HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրիգետի հանքային դաշտում մետաղներ որոնել ցանկացող ընկերությունը հանրային երկրորդ լսումն է անցկացրել

Հուլիսի 14-ին «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ն երկրորդ հանրային լսումն է անցկացրել Սիսիան խոշորացված համայնքի Նժդեհ գյուղում: Այս մասին «Հետքին» տեղեկացրել է Սյունիքի մարզի Տորունիք գյուղի բնակիչ Արա Ստեփանյանը: Նա եւս մասնակցում էր հանրային լսմանը:

Հիշեցնենք, որ նշված ընկերությունը, ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի, ցանկանում է 2022-2025 թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել Սիսիանի հանքային շրջանի Այրիգետի հանքային դաշտի 1496 հա տարածքում: Նպատակը պղինձ, մոլիբդեն, ոսկի եւ այլ մետաղներ որոնելն է:

Հանրային երկրորդ լսմանը մասնակցած Արա Ստեփանյանի փոխանցմամբ՝ քննարկումը տեւել է մոտ ժամ: Ազդակիր բնակավայրերի բնակիչները բնապահպանական ու սոցիալական բնույթի հարցեր են բարձրացրել: Ինքն անձամբ հարցրել է, թե ինչու Նժդեհի հարեւան Տորունիքը որպես ազդակիր բնակավայր չի ներառվել, ինչին ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ Տորունիքը իրենց կողմից հայցվող տարածքից հեռու է գտնվում: Արա Ստեփանյանը համաձայն չէ սրան, նշում է, որ իրենց գյուղը սահմանակից է լինելու 1496 հա մակերեսով տարածքին: «Գլոբալ Պրոգրես Մայնինգի» ներկայացուցիչները, ըստ «Հետքի» զրուցակցի, լիարժեք պատասխան չեն տվել հավանական հանքի պոչամբարի մասին հարցին:

«Զանգեզուր» պետական արգելավայրի ներկայացուցիչ Մարգար Մարգարյանը հարց է բարձրացրել այն մասին, որ ընկերության հայցած տարածքի մի մասը համընկնում է արգելավայրի տարածքի հետ: Նախորդ հոդվածում գրել էինք, որ «Գլոբալ Պրոգրես Մայնինգի» ՇՄԱԳ հայտի համաձայն՝ «…հանքերեւակումների արեւմտյան թեւերը (մոտ 150 հա) համադրվում են «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքի հետ, ինչի պատճառով այդ տարածքներում լեռնային փորվածքների անցում եւ հորատանցքերի հորատում չի նախատեսվել: Սակայն, հաշվի առնելով այդ թեւերում 65 հանքայնացումների առկայության փաստը, նախատեսվել են երկրաֆիզիկական աշխատանքներ մի քանի մեթոդների կիրառմամբ, որի միջոցով կպարզաբանվի արգելավայրի տարածքից դուրս գտնվող հանքայնացումների ծագումնաբանական մի շարք գիտական խնդիրներ՝ դրանց կապը դեպի արեւելք եւ դեպի արեւմուտք գտնվող հանքուղեկցող ռեգիոնալ կառուցվածքների եւ ինտրուզիվ առաջացումների հետ: Երկրաֆիզիկական աշխատանքների իրականացումը շրջակա միջավայրի ոչ մի բաղադրիչի վրա ոչ մի ազդեցություն չունի եւ որեւէ բնապահպանական խնդիր չի կարող առաջացնել»:  

Ըստ Արա Ստեփանյանի՝ Մ. Մարգարյանի հարցադրմանն ի պատասխան՝ «Գլոբալ Պրոգրես Մայնինգի» ներկայացուցիչը նշել է, թե այդ տարածքները սխալմամբ են քարտեզագրել եւ այժմ ճշգրտումներ են անում:

Հանրային լսմանը մասնակցած բնակիչները, մեր զրուցակցի փոխանցմամբ, դրական են տրամադրված ոչ միայն երկրաբանական ուսումնասիրություններին, այլեւ հետագա հնարավոր հանքարդյունահանմանը:

Հիշեցնենք, որ «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը գավառցի Հակոբ Գրիգորյանն է: Նա 2021 թ. արտահերթ խորհրդանական ընտրություններին պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից, որի ցուցակում 20-րդ էր, իսկ ցուցակը գլխավորում էր Տիգրան Արզաքանցյանը, որի գրանցումը ԿԸՀ-ն ավելի ուշ անվավեր ճանաչեց: Նախորդ ամիս մեզ հետ հեռախոսազրույցում Գրիգորյանը նշել էր, որ ընտրություններից հետո դուրս է եկել ՀԴԿ-ից եւ այժմ անկուսակցական է:

Գրիգորյանը տնօրեն է աշխատել «Լույս Ինվեսթմենթս» ՍՊԸ-ում, որն ինքն էր հիմնադրել 2016 թ. երեւանյան իր բնակարանի հասցեում: Գործունեության տեսակը կոնյակի արտադրությունն է: Հիմնադրումից 8 ամիս անց Գրիգորյանն ընկերությունը փոխանցել է Տ. Արզաքանցյանի մորը՝ գավառցի Վրասենիկ Գրիգորյանին, եւ շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սրմաքեշին փոխկապակցված երեւանյան «Էմ.Ֆուդս» ՓԲԸ-ին: 2021 թ. Վարսենիկ Գրիգորյանը դարձել է «Լույս Ինվեսթմենթսի» 100 տոկոսի սեփականատեր: 2022-ին էլ տնօրենի պաշտոնում Հակոբ Գրիգորյանին փոխարինել է Տ. Արզաքանցյանի որդին՝ Գրիշա Արզաքանցյանը:

Հակոբ Գրիգորյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում նշել է, որ Տիգրան Արզաքանցյանի հետ ազգակցական կապ ունի, չնայած հերքել է, թե «Գլոբալ Պրոգրես Մայնինգի» իրական շահառու սեփականատերն Արզաքանցյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter