HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը՝ տարանցիկ գոտի արևմտյան երկրների և պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի միջև առևտրի համար

Հայաստանում գրանցված «Տակո» ընկերությունը վերջին մեկ տարում երկու անգամ հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պնդում է, որ ընկերությունը, անտեսելով ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները, շրջանցել է դրանք և ամերիկյան տարբեր տեխնիկական մասեր մատակարարել Ռուսաստան։

2022 թվականի փետրվարից սկսված՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր արևմտյան երկրների և Ռուսաստանի առևտրի համար։ Եվրոպական մի շարք երկրներ ու ԱՄՆ-ն, աջակցելով Ուկրաինային, արգելել են իրենց երկրի տարածքներից ապրանքների արտահանումը Ռուսաստան։

Արտադրված ապրանքները ոչ միայն Հայաստանի միջոցով են հասնում Ռուսաստան, այլև՝ Ղազախստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և այլն։ Այս երկրներում գրանցված որոշ ընկերություններ պարբերաբար հայտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների վերջին ցանկը հրապարակվել է ԱՄՆ առևտրի նախարարության կողմից՝ այս տարվա ապրիլին։ Նախարարությունը որոշել է արտահանման սահմանափակումներ մտցնել 32 կազմակերպության նկատմամբ։ 12 կազմակերպություն Չինաստանից է, 10-ը՝ Ռուսաստանից, 2-ը` Ուզբեկստանից, 2-ը՝ ԱՄԷ-ից և 1-ական ընկերություն Հայաստանից, Մալթայից, Սինգապուրից, Իսպանիայից, Սիրիայից, Թուրքիայից։

Թեև հայկական ընկերություններից երկու անգամ միայն «Տակո»-ի անունն ենք հանդիպում ամերիկյան պատժամիջոցների ցանկում, սակայն կան բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք 2022 թվականին ամերիկյան և եվրոպական ապրանքները Հայաստանի միջոցով հասցրել են Ռուսաստան։ Արդյունքում կտրուկ աճել է ոչ միայն Արևմուտքից Հայաստան ներմուծումը, այլև՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը։

Այս հետազոտությամբ «Հետք»-ը պարզել է, թե ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանից Ռուսաստան որ ապրանքների արտահանումն է կտրուկ աճել։ Արտահանվել են այնպիսի ապրանքներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում։ Արտահանող ընկերությունների մի մասն էլ տեխնիկա ներմուծող և վաճառող հայտնի ընկերություններ են, որոնք նաև խոշոր հարկատուներ են։

Պարզվել է նաև, որ այդ ընթացքում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում 2000-ից ավելի ընկերություններ են գրանցել։

Էլեկտրոնային սխեմաներից մինչև հաղորդալարեր. ինչ է ներմուծել ու արտահանել Հայաստանում նոր գրանցված «Տակո»-ն

Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով՝ «Տակո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022 թվականի ապրիլի 5-ին։ Ընկերության գրանցման և գործունեության հասցեն Երևանի Գարեգին Նժդեհ 17-ն է։ Սա «Հայրենիք» առևտրի կենտրոնի հասցեն է, որտեղ կան գրասենյակային տարածքներ վարձակալության համար։ «Տակոն» գրանցված է հենց «Հայրենիք» առևտրի կենտրոնի տարածքներից մեկում։

Մենք այցելել ենք նշված առևտրի կենտրոն, սակայն ոչ այդ ընկերության անունով որևէ գրասենյակ հանդիպեցինք, ոչ էլ՝ տեղում տարածք վարձակալածներին էր անունը ծանոթ։ Դեռևս 2022 թվականի սեպտեմբերին, երբ «Տակո»-ն առաջին անգամ հայտնվեց ԱՄՆ պատժամիջոցների տակ, «Հայրենիք» առևտրի կենտրոնի ղեկավարությունից հեռախոսազանգով փորձեցինք որևէ տեղեկություն ստանալ «Տակո»-ի մասին, սակայն այդպես էլ մեր հարցերին չպատասխանեցին։

«Տակո» ՍՊԸ-ի տնօրենն ու միակ սեփականատերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վադիմ Սերգեյի Վերխովցևն է (Верховцев Вадим Сергеевич), որի բնակության հասցեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում է։ Վադիմ Վերխովցևի մասնակցությամբ Հայաստանում այլ ընկերություններ չկան։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Տակո» ՍՊԸ-ի գործունեության տեսակը ոչ մասնագիտացված մեծածախ առևտուրն է։

Մաքսային ծառայությունից «Հետք»-ի ստացած տվյալները ցույց են տալիս, որ պատժամիջոցների տակ հայտնված «Տակո»-ն 2022 թվականի ընթացքում շուրջ երեք տասնյակ անուն ապրանք է ներմուծել Հայաստան։

Դրանց շարքում են՝ էլեկտրոնային սխեմաներ, համակարգիչներ և դրանց բլոկներ, հաղորդալարեր, Էլեկտրական կոնդենսատորներ ու դրանց մասեր, հոսանքափոխարկիչ շարժիչներ, գեներատորներ, տպագրական եւ այլ սարքավորումներ, անգամ՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ներկեր, լաքեր, պլաստմասսե իրեր։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների` «Տակո»-ն այս ապրանքները Հայաստան է ներմուծել Բուլղարիայից, Սինգապուրից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Չինաստանից, Լեհաստանից և Բելգիայից։

Դրանք ամբողջությամբ կամ մասամբ հետագայում արտահանվել են Ռուսաստան: Մաքսային ծառայությունը կոնկրետ ընկերությունների մասով ներմուծման և արտահանման ծավալները չի հրապարակում։

Պետռեգիստրում «Տակո» ՍՊԸ-ի էլեկտրոնային հասցեի մեջ կա «inflech» անվանումը։ Ռուսական բաց աղբյուրների ուսումնասիրությամբ պարզեցինք, որ Վադիմ Վերխովցևը 2008 թվականին Մոսկվայում հիմնել է «Ինֆլեչ» անվամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Ըստ ռուսական աղբյուրների՝ այդ ընկերությունը զբաղվում է կառավարման և կոմերցիոն բնագավառներում խորհրդատվության տրամադրմամբ։ Ընկերության տնօրենն ու սեփականատերը Վադիմ Վերխովցևն է։ Բացի նրանից՝ ընկերությունն ունի ընդամենը մեկ աշխատող։

Մենք ընկերության էլեկտրոնային հասցեին նամակ էինք գրել՝ խնդրելով մեկնաբանել «Տակո» ՍՊԸ-ի ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում հայտնվելու հանգամանքը։ Մասնավորապես, ըստ ԱՄՆ ֆիննախի՝ «Տակո» ՍՊԸ-ն համարվում է ռուսական «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի հայաստանյան գործընկերը, և տեղյակ լինելով Ռուսաստան արտահանումների սահմանափակումների մասին, «Ռադիոավտոմատիկա» ընկերության համար Հայաստան է ներմուծել մի շարք ապրանքներ։

«Ինֆլեչ»-ին ուղղած մեր նամակում հարցրել էինք՝ ինչ ապրանքներ է ներմուծել Հայաստան «Տակո» ՍՊԸ-ն և որտեղից, Հայաստանում ինչ ընկերությունների հետ է համագործակցել «Տակոն» և ճի՞շտ են արդյոք ԱՄՆ ֆիննախի հրապարակած տվյալները։

«Ինֆլեչ»-ից մեզ շատ կարճ պատասխանել են, որ առայժմ մեկնաբանություններ չեն տալիս։

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2022 թվականին եռապատկվել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 2 մլրդ 411 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ 2.9 անգամ աճել է։

Աճել է նաև ներմուծումը, բայց ոչ արտահանման աճի տեմպով։ 2022 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 2 մլրդ 622 մլն դոլար ապրանք, աճը՝ 46.9%:

Արտահանման առաջանցիկ աճի շնորհիվ, 2022 թվականին՝ վերջին առնվազն տասը տարվա կտրվածքով, առաջին անգամ Հայաստանից Ռուսաստան արտահանման ու ներմուծման ծավալները մոտեցել են իրար՝ գրեթե նույն մակարդակում են։ Սովորաբար, ներմուծումը մի քանի անգամ ավել է եղել:  

Արդեն 2023 թվականի հինգերորդ ամիսն է, սակայն Հայաստանի մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել Հայաստանի արտաքին առևտրի տարեկան տվյալները։ Դրանցով հնարավոր կլիներ հստակ տեսնել, թե ամբողջ տարվա ընթացքում որ երկրից ինչ ապրանք է ներմուծվել Հայաստան, որքան է ներմուծվել և թե Հայաստանից ինչ ապրանքներ են արտահանվել։

Հասկանալու համար, թե Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների համատեքստում որ ապրանքների գծով է Հայաստանը դարձել «տարանցիկ» երկիր ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական երկրների և Ռուսաստանի միջև, օգտվել ենք Միավորված ազգերի կազմակերպության բազայից (UN Comtrade Database)։

Այսպես, ըստ այդ բազայի՝ 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 70 մլն դոլարի համակարգիչներ և դրանց մասեր: Համեմատության համար՝ 2021-ին արտահանվել էր ընդամենը 1.6 մլն դոլարի։

Մեծ գումար է կազմել բջջային հեռախոսների և դրանց մասերի արտահանումը՝ 251 մլն դոլար, իսկ 2021-ին՝ ընդամենը 188 հազար դոլար։

Ըստ նույն բազայի՝ 2022-ին Հայաստանը 380 մլն դոլարի բջջային հեռախոս է ներմուծել մեծ մասամբ Չինաստանից, Վիետնամից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, ինչպես նաև՝ Գերմանիայից, ԱՄՆ-ից և այլն։

Ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք UN Comtrade Database-ից ստացված ապրանքախմբերի արտահանման ցուցանիշները, որոնց գծով էական տարբերություն է գրանցվել նախորդ տարի։

Բացի նշված ապրանքներից արտահանվել են նաև կենցաղային ապրանքներ, ավտոմեքենաներ և այլն։ Հայաստանը արդեն ավանդաբար մեծ ծավալի կոնյակ, պտուղ-բանջարեղեն, ձուկ, հանքանյութ և այլ ապրանքներ է արտահանում Ռուսաստան: Ցանկը հնարավոր կլինի մանրամասն ուսումնասիրել, երբ Հայաստանի մաքսային ծառայությունը հրապարակի տարեկան տվյալները։

2022 թվականին ևս այդ ապրանքները էական տեղ են զբաղեցրել Հայաստանից ՌԴ արտահանման կազմում, սակայն դրանք պայմանավորված չեն պատժամիջոցների շրջանցումով։ Գուցե որոշ դեպքերում դրանց արտահանումն աճել է, քանի որ ռուսական շուկայում «տեղ է բացվել», սակայն դրանք այն ապրանքներն են, որոնք արտադրվում են Հայաստանում։

Հայաստանը տարանցիկ երկիր է դարձել նաև ավտոմեքենաների առևտրի համար, որին ևս կանդրադառնանք Մաքսային տարեկան տվյալների հրապարակումից հետո։

Շուկայում վաղուց գործող և նոր գրանցված ընկերություններ Հայաստանից տեխնիկա և սարքավորումներ են արտահանել Ռուսաստան 

Հայկական շուկայում վաղուց գործող և նոր գրանցված տասնյակ ընկերություններ 2022 թվականին Հայաստանից տեխնիկա են արտահանել Ռուսաստան։ Ընդ որում՝ այդ ընկերությունների շարքում կան ընկերություններ, որոնք հիմնադրել են Ռուսաստանի քաղաքացիները։

Հատկանշական է, որ այդ ապրանքներից Հայաստանում կամ չի արտադրվում առհասարակ կամ արտադրվում է փոքր քանակով։ Դրանք բերվել են Չինաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։

Որևէ տեղ, իհարկե, պնդում չկա այն մասին, որ այս ընկերությունները Հայաստանից տեխնիկա ու այլ ապրանքներ են արտահանել արևմտյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով։

Հայաստանից Ռուսաստան տեխնիկա արտահանած հայտնի ընկերությունների ցանկում է «Էլմարկետ» ՍՊԸ-ն։ Սա Հայաստանում գործող «Էլդորադո» խանութների ցանցը ներկայացնող ընկերությունն է: «Էլդորադո»-ն ռուսական ապրանքանիշ է։

2022 թվականին այս ընկերությունը Հայաստանից Ռուսաստան է արտահանել համակարգիչներ և դրանց բլոկներ, բջջային հեռախոսներ, հեռուստացույցներ, մոնիտորներ և պրոյեկտորներ։

2022 թվականին «Էլմարկետ» ՍՊԸ-ն մի քանի անգամ ավելացրել է պետական բյուջե վճարվող հարկերը։ Վճարել է մոտ 2.6 մլրդ դրամի հարկ, 2021 թվականին՝ 457 մլն դրամ։

Ինչպես արդեն նշեցինք, ռուսական «Էլդորադո» ընկերության հայաստանյան ներկայացուցիչը «էլմարկետ» ՍՊԸ-ն է, որն այդ գործունեությունն իրականացնում է ֆրանչայզինգային հիմունքներով։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «էլմարկետ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2012 թվականի ապրիլի 3-ին։ Ընկերության հիմնադիրն ու 100% բաժնեմասի սեփականատերը Վազգեն Հարությունյանն է։ Վերջինս նաև Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահն է։

«Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ ընկերությունը 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանել բջջային հեռախոսներ։ Ներկայացնում է հայտնի Mobile Center խանութների ցանցը։ Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ «Մոբայլ Սենթր»-ը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում:

«Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը 2022 թվականին հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում՝ յոթերորդ տեղում։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում վճարել է 17.6 մլրդ դրամի հարկ։ Նախորդ տարվա համեմատ այն 4 անգամ աճել է։

«Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն 2011 թվականին հիմնադրել է Սիսակ Մարկոսյանը և մինչև 2017 թվականի դեկտեմբերը եղել է ընկերության միակ սեփականատերը։ 2017-ի դեկտեմբերի 26-ին ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր է դարձել Արթուր Պետրոսյանը։ Նա գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է։ Ալեքսանյանն այդ ժամանակ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր։

2021 թվականի սեպտեմբերին Արթուր Պետրոսյանը 60% բաժնեմասը փոխանցել է Սամվել Ալեքսանյանի որդուն՝ Գագիկ Ալեքսանյանին, սակայն 2022 թվականի հոկտեմբերից մինչ օրս ընկերության միակ սեփականատերը կրկին դարձել է Արթուր Պետրոսյանը։ «Մոբայլ Սենթր Արթ»-ի հիմնադիր Սիսակ Մարկոսյանն էլ ընկերության տնօրենն է։

Նույն արտահանողների ցանկում հանդիպում ենք նաև տեխնիկայի մեկ այլ խոշոր ընկերության անուն՝ «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը ներկայացնում է «Վեստա» կենցաղային տեխնիկայի և կահույքի խանութների ցանցը։

«Փրիթի ուեյ»-ը հարկերի կտրուկ աճ է գրանցել ինչպես 2022 թվականին, այնպես էլ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում։ Մասնավորապես, 2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետության չորրորդ խոշոր հարկատուն է դարձել՝ 8.7 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության հարկերն աճել են 17 անգամ։

«Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն ունի ավելի քան 20 տարվա պատմություն։ Այն հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերության միակ սեփականատերը գործարար Արմեն Ճուտիկյանն է։

Մեկնաբանություն ստանալու նպատակով «Հետքը» գրավոր հարցեր է ուղարկել Ռուսաստան արտահանումներ իրականացրած էլեկտրոնիկայի ոլորտի խոշոր ընկերություններին՝ «Մոբայլ Սենթր Արթին», «Փրիթի Ուեյին» և «Էլմարկետին»։ Մասնավորապես, այս ընկերություններին խնդրել էինք հայտնել, թե ինչով է պայմանավորված Ռուսաստան արտահանումների աճը, և արդյոք մտավախություն չունե՞ն, որ կարող են հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ։

Մեր հարցերին պատասխանել է միայն «Էլդորադո» ապրանքանիշը ներկայացնող «Էլմարկետ» ՍՊԸ-ն։ Ընկերությունից հայտնել են, որ օրենքով արգելված կամ երկակի նշանակության ապրանքների արտահանում Ռուսաստանի Դաշնություն չի կատարվել։

«Մեր ընկերությունը շուկայում գործում է ավելի քան 10 տարի և շարունակական աճ է գրանցում թե՛ առևտրի ծավալների, թե՛ գործունեության աշխարհագրության մասով: Բազմամյա աշխատանքի շնորհիվ ունենք ինչպես կայուն ներմուծում, այնպես էլ արտահանում մի շարք երկրներ, այդ թվում` Եվրոպական Միություն, ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինա, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան և այլն: Ունենք գործող պայմանագրեր մի շարք երկրների առևտրային առցանց հարթակների հետ, որոնց միջոցով իրականացնում ենք նաև առաքում միանգամից արտասահմանյան, այդ թվում՝ ռուսաստանյան, վերջնական սպառողներին»,- նշել է «Էլմարկետ» ՍՊԸ-ն:

Բացի նշված ընկերություններից, տասնյակ այլ ընկերություններ ևս 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան տեխնիկա, սարքեր, ապարատներ, սարքավորումներ ու էլեկտրոնային սխեմաներ, կենցաղային այլ իրեր են արտահանել։

Այդ շարքում կան ընկերություններ, որոնք բացվել են հենց 2022 թվականին։ Օրինակ՝ 2022 թվականի մարտի 9-ին հիմնադրված «ՋՄ էլեկտրոնիկս» ընկերությունը նույն տարում Հայաստանից Ռուսաստան է արտահանել համակարգիչներ, բլոկներ, բջջային հեռախոսներ, դիոդներ, կիսահաղորդիչներ, էլեկտրոնային սխեմաներ։

«ՋՄ էլեկտրոնիկս» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերը Վահե Մարտիրոսյանն է։ Ընկերության գրանցման և գործունեության հասցեն Վահե Մարտիրոսյանի բնակության հասցեն է՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Արտահանողների շարքում կան նաև ԱՁ-ներ։

2022 թվականին Հայաստանից Ռուսաստան էլեկտրոնային մասեր և սարքավորումներ արտահանած ընկերությունների շարքում, բացի ամերիկյան պատժամիջոցների տակ ընկած «Տակո»-ից, կա ևս 10 ընկերություն, որոնք 2022 թվականին ՀՀ-ում հիմնադրել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։

Այդ ընկերություններն են՝ «Սկալայն», «Ամեքս», «Բաեր Տեխնոլոգիաներ», «Առագաստ պլյուս», «Ա-դիսթրիբյուշեն գրուպ», «Քարթեք», «Ջի Էլ Ջի Գրուպ Էյ Էմ», «Սեգելվինդ ՍՊԸ Երևանյան մասնաճյուղ», «ԲՏ բոթլինգ», «Սոլնեչնայա Դոլինա Լոգիստիկ»։

Վերը նշված ցանկում կան նաև ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ այլ ընկերություններ, որոնք, սակայն, հիմնվել են 2022 թվականից առաջ, այսինքն՝ նախքան ռուս-ուկրաինական պատերազմը։

Տնտեսագետ. «Վերաարտահանումները Հայաստանի համար խիստ ռիսկային են»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ուսումնասիրել է Արևմուտքից Հայաստան ներկրվող և Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների շարժը։ Ըստ նրա՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի գծով Հայաստանի միջոցով վերաարտահանվում են չինական, եվրոպական և այլ երկրների ապրանքներ։

Ներմուծող և արտահանող ընկերությունները, տնտեսագետի խոսքով, որևէ օրենք չեն խախտում։ Ռուսական շուկայում «տեղ է բացվել», և հայկական ընկերությունները լրացնում են բացը։

«Բիզնեսը, իհարկե, կարող է արտահանել ու գերշահույթ ստանալ, բայց կա պետություն, որը պետք է վերահսկի դա։ Պետական վերահսկողական կառույցները պետք է այստեղ աշխատեն։ Պետք է ուշադիր լինեն և արգելեն այն ապրանքների վերաարտահանումը, որոնց գծով Արևմուտքի կողմից արգելք կա։ Ապրանքները, որոնք հայտնվում են արտահանման արգելքի տակ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, երկու կատեգորիայի են։ Առաջինը ուղղակի ռազմական նշանակության ապրանքներ են և տեխնոլոգիաները։ Մյուսը երկակի նշանակության ապրանքներ, այսինքն՝ և ռազմական, և քաղաքացիական»,- նշում է Ատոմ Մարգարյանը։

Եթե պատժամիջոցները սկսեցին աշխատել ամբողջ թափով, ըստ նրա, դա ոչ մի լավ բանի չի բերի։ Չի բացառվում, որ հայկական այլ ընկերություններ ևս պատժամիջոցների տակ հայտնվեն։ Իսկ դա կնշանակի, որ ներքին շուկայում սպառման համար անհրաժեշտ ապրանքները դժվարությամբ կներմուծվեն կամ առհասարակ կարգելվեն։

Հայաստանը ևս կարիք ունի ռազմական նշանակության արտադրանքի, սարքավորումների և տեխնոլոգիաների։ Այդ ամենը գալիս է Հայաստան՝ ներքին շուկայում օգտագործման համար։ Բայց եթե այդ ճանապարհը հանկարծ փակվի, պետությունը խնդիրների առաջ կկանգնի։

«Ավելի լավ է այս պատմության մեջ չեզոք մնալ և հարվածի տակ չդնել երկրի ամբողջ տնտեսաքաղաքական կոմպլեքսը։ Բիզնեսն ու պետությունը պետք է ուշադիր լինեն և գայթակղությանը չտրվեն»,- ասում է տնտեսագետը։

Օրերս Եվրամիության Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հայտարարել է Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների փաթեթի մասին։ Եվրամիությունը մտադիր է ընդլայնել արգելված ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։ Օրինակ՝ ինքնաթիռի մասեր, բարձր տեխնոլոգիական ապրանքներ, որոնք նախկին ցանկերում չեն եղել։

Ավելին, հայտարարվել է, որ 35 ընկերություն տարբեր երկրներից կարող է հայտնվել պատժամիջոցների տակ։ Շոշափվում է նաև Հայաստանի անունը, սակայն թե որ ընկերության կամ ընկերությունների մասին է խոսքը, դեռևս չի հայտարարվել։

2022 թվականին ՌԴ քաղաքացիները Հայաստանում 2304 ընկերություն են հիմնադրել՝ չհաշված անհատ ձեռնարկատերերը

2022 թվականի փետրվարին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ ՌԴ նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների հետևանքներից խուսափելու և իրենց աշխատանքն ու եկամուտները չկորցնելու նպատակով տեղափոխվեցին Հայաստան։

Նրանցից շատերը այստեղ ընկերություններ հիմնեցին և իրենց գործունեությունը շարունակեցին այդ իրավաբանական անձանց անուններով, քանի որ Ռուսաստանում գրանցված ընկերություններին ու բանկային հաշիվներին պատժամիջոցների հետևանքով հնարավոր չէր լինի միջազգային փոխանցումներ կատարել։ Բացի ՌԴ քաղաքացիներից, ռուս-ուկարինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխվեցին նաև Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներ։

Պարզելու համար, թե 2022 թվականի ընթացքում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների կողմից քանի ընկերություն է գրանցվել Հայաստանում, գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

Գործակալությունից «Հետք»-ին հայտնեցին, որ 2022 թվականին ՌԴ քաղաքացիները Հայաստանում հիմնել են 2304 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, Բելառուսի քաղաքացիները՝ 101, իսկ Ուկրաինայի քաղաքացիները՝ 61 ՍՊԸ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թվականի մարտին ռուսական Ведомости-ին տված հարցազրույցում նշել էր, որ 2022 թվականի ընթացքում Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի 108-110 հազար քաղաքացի, և բացի վերը նշված ՍՊԸ-ներից, ՌԴ քաղաքացիների կողմից գրանցվել է մոտ 4000 անհատ ձեռնարկատեր։

2023 թվականի ապրիլի 21-ի Կառավարության նիստից հետո Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել Ռուսաստանի Դաշնությանը սանկցիաների շրջանցման հարցում։ Էկոնոմիկայի նախարարը նշել էր նաև, որ փորձում են ամերիկյան եւ եվրոպական գործընկերներին բացատրել, որ հայկական ընկերությունների գործողությունները նպատակ չունեն Հայաստանը երկրորդային պատժամիջոցների տակ գցելու, այլ այդ գործողությունները բխում են Հայաստանի տնտեսական եւ աշխատանքային շահերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter