HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պարտքի տոկոսներ, պաշտպանություն, թոշակներ. ինչպես կծախսվի 2024-ի բյուջեն

Հայաստանի պետական բյուջեի ծախսային առաջնահերթությունները 2024-ին կշարունակվեն նախորդ տարիների տրամաբանությամբ։ Կենսաթոշակները, պետական պարտքի գծով տոկոսավճարները, ռազմական պաշտպանությունը գլխավորում են ծախսերի ցանկը։ Բացի նշված երեք ուղղություններից, ծախսերի էական աճ է նախատեսվում կրթության ոլորտում, մասնավորապես՝ կրթական հաստատությունների նորոգման և կառուցման գծով։

Բյուջե-2024-ը («Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք նախագիծ) արդեն արժանացել է Կառավարության անդամների հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով։ Հոկտեմբերին այն քննարկվել է Ազգային ժողովի հանձնաժողովներում։ Առաջիկայում կհայտնվի նաև լիագումար նստաշրջանի օրակարգում։

Թեև տեսականորեն, մինչև վերջնական ընդունումը բյուջեի նախագծում կարող են փոփոխություններ լինել, սակայն ինչպես ցույց են տվել նախորդ տարիների տվյալները, առաջնահերթ ցուցանիշների մասով էական փոփոխություններ չեն գրանցվում։ Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվում է այն տեսքով, ինչպես առաջարկել է այն մշակող Ֆինանսների նախարարությունը։

Ծախսերն ավելի արագ են աճում, քան եկամուտները. դեֆիցիտը մեծանում է

Կառավարությունը կանխատեսում է, որ եկող տարի պետական բյուջե կմուտքագրվի 2 տրիլիոն 676 մլրդ դրամ դրամ։ Դրա մեծ մասը կհավաքագրվի հարկերի հաշվին։

Նույն տարում կծախսվի 3 տրիլիոն 17 մլրդ դրամ, ինչի արդյունքում բյուջեում 341 մլրդ դրամ դեֆիցիտ կգոյանա, քանի որ պլանավորված ծախսերը եկամուտներից շատ են։

Պետական բյուջեի եկամուտները, ծախսերն ու դեֆիցիտը տարեցտարի աճում են։

Գալիք տարվա համար ծախսերի ավելի արագ աճ է սպասվում, քան եկամուտների։

Մասնավորապես, 2023 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ եկամուտները 2024-ին, ըստ նախագծի, կաճեն մոտ 311 մլրդ դրամով կամ 13.1%-ով։ Կանխատեսվում է, որ այդ ընթացքում ծախսերը կաճեն 415 մլրդ դրամով կամ 15.9%-ով։ Իսկ դեֆիցիտը կմեծանա 104 մլրդ դրամով։

Կառավարությունը ինչպես այս, այնպես էլ գալիք տարվա համար կանխատեսում է 7% տնտեսական աճ։ Իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%։ 

«2022թ. դրական զարգացումների պայմաններում Հայաստանի տնտեսությունը գտնվել է ներուժային մակարդակից ավելի բարձր դիրքում՝ մտնելով դրական ճեղքի տիրույթ, ըստ կանխատեսումների` 2023թ. և 2024թ. ՀՀ տնտեսությունը կշարունակի մնալ դրական ճեղքի տիրույթում։ Միաժամանակ, պետական կապիտալ ծախսերի մակարդակի թիրախային բարձրացման, կառուցվածքային բարեփոխումների իրականացման եւ արտահանման առաջանցիկ աճի պայմաններում, ինչպես նաեւ ՀՀ տեղափոխված ՏՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների գործունեության արդյունքում ներուժային աճը միջնաժամկետում աստիճանաբար կբարձրանա»,- նշված է բյուջեի ուղերձում։

Սակայն, միաժամանակ Հայաստանի տնտեսության վրա ազդող ռիսկերը քիչ չեն։ COVID-19 համավարակի հետևանքները դեռ չհաղթահարած` տարածաշրջանը բախվեց ռուս-ուկրաինական հակամարտության առաջացրած աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերներին։ Բյուջեն նախագծող Ֆինանսների նախարարությունը համարում է, որ Ռուսաստանի դեմ կիրառված աննախադեպ պատժամիջոցները դեռ համավարակից չսթափված աշխարհում ստեղծել են նոր իրականություն և անորոշություն տնտեսության մեջ։ 

Վերջին երկու տարիներին Ռուսաստանից Հայաստան մարդկանց և կապիտալի ներհոսքը, ինչպես նաև` վերաարտահանումները Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժն են եղել։ Գալիք տարվա տնտեսական գլխավոր ռիսկերի շարքում է դեպի Հայաստան Ռուսաստանից մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքի հետշրջումը։ 

Բյուջեի ծախսերի գերակայությունները մնում են նույնը։ Ծախսերում ամենախոշոր երեք ուղղություններն են` սոցիալական պաշտպանությունը (նպաստներ, թոշակներ), ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները (պետական պարտքի տոկոսավճարներ, պետական ապարատի պահպանում) և ռազմական պաշտպանությունը։

Ինչպես նշվեց վերևում, 2024 թվականին պլանավորված է ծախսել 3 տրիլիոն 17 միլիարդ  դրամ։   Ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 322 մլրդ դրամ կամ ամբողջ ծախսերի 77%-ը, իսկ կապիտալ ծախսերը՝ 695 միլիարդ դրամ։ 

Ընթացիկ ծախսեր են, օրինակ, կենսաթոշակները, նպաստները, պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը, պետական պարտքի գծով տոկոսավճարները և այլն։ Կապիտալ ծախսերը՝ ճանապարհների բարեկարգում, դպրոցների, հիվանդանոցների կառուցում, վերանորոգում և այլն։ 

«2024թ. պետական բյուջեի շրջանակներում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը»,- նշված է բյուջեի ուղերձում:

2024-ի ծախսերը 2023 թվականի բյուջեով հաստատված ցուցանիշի համեմատ ավելանում են 426 մլրդ դրամով (սա փոքր-ինչ տարբերվում է 2023-ի սպասվող ցուցանիշից, քանի որ ծախսերի ցուցանիշը տարվա ընթացքում կառավարության որոշումներով փոփոխվում է): 

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվում է 755 միլիարդ դրամ` 16%-ով ավելի, քան նախորդ տարվա բյուջեի նախագծով հաստատված ցուցանիշն է։ Սա ծախսային ամենախոշոր ուղղությունն է 2024-ին։ Ընդհանուր ծախսերում այն զբաղեցնում է 25%։ Այստեղ առյուծի բաժինը ծերության կենսաթոշակներինն է։ Սոցիալական պաշտպանության ներքո պետք է հասկանալ նաև վատառողջության և անաշխատունակության, գործազրկության, բնակարանային ապահովման և սոցիալական այլ ծրագրերի ուղղությամբ պետական բյուջեից  քաղաքացիներին գումարների հատկացումը։

Եկող տարվա բյուջեի երկրորդ խոշոր ուղղությունը ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են։ Այս ուղղությունը «խլում է» բյուջեի ծախսերի 19.7%-ը կամ մոտ 596 մլրդ դրամ։ Այս ուղղությամբ ծախսերն աճում են 16%-ով։ Սա ներառում է պետական մարմիններին՝ նախարարություններին, կառավարությանը, ԱԺ-ին և մնացած պետական մարմիններին հատկացվող գումարները։ Սակայն, այս ուղղությամբ ծախսերն այդքան մեծ չէին լինի, եթե այն չներառեր պետական պարտքի գծով տոկոսավճարները, որոնք տարեցտարի ավելանում են ու ավելի ծանր բեռ դառնում բյուջեի համար։ Միայն պետպարտքի գծով տոկոսավճարները եկող տարվա համար պլանավորված են 322 մլրդ դրամ՝ 2023-ի 273 մլրդ դրամի դիմաց, մնացածը պետական ապարատի պահպանման ծախսերն են։

Այդպիսով, միայն պետական պարտքի սպասարկումը խլում է Հայաստանի պետական բյուջեի 10.7%-ը։ Դա ավելին է, քան առողջապահությանը, կրթությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը և բազմաթիվ այլ ոլորտների հատկացվող գումարը։ 

Բյուջեի ծախսերում մոտ 18.5%-ը պաշտպանության ոլորտի ծախսերն են՝ մոտ 557 միլիարդ դրամ։ Խոսքը գլխավորապես ռազմական պաշտպանության ծախսերի մասին է։ Փոքր բաժին են զբաղեցնում պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներին հատկացվող գումարները՝ մոտ 6 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, պաշտպանության ոլորտի ծախսերի 7% աճ է սպասվում։ 

Հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադարձավ պաշտպանության ոլորտի գալիք տարվա ծախսերին և «հատուկ ընդգծեց», որ 2018 թվականի համեմատ 2024 թվականին բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են՝ ավելանում են ավելի քան 125%-ով։ Ըստ նրա՝  պաշտպանական ծախսերը  առանցքային են պետության համար։ «Եվ մեզ համար առաջնային են մեր բանակի, մեր զինված ուժերի բարեփոխումները»,- շեշտեց վարչապետը։ 

Բյուջեի փաստացի տվյալները վկայում են, որ իսկապես պաշտպանության ոլորտի ծախսերը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել են՝ աճելով մոտ 130%-ով։ Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ պաշտպանության ոլորտի ծախսերի տեսակարար կշիռն էական փոփոխության չի ենթարկվել ընդհանուր ծախսերում, քանի որ նույն ընթացքում աճել են նաև մյուս ծախսերը (տես 3-րդ՝ վերջին ինֆոգրաֆիկան)։ Եթե իրավիճակը դիտարկենք ըստ բացարձակ թվերի և ոչ թե տեսակարար կշիռների, կստացվի, որ օրինակ՝ պետական պարտքի գծով տոկոսների վճարումը ևս առանցքային է Հայաստանի համար, քանի որ 2018-ի համեմատ դրանք 2.3 անգամ աճել են։ 

2024-ի նախագծով կրթության ոլորտին բաժին է հասնում ծախսերի 9.7%-ը կամ 293 մլրդ դրամ։ Այս ոլորտի ծախսերի 38% աճ է նախատեսվում։ Ծախսերի բացվածքից երևում է, որ նախատեսվում է հանրակրթական դպրոցների շենքերի և մանկապարտեզների, կրթահամալիրների շենքերի նորոգում և կառուցում։ 

Ծախսերի աճ է նախատեսվում նաև տնտեսական հարաբերությունների, առողջապահության և մնացած բաժինների մասով։ Միայն բնակարանաշինության և կոմունալ ծախսերի գծով է դինամիկան բացասական։ 

Այս ինֆոգրաֆիկայում առավել մանրամասն ներկայացված է Բյուջե-2024-ով նախատեսված ծախսերի կառուցվածքը, ինչպես նաև՝ համեմատությունը Բյուջե-2023-ի հետ։ 

Կառավարության ծախսային առաջնահերթությունները առնվազն վերջին տասը տարիներին էապես չեն փոխվել։ Ինչպես կարելի է տեսնել հաջորդ ինֆոգրաֆիկայում, որտեղ ներկայացված են ոլորտների տեսակարար կշիռները պետական բյուջեի ծախսերում, որոշ տատանումներով  մշտապես առաջին երեք հորիզոնականներում են եղել սոցիալական պաշտպանությունը, մասնավորապես՝ կենսաթոշակները, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները, մեծապես՝ պետական պարտքի տոկոսավճարները և պաշտպանության ոլորտը։ 

Ծախսային առաջնահերությունների առումով ներկայիս իշխանությունների ռազմավարությունը նախորդից շատ չի տարբերվում։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter