HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չկոտրվողը՝ պաշարված Արցախից 

Մինչև Վիկտորյան սեղանն է հավաքում, «Նվագախմբի» տղաները գործիքներն են պատրաստում: Կիթառն Արմենին ընկերներն են նվիրել դեռ տարիներ առաջ, վերջերս տանը ևս մեկ փոքրիկ կիթառ ավելացավ, ճիշտ 4-ամյա Արփիի չափերին համապատասխան: Հարվածային գործիքների պատասխանատուն համարյա 6 տարեկան Արթուրն է, իսկ Վիկտորյան, որ նախքան ամուսնանալը վոկալի դասերի է հաճախել, «Նվագախմբի» երգչուհին է: Մշտական հանդիսատեսի ու քննադատի պատվավոր դերը ստանձնել է ընտանիքի ամենակրտսերը՝ 7 ամսական Աստղիկը: Ժպտում է, ոտքերն ու ձեռքերը երաժշտության ռիթմով շարժում: Գոհ է: 

«Մեր երաժշտության ժամը համարվում է երեկոյան՝ ընթրիքից հետո, երբ բոլորս տանն ենք։ Իսկ երեխաների քնելուց հետո ամուսնուս հետ փորձեր ենք անում, մտածում ենք, թե էլ որ երգը սովորենք: Մեկ-մեկ, որ երկարացնելով եմ երգում, Արմենն ինձ ասում է՝ Ձախ Հարութ (ծիծաղում է- հեղ.)։ Մի փոքրիկ գաղտնիք բացեմ. կուլիսներից այն կողմ ամեն ժանրի երգ էլ երգում ենք, մինչև անգամ՝ ռաբիզ։ Դրանով մեր զվարճալի պահերն ենք ապահովում այս անարդար ու անորոշ օրերում»,- պատմում է Վիկտորյան:

Վիկտորյա Պետրոսյանը մեկն է Արցախի 120 000 բնակիչներից, ովքեր դեկտեմբերի 12-ից հայտնվել են շրջափակման մեջ: Երեք երեխաների մայրն արդեն չի էլ հիշում, թե շրջափակման որերորդ օրն է։ Ընտանիքի երկրորդ ամենադժվար ու անորոշ փուլն է սա՝ 44-օրյա պատերազմից հետո։ Թերսնման, սննդի բացակայության մասին հարցերս շրջանցում է երիտասարդ կինը, ասում է, որ կենցաղային խնդիրներն իրեն ամենաքիչն են հուզում: Հաղթահարելով ծանր ձմեռը, ընտանիքն ավելի դիմացկուն է դարձել, բացի այդ Արցախում համարյա բոլորի բանջարանոցները մշակվում են հիմա, մի քիչ էլ դիմանան՝ տեղական բերքը օգնության կհասնի.

«Ազնիվ խոսք, ուտելիքի պակասից չեմ նեղվում համարյա: Միայն օրուգիշեր աղոթում եմ, որ զոհ չունենանք սահմանին. մնացածին կդիմանանք։ Իհարկե, դժվար է երեք բալիկների հետ… Դատարկ խանութներ, լույսի անջատումներ, գազի իսպառ բացակայություն (սկզբնական շրջանում գոնե կարողանում էինք հեղուկ գազ ձեռք բերել, հիմա դա էլ չկա): Եթե առավոտյան լույսի անջատումը տեղի է ունենում ժամը 7-9-ը, ուրեմն՝ անպայման 6 անց կես պետք է այդ օրը զարթնեմ, որ հասցնեմ նախաճաշ պատրաստել։ Բայց սրանք ինձ համար երկրորդական բաներ են. ոչինչ, որ քիչ եմ քնում, ոչինչ, որ շատ բաներ չեմ հասցնում: Մեր ընտանիքի բախտը բերել է, որ ես էլ, ամուսինս էլ դիմացկուն ենք, ամենավատին անգամ պատրաստ ենք առերես հանդիպել ու մինչև վերջ կանգնել, իսկ մեր բալիկները նվնվացող չեն»:

Որպես ասածի ապացույց՝ Վիկտորյան պատմում է, որ 2020 թ.-ի պատերազմի ժամանակ 4 օր նկուղում է մնացել 2 մանկահասակ երեխայի հետ, ու որևէ մեկը չի իմացել այդ մասին: Հիմա էլ իրենց կյանքն ու ամենօրյա պայքարը չի համարում հերոսություն, նշում է միայն, որ անում է առավելագույնը, որպեսզի երեխաների մանկությունը շրջափակման պատճառով չխաթարվի: Վառելանյութ չկա, սեփական մեքենայով չեն կարող երեխաներին տեղափոխել, հասարակական տրանսպորտն էլ վատ է գործում, բայց երիտասարդ մայրիկը երեխաներին արվեստի ու սպորտի խմբակներից չի զրկում, երբեմն՝ ոտքով, երբեմն՝ ուշացող տրասնպորտով հասցնում է ամեն ինչ. «Դժվարությունները նրա համար են, որ մարդն արժանապատվորեն անցնի դրանց միջով»,- վստահ է Վիկտորյան: 

Բայց ո՞րն է այն կետը, որից հետո կդադարեն սպառնալիքները, կավարտվեն զրկանքներն ու դժվարությունները: Վիկտորյաի խոսքով՝ կասկած անգամ չկա, որ Ադրբեջանի քաղաքականությունը՝ կոշտ ու փափուկ մեթոդների համակցմամբ՝ Արցախը հայաթափելու նպատակն է հետապնդում: Այս միտքը տխրեցնում, բայց չի  հուսահատեցնում երիտասարդ կնոջը. 

«Գնալով ավելի եմ գիտակցում, որ Արցախի համար անընդհատ է պետք պայքարել, որ վերջնական չխլեն մեզնից…Ամեն անգամ ասում եմ՝ լավ, բա էլ ի՞նչ պիտի լինի։ Բայց արի ու տես, որ ամեն անգամ ավելի բարդ ու անելանելի իրավիճակներում ենք հայտնվում։ Այնքան տանջող մտքեր ունեմ… Երբ խորանում եմ մտածմունքների մեջ՝ համարյա թե գժվում եմ։ Սակայն մի ուժ կա, որ երբեք ինձ չի լքել ու չի լքում։ Դա սիրո ուժն է։ Թվում է, թե վերացական բաներ եմ ասում։ Բայց սերը առ այն, ինչ քոնն է՝ ստիպում է չհանձնվել, որովհետև գիտեմ, որ հանձնվելով, զրկվում ես…»:

Արդեն 205 օր շրջափակման մեջ գտնվող Վիկտորյան պնդում է, որ չի ափսոսում Արցախում ապրելու համար։ Ինքը ծնվել, մեծացել է Արցախում, ամուսնացել, ընտանիք է կազմել Արցախում, զավակներին նույնպես կմեծացնի հայրենիքում. «Կանեմ անհնարինը, որ մեր բոլոր նպատակներին հասնենք Արցախում, որովհետև Արցախը մենք ենք, ու սա ասում եմ առանց մի գրամ պաթոսի: Արցախն իսկապես մենք ենք… Ցավոք, ճնշումները հետք են թողել իմ որոշ հայրենակիցների վրա, վերջին շրջանում հուսահատությունը շատերի դուռն է հասել… Ցավում եմ նրանց համար, ովքեր շուտ են կոտրվում, պայքարելու ուժը կորցնում։ Չեմ ուզում նրանք հիասթափվեն ու ինչով ի վիճակի եմ լինում՝ փորձում եմ օգնել։ Երբ հանկարծ լսում եմ «գնալու ենք», «էլ ուժ չունեմ», «հոգնել եմ» և նման արտահայտություններ՝ սիտս անասելի ցավում է։ Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մարդկանց լավատեսությունը սպառվել է, շարունակաբար վատթարանում է ամեն ինչ, փոփոխություններն էլ միայն դեպի բացասականն էն, էլ ի՜նչ դիմանալու մասին է խոսքը»,-նկատում է Վիկտորյան: 

 Ընտանիքը հաճախ է Արմենի հայրական գյուղ՝ Դաշուշեն գնում:  Երեխաների հետ ոտքով անտառի միջով քայլում են, սովորում անանցանելի տեղերով անցնել։ Արմենն ասում է՝ «Ինչ իմանանք, մեզ ինչեր են սպասվում»։ Վիկտորյան էլ ավելացնում է, որ սովորում են դժվարություններին դիմակայել բոլոր տեսանկյուններից: Ֆիզիկական, կենցաղային անհարմարությունները դեռ տանելի են, ավելի բարդ է հոգեբանական տոկունությունը չկորցնելը: Իսկ այս գործում նշանակալի դեր ունի «Նվագախումբը».

«Երաժշտությունը մեր առօրյայի մի մասն է դարձել…Բախտներս բերել է, որ բոլորիս ճաշակներն էլ համարյա նույնն են. ինչ երգ նվագում ու երգում ենք՝ բոլորս էլ բավականություն ենք ստանում։ Նույնիսկ 7 ամսական Աստղիկն է կիթառի ձայնից հանգստանում ու մեզ հավասար վայելում։ Խմբի անվան հարցում չկողմնորոշվեցինք, պարզապես «Նվագախունբ» ենք ասում մեզ: Բոլորիս ամենասիրելի երգը «Սարերի քամին» է, շատ ենք պարապել, որ լավ ստացվի, երեխաներն անգիր գիտեն արդեն ։ Ամբիցիոզ ծրագրեր ունենք, ամեն անգամ ասում ենք, որ մյուս ամիս բարեգործական համերգ ենք կազմակերպելու»,- ծիծաղելով եզրափակում է Վիկտորյան՝ չկոտրվողը Արցախից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter