HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բագրատ Ասատրյան. «Այո, սա տնտեսական աճ է, սակայն դեռևս զարգացում չէ»

Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանի տնտեսությունն աճում է երկնիշ տեմպով։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներն էական ազդեցություն են թողնում տնտեսական աճի վրա։ Արդյոք այս թվերի հետևում կա՞ տնտեսական կայուն զարգացում, թե՞ սա «ժամանակավոր քամի» է։ «Հետք»-ը տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանի հետ զրուցել է տնտեսության այսօրվա միտումների, պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգների ու այլ ռիսկերի մասին։

Պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսության ակտիվությունն աճել է 12.5%-ով։ Եթե արդյունաբերության ոլորտում ընդամենը 3% աճ է գրանցվել, ապա ծառայությունների ոլորտում այն 19.9% է, առևտրաշրջանառությունն ավելացել է 24.5%-ով։ Ինչպե՞ս կբնութագրեք տնտեսության այս աճը, արդյոք այն արդեն կարելի՞ է կայուն համարել։

Աճն ու զարգացումն այս դեպքում, իսկապես, տարբեր երևույթներ են։ Տնտեսական բավականին մեծ աճ ունենք, որը, անգամ ավելորդ է ասել, որ զարգացում չէ, այլ՝ տնտեսական որոշ պարամետրերի, ցուցանիշների աճ։ Երկրորդ տարին է՝ տնտեսությունը իրեն գտել է այս ձևի մեջ և աճում է։ Տվյալների ավելի մանրամասն վերլուծությունները ցույց են տալիս, որ աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի աճով՝ ի հաշիվ նախ առևտրի շրջանառության ու ծառայությունների, որոնք աշխուժացան, երբ սկսվեց ռուսաստանից ներհոսքը։ Մինչդեռ, օրինակ՝ արդյունաբերությունը կամ գյուղատնտեսությունն անհամեմատ ավելի դանդաղ են աճել և զսպող դեր խաղացել աճի ընդհանուր ցուցանիշի վրա։ Այստեղ առանձնահատուկ ուսումնասիրության առարկա պետք է լինի վիճակը շինարարության ոլորտում, որը, այո, աճում է տնտեսական աճը գերազանցող տեմպերով, սակայն անհանգստությունները, նաև հաշվի առնելով երրորդ հազարամյակի առաջին տարիների փորձը, պետք է մեծ լինեն:

Իհարկե, կա դրական կողմ՝ ռուսաստանցիների ու ռուսական կապիտալի ներհոսքն աշխուժացրել են մեր տնտեսությունը։ Եկածները հիմնականում կրթված մարդիկ են, մեր դաշտը զարգացնում է։ Սակայն, դա ներառական աճ չէ, և այս հոսքերի հետ ուղղակի կապ չունեցող բնակչությունը առանձնապես չի օգտվում այդ աճի արդյունքներից։ Այո, սա տնտեսական աճ է, սակայն դեռևս զարգացում չէ։

Ընդ որում՝ ռուսաստանցիների հոսքը 2023-ին, նախորդ տարվա համեմատ, դանդաղել է։ Այսպես, եթե նախորդ տարվա 5 ամսվա ընթացքում Ռուսաստանից ժամանածների թիվը շուրջ 17 հազարով գերազանցում էր մեկնածներինը, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում պատկերը հակառակն է՝ ՌԴ մեկնածների թիվը մոտ 2 հազարով գերազանցել է ժամանածներինը: Անհամաչափ են նաև ֆինանսական հոսքերը՝ մեկ նշանակալից աճում են, մեկ էլ՝ անկում ապրում:

Թե ինչ կլինի հետագայում, ոչ ոք չի կարող կանխատեսել։ Բայց ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված ցանկացած զարգացում մեր տնտեսության վրա ազդեցություն է թողնում՝ մի դեպքում՝ դրական, մի դեպքում՝ բացասական։

Այս գործոնները Հայաստանի տնտեսության մեջ մեծ ռիսկեր ու կախվածություն են առաջացրել։ Եթե ռուսաստանցիների ներհոսքը դադարի, եկածներն էլ Հայաստանից գնան, վերադառնան իրենց հայրենիք, Հայաստանի տնտեսությունը, հատկապես՝ ծառայությունների և առևտրի ոլորտը, էական կորուստներ կկրի։ Առայժմ այս աճը ես կայուն չէի համարի։

Ի՞նչ պետք է անել, որ այսօրվա աճը դառնա կայուն։ Ի՞նչ անել, որ այն ոչ թե ժամանակավոր լինի, այլ երկարաժամկետ դրական ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության վրա։

Նախ պետք է նկատենք, որ ինչպես նախորդ տարվա, այնպես էլ՝ այս տարվա տնտեսական աճը ոչ թե մեր կառավարության հատուկ ջանքերի շնորհիվ էր, այլ՝ աշխարհաքաղաքական իրավիճակով էր պայմանավորված։ Ռուսաստանցիները փախել են այնտեղի խնդիրներից։ Եթե մնացել են Հայաստանում, իհարկե, դա նշանակում է, որ ինչ-որ դրական բաներ հանդիպել են այստեղ, հակառակ դեպքում՝ կգնային ուրիշ երկրներ։ Սակայն չեմ կարող պնդել, որ մեր կառավարությունն ու իշխանությունները հատուկ ծրագիր ու ջանք են գործադրել դրա համար։

Նրանք ցանկացած պահի կարող են գնալ Հայաստանից և որպեսզի Հայաստանի տնտեսության համար դա աղետալի չլինի, կառավարությունն արդեն իսկ պետք է հատուկ ծրագիր մշակեր և իրագործեր։ Պետք է շատ զգույշ ու ուշադիր լինել։ Ոչ թե տեղին-անտեղին խոսել աննախադեպ աճի մասին, այլ՝ վերլուծել իրավիճակը, ճիշտ գնահատականներ տալ, հասկանալ, թե տնտեսության մեջ հիմա ի՞նչ երևույթներ կան, ինչպե՞ս է պետք դրանք կառավարել։ Պետք է ամեն մանրուքի ուշադրություն դարձնել՝ ո՞ր հատվածի ռուսաստանցիների ներհոսքն է ավելի մեծ, հատկապես ինչու՞ են գալիս, ի՞նչ է նրանց այստեղ պահում, ի՞նչը կստիպի գնալ կամ ավելի երկար մնալ և այլն։

Եվ, վերջապես, այնպես անել, որ այսօրվա տնտեսական աճը դառնա կայուն և հիմք դառնա հետագա աճի համար։ Մինչև հիմա ես նման հետազոտություն չեմ հանդիպել մեր կառավարությունից։ Պետք է աշխատել, ուսումնասիրել, գնահատել և միջոցներ ձեռնարկել, որ այս ամենը «կարճաժամկետ քամի» չլինի Հայաստանի տնտեսության համար։

Արդյոք Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անու՞մ են, որ կարգավորեն Ռուսաստանից եկող մարդկային կամ ֆինանսական կապիտալը։ Չեմ տեսել քայլեր, ավելի շատ պատահականության սկզբունքով է։

Հայաստանի տնտեսության մեջ հատվածներ են ձևավորվել, որոնք պայմանավորված են ռուսաստանցիների գործոնով։ Ծառայությունների ոլորտն արդեն երկրորդ տարին է՝ աճում է 20-25%, առավել արագ, շուրջ կրկնապատիկ ավելի բարձր տեմպերով աճում է ՏՏ ոլորտը։ Սա դեռ զարգացում չէ, սա ծավալային աճ է, որը դրական երևույթ է և երկարատև ժամանակահատվածում կարող է վերածվել զարգացման: Բայց ռիսկը, իհարկե, շատ մեծ է, որովհետև եթե դադարեց այս հոսքը, միանգամից մեր տնտեսությունը տուժելու է։ Իշխանությունները պետք է մտածեն՝ ինչպե՞ս օգտագործել այս գործոնները։ Այո, կոնյուկտուրան առայժմ դրական է, և պետք է օգտվել այս իրավիճակից: Քանիցս ասել եմ և նորից ընդգծեմ՝ խիստ բարենպաստ իրավիճակ է հայրենադարձության հատուկ ծրագրի մշակման և իրականացման համար, երկրորդ նման շանս դժվար լինի:

Անելիքները շատ են և բազմաբնույթ, նախ նման իրավիճակում կտրուկ աճում է պետբյուջեի դերը, որը պետք է կարողանա կլանի հավելյալ աճի արդյունքները, ակումուլացնի և ուղի դրանք այն ոլորտներին, որոնք երկարատև տնտեսական աճի հիմք կարող են հանդիսանալ: Ի դեպ սա պետք է վերաբերի նաև ֆինանսական հոսքերին: Տեսեք սպասարկման ոլորտի ընկերությունները, կամ, օրինակ, բանկերը հավելյալ եկամուտներ են ստանում, և դրանց մի մասը պետք է որ հավաքագրվեր բյուջե: Շատ ավելի կարևոր է մարդկային կապիտալի ներհոսքի կառավարումը, նկատելի է, որ Հայաստան ժամանածների թվում զգալի մասը մեր հայրենակիցներն են։

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2022-ին աճել է մոտ 3 անգամ։ Արդեն ապացուցվել է, որ դա հիմնականում վերաարտահանման հաշվին է։ Հայաստանից երկու ընկերություն հայտնվել է արևմտյան պատժամիջոցների տակ Արևմուտքից ապրանք ներմուծելու և Ռուսաստան արտահանելու համար։ Որքանո՞վ է մեծ ռիսկը, որ Հայաստանն արդեն համատարած կհայտնվի այդ պատժամիջոցների տակ։ Որքանո՞վ է Հայաստանի կառավարությունը զգուշավոր այս հարցում։ 

Ռուսական շուկան, իհարկե, պատժամիջոցների պատճառով ինչ-որ բան կորցրել է, և հայ արտադրողները փորձում են այդ ճեղքերը լրացնել, սակայն դեպի Ռուսաստան արտահանման մեծ մասը, այո, վերաարտահանումն է։ Տեսեք, նախորդ տարվա արդյունքներով Հայաստանից արտահանման ծավալներն աճել են շուրջ 2.3 մլրդ դոլարով, որից 1.5 բաժին է ընկնում Ռուսաստանին: Նույն պատկերն առկա է այս տարի: Այստեղ իշխանությունները պետք է  ծայրահեղ զգուշավոր լինեն, տնտեսվարողներին և առևտրականներին պետք է զսպեն, որ չանցնեն թույլատրելիի սահմանները, ինչը առայժմ դժվար է նկատել:

Եթե մեր երկիրը ևս հայտնվի պատժամիջոցների տակ, անձերով չեն սահմանափակվելու։ Ամբողջ հանրապետությունն է էական կորուստներ կրելու։

Բանկային համակարգին և ֆինանսական հոսքերին պետք է լրջորեն հետևել։ Սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և անվտանգային խնդիրներ է պարունակում։ Մեկ-երկու գործարարի շահույթի համար պետք չէ ընկնել այդ ամենի տակ։ Ինչ-որ բաներ արվում է բանկային համակարգում, որոշ փոխանցումներ սահմանափակվել են։ Առ այս պահը էական խնդիրներ չենք ունեցել։ Բայց ռիսկը մեծ է, շատ զգույշ պետք է լինել:

Եթե հայտնվենք պատժամիջոցների տակ, ապա ոչ միայն չենք կարողանա մեզ անհրաժեշտ ապրանքները ներմուծել և արտահանել, այլև Հայաստանը կկորցնի գրավչությունը, հուսալիությունը, դա տնտեսության համար մեծ հարված կլինի։

Մենք նաև պետք է մտածենք մեր առևտրային հաշվեկշռի մասին։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանից արտահանումն աճել է 93.3%-ով՝ կազմելով 2.7 մլրդ դոլար, մինչդեռ ներմուծման ծավալը շատ ավելի մեծ է՝ 4.7 մլրդ դոլար, աճը՝ 83.3%։ Այսինքն՝ ունենք ներմուծման ու արտահանման բարձր աճ, սակայն բացարձակ թվով ներմուծումը բավականին մեծ է։ Այսինքն՝ մեր առևտրային հաշվեկշիռն այս ամենի արդյունքում չի բարելավվել։ Չենք կարող հույսներս միայն վերաարտահանման վրա դնել և հաշվարկել, որ դրա հաշվին ենք աճն ապահովելու, որովհետև դա ժամանակավոր բնույթ է կրելու։

Այս ամենն ի՞նչ ազդեցություն է թողել պետական բյուջեի վրա։ 

Այստեղ պետք է խոսել տնտեսության այն ոլորտների մասին, որոնց հաշվին աճում է տնտեսությունը՝ առևտուր, ծառայություններ, շինարարություն։ Պետության հարկային մուտքերի վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ այս ոլորտներից, մասնավորապես՝ առևտրի և ծառայությունների ոլորտից ստացվող հարկերն անհամաչափ են այդ ոլորտներում գրանցվող բարձր աճի համեմատ։

Ընդհանուր առմամբ, հարկային եկամուտների աճը փոքր չէ՝ 24.4% վեց ամսում, սակայն ասել, որ հիմնականում տնտեսական աճ ապահովող ոլորտներով է պայմանավորված այդ աճը, սխալ կլինի։

Ընդհանրապես հարկաբյուջետային հատվածում մի այլ կարևոր խնդիր ունենք, ինչը արդեն կայուն բնութագիր է դառնում՝ բյուջեն պրոֆիցիտով է (հավելուրդ), ծախսերը չեն կատարվում ծրագրավորվածի համաձայն։ Բացի այդ, ծախսերի կատարման առումով այսօր և վերջին մի քանի տարիների ընթացքում կապիտալ ծախսերի մեծ թերկատարում ունենք։ Հինգ ամսվա ընթացքում կիսամյակի համար պլանավորված ընթացիկ ծախսերի 76%-ն է կատարվել՝ կենսաթոշակներ, պետական պարտքի սպասարկում և այլն։ Բայց, միևնույն ժամանակ, կապիտալ ծասխերի ընդամենը 42%-ն է կատարվել։

Կապիտալ ծախսը վերարտադրվող ծախս է։ Դա փող չէ, որը տրվում է մեկ անգամ, ծախսվում և վերջ։ Կապիտալ ծախսով, օրինակ, ճանապարհ է կառուցվում, ենթակառուցվածքային համակարգային ինչ-որ խնդիրներ են լուծվում։ Հիմա այս ճանապարհը որ չի կառուցվում, այդ տարածքները զրկվում են զարգացման հնարավորությունից։ Վերարտադրողականության խնդիրն է։ Ընթացիկը սպառվող և ավարտվող ծախս է, իսկ կապիտալ ներդրումը նոր արժեք է ստեղծում  10, 20, 30 տարվա համար։ Հսկա համակարգ է իր մեջ ներառում՝ աշխատավարձ, մարդիկ, արտադրություններ և այլն։ Հակառակ պարագայում՝ տնտեսական շղթան ինչ-որ տեղ խաթարվում է։ Կապիտալի ծախսերի թերակատարմամբ կամ հետաձգմամբ կորուստները անհամեմատ մեծ են։

2022 թվականին գրանցված բարձր գնաճից հետո (տարեկան 8.6%, առանձին ապրանքներ թանկացել են անգամներով), այս տարի գնաճի տեմպերի մեղմացում է նկատվում։ Դա ինչի՞ հաշվին է տեղի ունենում։

Պարենային որոշ ապրանքներ, հիմնականում՝ դրսից ներմուծվող, որոշ չափով էժանացել են։ Գնաճի բեռը, սովորաբար, առաջինը զգում են համեմատաբար քիչ վաստակող քաղաքացիները։ Այս առումով նրանք կարող են որոշակի թեթևացում զգալ։ Սակայն, ծառայությունների ոլորտում, որը տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն է ունեցել, գների աճը շարունակվում է։  Պահանջարկի մեծացման պայմաններում ծառայությունների սակագների բարձրացումը շարունակվում է նաև այսօր։ Դա քաղաքացու աչքով էլ է երևում։ Սա լուրջ խնդիր է տնտեսության համար, որին պետք է ուշադրություն դարձնել։ Իշխանություններն ունեն լծակներ՝ պայքարելու գների չհիմնավորված բարձրացման դեմ։

Գնաճը, իհարկե, Կենտրոնական բանկի թիվ մեկ խնդիրն է։ Սակայն այդ հարցով միայն ԿԲ-ն չպետք է զբաղվի: Պետությունն ունի գների կարգավորման տարբեր մեխանիզմներ, որոնց պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի։ Այս իրավիճակում Կառավարության ֆիսկալ քաղաքականության դերը կտրուկ ավելանում է։ Այն ազդակները, որոնք տնտեսությունը ստանում է կառավարման օղակներից, պետք է շատ ավելի հստակ լինեն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter