HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը կմիջամտի արտարժույթի շուկային

Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) այսօր հայտարարել է, որ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

Թե ինչ գործառնությունների մասին է խոսքը, գլխավոր դրամատնից չեն մանրամասնում։ Սակայն, հաշվի առնելով դրամի կտրուկ արժեզրկումը վերջին երկու օրերին՝ ենթադրվում է, որ ԿԲ-ն պատրաստվում է դոլարային ինտերվենցիա իրականացնել` դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով։ Ավելի պարզ ասած՝ դոլար է ներարկելու շուկա, որը կարող է հանգեցնել դրա փոխարժեքի իջեցմանը կամ դրամի արժեզրկման տեմպերի նվազմանը։

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- նշված է ԿԲ-ի հայտարարության մեջ։

Վերջին երկու օրերին դոլարը դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել է։ Բանկերն ու փոխանակման կետերը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը։ 

Դեռևս մեկ շաբաթ առաջ սկսված դրամի արժեզրկումը նախ պայմանավորվում էր Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հոսքով, որից հետո դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ ավելացավ։ Արդեն վերջին երկու օրերին ստեղծված իրավիճակը մասնագետները խուճապի հետևանք են որակում: Դոլարի թանկացումը քաղաքացիներին ստիպում է շտապել դոլար գնել՝ դրանով իսկ նպաստելով պահանջարկի բարձրացմանն ու դոլարի էլ ավելի թանկացմանը։

Այսօր առավոտյան դոլարի վաճառքը հայաստանյան բանկերում հատել է 450 դրամի շեմը և մոտեցել է 460 դրամին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter