HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վճարումների հետաձգում, ոսկիների վերադարձ. ևս երեք բանկ խոստանում է աջակցել արցախցի վարկառուներին

«Հայբիզնեսբանկ»-ը մեկնարկել է Արցախից տեղահանված վարկառու հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի վարկային պարտավորությունների հերթական վճարումների հետաձգման ծրագիր, որը դեռևս ընթացքի մեջ է։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են բանկի ղեկավարությունից։

Ըստ բանկի՝ նշված ծրագրից արդեն օգտվել և շարունակում են օգտվել Արցախից տեղահանված քաղաքացիներ։ Ծրագրից օգտված քաղաքացիների նկատմամբ ժամկետանցման դեպքում չեն հաշվարկվելու և չեն կիրառվելու պայմանագրով նախատեսված տույժեր, տուգանքներ։

Հայաստանում գտնվող արցախցիներին այս պահին նոր վարկերի տրամադրումը «Հայբիզնեսբանկ»-ում հնարավոր է գրանցված աշխատանքի առկայության, բանկի կողմից հաստատված վարկային պատմության և այլ չափանիշներին բավարարելու դեպքում։

Ինչ վերաբերում է ավանդներին, ապա դրանք սպասարկվում են Հայաստանում գործող մասնաճյուղերի կողմից առանց խոչընդոտների։

««Հայբիզնեսբանկ»-ը մասնակցել է արցախցիներին պետական աջակցության տրամադրման ծրագրին։ Հոկտեմբերի 2-ից սկսած՝ պետական աջակցության գումարների ստացման նպատակով Բանկի բոլոր մասնաճյուղերը Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրում են անվճար պլաստիկ քարտեր՝ աջակցության գումարների հարմարավետ և անվճար կանխիկացման նպատակով»,- նշում են բանկից։

Արցախում գործունեություն ծավալած մեկ այլ բանկից՝ «Կոնվերս Բանկ»-ից,  հավաստիացնում են, որ Արցախում պատերազմական գործողությունների առաջին իսկ օրից արցախցիների սպասարկումն իրականացվել է արտոնյալ պայմաններով։ Մասնավորապես, դադարեցվել է տոկոսների և տույժերի հաշվեգրումը, հաճախորդներին են վերադարձվել գրավադրված ոսկյա զարդերը։

«Հարկ ենք համարում նաև նշել, որ Արցախից տեղափոխված հաճախորդների խնդիրներին հրատապ լուծում տալու նպատակով բանկում ձևավորվել և գործում է հատուկ հանձնաժողով։ Բանկի ուշադրության կենտրոնում են նաև Արցախից տեղահանված անձանց կենցաղային և հումանիտար խնդիրները, որոնց մասով ևս բանկն արդեն իսկ իրականացրել է և շարունակելու է իրականացնել մի շարք միջոցառումներ»,- նշված է բանկի պատասխանում։

Իսկ բանկում ունեցած ավանդները հաճախորդներն ազատ են տնօրինել ըստ իրենց հայեցողության։

«Արցախբանկ»-ը հոկտեմբերի 10-ին հայտարարություն է տարածել, որ վերադարձնում է Արցախում տրամադրված ոսկու գրավով վարկերի համար գրավադրված ոսկյա իրերը՝ առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարման:

«Տեղեկացնում ենք, որ Բանկը Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավել վարկառուների վերադարձրել է վերջիններիս գրավադրած ոսկյա իրերը, ինչպես նաև նախատեսում է 500-ից ավել հաճախորդների ևս վերադարձնել: Ս.թ. հոկտեմբերի 11-ից սկսած Բանկի այն հաճախորդները, ում չի հաջողվել Արցախում ստանալ գրավադրված ոսկյա իրերը, կարող են անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ Բանկի Նաիրի մասնաճյուղ (հասցե՝ ք.Երևան 0001, Սայաթ-Նովա պող. 10/1)»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է վերջերս բանկի արցախյան մասնաճյուղերից մեկում՝ Մարտունու մասնաճյուղում գրավադրված ոսկյա իրերի գողության դեպքին,  բանկի անդրադարձում միայն նշվում է, որ այդ փաստով 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավելի վաղ հայաստանյան բանկերից ևս չորսը, որոնք մասնաճյուղեր են ունեցել Արցախում, «Հետք»-ի հարցումներին ի պատասխան հայտարարել են, որ զիջումների են գնում արցախցիների վարկերի և գրավադրված ոսկիների հարցում։ 

Բանկերը, ընդհանուր առմամբ, հայտարարում են վարկերի վճարումների հետաձգումների մասին, ոսկյա իրերի վերադարձի մասին, սակայն հայտնի չէ այն վարկառուների ճակատագիրը, որոնք Հայաստան տեղափոխվելուց հետո չունեն աշխատանք և եկամուտ, հետևաբար պարզ չէ՝ անգամ մարումների հետաձգված ժամանակացույցի պարագայում կկարողանա՞ն վճարել իրենց պարտավորությունները, թե՞ ոչ։

Տեղահանված արցախցիների վարկերի մասով անհատական կամ ընդհանուր լուծումներ մասին է հայտարարել Կենտրոնական բանկը։ Սակայն, գլխավոր դրամատնից չեն մանրամասնում, թե ինչ լուծումների մասին է խոսքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter