HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի հանքային շրջանում մետաղներ որոնելու հայտը բացասական եզրակացություն է ստացել

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին։ Այս ընկերությունը նախատեսում էր Սյունիքի մարզի Սիսիանի հանքային շրջանի Այրիգետի հանքային դաշտում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրություններ կատարել։ ՍՊԸ-ն ներկայացրել էր շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտ, որը հուլիսի 26-ին ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից բացասական փորձաքննական եզրակացություն է ստացել։

Հիշեցնենք, որ «Գլոբալ Պրոգրես Մայնինգ»-ը նախատեսում էր 2022-2025 թթ․ ուսումնասիրություններ կատարել Այրիգետի հանքային դաշտի 1496 հա տարածքում։ Նպատակն էր պղինձ, մոլիբդեն, ոսկի եւ այլ մետաղներ որոնել։ Այս հանքային դաշտը գտնվում է Սիսիանի Նժդեհ եւ Բնունիս բնակավայրերի վարչական տարածքներում, Բագրուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջին՝ Դաստակերտ քաղաքից 3-8 կմ դեպի արեւմուտք, հարավ-արեւմուտք եւ հարավ։

Ուսումնասիրությունների տարածքի մի մասը համընկնում է «Զանգեզուր» արգելավայրի տարածքին, սակայն «Գլոբալ Պրոգրես Մայնինգ»-ը ՇՄԱԳ հայտում նշել էր, թե իր աշխատանքները բնապահպանական խնդիրներ չեն առաջացնի:

«…Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Ծաղկասարի ոսկու եւ Վերին Ծաղկավանի պղինձ-մոլիբդենային հանքերեւակումների արեւմտյան թեւերը (մոտ 150 հա) համադրվում են «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքի հետ, ինչի պատճառով այդ տարածքներում լեռնային փորվածքների անցում եւ հորատանցքերի հորատում չի նախատեսվել: Սակայն, հաշվի առնելով այդ թեւերում 65 հանքայնացումների առկայության փաստը, նախատեսվել են երկրաֆիզիկական աշխատանքներ մի քանի մեթոդների կիրառմամբ, որի միջոցով կպարզաբանվի արգելավայրի տարածքից դուրս գտնվող հանքայնացումների ծագումնաբանական մի շարք գիտական խնդիրներ՝ դրանց կապը դեպի արեւելք եւ դեպի արեւմուտք գտնվող հանքուղեկցող ռեգիոնալ կառուցվածքների եւ ինտրուզիվ առաջացումների հետ: Երկրաֆիզիկական աշխատանքների իրականացումը շրջակա միջավայրի ոչ մի բաղադրիչի վրա ոչ մի ազդեցություն չունի եւ որեւէ բնապահպանական խնդիր չի կարող առաջացնել»,- ասվում էր ընկերության ՇՄԱԳ հայտում:

ՇՄԱԳ հայտի երկրորդ հանրային քննարկման ժամանակ «Զանգեզուր» պետական արգելավայրի ներկայացուցիչ Մարգար Մարգարյանը հարց էր բարձրացրել երկրաբանական ուսումնասիրությունների եւ արգելավայրի տարածքների համընկնման մասին, ինչին «Գլոբալ Պրոգրես Մայնինգ»-ի ներկայացուցիչը պատասխանել էր, թե քարտեզագրման սխալ է եղել, եւ իրենք ճշգրտումներ են անում։

Բացասական եզրակացության պատճառաբանական մասում նշվում է հետեւյալը. «2-րդ հանրային քննարկման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացվել են մտահոգող հարցեր՝ Այրիգետի հանքային դաշտի եւ «Զանգեզուր» պետական արգելավայրի համադրման մասին (150 հա), Կարմիր գրքի եւ էնդեմիկ բուսատեսակների վերաբերյալ, ինչպես նաեւ, որ հայկական մուֆլոնի արեալը ներառում է Բարգուշատի եւ Զանգեզուրի լեռնաշղթաները, որոնց «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը չի տվել սպառիչ պատասխաններ»։

Բացի դրանից, ըստ եզրակացության, հայտում նշվել է, թե «ուսումնասիրվող տարածքի սահմաններում ՀՀ Կարմիր գրքում գրանցված եւ էնդեմիկ տեսակներ չեն հայտնաբերվել», այնինչ հայցվող տեղամասի հարակից տարածքներից հայտնի են ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված ավելի քան 8 բուսատեսակներ: Հայտում ասվում է նաեւ, որ «հետազոտվող տարածքի համար գրական աղբյուներում նշվում են կաթնասունների 16 տեսակներ։ Կարմիր գրքում գրանցված տեսակներ չեն դիտարկվել», սակայն փորձաքննական եզրակացությունը նշում է, որ Կարմիր գրքում ներառված հայկական մուֆլոնի արեալը ներառում է Բարգուշատի եւ Զանգեզուրի (Դաստակերտ քաղաքից դեպի հարավ) լեռնաշղթաները։

Եզրակացության մեջ նաեւ նշվում է, որ հայտատուի կողմից հայցվող 1496 հա տարածքը համադրվում է պետական, համայնքային, քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականության հանդիսացող բնակավայրերի, գյուղատնտեսական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության, ինչպես նաեւ ջրային, նպատակային նշանակության մի շարք հողամասերի հետ։

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ այդ տարածքում «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից երկրաբանական ուսումնասիրությունների կատարումը համարվել է ոչ նպատակահարմար, եւ հայտը ստացել է բացասական եզրակացություն։

Հիշեցնենք նաեւ, որ 2017 թ․ հիմնադրված այս ընկերության միակ սեփականատերը, որը նաեւ տնօրենն է, գավառցի Հակոբ Գրիգորյանն է։ Չնայած նա ազգակցական ու տնտեսական կապեր ունի գործարար Տիգրան Արզաքանցյանի հետ, որի ընկերությունները նախկինում իրավունք էին ստացել հետախուզել Այրիգետի հանքային դաշտը, Հ. Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում հերքել է, թե «Գլոբալ Պրոգրես Մայնինգ» ՍՊԸ-ի իրական շահառու սեփականատերը Տ. Արզաքանցյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter