HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի 100 խոշոր հարկատուները ապահովում են բյուջե վճարվող ամբողջ հարկերի գրեթե կեսը. ովքեր են նրանք և որ ոլորտներից 

Հայաստանի միայն 100 խոշոր հարկատուները ապահովում են բյուջե վճարվող հարկերի գրեթե կեսը: Առավել շատ հարկեր են գոյանում առևտրի ու հանքարդյունաբերության ոլորտից: 2022 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 100 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 37.7%-ով:

Պետական եկամուտների կոմիտեն (ՀՀ ՊԵԿ) եռամյսակը մեկ անգամ հրապարակում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Սակայն, հրապարակվող ցանկերում չեն նշվում ընկերությունների գործունեության ոլորտները, ինչը թույլ չի տալիս հասկանալ, թե որ ոլորտներից են հոսում խոշոր հարկերը։  

«Հետք»-ը ՊԵԿ-ի հրապարակած վերջին ցանկից, որտեղ ներկայացված է խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը  2022 թվականի առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբեր), առանձնացրել է առաջին 100-ին: Եվ յուրաքանչյուր ընկերության գործունեության ոլորտը պարզելու համար օգտվել ՊԵԿ-ի մյուս բազաներից: 

Առաջին հարյուրյակում ներառված ընկերություններից վերջինը այս տարվա ինն ամիսներին պետական բյուջե է վճարել մոտ 2 մլրդ դրամի հարկ (1մլրդ 992 մլն դրամ): Հաջորդող մյուս հարկատուների վճարած հարկերը 2 մլրդ դրամից ցածր են:

 

 100 խոշորները ապահովում են բյուջեի հարկային մուտքերի գրեթե կեսը

Այսպիսով, 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի 100 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 652 մլրդ դրամ: Դա կազմում է նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարված ամբողջ հարկերի ու տուրքերի 46%-ը: Այց ցուցանիշը հարկերի վերահաշվարկից հետո կարող է նվազել 2-3 տոկոսային կետով, քանի որ որոշ հարկատեսակների մասով հարկերի վերադարձ է լինում, սակայն, ինչպես հավաստիացնում են Պետական եկամուտների կոմիտեից, շեղում փոքր է լինում, և դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում: 

Այսինքն՝ միայն 100 խոշոր հարկատուները ապահովել են պետական բյուջեի հարկային եկամուտների մոտ կեսը։ 

Լա՞վ է, թե՞ վատ, որ միայն 100 խոշորները ապահովում են բյուջե վճարվում հարկերի մոտ կեսը: 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի պատասխանը միանաշանակ է՝ վատ է։ Դա վկայում է, որ տնտեսական շարժն ու եկամուտները կենտրոնացած է խոշոր բիզնեսի ձեռքում, իսկ փոքր ու միջին բիզնեսը (ՓՄՁ) չի կարողանում զարգանալ։ 

«Երբ խոշոր հարկատուներին բաժին է ընկնում այդքան մեծ մասնաբաժին, դա ռիկսային է համարվում տնտեսության համար։ Նաև խոսում է եկամուտների անարդարացի բաշխման մասին։ Օրինակ՝ զարգացած երկրներում փոքր ու միջին բիզնեսին բաժին է ընկնում ընդհանուր եկամուտների կամ վճարվող հարկերի մոտավորապես 70-75%-ը։ Մենք ևս մեկ անգամ պաշտոնական վիճակագրությամբ փաստում ենք, որ Հայաստանում գեներացվող եկամուտները անարդարացի են բաշխվում տնտեսության մեջ, և մեր հասարակության բևեռացվածությունը ավելի է խորանում»,- ասում է տնտեսագետը։ 

Ըստ նրա՝ պետության համար, ըստ էության, հարկերի հավաքագրման առումով, գուցե, տարբերություն չկա՝ խոշորների՞ց կհավաքագրի, թե՞ ՓՄՁ-ից, սակայն ճգնաժամերի ժամանակ պետությունը մեծ կախվածություն է ունենում խոշոր տնտեսվարողներից։ 

«Օրինակ, երբ պղնձի գինը համաշխարհային շուկայում ընկնում է, երկրի թիվ մեկ խոշոր հարկատուն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, հարկերը էապես նվազեցնում է։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին ընկերությունը 129 մլրդ դրամի հարկ է վճարել։ Ավելի լավ է՝ այդ գումարը 10 հարկատու վճարի, քան մեկը»,- նշում է Սուրեն Պարսյանը։  

Այդ կախվածության մեծացման մասին է  խոսում նաև այն, որ խոշորագույն հարկատուների հարկերն ավելի արագ են աճելում, քան ընդհանուր հարկերը։ 

2021 թվականի հունվար-սեպտեմբերին 100 խոշոր հարկատուների համեմատ, այս տարվա նույն ժամանակաշրջանի 100 խոշորների վճարած հարկերի ծավալն աճել է 37.7%-ով: Նույն ընթացքում բյուջեի ընդհանուր հարկային եկամուտները աճել են 23.6%-ով:

Մյուս կողմից՝ այն, որ խոշորները ապահովում են բյուջեի հարկերի գրեթե կեսը, կարող է մեկնաբանվել, որ խոշոր բիզնեսը իր ուսերին է վերցրել բյուջեն «լցնելու» գործի էական մասը՝ հնարավորություն տալով ՓՄՁ-ին ավելի քիչ հարկվել։ Սակայն, դրանից ռիսկերը չեն նվազում։ 

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ այն, որ 100 խոշորները ապահովում են բյուջե վճարվող հարկերի գրեթե կեսը, ռիսկային է, բայց ոչ սարսափելի։ 

Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ խոշորագույն  հարկատուների կազմում կան ընկերություններ, որոնք բնական մենաշնորհ ունեն տնտեսության մեջ և այսպես, թե այնպես, իրենք պետք է հայտնվեին առաջատար հորիզոնականներում, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիա»-ն ու «Հարավկովկասյան երկաթուղի»-ն։ 

«Այն, որ փոքր ու միջին բիզնեսը Հայաստանի տնտեսության մեջ խոշոր կշիռ չունի, ապացուցվում է նաև այս ցուցանիշներով։ Բացի այդ, ՓՄՁ-ն հարկման արտոնյալ ռեժիմներ ունի, որը ևս ազդում է նրանց կողմից վճարվող հարկերի ցածր լինելու վրա։ Հետևաբար, խոշոր ընկերությունները մղվում են առաջին պլան։ Դա, իհարկե, ռիսկային է տնտեսության համար, քանի որ կախվածությունը խոշորներից շարունակվում է»,- ասում է տնտեսագետը։

100 խոշորների հարկերի 32%-ը առևտրի ոլորտն է վճարել, 25%-ը՝ հանքարդյունաբերությունը

100 խոշոր հարկատուները, ինչպես նշվեց վերևում, այս տարվա առաջին ինն ամիսներին պետական բյուջե են վճարել 652 մլրդ դրամ։ Դրա մոտ 32%-ը հոսել է առևտրի ոլորտից։ 

Հարկային բեռով մյուս խոշոր կշիռ ունեցող ոլորտը հանքարդյունաբերությունն է՝ 25%-ով։ 

Այսինքն՝ միայն հանքարդյունաբերությունն ու առևտուրը ապահովել են 100 խոշոր հարկատուների վճարած հարկերի 57%-ը։ 

Հաջորդում են մշակող արդյունաբերությունը, էներգետիկայի ոլորտը, ֆինանսական և ապահովագրական գործը՝ հիմնականում բանկերը։ 

 

Ներդրումներ 2021
Infogram

Այս տարի Հայաստանի տնտեսական աճին ամենաշատը նպաստել են առևտրի և ծառայությունների ոլորտը: Աճին նպաստում են նաև շինարարությունն ու մշակող արդյունաբերությունը։ Հանքարդյունաբերության աճը համեմատաբար ցածր է։  Գյուղատնտեսությունը անկում է ապրում։ 

Մասնավորապես, այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 14.8%: Առևտուրն ու ծառայությունները միասին աճել են 19.1%-ով, միայն առևտուրը՝ 20%-ով, իսկ ծառայությունների ենթաճյուղերից առավել ակտիվ են բանկերը, ՏՏ ոլորտը, կապը, վիճակախաղերը և ևս մի քանի այլ ճյուղեր, որոնց աճը տարվա ընթացքում հասել է 40-50%-ի՝  շնորհիվ Հայաստան եկած ռուսաստանցիների, որոնք այստեղ գումարներ են ծախսում, ծառայություններից օգտվում։ 

Շինարարությունը երրորդ եռամսյակում աճել է 19.9%-ով, հանքարդյունաբերությունը 2.4%-ով, մշակող արդյունաբերությունը՝ 18%-ով։ 

Սակայն, երբ ամենախոշոր հարկատուների ցանկն ենք դիտարկում, տեսնում ենք, որ օրինակ շինարարությունը, որը բարձր աճ է գրանցել, փոքր կշիռ ունի 100 խոշոր հարկատուների մեջ։ Եվ հակառակ դրան, օրինակ՝ հանքարդյունաբերությունը, որը փոքր աճ է գրանցել, խոշոր հարկային բեռ է կրում։ 

«Դա նորմալ չէ տնտեսության համար։ Խզվածք է առաջանում հարկային բեռը կրող և առաջանցիկ աճ ունեցող ոլորտների մեջ։ Աճում է ոչ արտահանելի հատվածը։ Ստվերն է նաև խանգարում։ Օրինակ՝ վարձակալության շուկան բում է ապրում, սակայն չի հարկվում, որովհետև ստվերում է։ Բում ապրող ճյուղերը պետք է ավելի ագրեսիվ հարկել՝ կապիտալ շինարարությունը, սպասարկման ծառայությունները, օրինակ՝ հանրային սնունդը։ Հարկերը այս ճյուղերից ոչ համաչափ են հավաքագրվում այսօր»,- ասում է  Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Այսպիսով, Հայաստանի 100 խոշոր հարկատուները էական կշիռ ունեն հարկերի հավաքագրման մեջ և հետևաբար՝ պետական բյուջեն էլ կանխվածություն ունի խոշոր հարկատուներից։ Եթե հաշվարկները կատարենք ոչ թե 100 խոշորների, այլ՝ 1000 խոշորների տվյալներով, ապա այստեղ կշիռը հասնում է 77%-ի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter