HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արա Ղազարյան․ «Արցախից բռնի տեղահանվածների գույքային իրավունքը պաշտպանված է միջազգային նորմերով»

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ զրուցել ենք Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների մասին։

Այս օրերին Արցախից զանգվածաբար տեղահանվող հայերին ադրբեջանական ապօրինի անցակետը հատելուց հարցնում են՝ «ձեր կամքով եք չէ՞ լքում երկիրը»։ Ֆիզիկական ոչնչացման, գերեվարելու սպառնալիքով մարդկանցից նման հավաստում կորզելը միջազգային ատյաններում կարո՞ղ է օգտագործվել չեզոքացնելու համար կատարվածին իրավական ճիշտ գնահատական տալը։

Միանշանակ չի կարող չեզոքացվել, որովհետև իրավական գործընթացներում լսում են բոլոր կողմերին և առաջին հերթին՝ տուժողին։ Միջազգային բոլոր հարթակներում Ադրբեջանն արդեն հայտնի է հայերի նկատմամբ հայատյացությամբ։ Հայատյացությունն օգտագործում է որպես պատերազմի գործիք, որպես հանրային քաղաքականություն։ Ե՛վ քաղաքական, և՛ կիսաքաղաքական, և՛ կիսաիրավական բոլոր հարթակներում ուղղակի հղում են կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ), Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին, որոնցում սահմանված որևէ բան համարվում է աներկբայորեն հաստատված փաստ։ Փաստերից մեկն այն է, որ Ադրբեջանում հանրային քաղաքականությունը հայատյացությունն է, ուստի յուրաքանչյուր իրավական գործընթացում հենց այդ կոնտեքստում կդիտվեն այս հարցազրույցները։ Բախվելով նման ապացույցի՝ այդ արարքները կհամարվեն իմիտացիոն գործողություն, քարոզչության, պրոպագանդայի բաղկացուցիչ մաս։ Իրավական գործընթացի ժամանակ տեղահանված մարդիկ, արդեն Հայաստանում գտնվելով, բոլորովին այլ պատմություն կներկայացնեն՝ ստացած սպառնալիքների, համացանցում տարածված երեխաների նկարներով խտրականության դրսևորումների, ատելության խոսքի մասին, որոնց վերաբերյալ քրեական հետապնդում Ադրբեջանի կողմից չի իրականացվել։

Քաղաքացիական բնակչության թիրախավորումը, ոչ ռազմական օբյեկտների նկատմամբ ռազմական գործողությունները և այլն հաստատվել են միջազգային դատարանների վճռով։ Յուրաքանչյուր դատական ատյան ընդհանուր կոնտեքստում է նայելու դրանք, և հանգելու են այն եզրակացության, որ այս մարդիկ հարկադրված են դուրս եկել իրենց հայրենիքից, որովհետև երկյուղ ունեին։ Դա բավարար է, որ դատարանն ասի՝ էթնիկ զտում է տեղի ունեցել։ Ի վերջո, այնքան շատ քաղաքական գնահատականներ են տրվել, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ԵՄ-ն և այլք, և դատարանն ուղղակի այդ ամբողջից կեզրահանգի, որ էթնիկ զտում է տեղի ունեցել։ Ամբողջ աշխարհը, միջազգային կարծիք ձևավորող լրատվամիջոցները՝ CNN, BBC և այլն, սկսել են խոսել, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունենում։

Փաստերը խոսուն են, սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակման վերաբերյալ թեպետ կիրառում են «թիրախային զինվորական օպերացիա» տերմինը, բայց դա ագրեսիվ պատերազմ էր այդ երկրում խոցելի փոքրամասնություն կազմող համայնքի դեմ։ Սա շատ կարևոր է, խնդիրը պետք էր լուծել խաղաղ ձևով, բայց Ադրբեջանը զինված ուժ օգտագործեց՝ պատրվակ բերելով Շուշիի մոտ ինչ-որ ահաբեկչություն։ Մասշտաբների տարբերությունը տեսեք՝ 4 հոգի զոհվել է, որի համար 120 000 բնակչի դեմ պատերազմ է սկսվել։

2020թ-ի Արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ Արցախից, մասնավորապես՝ Հադրութից և Շուշիից տեղահանված և Հայաստան տեղափոխված բնակչությանը, փախստականի կարգավիճակ չտվեցին, նրանց անվանեցին «տեղահանվածներ»։ Ի՞նչ կարգավիճակի կարող է հավակնել այսօր զանգվածային բռնագաղթի ենթարկված արցախահայությունը, և ի՞նչ կտա նրանց փախստականի կարգավիճակը։

Քանի դեռ այդ մարդկանց անվտանգությունն ապահովված է, և պետությունը ձեռնարկում է տարբեր սոցիալական ծրագրեր, ամենակարևորը, նրանց ընդունում է, երկրորդական է, թե ինչ կարգավիճակ կտան։ Մանավանդ որ մեծ մասը կամ բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։

Չէ՞ որ նրանք Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։

Եթե այդպես են համարում, նշանակում է՝ մարդիկ փախել են իրենց ծագման երկրից, որն Արցախն է, և այնտեղ վերադառնալու երկյուղ ունեն։ Այդ դեպքում, ըստ ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» օրենքի, նրանք փախստական են։ Բայց, քանի որ ՀՀ քաղաքացիություն ունեն, ուրեմն առավել ճիշտ կլինի օգտագործել «բռնի տեղահանված» տերմինը։ Բոլոր դեպքերում, նրանց հասանելի են բոլոր այն իրավունքները, որոնք սովորաբար ապաստան հայցողներին է տրվում։ Նրանք չեն կարող վերադառնալ, որովհետև երկյուղ ունեն իրենց ծագման երկրում՝ պայմանավորված իրենց էթնիկ պատկանելիությամբ, որոշ մարդիկ էլ՝ իրենց քաղաքական հայացքներով։ Օրինակ՝ ղեկավար պաշտոն զբաղեցնողների նկատմամբ, ովքեր անընդհատ խոսել են անկախության մասին, կամ զուտ նրա համար, որ զենք են կիրառել, Ադրբեջանը կարող է քրեական հետապնդում իրականացնել։ Այս իմաստով նրանք լրիվ համընկնում են փախստականի կարգավիճակին։ Բայց Հայաստանի իշխանությունը, գուցե, վախենալով քննադատությունից, նաև այն պատճառով, որ այդ անձինք ունեն Հայաստանի քաղաքացիություն, չի ցանկանում փախստականի կարգավիճակ տալ։ Նշանակում է՝ առավել ճիշտ կլինի օգտագործել «բռնի տեղահանվածներ» տերմինը, որովհետև նրանք Արցախի Հանրապետությունից՝ իրենց ծագման երկրից են տեղահանվել։ Կամ էլ, եթե միջազգային խոսույթն ենք օգտագործում՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածքից։ Ինչևէ, Հայաստանն ընդունել է նրանց և օգնություն է տրամադրում, այս առումով էական չէ՝ փախստական կկոչես, թե՞ տեղահանված։

Արդյոք, տերմինների ընտրությունը չէ՞ պատճառը, որ միջազգային կազմակերպությունները հումանիտար օգնություն չեն ցուցաբերում այն ծավալով, ինչպես զանգվածային տեղահանումների դեպքում եղել է այլ երկրների ժողովուրդների աջակցելու դեպքում։

Առաջինը՝ իր ժողովրդի հումանիտար կարիքները բավարարելը Հայաստանի կառավարության պարտավորությունն է։ Երկրորդը՝ Հայաստանի կառավարությունը օգնության խնդրանքով չի դիմել միջազգային կազմակերպություններին, ինչպես Թուրքիան դիմեց սիրիացիներին ընդունելու ժամանակ։ ԱՄՆ ՄԶԳ-ն է ասել, որ պատրաստ են օգնություն տրամադրել, ԵՄ-ն հայտարարեց 5 մլն եվրո տրամադրելու մասին։ Զինված բախումներից հետո, սովորաբար, բնակչության որոշ մասը նաև դրսում է ապաստան խնդրում։

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (Զորյան ինստիտուտ, Տորոնտո), Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հայտարարություններ ընդունեցին, որոնցում գիտական հիմնավորումով Արցախում տեղի ունեցողը բնութագրեցին Ցեղասպանություն։ Միաժամանակ դատապարտեցին գերտերություններին և միջազգային կառույցներին, որոնք չկանխեցին Ցեղասպանությունը։ Կարո՞ղ ենք ասել, որ միջազգային իրավական միտքը, որ կարծես իր բարձրակետին էր հասել, չի կարողանում դիմակայել քաղաքականությանը։

Միջազգային իրավունքը ստեղծվում, զարգանում և գործում է պետությունների համաձայնությամբ։ Ուստի, միջազգային իրավունքը պետությունների համար և՛ գործելու, և՛ խուսանավելու հիմքեր է տալիս։ Որքան էլ կուռ ու ամբողջական միջազգային իրավունքի կառուցակարգ ունենանք՝ մինչև առնվազն երկու պետություն չհամաձայնեն, միջազգային իրավունքի ոչ մի նորմ, կառուցակարգ չի գործի։ Միջազգային իրավունքը պետությունների կամքից դուրս գտնվող կառուցակարգ չէ, բոլորը ստեղծվում են պետությունների համաձայնությամբ։ Միջպետական կազմակերպությունները, օրինակ՝ ԵԱՀԿ-ն, իր կազմում գտնվող 70-ից ավելի երկրների համար սահմանել է միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր՝ արտահայտվելու ազատության, հումանիտար իրավունքի վերաբերյալ և այլն։ Սակայն, մինչև այս պետությունները փոխհամաձայնության չգան, այդ նորմերը չեն կիրառվի։

Կարո՞ղ ենք այդ կոնտեքստում բացատրել Հաագայի դատարանի վճիռը չկատարելը։

Այո, հենց այդ կոնտեքստում է, Հաագայի միջազգային դատարանը չունի իր սեփական կառուցակարգը՝ հարկադիր ծառայությունը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ պետություններն իրենց միջազգային իրավունքից վեր են դասում։ Միջազգային իրավունքը պարտավորեցնում է պետություններին՝ որոշում կայացնել ու գործել, երբ մի երկրում տեղի է ունենում ցեղասպանություն կամ էթնիկ զտում։ Եթե ՄԱԿ-ի անդամ 15 երկրներ համաձայնեն, բայց մշտական անդամներից մեկն էլ չհամաձայնեց՝ ՄԱԿ-ի կառուցակարգը չի կարող գործել։ Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ կայացրած որոշումը միակ օրինակը չէ, նախադեպը կար մինչ այդ։ Իսրայելը բազմիցս Հաագայի դատարանի հեղինակությունը նսեմացրել է՝ բացեիբաց հայտարարելով, որ չի ենթարկվելու Պաղեստինի հետ ունեցած առճակատման վերաբերյալ կայացրած որոշումներին։

Ճիշտ է, Հաագայի դատարանի որոշումը ուղղահայաց չաշխատեց, բայց հորիզոնական շատ լավ աշխատեց։ Դատարանի որոշումից հետո բոլոր քաղաքական հարթակներում ասվում է, որ Լաչինի ճանապարհը փակ է և պետք է բացվի։ Մյուսները նայում էին, թե ինչ է ասել Արդարադատության միջազգային դատարանը և կրկնում էին, համոզված լինելով, որ ապացույցների և միջազգային իրավունքի հիման վրա է դա ասել։ Միայն Ադրբեջանն էր ասում, որ Լաչինի միջանցքը փակ չէ, և Թուրքիան, որն այնքան էլ վստահ չէր ասում, որ փակ չէ։ Դատարանի դերակատարությունն այն է, որ նշաձող է սահմանում, և բոլորն այն ընդունում են։ Դատարանը իրավական պաշտպանության միջոց է, բայց մինչև պետությունը չցանկանա, չկա որևէ այլ ուժ, որ հարկադրի կատարել դատարանի որոշումը։ Միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է որոշել, որ պետությունը չի կատարում դատարանի որոշումը և բանաձև ընդունել, բայց այստեղ էլ վետտոյի իրավունքն է գործում։

Գորիսում գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները տեխնիկական բոլոր միջոցներով փաստում են, որ արցախահայությունն իր տունն ու հայրենիքը լքում է այնտեղ թողնելով իր գույքը, իր սեփականությունը։ Իրավական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն, և ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ բռնի տեղահանված բնակչությունը իր սեփականության վերաբերյալ, նաև՝ Արցախի Հանրապետությունը, որը զգալի ռեսուրսներ ունի։ Փոխհատուցման հարց կարո՞ղ է դրվել։

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը ուղեցույց է տվել, այս փոքրիկ մոդելը կարելի է վերցնել և կիրառել այսօրվա համար։ Վճռում ասվում է, որ կա՛մ պետք է թույլ տալ վերադառնան ու տնօրինեն իրենց գույքը կա՛մ փոխհատուցում տրամադրել։ Եթե տարածքը մի պետությունից անցնում է մեկ այլ պետության իրավազորության տակ, և այդ պետությունն ունի իր օրենքները՝ չի կարող ասել, որ գույքային իրավունքները դադարում են, որովհետև դա այլևս Հայաստան չէ, այս տարածքն այլևս Ադրբեջան է։ Դա բխում է այն գաղափարից, որ մարդու իրավունքը ունիվերսալ է և ոչ ժամանակն է ազդում դրա վրա, ոչ էլ տարածքային իրավազորության փոփոխությունը։ Այսինքն, ովքեր իրենց գույքը թողել են Արցախում, չի նշանակում, որ կորցրել են գույքային իրավունքը։ Նույնիսկ, եթե փաստաթղթերը ոչնչացվել են, չի նշանակում որ գույքային իրավունքը կորցրել է։ Հետագայում արդեն իրավական գործընթացներով սահմանումները կտրվեն, բայց որոշումները կընդունեն պետությունները։

Սեպտեմբերի 19-21-ին ԵԽ նախարարների կոմիտեի հերթական նիստն է տեղի ունեցել, որտեղ քննվել է, թե Ադրբեջանն ինչպես է կատարում Եվրոպական դատարանի՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով կայացրած վճռի պահանջը։ Արդյոք, Ադրբեջանը ստեղծե՞լ է հանձնաժողով, որը պետք է փոխհատուցեր այդ գործով անցնող 450 անձանց։ Վճիռը կայացնելուց 8 տարի է անցել, բայց նրանց դեռ չեն վճարել։ ՄԻԵԴ-ը վճռով Ադրբեջանին պարտադրում է փոխհատուցել 1992-94թթ-ին հայ ազգաբնակչության կրած գույքային վնասը։ Ադրբեջանը նախկինում նշել է, որ ստեղծել է հանձնաժողով, Հայաստանն առարկեց՝ ասելով, որ գուցե հանձնաժողովը գոյություն ունի, բայց չկան ընթացակարգեր, այն մատչելի չէ, ոչ ոք չգիտի, թե որտեղ է գտնվում հանձնաժողովը։

Սարգսյանի տունը մնացել է Շահումյանի Գյուլիստան գյուղում, որը վաղուց Ադրբեջանի տիրապետության տակ է։ Քաղաքացիները հարկադրված են եղել լքել իրենց տները, և Ադրբեջանը պետք է փոխհատուցի նրանց գույքային վնասը։ Հարցի ամբողջական լուծումը քաղաքական տիրույթում կլինի, շատերն ակնկալում են, որ այն տեղ կգտնի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում։ Քաղաքական բանակցություններով պետք է որոշվի նաև, թե որքան փոխհատուցում են միմյանց տրամադրելու պետությունները՝ սկսած 1988թ-ից, իսկ սա արդեն իրավական գործընթացից դուրս է։ Իրավական գործընթացին հաջորդել է կիսաիրավական գործընթաց՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեում, որտեղ Ադրբեջանը 450 հոգու մասով խոստումներ է տվել։

Ադրբեջանը հայտնել է, որ ստեղծել է հանձնաժողով փոխհատուցում տրամադրելու համար։ ԵԽ-ի նախարարների կոմիտեն ասել է, որ միայն հայտարարում եք հանձնաժողովի մասին, բայց այն մատչելի չէ, չգիտենք՝ ովքեր են անդամները, ինչպես դիմել, ինչ փաստաթղթեր ներկայացնել։ Նախարարների կոմիտեն կրկին մեկ տարի ժամանակ տվեց մինչև 2024թ սեպտեմբեր, որպեսզի Ադրբեջանը զեկուցի՝ ստեղծե՞լ է հանձնաժողով, թե՞ ոչ։ Քաղաքական բանակցություններով պետք է փոխհամաձայնության գան, իսկ եթե ոչ՝ խաղաղության պայմանագրով, եթե այդ էլ չանեն՝ Նախարարների կոմիտեն կարող է բանաձև ընդունել։ Կոմիտեն հուշագիր է առաջարկել Ադրբեջանին, որի շրջանակում պետք է իրականացնի փոխհատուցումը, և մեկ տարվա ընթացքում կատարողականը պետք է ավարտեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter