաթաղի ու Գորիսի գյուղերի համար մղված մարտերին, հրաձիգ է եղել Գորիսի ջոկատում, 2016-ի քառօրյա մարտերին էլ մասնակցել է Մասիսի ջոկատի կազմում, քանի որ այդ ժամանակ բնակվում էին Նոր Խարբերդում: 47-ամյա կինն ասում է, որ անշահախնդիր է մասնակցել պատերազմին, դա իր պարտքն էր հայրենիքի հանդեպ, ու չի ցանկանում շատ խոսել այդ թեմայով: Դրանով եզրափակում ենք զրույցը պատերազմի մասին:

Մարիամն ու մայրը բնակվում են Երևանի Մուրացանի 110 հասցեի եռահարկ շենքում, որը պաշտպանության նախարարության հաշվեկշռում է: Շենքի առաջին հարկում գտնվում են բանակին առնչվող հասարակական կազմակերպությունների գրասենյակներ, իսկ երկրորդ ու երրորդ հարկերում, Մարգարիտայի պատմելով, նախորդ տարվա ապրիլին հաստատվել են տուն չունեցող 12 ազատամարտիկներ՝ իրենց ընտանիքներով:

Մարգարիտան ասում է, որ ՊՆ-ից իրենց հայտնել են, որ ապօրինի են մտել շենք ու պետք է ազատեն տարածքը, այլապես դատական ճանապարհով կլուծեն հարցը: Բայց, ըստ նրա, եթե իրենց վտարեն շենքից, գնալու այլ տեղ չունեն: Մարգարիտան առաջարկում է, որ կա՛մ իրենց թույլատրեն սեփականաշնորհել սենյակները, կա՛մ դարձնեն ՊՆ շահառու և լուծեն բնակարանային խնդիրը:

Երևան գալուց առաջ Մարգարիտայի ընտանիքը վարձով է ապրել Նոր Խարբերդում, բայց ասում է, որ տան վարձը չէր կարողացել տալ, ու տանտերը փակել էր դուռը՝ թույլ չտալով սեփական գույքը վերցնել: Մարտական ընկերներից իմանալով Մուրացանի փողոցում գտնվող այս շենքի մասին, բոլորով տեղափոխվել են այստեղ: Ասում է, որ մեքենաներով աղբ են հանել շենքից, քանի որ տևական ժամանակ չբնակեցված է եղել: Ըստ Մարգարիտայի՝ նախորդ իշխանությունները խոստացել էին աջակցել իրենց, բայց հեղափոխությունից հետո խոստումներն անկատար են մնացել:

Գորշ, քայքայված մանրահատակ, պատուհաններին՝ բազմոցի համար նախատեսված ծածկոցներ վարագույրի փոխարեն, կիսադատարկ զգեստապահարան, փոքր էլեկտրական ջեռուցիչ, բետոնե հատակով «խոհանոց»: Մարգարիտայի ու Մարիամի տանը չափազանց ցուրտ է: Սանհանգույցն ընդհանուր է ամբողջ հարկի համար, ու սայլակին գամված Մարիամի համար դա խնդիր է: Բաղնիքի հարցն ավելի լուրջ է: Սանհանգույցում տաշտակ են դնում, մի կերպ լողանում:

Դրսում թափվող ձյանն ենք նայում: Մարգարիտան ասում է՝ ուրիշ ելք չունեն, եթե շենքից դուրս գան, ինքն ու Մարիամը հայտնվելու են դրսում: Աշխատանք չունի, որպեսզի բնակարան վարձի: Առայժմ ապրում են Մարիամի հաշմանդության թոշակով, որդին էլ, զորացրվելով բանակից, մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Մոր պատմելով՝ նրա գործերն էլ լավ չեն:

Զրույցը ծանր է: Ես հիմնականում լսում եմ, մերթընդմերթ հարցեր եմ տալիս: Մարիամն ու Մարգարիտան ասում են՝ շենքի, իրենց խնդիրների մասին այնքան են պատմել լրագրողներին, որ «աստղ» են դարձել: Հետո սկսում ենք խոսել Մարիամից:

-Գիտե՞ք, Մարիամն ինչքան է օգնում ինձ: Ամռանն, օրինակ, միասին պահածոներ ենք փակել,- ասում է Մարգարիտան՝ նայելով դստերը: Վերջինս ժպտում է:

Մարիամը ծրագրավորող է ցանկանում դառնալ: Հիմա մի կազմակերպության միջոցով հաճախում է ծրագրավորման դասընթացների: Երազում է ավարտել ու լավ աշխատանք գտնել: Ասում է, թե այդ դեպքում նաև լավ ընկերներ ու գործընկերներ կունենա, իսկ հիմա այնքան հուսահատ է, որ երազանքն էլ հույսերի հետ երբեմն լքում է իրեն:

Մայրն ասում է, որ հիմա մտածում է միայն աղջկա ապագայի մասին: «Որ գոնե մի 10 տարի հետո, նույնիսկ իմ չլինելուց հետո Մարիամն իր չորս պատն ունենա, որ խալի գցենք, էրեխեն սայլակով ման գա, ձեռքերն էլ չմրոտվեն»,- ասում է Մարգարիտան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter