HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուն դառնալու հույսով

Սեպտեմբերի 25-ի կեսօրին Արեւիկ Իսրայելյանն ամուսնու հետ գնացել էր աշխատավայր՝ Արցախի գիտական կենտրոն։ Դռները բաց էին, բանալիները՝ ներսում դրված։ Կենտրոնի ապաստարանից օգտվում էին նաեւ կից դպրոցի աշակերտները։ Մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի լաբորատորիա մտնելով՝ Արեւիկը հասկանում էր, որ հրաժեշտ է տալիս 13 տարվա հարազատ վայրին։

Մտքերը ցրված էին, զգացումները՝ խառը։ Վերցրել էր մի քանի անհրաժեշտ փաստաթղթեր։ Ամուսինը հարցրել էր, թե արդյոք մանրադիտակն իրեն պետք չի լինելու։ Դրական էր պատասխանել ու վերցրել այն։ 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանում էր, այդ մանրադիտակը պատվիրել էր Իտալիայից։ 2020 թ. նոյեմբերի կեսերին տեղ էր հասել, որից երկու շաբաթ անց ամուսնու մեքենայով տարել էին Արցախ։ Մանրադիտակն այսօր այն մի քանի արժեքավոր սարքերից է, որ կարողացել են փրկել Արցախի գիտական կենտրոնից։ Փոխարենը, Ստեփանակերտի աշխատավայրի սեղանին են մնացել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթից ստացած մրցանակը, փոքր ու արժեքավոր իրեր։ Լաբորատորիայում են մնացել նաեւ մանրէազերծման նոր սարքերը, որոնք նոր էին ձեռք բերել։ Դրանք Արցախ էին հասցրել շրջափակման օրերին՝ Կարմիր խաչի միջոցով, սակայն այդպես էլ մնացին չօգտագործված։ «Մեկ-մեկ որ մտածում ես՝ ինչ ենք թողել… բայց էդ պահին մարդու համար ամենաթանկ բանը մարդկային կյանքն է»,- նշում է Արեւիկը։

Սեպտեմբերի 26-ի առավոտյան ժամը 7-ին Արեւիկն ընտանիքի հետ, ինչպես ինքն է ասում, բռնել է 40-ժամյա գաղթի դժոխային ճանապարհը։ Այդ ընթացքում 5 ամսական որդու ժպիտն էր օգնում՝ դիմանալու նոր սկսվող դժվարին ճանապարհին:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Արեւիկ Իսրայելյանն Արցախի գիտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրենն էր, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ղեկավարը։

2010 թ․ Արցախի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվել էր Արցախի գիտական կենտրոն՝ սկզբից լաբորանտ էր, հետո՝ գիտաշխատող։

Նկատում է, որ իրենք Արցախի գիտական կենտրոնի առաջին սերունդն էին։ 2010 թ․ մինչեւ 2023 թ. սեպտեմբերը՝ դուրս գալու պահը, համագործակցում էին ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ։

Ի՞նչ էին հետազոտում Արցախում

Արցախի գիտական կենտրոնը հիմնվել է 2007 թ․ դեկտեմբերին ԼՂՀ կառավարության որոշմամբ։ Կենտրոնում մի քանի լաբորատորիաներ էին գործում՝ մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի, էկոլոգիայի, քիմիայի եւ գյուղատնտեսության, ռադիոֆիզիկայի, աստղագիտության, պատմության։

2015 թ․ Արեւիկ Իսրայելյանը հասարակական հիմունքներով սկսել է ղեկավարել մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի լաբորատորիան։ 2011 թ․ սկսել էին ուսումնասիրել Արցախի տարբեր շրջանների ընտանի կենդանիների կաթից անջատված կաթնաթթվային բակտերիաները։

12 տարվա ընթացքում ստեղծել են Արցախի կաթնաթթվային մանրէների գենոֆոնդը։ Բարեբախատաբար, այդ մանրէների հավաքածուն պահպանված է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում։ Քանի որ զուգահեռ էին աշխատում, աշխատանքների մի մասն իրականացնում էին Հայաստանում՝ բերելով հավաքած նմուշները։ Հետազոտությունների հիման վրա ստեղծել են ավելի քան 200 կաթնաթթվային մանրէների գենոֆոնդ։ Արեւիկի խոսքով՝ այս գենոֆոնդը հարստություն է։

Հավաքված հիմնական շտամերը, որոնք նույնականացվել են եւ անձնագրեր ունեն, գտնվում են «Հայկենսատեխնոլոգիայի» Մանրէների ավանդադրման կենտրոնում, իսկ մնացածը, որոնք դեռ նույնականացում չեն անցել, գտնվում են պրոբիոտիկների տեխնոլոգիայի լաբորատորիայում։ «Մանրէների կորուստ չենք տվել այնտեղ, հետագա աշխատանքները կշարունակենք»,- ասում է Արեւիկը։

Ո՞րն է մանրէների նշանակությունը

Մանրէն նույն բակտերիան է։ Արեւիկ Իսրայելյանի փոխանցմամբ՝ մարդու աղեստամոքսային համակարգում կան օգտակար մանրէներ, սակայն ոչ նորմալ սնունդն ու կենսակերպը հանգեցրել են նրան, որ դրանք խիստ նվազել են մարդու օրգանիզմում։ Մինչդեռ բակտերիաներն ապահովում են մարդու օրգանիզմի միկրոֆլորան՝ կանխելով մի շարք հիվանդությունների առաջացումը։

Մեր զրուցակիցն ասում է՝ աղեստամոքսային համակարգը մարդու «երկրորդ ուղեղն» է։ Եթե այն նորմալ կենսագործունեություն չի ունենում, չի կարող առողջ իմունիտետ ապահովել։ Դրա համար օգնության են հասնում կաթնաթթվային մանրէները։ Դրանք, լինելով օգտակար բակտերիաներ, սնունդ են դառնում աղիների բակտերիաների համար։

Մանրէներ սննդի, կերարտարդության եւ բժշկության համար

Արցախի գիտական կենտրոնում ստեղծվել են մանրէներ թե՛ մարդկանց ֆունկցիոնալ սննդի, թե՛ կերարտադրության, թե՛ բժշկության համար։

Ֆունկցիոնալ սննդի մանրէներից արցախցի գիտաշխատողը նշում է «Հայկենսատեխնոլոգիայի» հետ համագործակցությամբ ստեղծված «Նարինե պլյուս» կաթնամթերքը։ «Հայկենսատեխնոլոգիայի» «Նարինե» շտամն ու Արցախի գիտական կենտրոնում գոմեշի մածունից անջատված կաթնաթթվային բակտերիաները խառնել էին իրար եւ ստացել նոր արտադրանք՝ «Նարինե պլյուս»։ 2022 թ․ հունվարից Արցախում սկսվել էր դրա արտադրությունը։ Արտադրամասը հենց գիտական կենտոնում էր։

Մանրէների հաջորդ ուսումնասիրությունն արցախցի գիտաշխատողները կատարել են բժշկության մեջ։ «Թոքաբորբի հարուցիչների դեմ ուսումնասիրում էինք ավանակի կաթից անջատված կաթնաթթվային բակտերիայի մետաբիոտիկն ու պոլիշաքարը։ Բավականին լավ արդյունքներ էինք ստացել՝ հետագայում դրանք որպես բուժկանխարգելիչ միջոց օգտագործելու համար մի շարք հակաբիոտիկների փոխարեն։ «Հայկենսատեխնոլոգիայում» կշարունակենք տվյալ ուղղությամբ աշխատանքները»,- ասում է Արեւիկ Իսրայելյանը։

«Կարոտ ես մնում քո առօրյային»

Արեւիկին հանդիպեցինք «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի պրոբիոտիկների տեխնոլոգիայի լաբորատորիայում։ Երկրորդ օրն էր, ինչ աշխատանքի էր անցել։ Մտքերով դեռ Արցախում է։ Ասում է՝ այնպիսի խառնաշփոթ է մարդու գլխում, որ չես կարողանում կենտրոնանալ աշխատանքի, առօրյայի վրա։

«Ինձ զգում եմ հյուրի կարգավիճակում, երբ 2010-ից գալիս էի, աշխատանքներ էի անում, մտքումս այն էր, որ երեւի վաղը հետ կդառնամ տուն։ Այդպիսի զգացումներ են մոտս հիմա,- նկատում է «Հետքի» զրուցակիցն ու քիչ անց ավելացնում,- սա էլ է իմ հարազատ միջավայր, բայց մեկ է՝ կարոտ ես մնում քո առօրյային»։

Արեւիկը հույս ունի, որ հնարավորության դեպքում Արցախի փոքրիկ գիտական կենտրոն կստեղծեն Հայաստանում։ Կենտրոնի 40 աշխատակիցներն իրար հետ կապի մեջ են, փորձում են օգնել մեկը մյուսին։ Աշխատողներից մի քանիսն պատմել են, որ վերջին պահին Արցախից հող են վերցրել իրենց հետ։ Արեւիկը հիշում է՝ ինքն էլ ճանապարհին ամուսնուն հարցրել էր, թե հող չվերցնե՞ն, ամուսինն ասել էր, թե ինչի՞ ես վերցնում, մեկ է՝ էլի հետ ենք գնալու։

 44-օրյա պատերազմից հետո սովորել են ապրել օրվա տվյալ պահով: Արեւիկը տխուր ժպտում է: 1990-ականների առաջին պատերազմի ժամանակ 3 տարեկան էր, հիմա պատերազմների միջով անցել են նրա 4 զավակները: Հույս ունի, որ Հայաստանում Արցախի գիտական կենտրոնը կշարունակի իր գործունեությունը, եւ իրենց ողջ կազմը դարձյալ կհանդիպի նույն աշխատավայրում:

Տես նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter