HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանը՝ տարանցիկ երկիր մեքենա ներմուծողների համար. վեց ամսում 11 900 մեքենա է ներմուծվել

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների թվի աճը պայմանավորված է Էլեկտրոմոբիլների ներմուծման մաքսային արտոնություններով, ինչպես նաև՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի ռուսական շուկա ամերիկյան ու եվրոպական ավտոմեքենաների արտահանման սահմանափակումներով, որից հետո ռուսաստանցիները արտասահմանից մեքենա գնելու համար Հայաստանը որպես տարանցիկ երկիր են օգտագործում։

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 11 900 մարդատար ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 136 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Մաքսային ծառայության տվյալները, ներմուծվող ավտոմեքենաների և՛ քանակը, և՛ արժեքը քառապատկվել են։ 2021-ի առաջին կիսամյակում ներմուծվել էր ընդամենը 2800 ավտոմեքենա։

Ավտոներմուծողները այս աճը մի քանի հանգամանքով են բացատրում։

Ավտոմեքենաների առևտրով զբաղվող Հրաչ Հովհաննիսյանն ասում է, որ այդ հանգամանքներից մեկն այն է, որ Հայաստանում տեսանելիորեն ավելացել է էլեկտրոմոբիլների պահանջարկը։ «Դրան նպաստեց այն, որ Կառավարությունը որոշեց էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը ազատել մաքսատուրքերից»,-  նշում է Հրաչ Հովհաննիսյանը։ Նրա տեղեկություններով՝ ներմուծված մեքենաների մի մասը Վրաստան և Ռուսաստան տանելու  նպատակով է բերվում։

2022 թվականի մարտին Հայաստանի Կառավարությունը որոշեց սահմանել  քվոտա՝ առանց մաքսատուրքերի Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման համար։ Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է քվոտա։ Սկզբում 2022 թվականի համար հայտարարվել էր 7000 հատ ի, 2023 թվականի համար՝ 8000 հատ: Այս սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի ուշ 2022-ի թիվը ճշգրտվել է՝ 6400 հատ։ 

Մյուս գործոնը, որը նպաստել է Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման աճին, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն են, որի ցանկում սահմանափակումներ կան նաև դեպի Ռուսաստան ավտոմեքենա արտահանելու հարցում։ Այս տարվա փետրվարից ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքը ռուսական շուկայի նկատմամբ  պատժամիջոցներ սահմանեց։ Մի շարք ամերիկյան ու եվրոպական ընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը Ռուսաստանում, փակեցին խանութները, այդ թվում՝ ավտոարտադրողները։

Դրանից հետո Հայաստան տեղափոխված մի շարք ռուսաստանցիների համար հայ ներմուծողները ավտոմեքենաներ են ներմուծել ԱՄՆ-ից ու Եվրոպայից։

«Այսօր ունենք ներմուծողներ, որոնք հետագայում այդ մեքենաները Ռուսաստան արտահանելու համար են բերում։ Մի մասն արդեն արտահանել են։ Դրանց մեծ մասը ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան եկած ռուսաստանցիներն են»,- ասում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 723 մարդատար ավտոմեքենա, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 13 մլն դոլար: Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ արտահանված մեքենաների քանակն աճել է 5.7 անգամ, իսկ արժեքը՝ 7.9 անգամ։

Մեքենաները հիմնականում արտահանվել են Ռուսաստան՝ 600 հատ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 73 հատի դիմաց։ Ոչ մեծ քանակությամբ էլ՝ Վրաստան (105 հատ), մնացած երկրները էական կշիռ չունեն։

Նկատենք, որ թեև դեպի Ռուսաստան արտահանված մեքենաների քանակն աճել է, սակայն ներմուծման համեմատ այդ թիվը բավականին փոքր է։ Տիգրան Հովհաննիսյանը համոզված է, որ արդեն երկրորդ կիսամյակի ցուցանիշներում արտահանման ավելի մեծ թվեր են երևալու, քանի որ հուլիս-օգոստոս ամիսներին արտահանումները ակտիվացել են։

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հեռուստաուղերձով և հայտարարել Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին։ Հայտարարությունից հետո կայծակնային արագությամբ սպառվեցին Մոսկվայից դեպի Երևան չվերթերի ավիատոմսերը, և գները կտրուկ բարձրացան։

«Մոբիլիզացիայից հետո Հայաստանից մեքենա գնող ռուսաստանցիների թիվը շատ կնվազի, պահանաջարկն արդեն նվազել է»,- նկատում է  «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը։

Կտրուկ աճել է ԱՄՆ-ից մեքենաների ներմուծումը

2022 թվականի առաջին կիսամյակում կտրուկ աճել է ավտոմեքենաների ներմուծումը Միացյալ Նահանգներից։ Էապես ավելացել է նաև Ճապոնիայից, Չինաստանից, Կանադայից, Կորեայի Հանրապետությունից ավտոմեքնեների ներմուծումը Հայաստան։

Ներմուծված մեքենաների 43%-ը՝ ԱՄՆ-ից է։ Այս տարվա առաջին կիսամյակում միայն ԱՄՆ-ից ներմուծվել է 5195 ավտոմեքնենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 51 մլն դոլար։ ԱՄՆ-ից ներմուծվող մեքենաների քանակը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ մոտ 7 անգամ աճել է։

Ճապոնիայից ևս զգալի քանակի ներմուծում է իրականացվել՝ 1832 հատ, որոնց արժեքը կազմել է 19 մլն դոլար։ Ճապոնիայից ներմուծվող մեքենաների քանակը քառապատկվել է։

Այս ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե որ երկրից որքան մեքենա է ներմուծվել Հայաստան։ Նշված երկրներից զատ, այլ երկրներից ներմուծման թե՛ քանակը, թե՛ արժեքները, ըստ առանձին երկրների, անհամեմատ ավելի ցածր են։ 

Հատկանշական է, որ այս տարի Հայաստան ներմուծված 1 ավտոմեքենայի միջին արժեքը կազմել է 11.4 հազար դոլար։ Սակայն, երբ ըստ երկրների ենք դիտարկում, Ռուսաստանից և Գերմանիայից ներմուծված ավտոմեքենաների միջին արժեքը անհամեմատ ավելի բարձր է։ Ռուսաստանի դեպքում դա կազմել է 21.9 հազար դոլար, իսկ Գերմանիայի դեպքում՝ 22.5 հազար դոլար։ ԱՄՆ-ից ներմուծվող մեքենաների միջին արժեքը կազմել է 9.8 հազար դոլար, Ճապոնիայից՝ 10.5 հազար դոլար։

Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման բում գրանցվեց 2019 թվականին։

Քաղաքացիները փորձում էին մինչև տարեվերջ տեղ հասցնել ու մաքսազերծել մեքենաները, քանի դեռ դրանց մաքսատուրքերը չէին բարձրացել։ 2020 թվականից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացել են և համապատասխանեցվել ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին։

Տվյալները համադրելի դարձնելու համար մենք առանձնացրել ենք կիսամյակային ներմուծումները։ Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, 2019-ից հետո կտրուկ նվազել է ներմուծումը։ Այս տարի արդեն աճ է գրանցվել։

Ուշագրավ է, որ մինչև 2020 թվականը՝ առնվազն երեք տարի, Հայաստան ներմուծվող մեկ ավտոմեքենայի միջին արժեքը 4100 ԱՄՆ դոլարը չի անցել: Օրինակ՝ 2019-ին միջինում մեկ ավտոմեքենան ներմուծվել է 2613 դոլար: Սա, իհարկե չի նշանակում, որ միայն ցածր կամ միջին արժեքի ավտոմեքենաներ են ներմուծվել: Ներմուծվել են նաև թանկարժեք մեքենաներ, սակայն առավել մատչելի մեքենաների քանակն ավելի շատ է եղել:

2020 թվականից սկսած՝ մեկ ավտոմեքենայի միջին արժեքը բարձրացել է: Այն 11-13 հազար դոլարի սահմաններում է։

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter