HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին Ադրբեջանում դատապարտել են 11,5 տարի ազատազրկման

Հայ գերիներ Հարություն Հովագիմյանը և Կարեն Ղազարյանը, որոնց Բաքուն մեղադրում էր, իբր, «Ադրբեջանի պետական սահմանը հատելու և ծանր հանցագործությունների իրականացման մեջ», դատապարտվել են 11 տարի և 6 ամիս ազատազրկման։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Շինծու այս գործով դատավարությունն ընթանում էր Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում։ Նախօրեին ադրբեջանցի դատախազը պահանջել էր նրանց դատապարտել 12 տարի ազատազրկման։

Բաքուն այս կեղծ գործի շրջանակներում նշում էր, որ «գործով տուժած են ճանաչվել 4 ադրբեջանցի»։ Ադրբեջանական քարոզչամեքենան պնդում էր, թե, իբր, Ղազարյանն ու Հովագիմյանը «Ադրբեջանի սահմանապահ ծառայության Զանգիլանի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչների նկատմամբ ուժ են կիրառել, ապօրինաբար հատել Ադրբեջանի պետական սահմանը, <...> ինչպես նաև Զանգիլանի շրջանի Ռազդարա գյուղի տարածքում հարձակվել ադրբեջանական զորամասի վրա»։

Այնինչ, մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել էր զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել էր, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից:

«Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը առևանգվել էին Սյունիքի Շիկահող գյուղի միջդիրքային հատվածից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter