HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խոշոր հարկատուները 2022-ին 32%-ով ավելացրել են հարկերը. տասնյակում նոր անուններ կան

2022 թվականի ընթացքում (հունվար-դեկտեմբեր) Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական պետական բյուջե են վճարել ընդհանուր 1 տրիլիոն 490 մլրդ դրամ։ 2021 թվականի համեմատ այն աճել է 361.5 մլրդ դրամով կամ 32%-ով։ Այս մասին է վկայում Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկերի հիման վրա կատարված վերլուծությունը։

2022 թվականի տարեկան տվյալներով հանրապետության խոշորագույն հարկատուն շարունակում  է մնալ հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)։ Կոմբինատը տարվա ընթացքում մոտ 144 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, որը 2021-ի համեմատ 2.3 անգամ աճել է։ Ընկերությունը աճ է գրանցել շահութահարկի գծով, ինչպես նաև՝ այլ հարկերի և տուրքերի։ 

Ի թիվս այլ հանգամանքների՝ ԶՊՄԿ-ի հարկերի աճին նպաստել է միջազգային շուկաներում պղնձի գների աճը։ Լինելով արտահանող ընկերություն՝ ԶՊՄԿ-ն դրա հաշվին լրացուցիչ եկամուտներ է ապահովել, որն էլ շղթայաբար ազդել է հարկերի վրա։

Ավելի վաղ գրել ենք, որ ընկերության հարկերի վրա էական ազդեցություն են ունեցել նաև հարկային ստուգումների արդյունքում արձանագրված 15 մլրդ դրամի խախտումները, որոնք վերականգնվել են պետբյուջե 2022 թվականին։

Հանրապետության երկրորդ խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 52 մլրդ դրամի հարկերով և 9.3% աճով։

Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունը։ Տարվա ընթացքում բյուջե է վճարել 45 մլրդ դրամի հարկեր, որը 6.8%-ով գերազանցում է 2021-ի ցուցանիշը։

Չորրորդ տեղում ևս ծխախոտագործությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ 27 մլրդ դրամի հարկերով և 35.5% աճով։ Հիշեցնենք՝ ինչպես «Գրանդ Տոբակո»-ն, այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում են։

Հարկերի թռիչքային աճով այս անգամ տասնյակ է մտել և հինգերորդ տեղում հայտնվել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Այն տարվա ընթացքում մոտ 20 մլրդ դրամի հարկեր է վճարել՝ 2.9 անգամ ավելին, քան նախորդ տարում։ Հիշեցնենք, որ ինչպես «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, այնպես էլ՝ ԶՊՄԿ-ն «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի կազմում en։ 

Առաջին տասնյակում հայտնված բոլոր ընկերությունները հարկերի աճ են գրանցել։ Միայն «Սի-Փի-Էս էներջի գրուպ» ընկերությունն է (CPS ապրանքանիշ), որի տվյալները հնարավոր չէ համեմատել նախորդ տարվա հետ, քանի որ ընկերությունը գրանցվել է 2021 թվականի վերջում և չի հայտնվել այդ տարվա խոշորների ցանկում։ Սակայն հայտնի է, որ  այս ընկերությունը փոխարինելու է եկել CPS ապրանքանիշը ներկայացնող մեկ այլ ընկերություն՝ «Սի Փի Էս Օիլ»-ը, որը նախորդ տարի խոշորների ցանկում 7-րդն է եղել և վճարել է 18.1 մլրդ դրամի հարկեր։ 

Այս անգամ հատկանշական է նաև  «Մոբայլ սենթր արթ» ընկերության (ապրանքանիշը՝ Mobile Centre)՝ առաջին տասնյակում հայտնվելը։ Թեև ընկերությունը նախորդ տարի ևս խոշորների ցանկում է եղել, սակայն ավելի «համետ» դիրքերում՝ 40-րդ տեղում։ 2022-ին այն քառապատկել է հարկերը՝ վճարելով 17.6 մլրդ դրամ։ Mobile Centre-ը բջջային հեռախոսների խանութների ցանց է։ 

Խոշոր հարկատուների ցանկում այլ ուշագրավ փաստեր էլ կան, որոնց առաջիկայում կանդրադառնանք։ 

Պետական եկամուտների կոմիտեն խոշորների ցանկում այլևս չի ներառում հանրապետության պետական մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները, որոնք վերջին երկու տարիներին ներառվում էին, և օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը մշտապես հայտնվում էր բարձր հորիզոնականներում։ 

Սակայն, մասնագետները դա սխալ էին համարում, քանի որ նույն պետական հիմնարկները սնվում են պետական բյուջեից և բիզնեսի հետ նույն հարթության մեջ դնելը տեղին չէ։ 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter