HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերը հայտարարում են, որ զիջումների են գնում արցախցիների վարկերի և գրավադրված ոսկիների հարցում 

Հայաստանյան բանկերի մի մասը, որոնք Արցախում մասնաճյուղեր են ունեցել, հայտարարում են, որ պատրաստ են զիջումների արցախցիների վարկերի հարցում։ Նրանց մի մասը հավաստիացնում է, թե արդեն իսկ վերադարձրել է գրավադրված ոսկիները։  

Արցախում գործած բոլոր բանկերի հետ ընդհանուր քննարկում է նախատեսվում վարկային համաներման և նմանատիպ հարցերի շուրջ՝ միատեսակ որոշումներ կայացնելու և մոտեցումներ ցուցաբերելու նպատակով։ Ավելի վաղ Կենտրոնական բանկից ևս հայտարարել են, որ տեղահանված արցախցիների վարկերի մասով անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն։ Խոսքը նաև համեմատաբար խոշոր վարկերի, օրինակ՝ հիփոթեքի մասին է։ 

«Արդշինբանկ»-ից հավաստիացնում են, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ավանդների մասով որևէ խնդիր չի առաջացել այս ընթացքում։ Նրանք շարունակում են նույն պայմաններով սպասարկվել Հայաստանում։ 

«Բանկն իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ և՛ բարեգործական բնույթի, և՛ գործարար աջակցության: Ոսկու գրավների մեծ մասն արդեն տրամադրվել է քաղաքացիներին, մնացած մասը նույնպես կտրամադրվի ըստ պահանջի: Արդշինբանկն արդեն բավական երկար ժամանակ իրականացնում է մեծածավալ բարեգործական ծրագրեր բռնի տեղահանվածների, նրանց ընտանիքների համար»,- «Հետքին» ասել են բանկից:

«Հայէկոնոմբանկ»-ը, ըստ բանկի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանի, բռնի տեղահանված  արցախցիներին ստեղծված իրավիճակի «թեժ պահին» հրավիրել է բանկի մասնաճյուղ և գրավադրված շուրջ 200 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա իրերը առանց որևէ գումարի վերադարձրել:

«Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ավանդների մասով որևէ խնդիր չի առաջացել, և «Հայէկոնոմբանկ»-ը շարունակում է սպասարկել իր բոլոր ավանդատուներին»,- նշել է Մկրտչյանը: 

«Հայէկոնոմբանկը» նաեւ հայտարարում է, որ պատրաստակամ է Կենտրոնական բանկի հետ քննարկել բոլոր առաջարկությունները, որոնք կարող են «փոքր-ինչ թեթևացնել մեր հայրենակիցների հոգսերը»:

«Արարատբանկ»-ը ևս հայտարարում է, որ պատրաստ է և արդեն իսկ ընդառաջել է արցախահայությանը՝ բռնի տեղահանման օրերից սկսած։ 

Բանկից տեղեկանում ենք, որ Արցախում գործած բոլոր բանկերի հետ ընդհանուր քննարկում է նախատեսվում՝ վարկային համաներման վերաբերյալ միատեսակ որոշումներ կայացնելու և մոտեցումներ ցուցաբերելու նպատակով։

Ինչ վերաբերում է «Արարատբանկ»-ում արցախցիների գործող ավանդներին, ապա դրանց հետ կապված որևէ խնդիր, ըստ բանկի մամուլի պատասխանատու Աննա Ալլահվերդյանի, մինչև այժմ չի առաջացել։ 

«ԱՀ քաղաքացիները կարող են մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ և վաղաժամկետ խզել ավանդային պայմանագիրը։ Նոր ավանդների կնքման դեպքում կգործեն այդ պահին բանկում գործող տոկոսադրույքներն ու սակագները»,- նշել է Ալլահվերդյանը։ 

Ըստ նրա՝ Արցախի դեմ թշնամու կողմից սեպտեմբերի 19-ից մեկնարկած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ «Արարատբանկ»-ը դեռ տեղահանման օրերին որոշում էր կայացրել վերադարձնել այդ պահին Արցախում գտնվող վարկառուների գրավադրված ոսկյա զարդերը։

«Բռնի տեղահանման օրերին Ստեփանակերտի մասնաճյուղ դիմած ավելի քան 400 վարկառուի վերադարձվել են ոսկյա զարդերը, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ»,- տեղեկացրին բանկից։

«Յունիբանկ»-ն Արցախում չի ունեցել էական վարկային պորտֆել, հետևաբար վարկերի գծով էական խնդիրներ չեն առաջացել։ Բանկը կշարունակի Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ավանդների սպասարկումը Հայաստանում, խոստանում են, որ այս մասով որևէ խնդիր չի կարող ծագել: Ավանդատուները կարող են դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ:

««Յունիբանկն» ընդգրկված է ՀՀ Կառավարության Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում, որի շրջանակում ավելի քան 400 ընտանիքների տրամադրվել են 4.7 մլրդ դրամի հիփոթեքային վարկեր: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար «Յունիբանկում» քարտի և հաշվի բացումն ու սպասարկումն առաջին տարվա համար լինելու է անվճար»,- նշում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Արցախցիների վարկերի ու ավանդների վերաբերյալ գրավոր հարցումներ ենք ուղարկել նաև Արցախում մասնաճյուղեր ունեցած «Կոնվերս բանկ»-ին, «Հայբիզնեսբանկ»-ին, ինչպես նաև՝ «Արցախբանկ»-ին, որոնց պատասխանները կհրապարակենք ստանալուն պես։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter