HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարը թանկանում է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների ֆոնին 

Դոլարը հայկական դրամի նկատմամբ թանկացման միտումներ է ցույց տալիս: Այսօր առավոտյան (սեպտեմբերի 14)՝ 10:00-11:00-ի սահմաններում, բանկերն ու փոխանակման կետերը դոլարը կանխիկով վաճառում էին 417-418 դրամով, գնում՝ 405-409  դրամով:  

Երկու  ժամ անց փոխանակման կետերում վաճառքը հասավ 420-421 դրամի, առքը՝ 412-413 դրամի:    

Փոխանակման կետերում մեր անցկացրած հարցումների ժամանակ աշխատակիցները հիմնականում հրաժարվում էին պատասխանել, թե ինչով է պայմանավորված դոլարի բարձրացումը։ Իսկ կանխատեսել, թե որքան այն կշարունակվի, հնարավոր չէ։

Միայն երկու կետերում նշեցին, որ երեկվանից՝ սեպտեմբերի 13-ից, թշնամու կողմից Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին տեղեկություններից անմիջապես հետո «դոլար գնողներն են շատացել»:         

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նկատում է, որ սա առաջին հերթին բնակչության շրջանում խուճապային տրամադրությունների հետևանքն է։

«Դոլարի նկատմամբ պահանջարկն է բարձրացել մարդկանց սպասումների արդյունքում։ Տնտեսական հիմքեր՝ կապված փողի զանգվածի կամ Կենտրոնական բանկի գործողությունների հետ, այս պահին չենք տեսնում։ Ավելի ուշ դա կարող է Կենտրոնական բանկը ներկայացնել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մարգարյանը։

Տնտեսագետը չբացառեց նաև, որ դոլարի բարձրացումը սպեկուլյատիվ գործողությունների հետևանք կարող է լինել։ 

Թեև աշխարհում դոլարը կայունացման միտումներ է ցույց տալիս վերջին մեկ-երկու ամսում, սակայն Հայաստանում մինչև այս հարձակումները նման միտում չի նկատվել։ 

«Դոլարն այնքան չի բարձրացել, որ անհանգստության տեղիք տա»

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը ևս համարում է, որ դոլարի թանկացումը խուճապի արդյունք է, և այն չունի տնտեսական հիմքեր։ «Հուլիս-օգոստոսին արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներն են շատ եղել, արտահանումն է աճել, որոնց միջոցով դոլար է մտել Հայաստան, հետևաբար՝ դոլարի քանակը խնդիր չի եղել, որ այն թանկանար»,- նշում է տնգտեսագետը։

Բագրատ Ասատրյանը կարծում է, որ այս միտումը կարճաժամկետ է, քանի դեռ դոլարի թանկացման տնտեսական հիմքեր չեն առաջացել։ Նա նաև շեշտում է, որ առայժմ դոլարն այնքան չի բարձրացել, որ անհանգստության տեղիք տա։  

Տնտեսագետը նկատում է, որ դոլարի թանկացում առաջին հերթին արձանագրում են փոխանակման կետերը, իսկ բանկերը վերջին երեք ամսում ավելացրել են անկանխիկ փոխանակումները, որոնց դեպքում փոխարժեքն ավելի ձեռնտու է։ 

«Այս պահին բանկերում արտարժույթի փոխանակման փոխարժեքները կանխիկի և անկանխիկի դեպքում խիստ տարբեր են։ Բանկերից փող չեն հանում, քանի որ կանխիկացնելուց միջնորդավճարներ են պահվում։ Իսկ փոխանակման կետերում մարդիկ պարզապես իրենց մոտ եղած դրամը դոլարի են վերածում»,- ասում է Բագրատ Ասատրյանը։  

Փոխարժեքի շուկան բավականին արագ է արձագանքում երկրում տեղի ունեցող ճգնաժամային իրավիճակներին։ Հայկական դրամը սկսում է արժեզրկվել, երբ սահմանին հարձակումներ են լինում Ադրբեջանի կողմից ու լարվածություն։ Երբեմն այս արժեզրկումը կարճաժամկետ բնույթ է կրում, երբեմն՝ ամիսներ տևում։ 

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է հարվածային անօդաչու սարքեր։

Թեև մնացած ուղղություններով էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր՝ Ժամը 8:00-ին Ադրբեջանը նորից հարձակումներ է սկսել Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։    

Մինչ Հայաստանի վրա հարձակումը դրամի դոլարի նկատմամբ շարունակաբար արժևորվում էր: Այս տարի դոլարը կտրուկ թանկացավ փետրվարի վերջից մինչև մարտի կես, որից հետո դրամը սկսեց ամրապնդել դիրքերը: Արդյունքում մարտից հետո դոլարը շուրջ 20%-ով էժանացել էր:

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ սեպտեմբերի 12-13-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405-406  դրամ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter