HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գիտնականն առաջարկում է Հայաստանի գիտության համար օգտագործել սփյուռքի ներուժը

1990-ականների վերջին «Նոկիան» սկսել էր հեռախոսներում ներդնել գլոբալ տեղորոշման համակարգը՝ GPS-ը (Global Positioning System): Այդ ժամանակ «Նոկիայի» թիմին միացավ գիտնական Դավիթ Հակոբյանը, ով արդեն 5 տարի դասախոսում էր ֆիննական Տամպերեի համալսարանում: «Այսինքն՝ էն, ինչն էսօր ձեզ համար սովորական է, օգտագործում եք, տեղորոշման խնդիր չունեք, դա սկսվել է 1990-ականների վերջում, եւ ես զբաղվում էի այդ խնդրով»,- ասում է դոկտոր Դավիթ Հակոբյանը։ «Նոկիայի» նախկին աշխատակիցը նշում է, որ ֆիննական ընկերությունում աշխատելիս ինքը բավական շատ պատենտներ է ունեցել, որոնք երկար ժամանակ օգտագործում էր ընկերությունը, հիմա տեղյակ չէ այդ ընթացքից:

«Նոկիայում» աշխատանքը տեւել է 5 տարի, ինչից հետո տեղափոխվել է ԱՄՆ: Այժմ դասախոսում ու գիտահետազոտական աշխատանքով է զբաղվում Տեխասի համալսարանում (Սան Անտոնիո)։

Դավիթ Հակոբյանը Երեւանից է: Մոսկվայում սովորելուց հետո վերադարձել է Երեւան, 3 տարի աշխատել Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Հետո մեկնել է Ֆինլանդիա, որտեղ էլ դարձել է համակարգչային գիտությունների դոկտոր:

Ասում է, որ ակադեմիական աշխատանքը հետաքրքիր էր, եւ դա էր պատճառը, որ «Նոկիայից» հետո տեղափոխվեց ամերիկյան համալսարան: «Հետքի» զրուցակիցը նշում է, որ արեւմտյան կրթական մշակույթում համալսարանի գաղափարն այլ է. դա նշանակում է ե՛ւ սովորեցնել, ե՛ւ գիտահետազոտական աշխատանքով զբաղվել: Տեխասի համալսարանում (Սան Անտոնիո) կարիերայի աստիճաններով բաձրանալով՝ հասել է պրոֆեսորի կոչման: Դասախոսական եւ գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ նաեւ ադմինիստրատիվ գործով է զբաղվում համալսարանում: Դա է պատճառը, որ հիմա ավելի քիչ է դասավանդում:

Հայաստանից գնալուց հետո էլ Դավիթ Հակոբյանը պահում է կապը հայրենիքի հետ, ասում է՝ տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում, ապա ավելացնում է՝ ոչ այն չափով, որքան տեղյակ են Հայաստանում ապրողները:

«Ուսանողների՝ արտերկիր գնալուց պետք չէ վախենալ»

Դոկտոր Հակոբյանն ասում է՝ հասկանալի է, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ առաջնահերթություններն էլ փոխվում են այդ դեպքում: Նա Հայաստանի գիտությունը համեմատում է սովետական ժամանակների գիտության հետ ու նշում, որ այն տարիներին այլ մասշտաբի խնդիրներ էին դրվում գիտության առաջ, ինչն էլ մեծ ֆինանսներ էր ենթադրում: Անկախությունից հետո Հայաստանում գիտությունը «ֆոկուսացված է» ինչ-որ ուղղություններով, սակայն առայժմ մեծ կրակ չկա: Մի կողմից՝ խորհրդային կարգերի փլուզումից հետո մեր երկրում գիտությունը թուլացավ, մյուս կողմից՝ ըստ Հակոբյանի, նոր ճանապարհներ բացվեցին գիտնականների համար՝ օտար երկրներ գնալ եւ աշխատել:

«Էդ պրոցեսը Սովետի ժամանակ կար։ Հիշում եմ՝ բավականին մեծ թվով ուսանողներ գնում էին Մոսկվա, սովորում: Կամաց-կամաց այդ հոսքը սկսեց բալանսավորվել, հետ էին գալիս եւ էստեղ էին ստեղծում: Այդ պրոցեսից պետք չէ վախենալ։ Հիմա այս համաժողովը լավ ապացույց է, որ գնացել են տարբեր երկրներում սովորել, հիմա ուզում են միասին աշխատել Հայաստանի համար»,- նշում է համակարգչային գիտությունների դոկտորը:

Դ. Հակոբյանը նկատի ունի հունիսի 26-28-ը Դիլիջանում տեղի ունեցած Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության (ASOF) համաժողովը: Ընկերակցությունը նախատեսում է Հայաստանում մի քանի գիտական կենտրոններ ստեղծել: Հակոբյանն, օրինակ, դեռեւս ստեղծվելիք ռոբոտաշինության միջազգային կենտրոնի խորհրդատուներից է: Գործընթացը սկզբնական փուլում է:

Գիտնականն առաջարկում է

Մեր զրուցակիցը նշում է, որ չնայած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանից շարունակում են մեկնել Ռուսաստան՝ սովորելու, այնուամենայնիվ, առաջատար գիտահետազոտական աշխատանքներն արվում են հիմնականում արեւմտյան երկրներում: Նույնիսկ Ասիայի երկրներից Հնդկաստանն ու Չինաստանն են հետեւում արեւմտյան գիտահետազոտական մոդելներին: Դոկտոր Հակոբյանն ասում է, որ այսօր գիտության մեջ առաջատար է համարվում ԱՄՆ-ն, որին հետեւում են շատ երկրներ:

Եթե Հայաստանը ցանկանում է ինտեգրվել արեւմտյան երկրների գիտահետազոտական համակարգերին, ապա, ըստ «Հետքի» զրուցակցի, գիտության ոլորտի գործընթացներն էլ պետք է համապատասխանեցվեն դրանց: Այսինքն՝ բարեփոխել համակարգը, որպեսզի երիտասարդ գիտնականի արտերկրյա ուսումը բնական շարունակություն լինի, եւ տարբերությունները մեծ չլինեն: Այդպես արել են Հնդկաստանն ու Չինաստանը:

Երկրորդ առաջարկը դրսում ապրող եւ աշխատող հայ գիտնականների ու Հայաստանի գիտնականների միջեւ համագործակցությունն է: Հակոբյանն ասում է՝ իր նման մարդիկ, որոնք գնացել են Հայաստանից, դրսում մրցակցում են ոչ թե իրար, այլ աշխարհի հետ: Տարիների փորձն ու անցած ճանապարհը թույլ է տալիս հասկանալ գիտական հոդվածների որակն ու դրանց առնչվող մանր հարցերը, որոնք գուցե Հայաստանից չեն երեւում: Նա Հայաստանի գիտնականներին առաջարկում է օգտագործել դրսում աշխատող հայ գիտնականների փորձն ու համագործակցության հնարավորությունը:

«Հետաքրքիր մի բան ասեմ՝ բազմիցս փորձել եմ աշխատել էստեղի ընկերների հետ, բայց մի քիչ չէր հասկացվում, որովհետեւ պահանջ չկար: Այստեղ մարդն ասպիրանտուրա է գնում, իրենից որակյալ հոդված գրել չեն պահանջում, այլ ֆորմալ ինչ-որ հոդվածներ են պահանջում: Չեմ ուզում վատախոսել, բայց շատ քիչ հոդվածներ կան, որոնք միգուցե մասսայական չեն երեւում աշխարհում։ Իմ բնագավառում չես կարող ասել, որ Հայաստան կա այդ քարտեզի վրա, որովհետեւ չկա։ Բայց Հայաստանը շատ հեշտ ձեւով կարող է լինել, եթե էստեղի ասպիրանտներն ու պրոֆեսորները աշխատեն մեզ հետ, որովհետեւ գիտենք այդ ճանապարհը։ Չեմ էլ մեղադրում, հիմա ասեմ, թե ինչի չեն անում։ Էստեղի ասպիրանտուրան երեք տարի է, այդտեղ նաեւ քննութուններ կան, անգլերեն են մտցնում, դա շատ կարճ ժամանակ է: Իմ բնագավառում մեզ մոտ ամենաքիչ ժամանակը 4 տարի է. մի տարի՝ դասերի, երեք տարի՝ հոդված գրելու համար, որովհետեւ պետք է հասկանաս բնագավառը, մասնագիտանաս, տեսնես՝ ի՞նչ կա-չկա, նորություններ առաջարկես, փորձեր անես եւ այլն։ Երեք տարին քննությունների հետ դժվար է, մանավանդ, որ այստեղի իմ բնագավառի ասպիրանտները նաեւ աշխատում են ՏՏ ոլորտում։ Իրականում մի քիչ շտապողական է, մեղադրելու չէ. ոչ թե թույլ են, այլ համակարգն այդպիսին է։ Համագործակցությունը չի ստացվում, որովհետեւ տարբեր նպատակներ ունենք՝ էստեղի ուսանողն ուզում է շուտ պաշտպանի, մենք ունենք նպատակ որակյալ հոդված տպելու»:

«Եթե ռոբոտ չսարքեն էլ, ոլորտի մասնագետներ պետք է պատրաստել»

Եթե Հայաստանում ռոբոտաշինության միջազգային կենտրոն ստեղծվի, ապա մեծ փոփոխություն կլինի ոլորտում:  Զրուցակիցս նկատում է, որ եթե նույնիսկ ինչ-որ բան չսարքեն էլ, ոլորտի մասնագետներ պետք է պատրաստել: Նրա խոսքով՝ տեղական փորձագետների եփվող միջավայր է անհրաժեշտ: Ասում է՝ պատկերացրեք, շուկա եք գնում, եւ բոլորն իրենց ապրանքը գովում են, բայց լավը հասկանալու համար գլուխ է պետք:

«Լավ նախաձեռնություն է ինովացիաներ ստեղծելու համար, բայց մինչեւ անգամ առանց դրա՝ փորձագետներ ունենալու համար»,- նկատում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter