HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ գիտնական․ «Ժամանակն է, որ Հայաստանն առաջատար դառնա ռոբոտաշինության ոլորտում»

Հայաստանում կբացվի ռոբոտաշինության միջազգային կենտրոն

Գուցե հենց այս աշնանը Հայաստանում սկսի գործել ռոբոտաշինության միջազգային կենտրոն, որը ոչ միայն մասնագետներ է պատրաստելու, զարգացնելու գիտահետազոտական ուղղվածությունն այս ոլորտում, այլեւ միջազգային փորձն է բերելու Հայաստան: Այս որոշումը երկար քննարկումներից հետո կայացրել են Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության (ASOF) անդամները: Նրանց միջոցով էլ կազմակերպվելու է կենտրոնի ստեղծումը:

Կարեն Եղիազարյանը ASOF-ի անդամներից է: Նա Ֆինլանդիայի Տամպերեի համալսարանի պրոֆեսոր է, տեխնիկական գիտությունների դոկտոր։ Հունիսի վերջին մասնակցում էր Դիլիջանում տեղի ունեցած ASOF-ի երկրորդ տարեկան համաժողովին։ Եղիազարյանն այստեղ ներկայացրել է ընկերակցության՝ ռոբոտաշինության միջազգային կենտրոնի նախագիծը։

Գիտնականի հետ զրուցել ենք համաժողովից հետո Երեւանում։ Ասում է՝ 2020 թ. 44-օրյա պատերազմը փոխել է իրավիճակը, եւ հիմա շատ խնդիրներ հրատապ լուծման կարիք ունեն։ Դա պարզ է նաեւ երիտասարդներին։ Պրոֆեսորը նշում է, որ պետք է մշտապես ուժեղ լինել՝ դա ցույց տալով գիտության, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Նրա կարծիքով՝ պետք է պրագմատիկ լինել, հասկանալ, թե հետազոտություններն ինչ կարող են տալ Հայաստանի տնտեսությանը, ինչպես կարող ենք օգտագործել գիտելիքն, օրինակ, առկա խնդիրներին լուծումներ տալու համար։

Եղիազարյանը նշում է, որ միջազգային կենտրոնի ստեղծումն օգնելու է ինտեգրել ASOF-ի եւ հայաստանյան բուհերի գիտելիքը։ Կենտրոնն օգնելու է կամրջել դրանք։ «Կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանն առաջատար դառնա տարածաշրջանում այս ոլորտում։ Դրա համար շատ կարեւոր է լինել ուժեղ հետազոտող: Նոր դասընթացների, նոր մասնագիտությունների զարգացումը կօգնի հասնել միջազգային մակարդակի, հրապարակվել միջազգային ամսագրերում»,- ասում է տեխնիկական գիտությունների դոկտորը։

«Հետքի» զրուցակիցը նկատում է, որ եթե ASOF-ի յուրաքանչյուր անդամ կարողանա իր գիտելիքներն ու փորձառությունը բերել Հայաստան, ինչպես նաեւ տարին մեկ-երկու ամիս գալ այստեղ՝ նախագիծն առաջ տանելու համար, ապա կենտրոնը կհասնի իր առջեւ դրած նպատակներին։

Կենտրոնը դեռ վերջնական անուն չունի, բայց մտադիր են այս տարվա ընթացքում սկսել աշխատանքները։ Փոքր խմբով են սկսելու աշխատանքը, հետագայում կազմն ընդլայնվելու է։ Կենտրոնն անկախ է լինելու, այն որպես հիմնադրամ է գործելու՝ մասնավոր ֆինանսավորմամբ, դրամաշնորհային ծրագրերին դիմելով։ Կենտրոնը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդելու։ Նպատակներից է՝ աջակցություն Հայաստանի գիտության զարգացմանը, Հայաստանի եւ սփյուռքի գիտնականների համագործակցություն, գիտական կադրերի պատրաստում, գիտական դասընթացների ու համաժողովներ անցկացում եւ այլն։ Մյուս կողմից՝ այն լավ շարժում կարող է դառնալ ռոբոտաշինական լաբորատորիաներ հիմնելու համար։

Ի՞նչ ներուժ ունի Հայաստանը

Կարեն Եղիազարյանն ասում է, որ Հայաստանում արդեն կա ռոբոտաշինական արդյունաբերության որոշակի զարգացում։ Ավելացնում է՝ իրենց նախաձեռնած կենտրոնի ստեղծման գաղափարը մի քանի ուղղություն ունի, սակայն դրանց հետեւում նպատակն է Հայաստանին վերադարձնելն այնտեղ, որտեղ եղել է խորհրդային տարիներին, երբ հայերը մեծ դերակատարում ունեին խորհրդային ռոբոտաշինության մեջ, որի օրինակներից մեկը 1970 թ․ Լուսին ուղարկված «Լունախոդ 1»-ը։

Գիտնականը նշում է, որ այդ տարիներին մեծ ներուժ եւ անուն ուներ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գործունեության շատ տեսակներ դադարեցվեցին, «ուղեղների արտահոսք» եղավ։

Հիմա, ըստ դոկտոր Եղիազարյանի, այդ ամենը վերականգնելու լավ ժամանակն է։ Դրա համար անհրաժեշտ է նաեւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում սովորած հայ երիտասարդներին հետ բերել Հայաստան, որպեսզի այստեղ շարունակեն իրենց կրթությունն ու աշխատանքը, նախապատրաստեն նոր հետազոտողների եւ ձեռնարկատերերի, մասնավորապես, ռոբոտաշինության բնագավառում։

«Ինչո՞ւ ռոբոտաշինության, որովհետեւ այն, կարծես, միջդիսցիպլինար ոլորտ է՝ կապում է տարբեր գիտական ուղղություններ եւ ոլորտներ։ Այնպես որ, կարող է արհեստական բանականության մեծ բում լինել»,- նշում է մեր զրուցակիցը։

Ասում է՝ Ֆինլանդիան եւ Հայաստանը բնակչության փոքր թվով մոտ են իրար, Ֆինլանդիան եւս նավթ չունի, բայց կա մարդկային ռեսուրս։ Այնտեղ հատկապես ՏՏ ոլորտը առաջ շարժվելու ուղիներից է։ Կ. Եղիազարյանը նկատում է, որ Հայաստանում իսկապես վառ տաղանդներ կան, որոնց պետք է օգնի իրենց ստեղծելիք կենտրոնը: Վերջինս պետք է բուհն ավարտած ուսանողներին օգնի հասկանալ, թե նրանք ինչով կարող են զբաղվել հետագայում: Սա, ըստ Եղիազարյանի, կարեւոր հարց է եղել թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային ժամանակներում:  

Դոկտոր Եղիազարյանն ասում է, որ հիմա Հայաստանում շատ խնդիրներ արտակարգ եւ շուտափույթ լուծում են պահանջում, հատկապես՝ տնտեսական բնույթի։ Այս ֆոնին իրենք 5 տարի առաջ նայելու ծրագրով են առաջնորդվում՝ կրթել նոր սերունդ, ենթակառուցվածքներ ստեղծելով նրանց հետագա գործունեության համար։

Տես նաեւ՝

Մեկնաբանություններ (2)

Harutiun
While I applaud the ASOF's opitimism regarding the implementation of these initiatives, I have serious doubts that they will succeed. Why are the sciences in Armenia in such a poor state? Are educational institutions and their administrators open to cooperation with "outsiders"? Past experience proves the opposite.
David Guevorkian
Great initiative. Wish a very good luck in implementing it.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter