HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսագետը կարեւորում է արտերկրում մեծ փորձ ունեցող մասնագետների ներգրավումը հայկական բուհերի կրթական պրոցեսին

Վահագն Ջրբաշյանը տնտեսագիտության պրոֆեսոր է։  Զբաղվում է գիտությամբ, դասավանդում է Բարսելոնայի համալսարանում:

Նախորդ ամիս նա մասնակցում էր Դիլիջանում տեղի ունեցած Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության (ASOF) երկրորդ տարեկան համաժողովին։ Մինչ այդ էլ մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության կոնֆերանսին։ ASOF-ի նախագծերից մեկը Հայաստանում տնտեսագիտական հետազոտական կենտրոն բացելն է։ Վահագն Ջրբաշյանն այդ նախաձեռնության անդամներից է։

ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո նա Չեխիայում տնտեսագիտություն է սովորել, ավելի ուշ հասել գիտությունների դոկտորի աստիճանի։ 2013-ին որպես պրոֆեսոր աշխատանքի է անցել Բարսելոնայի համալսարանում։ Ասում է, որ Հայաստանի հետ թե՛ զգացմունքային, թե՛ գիտակրթական կապը միշտ պահել է։ Ուսանողների համար այստեղ դասընթացներ գրեթե չի ունենում, սակայն դասավանդման փորձ ունի տեղի մասնագետների, արդեն աշխատանքի անցած կամ աշխատանքի անցնելու փուլում գտնվողների հետ։

Տնտեսագետը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ հետխորհրդային երկրներից շատերում, այդ թվում՝ Հայաստանում, տնտեսագիտությունը, մեղմ ասած, այդքան էլ զարգացած գիտություն չէ։ Այս երկրներում, ըստ նրա, գիտական արդյունքներն ու հաճախ նաեւ կրթական ծրագրերը բավականին զիջում են արեւմտյան հայտնի ու հատկապես լավագույն գիտակրթական կենտրոնների գիտական արդյունքներին ու կրթական ծրագրերին։

Նշում է, որ իր ունեցած տվյալներով՝ հայկական բուհերի բակալավրական ծրագրերը տնտեսագիտության ոլորտում գոնե թղթի վրա բավականին մոտ են արեւմտյան հայտնի բուհերի բակալավրական ծրագրերին։ Համենայն դեպս, սա լոկ բարձրագույն կրթության առաջին փուլն է, եւ հայկական բուհերի շրջանավարտների գիտելիքների որակն իրականում լուրջ հարցեր է առաջացնում ոչ միայն կրթական մեթոդների, այլեւ հենց ծրագրերի վերաբերյալ: Մյուս կողմից, ըստ Ջրբաշյանի տեղեկությունների, որոշ հայկական բուհերի մագիստրական եւ հայցորդական/ասպիրանտական ծրագրերը բավականին զիջում են արեւմտյան հայտնի բուհերի նմանատիպ ծրագրերին։

Մեր զրուցակիցն ասում է, որ ծրագրերը կարող են լինել ուժեղ, եթե պրոֆեսորադասախոսական կազմը տիրապետի արդի տնտեսագիտական գիտելիքների եւ կարողանա դա փոխանցել ուսանողներին։ Սա իր հերթին կարող է տեղի ունենալ, երբ, օրինակ, դասավանդողները զբաղվեն արդի գիտությամբ ու ստանան այնքան հետաքրքիր գիտական արդյունքներ, որ դրանք տպագրվեն աշխարհահռչակ պարբերականներում: Նկատում է նաեւ, որ, իհարկե, կան բացառություն հանդիսացող մասնագետներ եւ կրթական ծրագրեր։

«Ցանկալի է ֆինանսապես լրջորեն խրախուսել արդի գիտությամբ զբաղվող եւ աշխարհահռչակ պարբերականներում տպագրվող պրոֆեսորադասախոսական կազմին։ Միգուցե այս հարցերում կօգնի նաեւ Արեւմուտքից պրոֆեսորների ու գիտնականների ներգրավումը։ Գիտեմ, որ, օրինակ, Գիտության կոմիտեն այս ուղղություններով աշխատանք տանում է, եւ սա շատ դրական է։ Համալսարաններից գոնե մեկն աշխատանքի է ընդունել Արեւմուտքում դոկտորական կրթություն ստացած պրոֆեսորների, ովքեր տպագրվել ու տպագրվում են հանրահայտ պարբերականներում։ Որոշ համալսարաններ սկսել են համագործակցել Արեւմուտքում աշխատող գիտնականների ու պրոֆեսորների հետ՝ իրենց կրթական ծրագրերը բարելավելու համար։ Որոշ համալսարաններ էլ սկսել են հետաքրքրություն ցույց տալ Հայկական տնտեսագիտական միության տարեկան կոնֆերանսներին ու սեմինարներին մասնակցելուն»,- պատմում է Վահագն Ջրբաշյանը։

Ըստ նրա՝ միջազգային վարկանիշային տնտեսագիտական ամսագրերում հայաստանցի հեղինակների տպագրությունների քանակը զրոյին մոտ է, չնայած դրականն այն է, որ աճում է:

«Դժվար չէ նկատել, որ տնտեսագիտության ոլորտում արդի գիտական աշխատանքների ու հանրահայտ պարբերականներում տպագրությունների լրջագույն պակաս ունենք։ Կարելի է ասել՝ տնտեսագիտական դպրոցը դեռ ձեւավորման փուլում է բուհերի մեծ մասում, եւ դա արտացոլվում է նաեւ գիտական հիմնարկներում,- նկատում է տնտեսագետը,- ցանկալի է համալսարաններում եւ գիտական հիմնարկներում առաջխաղացումը կապել աշխարհահռչակ պարբերականներում տպագրությունների հետ։ Ցանկալի է նաեւ լրջորեն օժանդակել ՀՀ-ում եւ ՀՀ-ի վերաբերյալ միկրոտվյալների շտեմարանների ստեղծմանը, որոնցից կարող են օգտվել թե՛ տեղացի գիտնականները թե՛ գիտնականները արտերկրից։ Ցանկալի է օժանդակել/խրախուսել հատկապես երիտասարդ գիտնականների մասնակցությունը միջազգային կոնֆերանսներին, որտեղ նրանք իրենց գիտական արդյունքներն են ներկայացնում»։

Բարեփոխումները կարիք ունեն վերլուծության, իսկ հանրային տվյալները բավարար չեն

Ըստ Վ. Ջրբաշյանի՝ այս 30 տարիներին բազմաթիվ բարեփոխումներ են եղել, որոնք կարիք ունեն հետազոտության՝ սկսած սեփականաշնորհումից, հարկային համակարգից, կրթական համակարգից, թե որտեղ, ինչ ուղղությամբ ենք գումար ներդնում եւ այլն։

«Շատ կուզեի տեսնել պետության դերակատարությունը տվյալներ հանրայնացնելու գործում։ Վերջիվերջո, հետազոտող եմ, եւ շատերը, այդ թվում՝ լրագրողները, կարող են հետազոտության համար տվյալների կարիք ունենալ, թե, օրինակ, ինչ է կատարվում հիմա, ինչ է կատարվել անցյալում, դասեր քաղել, պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել ապագայում, եւ ըստ այդմ՝ կառուցել մեր հետագա քաղաքականությունը»,- ասում է տնտեսագետը։

Տնտեսության զարգացման դինամիկան վերլուծելու համար Վ. Ջրբաշյանը բավարար չի համարում Վիճակագրական կոմիտեի հանրայնացրած տվյալները։ Նշում է, որ կան ուսումնասիրության ենթակա հարցեր, որոնց մասին բավարար տվյալներ չկան. օրինակ՝ արտերկրից եկած հազարավոր մասնագետներն ինչպե՞ս են ազդում կոնկրետ ոլորտի վրա։ Այս առումով, ըստ նրա, եթե աշխատանքի, աշխատաշուկայի մասին հանրային շատ տվյալներ լինեն, դրանք հետաքրքիր կլինեն գիտական աշխատանքով զբաղվողներին։

Անդրադառնալով Հայաստանում տնտեսագիտական հետազոտական կենտրոն բացելուն՝ Վահագն Ջրբաշյանը նշում է, որ դրանից ինքն ակնկալում է տնտեսագիտության խթանում մեր երկրում: «Այս կենտրոնի նպատակներից է արտերկրից հյուրընկալել պրոֆեսորների եւ գիտնականների ու ստեղծել պլատֆորմ, որտեղ նրանք կկարողանան իրենց գիտելիքները կիրառել հայկական տվյալների վրա ու համագործակցել լոկալ գիտնականների եւ կադրերի հետ»,- նշում է կենտրոնի ստեղծման նախաձեռնության անդամը։

Տես նաեւ՝

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter