HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերն ու փոխանակման կետերը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը

Վերջին շաբաթում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 7%-ով։ Կամ այլ խոսքով՝ դոլարը այդքանով թանկացել է։ Դոլարի փոխարժեքը առավելի տեսանելի բարձրացել է վերջին երկու օրերին։ 

Բանկերի և փոխանակման կետերի մի մասը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը։ Այս աշխատանքային օրվա վերջում արդեն նրանցից շատերը առհասարակ դոլար չեն վաճառում։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հոսքին զուգահեռ կտրուկ ավելացել է դոլարի նկատմամբ պահանջարկը։ 

Եթե մեկ շաբաթա առաջ 1 ԱՄՆ դոլարի թե առքը, թե վաճառքը 390 դրամը չէր գերազանցում, ապա այսօր՝ 15:00-ի դրությամբ, փոխանակման կետերում դոլարի առքը 410-420 դրամի սահմաններում էր, վաճառքը՝ 430-435 դրամի։ Երկու ժամ անց վաճառքի փոխարժեքը հատեց 440 դրամի շեմը։ 

Հոկտեմբերի 3-ի դրությամբ, ըստ Կենտրոնական բանկի, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.45 դրամ՝ ընդամենը մեկ օրում ավելանալով 11.24 դրամով։ Մեկ շաբաթվա ընթացքում դրամն արժևորվել է մոտ 7%-ով։

Մեկ ամիս առաջ այն կազմել է մոտ 386 դրամ։

«Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը, համադրելով ներբանկային շուկայում դոլարի առքի և վաճառքի տարբերությունները, եզրահանգել է, որ վերջին օրերին դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է։ 

Հաշվի առնելով, որ դոլարի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը արձանագրվել է Արցախում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր՝ ընկերության վերլուծաբանները ենթադրում են, որ վերջին օրերին դրամի արժեզրկումը պայմանավորված է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից բխող խուճապային տրամադրություններով, աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության սպասումներով։ 

Փոխարժեքի շուկան անմիջապես արձագանքում է երկրում տիրող իրադարձություններին։ Առաջին անգամ չէ, որ քաղաքական և ռազմական իրադարձությունների հետևում է դոլարի թանկացումը։ Վերջին տարիներին նման օրինակները բազմաթիվ են։ 2022 թվականի սեպտեմբերին ևս Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների ֆոնին ևս դոլարը սկսեց բարձրանալ։ 

Բանկերը, վարկային կազմակերպություններն ու փոխանակման կետերը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը

Մեր կատարած հարցումների ժամանակ բանկերի և փոխանակման կետերի մի մասում նշեցին, որ դոլար կանխիկ վաճառում են կամ շատ սահմանափակ քանակով՝ հիմնականում մինչև 200, 300 դոլար։ Որոշ բանկեր էլ միայն անկանխիկ եղանակով են վաճառում, որևէ կերպ կանխիկ դրամի դեպքում դոլար չեն տրամադրում։ 

Վարկային կազմակերպություններից մեկում աշխատակիցը նշեց, որ օրվա ընթացքում հաճախորդների մեծ ծավալի դոլար գնելու համար են մոտեցել մասնաճյուղ։ Հարցին, թե մեծ ծավալ ասել ինչ նկատի ունի՝ պատասխանեց, որ ընդհուպ մինչև 50-60 հազար դոլար են ցանկանում գնել։ Մեր այցելած պահին մասնաճյուղում նշեցին, որ դոլար առհասարակ չեն վաճառում, նույնիսկ՝ փոքր ծավալով։ 

Բանկերում, վարկային կազմակերպություններում և փոխանակման կետերում այսօրվա աշխատանքային ժամերին մեր անցկացրած հարցումների ժամանակ աշխատակիցները հիմնականում հրաժարվում էին պատասխանել, թե ինչով է պայմանավորված դոլարի բարձրացումը, առավել ևս՝ կանխատեսել, թե որքան այն կշարունակվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter