HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոն կբացվի Հայաստանում

Հայ տնտեսագետների մի խումբ ցանկանում է Հայաստանը ներառել միջազգային տնտեսագիտական քարտեզում: Նրանց նպատակն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ մեր երկրում եւ արտասահմանում սովորող կամ աշխատող հայ գիտնականները, ուսանողները չմտածեն Հայաստանում համարժեք աշխատանք գտնելու մասին։ Նախաձեռնության մասին «Հետքին» պատմում է Տեխասի գյուղատնտեսական եւ մեխանիկական համալսարանի (Texas A&M University) դասախոս Տաթեւիկ Սեխպոսյանը։

Վերջինս մասնագիտացմամբ մակրոտնտեսագետ է, ուսումնասիրում է, մասնավորապես, տնտեսության վիճակագրական մեթոդները։ Սեխպոսյանը հունիսի վերջին Դիլիջանում մասնակցում էր Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության (ASOF) երկրորդ տարեկան համաժողովին։ Հայաստանում տնտեսական հետազոտություններ հայկական կենտրոնի ստեղծումն այս ընկերակցության նախագծերից է։ Տաթեւիկ Սեխպոսյանը մեկն է այն 8 տնտեսագետներից, որոնք ակտիվորեն ներգրավված են կենտրոնի նախաձեռնող խմբում։

«Վերջին երկու տարին բոլոր հայերով, որոնք տարբեր համալսարաններում տնտեսագիտությամբ էին զբաղվում, խելք-խելքի էինք տալիս, թե ինչպես կարելի է նպաստել Հայաստանի տնտեսագիտության զարգացմանը, միջազգային մակարդակի բերել տնտեսագիտությունը՝ որպես գիտություն Հայաստանում, ու ինչպես նպաստել տարբեր որոշումների իրականացմանը, օժանդակել մարդկանց, համալսարաններին»,- նշում է Տաթեւիկ Սեխպոսյանը։ Այդ նպատակով սկսել են աշխատել տարբեր կառույցների հետ, ինչպես օրինակ, Հայկական տնտեսագիտական միության, համալսարանների դասախոսների, ուսումնասիրել են միջազգային փորձը ու եկել որոշման, որ ամենալավ ձեւը հետազոտական կենտրոն ստեղծելն է։ Դրանում ընդգրկվելու են թե՛ հայաստանցի, թե՛ արտասահմանում աշխատող հայ ու օտարերկրացի տնտեսագետները։

«Ունենք շատ տաղանդավոր երեխաներ, որոնք գնում են սովորելու, աշխատելու արտասահմանում, այսինքն՝ այստեղ համարժեք բան է պետք ստեղծել, որ իրենք կարողանան հետ գալ։ Խոսքը հայրենասիրության մասին չէ, այլ գիտական կառույց ստեղծելու, որ հետաքրքրված մարդիկ հնարավորություն ունենան, խրախուսել, որ գան Հայաստանում զբաղվեն դրանով»,- ասում է մեր զրուցակիցը։

Վլադիմիր Ասրիյանն աշխատում է Բարսելոնայի տնտեսագիտական համալսարանում (Barcelona School of Economics)։ Նրա նեղ մասնագիտական ուղղությունը մակրոտնտեսագիտությունն ու ֆինանսներն են։ Ուսումնասիրում է ֆինանսական ճգնաժամերը, դրանց ազդեցությունը մակրոտնտեսության վրա, ինչպես օրինակ, գործազրկության կամ բանկային համակարգի, ՀՆԱ-ի վրա, ինչպես նաեւ հարցերը, թե ինչ տնտեսական քաղաքականություն պետք է մշակել՝ այդ ճգնաժամերը հաղթահարելու կամ նվազեցնելու համար։

Ասում է՝ աշխատանքին զուգահեռ փորձում է օգտակար լինել Հայաստանի գիտական, կրթական ոլորտին։ Ցանկությունն է, որ միջազգային գիտությունը հասանելի դառնա Հայաստանին։

«Փորձում եմ համագործակցել այլ տնտեսագետների հետ, թե ոնց կարելի է Հայաստան բերել մրցունակ գիտություն, ազդել գիտության, ընդհանրապես գիտական համակարգի վրա, եւ նաեւ այնպես անել, որ Հայաստանում տնտեսական քաղաքականությունը հենված լինի գիտության վրա, որ բարեփոխումներն ու որոշումներն ավելի շատ հենք ունենան գիտության վրա, այլ ոչ թե, ասենք, ինտուիցիայի»,- նշում է Վլադիմիր Ասրիյանը։

Իսկ տեղի եւ դրսի տնտեսագետների համագործակցության ամենալավ տարբերակը հետազոտական կենտրոնն է լինելու։ Այն անկախ կլինի եւ ամբողջությամբ հետազոտողների կողմից է կառավարվելու։

Կենտրոնի հիմնական թիրախը գիտության զարգացումն ու գիտական հետազոտություններն են լինելու։ Միեւնույն ժամանակ փորձելու են համագործակցել տարբեր ինստիտուտների հետ։

Սկզբնական փուլում հետազոտողները թիվը մեծ չի լինի, բայց ժամանակի ընթացքում կազմը կընդլայնվի։

Վ. Ասրիյանը նկատում է, որ նման կենտրոն ստեղծելու միտք կար դեռ նախքան 44-օրյա պատերազմը։ Նախաձեռնողներից շատերն անդամակցում են Հայկական տնտեսագիտական միությանը, որն ավելի քան 10 տարի բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացրել։ Սակայն, ըստ մեր զրուցակցի, դրանց ինտենսիվությունն այնքան բարձր չէր, որքան պատերազմից հետո։ «Երեւի բոլոր հայերի մոտ ինտենսիվության ինչ-որ բարձրացում եղավ, փորձեցին ինչ-որ ներդրում ունենալ Հայաստանի ապագայի մեջ»,- նշում է տնտեսագետը։

Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի անվանումը դեռ նախնական է, բայց դա տեխնիկական հարց է։ Գերխնդիրը Հայաստանի գիտության մակարդակը բարձրացնելն է։ Տնտեսագետ Ասրիյանն ասում է, որ մեր երկրում տնտեսագիտության մակարդակը միջազգայինից ցածր է, եւ իրենք նպատակ ունեն Հայաստանի գիտությունն էլ բերել այդ մակարդակին։ Նրա դիտարկմամբ՝ նոր որոշումներից առաջ պետք է վերկուծել անցյալի սխալները, որպեսզի դրանք չկրկնվեն։

Տնտեսագետ Ալեքսանդր Գեւորգյանն էլ դասավանդում է Նյու Յորքի Սենտ Ջոնս համալսարանում (St. John’s University)։ Ուսումնասիրում է հետսովետական երկրների տնտեսական զարգացումը։ Իր հետազոտություններում Հայաստանը որպես օրինակ է նշում։

ASOF-ի՝ Դիլիջանում կայացած տարեկան համաժողովը Գեւորգյանը համարում է լավ հնարավորություն Հայաստանի համար, քանի որ դրան մասնակցում են բարձրակարգ մասնագետներ, որոնք իրենց գիտելիքն են տարածում Հայաստանում եւ լուրջ տնտեսական հետազոտությունների եւ քաղաքականության առումով Հայաստանը տեղավորում են քարտեզի վրա։

Անդրադառնալով նոր կենտրոնի ստեղծման նախաձեռնությանը՝ «Հետքի» զրուցակիցը նշում է․ «Ես միշտ հետաքրքրված եմ եղել, մասնավորապես, Հայաստանում կրթական նախագծերով, քանի որ հավատում եմ, որ կրթական բարձր մակարդակը եւ համալիր հետազոտությունները զարգացման հիմքն են։ 1990-ականների ժառանգություններից մեկը կրթական ենթակառուցվածքների ու կրթական հիմքի վրա շատ բացասական ազդեցությունն էր։ Այնպես որ, ինչ կարող ենք, պետք է անենք»։

Նա հուսով է, որ կենտրոնը դառնալու է գիտահետազոտական առաջատար հաստատություններից մեկը Հայաստանում, եւ այլ վայրերից Հայաստան կբերի հայ կամ Հայաստանի հետ առնչվող տնտեսագետների։ Այդպիսով՝ նաեւ խթանելու է տնտեսագիտական կրթությունը Հայաստանում։

«Պետք է հասկանալ, որ տնտեսագիտությունը միայն տեխնիկական առարկա չէ, այն միայն ցուցիչների մասին չէ, այլ առաջին հերթին եւ գլխավորապես մարդկանց մասին է։ Եթե դուք հետաքրքրված եք տնտեսությունների զարգացմամբ, կարեւոր է այցելել այն երկիր, որն ուսումնասիրում եւ հետազոտում եք։ Եվ այս կենտրոնը կարող է նպաստել դրան»,- ասում է Ալեքսանդր Գեւորգյանը։

Տես նաեւ՝

Մեկնաբանություններ (1)

Hagob
The article is short on substance. Who's going to finance this center? The economists talk about the need to introduce "international economic reserach standards and experience" to Armenia...Based on what resources? Will the focus be limited to free-market theories alone? A paragraph or two about how these economists see Armenia's economic challenges today and possible solutions would have been helpful. Armenia has a state economics university today. Why isn't it doing effective research now? Is it just a lack of professional standards?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter