Այրիգետի հանքային դաշտում մտադիր են պղինձ, մոլիբդեն, ոսկի որոնել․ հայտատուն հերքում է Տիգրան Արզաքանցյանի հետ կապը
«Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ն ցանկանում է Սիսիանի հանքային շրջանում երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնել՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի ու այլ մետաղներ որոնելու համար։
Առայժմ հանրային լսումների փուլն է։ Մայիսի 11-ին ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային լսումը պետք է անցկացվեր Սիսիան խոշորացված համայնքի Նժդեհ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում։ Սիսիան համայնքի պաշտոնական կայքում որեւէ հայտարարություն չկա հանրային լսում անցկացնելու մասին: Որեւէ տեղեկատվություն չկա նաեւ կայքի «հանրային քննարկումներ» բաժնում:
Սիսիանի Տորունիք գյուղի բնակիչ Արա Ստեփանյանը «Հետքին» փոխանցել է, որ մայիսի 11-ին գնացել էր Նժդեհ՝ մասնակցելու հանրային լսմանը, սակայն գյուղի վարչական ղեկավարի նստավայրի դուռը փակ է եղել. ո՛չ տեղական ինքնակառավարման մարմիններից են ներկայացուցիչներ եղել, ո՛չ «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ից: Բացի Արա Ստեփանյանից՝ հանրային լսման մեկնարկին սպասելիս է եղել նաեւ Նժդեհ գյուղի ուսուցիչներից մեկը:
Թե ինչու էր դուռը փակ, փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ Նժդեհ եւ Ցղունի բնակավայրերի վարչական ղեկավար Յուրի Գեւորգյանից։ Վերջինս երբ իմացավ, որ զանգահարողը լրագրող է, ասաց, թե չի կարող զրուցել եւ խոստացավ օրվա ընթացքում հետ զանգել։ Սակայն այդպես էլ չզանգահարեց, իսկ հաջորդ օրը մեր զանգին չպատասխանեց։
Հանրային լսման նախորդ օրը՝ մայիսի 10-ին, Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ քննարկումը չեղարկվում է՝ համաձայն Սիսիանի համայնքապետարանից ստացված գրության: Մանրամասները ճշտելու համար զանգարահարեցինք Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանին, որը, սակայն, չպատասխանեց մեր հարցերին ու կոպիտ տոնով անջատեց հեռախոսը:
Ի՞նչ է մտադիր անել «Գլոբալ Պրոգրես Մայնինգը»
«Գլոբալ Պրոգրես Մայնինգը» ցանկանում է 2022-2025 թթ․ ուսումնասիրություններ կատարել Սիսիանի հանքային շրջանի Այրիգետի հանքային դաշտի 1496 հա տարածքում: Այս հանքային դաշտը գտնվում է Սիսիանի Նժդեհ եւ Բնունիս բնակավայրերի վարչական տարածքներում, Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջին՝ Դաստակերտ քաղաքից 3-8 կմ դեպի արեւմուտք, հարավ-արեւմուտք եւ հարավ։
Ընկերությունը մտադիր է աշխատանքներ իրականացնել Կաշաքար լեռան հարավային ու արեւելյան լանջերն ընդգրկող Այրիգետի Ծաղկունք վտակի ավազանում եւ բուն Այրիգետի ավազանի միջին ու վերին հոսանքներում: Այս տարածքը կից է Սիսիանի Նժդեհ եւ Ցղունի բնակավայրերին: Մինչեւ 2017 թ. Սիսիանի խոշորացումը Նժդեհն առանձին համայնք էր, իսկ Ցղունին դրա կազմում էր: Նժդեհը Սիսիանից 24 կմ է հեռու, Ցղունին էլ Նժդեհից 1 կմ հարավ-արեւմուտք է (վերեւի քարտեզում գյուղերի անունները հակառակ է ներկայացված. Նժդեհը համեմատաբար մեծ է):
Այրիգետի հանքային դաշտում, ըստ «Գլոբալ Պրոգրես Մայնինգի», մետաղների հանքերեւակում կա 9 տեղամասում՝ Ծաղկասարի ոսկու, Ներքին Ծաղկավանի պղինձ-մոլիբդենային, Վերին Ծաղկավանի պղինձ-մոլիբդենային, Արեւիձորի պղինձ-մոլիբդենային եւ պղինձ-բազմամետաղային հանքերեւակում, Կոնգալիի եւ Հարավ-Մուրղուզի պղինձ-մոլիբդենային, Շոռջուրի պղինձ-մոլիբդենային, Ալիշառի պղինձ-մոլիբդենային, Հյուսիսարեւելյան Սոֆլուի պղինձ-մոլիբդենային, Սոֆլուի պղինձ-մոլիբդենային:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաբանական հետախուզության հայցվող տարածքում սպասվում է երեք տիպի հանքաքար՝ պղնձի, պղինձ-բազմամետաղային եւ ոսկու պարունակություններով: «Գլոբալ Պրոգրես Մայնինգը» նախատեսում է տեխնոլոգիական հետազոտման ենթարկել պղինձ-մոլիբդենային հանքայնացմամբ Ներքին Ծաղկավանի հանքաքարը: Ուսումնասիրությունների հիմնական խնդիրը հանքաքարի բաղադրության մեջ մտնող մետաղներից պղնձի ու մոլիբդենի առանձին խտանյութերի ստացումն է:
Ներքին Ծաղկավանի տեղամասի նախնական ուսումնասիրված պաշարները մինչեւ 200 մ խորության վրա գնահատվում են այսպես. 20 մլն տ հանքաքար, որի մեջ պղինձը՝ 48,6 հազ. տ, մոլիբդենը՝ 8 հազ. տ։
Փորձնական հանույթով նախատեսվում է ստանալ մոտ 1000 խմ հանքաքար, որը պետք է վերամշակվի գործող որեւէ հարստացուցիչ ֆաբրիկայում։ «Գլոբալ Պրոգրես Մայնինգն» այս առումով բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ։
Ըստ ընկերության հայտի՝ երկրաբանական ուսումնասիրությունների դաշտային աշխատանքները պետք է սկսվեին 2023 թ․ 2-րդ եռամսյակից, այսինքն՝ ապրիլ-հունիսին, բայց ինչպես տեսնում ենք, «Գլոբալ Պրոգրես Մայնինգը» դեռ նույնիսկ դրական եզրակացություն չի ստացել ՇՄՆ-ի կողմից։
Ուսումնասիրությունների տարածքի մի մասը համընկնում է «Զանգեզուր» արգելավայրի տարածքին
Ընկերության գծած հետախուզական տարածքի սահմանները մասամբ համընկնում են «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքին: Այդուհանդերձ, «Գլոբալ Պրոգրես Մայնինգը» պնդել է, որ իր աշխատանքները բնապահպանական խնդիրներ չեն առաջացնի:
«Այրիգետի հանքային դաշտի արեւմտյան սահմաններում երկրաբանական ուսումնասիրությունների կատարման ծրագրի կազմման ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Ծաղկասարի ոսկու եւ Վերին Ծաղկավանի պղինձ-մոլիբդենային հանքերեւակումների արեւմտյան թեւերը (մոտ 150 հա) համադրվում են «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքի հետ, ինչի պատճառով այդ տարածքներում լեռնային փորվածքների անցում եւ հորատանցքերի հորատում չի նախատեսվել: Սակայն, հաշվի առնելով այդ թեւերում 65 հանքայնացումների առկայության փաստը, նախատեսվել են երկրաֆիզիկական աշխատանքներ մի քանի մեթոդների կիրառմամբ, որի միջոցով կպարզաբանվի արգելավայրի տարածքից դուրս գտնվող հանքայնացումների ծագումնաբանական մի շարք գիտական խնդիրներ՝ դրանց կապը դեպի արեւելք եւ դեպի արեւմուտք գտնվող հանքուղեկցող ռեգիոնալ կառուցվածքների եւ ինտրուզիվ առաջացումների հետ: Երկրաֆիզիկական աշխատանքների իրականացումը շրջակա միջավայրի ոչ մի բաղադրիչի վրա ոչ մի ազդեցություն չունի եւ որեւէ բնապահպանական խնդիր չի կարող առաջացնել»,- նշել է ընկերությունը իր հայտի մեջ:
Ըստ «Գլոբալ Պրոգրես Մայնինգի»՝ ուսումնասիրության ենթակա տարածքի սահմաններում ՀՀ Կարմիր գրքում գրանցված եւ էնդեմիկ տեսակներ չեն հայտնաբերվել:
Այրիգետի պղնձով ու մոլիբդենով նախկինում հետաքրքրված էր Տիգրան Արզաքանցյանը
Նժդեհի նախկին գյուղապետ Գեղամ Օհանյանը հիշում է, որ 2007-ին իրենց սարերում ուսումնասիրություններ կատարելու իրավունք էր ստացել «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն: Ընկերությունն այն ժամանակ պատկանում էր գործարար Տիգրան Արզաքանցյանին:
«Մոլիբդենի աշխարհը» Դաստակերտի ու Այրիգետի հանքային դաշտերում որոնողագնահատողական աշխատանքներ կատարելու իրավունք ստացել էր նույն օրը՝ 2007-ի հուլիսին: Համապատասխան պայմանագրերն էլ ստորագրվել էին նույն տարվա դեկտեմբերին՝ կրկին նույն օրը: Լիցենզիաների գործողության ժամկետը մինչեւ 2012 թ. հունիս ամիսն էր:
2008-ի մարտին Արզաքանցյանն օտարել էր «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ում իր 100 տոկոս բաժնեմասը: Նույն ամսում Այրիգետի հանքային դաշտի ուսումնասիրությունների լիցենզիան հանձնվել էր Արզաքանցյանի մեկ այլ ընկերության՝ «Գոլդեն Վելլի» ՍՊԸ-ին: Այսինքն՝ «Մոլիբդենի աշխարհն» օտարելուց հետո գործարարը պահպանել էր Այրիգետի պղնձի ու մոլիբդենի հետախուզման իրավունքը:
«Մոլիբդենի աշխարհ» ու «Գոլդեն Վելլի» ՍՊԸ-ները Տիգրան Արզաքանցյանը հիմնադրել է նույն օրը՝ 2005 թ. նոյեմբերի 1-ին, նույն հասցեում՝ Երեւանի Վազգեն Սարգսյան 26-ում: Ի տարբերություն առաջինի՝ երկրորդը հայ գործարարը չի օտարել: Սակայն 2014-ին «Գոլդեն Վելլին» սնանկ է ճանաչվել: Այդուհանդերձ, սնանկության գործը մինչ օրս չի ավարտվել, ՍՊԸ-ն դեռ չի լուծարվել:
Նժդեհի այն տարիների գյուղապետ Գ. Օհանյանը, անդրադառնալով նախկին երկրաբանական ուսումնասիրություններին, ենթադրում է, որ դրանցից հետո գործն արդյունահանմանը չի հասել, քանի որ պաշարների ծավալը երեւի հանքարդյունաբերական ընկերության ակնկալած չափով չի եղել։
Ի՞նչ կապ ունի նոր ուսումնասիրողն Արզաքանցյանի հետ
Այրիգետի հանքային դաշտի պաշարների հետախուզման համար նոր հայտ ներկայացրած «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թ․ փետրվարի 15-ին Երեւանի Վազգեն Սարգսյան 26/3 հասցեում (հիշեցնենք՝ Արզաքանցյանը իր ընկերությունները գրանցել էր Վ. Սարգսյան 26-ում)։ Միակ սեփականատերը, որը նաեւ տնօրենն է, գավառցի Հակոբ Յուրիկի Գրիգորյանն է։ Ընդ որում՝ Արզաքանցյանը եւս Գավառից է:
Ռադիոտեխնիկ Հակոբ Գրիգորյանը 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից: Նա ՀԴԿ ցուցակում 20-րդն էր, իսկ ցուցակը գլխավորում էր Տիգրան Արզաքանցյանը, որի գրանցումը ԿԸՀ-ն ավելի ուշ անվավեր ճանաչեց: Ընդ որում՝ Գրիգորյանը ՀԴԿ անդամ է եղել, սակայն մեզ հայտնել է, որ ընտրություններից հետո դուրս է եկել ու հիմա անկուսակցական է:
Որպես թեկնածու Հ. Գրիգորյանը ԿԸՀ-ին էր ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր: Նշել է, որ տնօրեն է աշխատում «Լույս Ինվեսթմենթս» ՍՊԸ-ում: Այս ընկերությունը 2016-ի ապրիլին հիմնադրել է հենց ինքը՝ Գրիգորյանը: Այն գրանցված է Գրիգորյանի երեւանյան բնակության հասցեում՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցում: Գործունեության տեսակը, ըստ ՊԵԿ-ի, կոնյակի արտադրությունն է: Չնայած ընկերությունը գործող է ու մինչ օրս գրանցված է Գրիգորյանի բնակարանում, հիմնադրվելուց 8 ամիս անց՝ 2016-ի դեկտեմբերին, Գրիգորյանի կողմից փոխանցվել է Արզաքանցյանի մորը՝ գավառցի Վարսենիկ Գրիգորյանին, ու շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սրմաքեշին փոխկապակցված երեւանյան «Էմ.Ֆուդս» ՓԲԸ-ին: Վերջինս 2021-ին դուրս է եկել «Լույս Ինվեսթմենթսից», ու Վարսենիկ Գրիգորյանը դարձել է դրա 100 տոկոսի սեփականատերը: 2022-ին էլ տնօրենի պաշտոնում Հակոբ Գրիգորյանին փոխարինել է Տ. Արզաքանցյանի որդին՝ Գրիշա Արզաքանցյանը: Հ. Գրիգորյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում խոստովանել է, որ Տիգրան Արզաքանցյանի հետ ազգակցական կապ ունի:
ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում Հակոբ Գրիգորյանը չի ներկայացրել իր անունով գրանցված ոչ մի բաժնեմաս, այնինչ նա 2017 թ. փետրվարի 15-ին Վ. Սարգսյան 26/3 հասցեում հիմնադրել է միանգամից 2 ընկերություն՝ «Գլոբալ Պրոգրես Մայնինգը» եւ «Գլոբալ Նիկելը»: Գործունեության տեսակը նույնն է՝ գունավոր մետաղների արդյունահանում: Գրիգորյանը ոչ միայն սրանց միակ սեփականատերն է, այլեւ տնօրենը: Այս ընկերությունների իրական շահառուների հայտարարագրերում Հ. Գրիգորյանն է ներկայացված որպես շահառու սեփականատեր, բայց դժվար է ասել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այս տվյալները, քանի որ շատ բան հուշում է Տիգրան Արզաքանցյանի հավանական շահառու լինելու մասին:
Հակոբ Գրիգորյանը պատասխանում է «Հետքի» հարցերին
«Հետքի» հետ հեռախոսազրույցում Հ. Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Սիսիանում մետաղներ որոնելու մտադրությունը, պատասխանում է․ «Ներդրում, բիզնեսի զարգացում»։ Ասում է, որ հայտը ներկայացրել է երկրաբանների խորհրդով։ Դիտարկմանը, որ 2007-2012 թթ․ էլ Տիգրան Արզաքանցյանին պատկանող ընկերություններն են այդտեղ մետաղներ որոնելու իրավունք ունեցել, Գրիգորյանն ասում է, թե տեղյակ չէ դրանից։ Նա նաեւ հերքում է, որ «Գլոբալ Պրոգրես Մայնինգն» առնչություն ունի Տիգրան Արզաքանցյանի հետ։ Իսկ թե ինչու է անցյալ տարի դուրս եկել «Լույս Ինվեսթմենթսի» տնօրենի պաշտոնից՝ իր տեղը զիջելով Արզաքանցյանի որդուն, չի մեկնաբանում՝ նշելով, որ անձնական հարց է։
Գրիգորյանը չի համաձայնում մեկ այլ դիտարկման, որ Գավառի բնակիչներն իր անունը կապում են Տ. Արզաքանցյանի հետ, ում օգտին ինքն ակտիվ քարոզչություն է իրականացրել 2021 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ: Հարցին, թե արդյոք Արզաքանցյանի օգտին քարոզչություն չի արել, Հակոբ Գրիգորյանը պատասխանում է․ «Արզաքանցյանի կողքին եղել եմ, բայց կոնկրետ այդ աստիճանի քաղաքականության շուրջ, ինչ-որ հարցի շուրջ չեն եղել այդպիսի բաներ։ Որպես իմ համաքաղաքացի, ինձ մոտ մարդ՝ էդ կարգի, համարյա հասակակիցներ ենք, հարեւաններ ենք»։ Ըստ նրա՝ նաեւ հեռու բարեկամական կապեր ունեն։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Տիգրան Արզաքանցյանի հետ։ Վերջինս, սակայն, հեռախոսազանգին չպատասխանեց։
Մեկնաբանել