HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վաչե Գաբրիելյան. «Հայաստանի երկնիշ տնտեսական աճը միանշանակորեն կապված է ռուսական գործոնի հետ»

Հայաստանի տնտեսական զարգացման և Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման տնտեսական հետևանքների մասին «Հետք»-ը զրուցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ։

Սեպտեմբերի 13-ից հետո, երբ Ադրբեջանը ռազմական նոր ագրեսիա կատարեց Հայաստանի դեմ, մեծացավ նաև Հայաստանի տնտեսության շուրջ անորոշությունը։ 2022-ի հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 13.1%-ով, սակայն այսօր իրավիճակը փոխվել է։ Ռազմական գործողություններն ինչպե՞ս կազդեն Հայաստանի տնտեսության վրա, ո՞ր ոլորտներն ամենից շատ կտուժեն։

Ես չգիտեմ որևէ մեկին, որ կարող է կանխատեսել ռազմական գործողությունների ազդեցությունը տնտեսության վրա, եթե իր համար հստակ չէ ռազմական գործողությունների բնույթը (այդ թվում՝ հավանական տարածքը, ժամկետը, օպերատիվ և տակտիկական նպատակները)։ Կան միայն սցենարներ։ Ընդ որում, հավանական սցենարները շատ են։ Այժմ ունենք տեղահանված շուրջ 7․5 հազար մարդ (ըստ ՄԱԿ-ում ելույթի), գյուղատնտեսական հողերի, անասունների և փոխադրամիջոցների կորուստ (ըստ հավաստի, սակայն ոչ համակարգված լուրերի, որոնց վերաբերյալ հաշվելի տեղեկատվություն չկա), որոշակի արտադրական կարողությունների զգալի թերօգտագործում (օրինակ՝ Ջերմուկում), ճանապարհների թերօգտագործում, տուրիզմի կտրուկ անկում հարավային և արևելյան տարածքներում։ ՀՆԱ-ի աճի բնույթն այս տարի, սակայն, այնպիսին է, որ այս գործոններն այսօրվա դրությամբ, հետագա ռազմական գործողությունների բացակայության պայմաններում, չեն կարող էապես նվազեցնել տնտեսական աճը։ Այն էապես պայմանավորված է դրսից եկած հոսքերով, որոնք հիմնականում կենտրոնացած են Երևանում ու Երևանի մերձակայքում։ Հետագա ռազմական գործողությունների բնույթի, հնարավորության և տնտեսական ազդեցության մասին սցենարային դատողություններ չեմ ուզում անել։

Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։ Նա իր խոսքում համառոտ անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական զարգացումներին՝ հայտարարելով, որ ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ։ Իբրեւ փաստարկ մատնանշվեցին տնտեսական ազատության մասին տվյալներ, որոնք խիստ վիճելի են։ Այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ Ադրբեջանի սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու։ Ըստ Ձեզ՝ Հայաստանի տնտեսությունն իսկապե՞ս այն վիճակում է, որ Ադրբեջանը ցանկանա կոտրել աճի տեմպը։

Ես տեղյակ չեմ, որ նման նպատակ Ադրբեջանի կողմից երբևէ ձևակերպված լինի։ Դա մխիթարանք է կամ մեկնաբանություն, որի հիմքերն ու աղբյուրներն ինձ համար անհայտ են։

Այսօր ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունը տնտեսական կորուստները նվազագույնի հասցնելու համար։ 

Հարցադրման պատասխանը տնտեսական ոլորտում չէ։

Այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական աճի տվյալների կիսամյակային բացվածքից երևում է, որ աճն ապահովել են մեծամասամբ ծառայություններն ու առևտուրը, օրինակ՝ ֆինանսաբանկային հատվածն էական դեր ունի։ Կան տեսակետներ, որ Հայաստան ժամանած ռուսաստանցիներն են ապահովում ներկա տնտեսական աճը Հայաստանում։ Դուք համաձա՞յն եք այս տեսակետին, արդյոք դա կարո՞ղ էր տնտեսական աճի կայուն հիմք ստեղծել։ Ուրիշ ի՞նչ գործոններ են նպաստել աճին։

Առանց ռուսական ներհոսքի, տնտեսության աճ, միևնույն է, կլիներ, բայց ոչ երկնիշ։ Երկնիշ աճն, իմ կարծիքով, միանշանակորեն կապված է ռուսական գործոնի հետ։ Ռուսաստանցիների և ռուսական փողի հոսք դեռևս կլինի։ Նմանատիպ պատկեր է նաև Թուրքիայում, ԱՄԷ-ում, Վրաստանում։ Ինչքան երկար և ինչ ուժգնությամբ, կախված է ուկրաինական ռազմադաշտի դինամիկայից, Ռուսաստանում մոբիլիզացիայի տեմպից և չափերից, արևմտյան տնտեսական պատժամիջոցների ծավալից և կիրարկման ուժգնությունից, հատկապես, այսպես կոչված, երկրորդային պատժամիջոցների կիրարկման ուժգնությունից՝ արդյոք արևմտյան կառույցները վերոնշյալ երկրներում ՌԴ համարյա բոլոր սուբյեկտների հետ գործարքները կցանկանա՞ն դասակարգել որպես վտանգավոր, թե՞ դա կարվի ավելի ռացիոնալ՝ իրենց տեսակետից իրապես կասկածելի գործարքների վերաբերյալ։ 

Ակնհայտորեն, առաջատարը ծառայությունների ոլորտն է։ Այստեղ կիսամյակային աճի առաջատարներն են ֆինանսական ոլորտը՝ 46 %, ապա տրանսպորտը՝ 40%, և տեղեկատվությունն ու կապը՝  30%։ Այս երեք ճյուղը կազմում է ծառայությունների ոլորտի 60%-ը, և բոլորի աճն էլ ակնհայտորեն կապված է ռուսական գործոնի հետ։

Կարևորագույնն այստեղ ֆինանսական ոլորտն է։ Բանկային հատվածի մասին զգացմունքներս երկակի են։ Մի կողմից, ուրախ եմ ծառայությունների արտահանման շեշտակի աճով, դա խոսում է ոլորտի որոշակի կայացման մասին՝ ինչպես, ասենք, Վրաստանում, բանկային հատվածը կարողացավ առանց արևմտյան պատժամիջոցներով գծագրված սահմանները խախտելու առաջարկել գրագետ ծառայություններ և ստանալ շատ զգալի եկամուտներ։ Մյուս կողմից, առկա ներհոսքի, դրանից բխող արժևորման և շարունակվող գնաճի պայմաններում տնտեսության իրական հատվածում (բացի շինարարությունից) բանկային ակտիվների համապատասխան աճ չկա, ինչն էլ տնտեսության հետագա աճի տեսակետից բնավ հուսադրող չէ։ Այս առումով, եթե կայուն ասելով նկատի ունենք միջնաժամկետ հորիզոնում, ապա՝ ոչ, այս ներհոսքը աճի կայուն հիմքեր չի ստեղծի, քանի որ դեպի տնտեսության իրական հատված վարկային միջոցների համապատասխան աճ չկա։ Սակայն, առնվազն մոտակա կես տարում (այլ հավասար պայմաններում) այդ հոսքը դեռևս չի դադարի և կունենա զգալի ազդեցություն։

Այս տարի Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ռեկորդային հոսք է գրանցվում, որը կրկին պայմանավորվում է Հայաստանում գտնվող ռուսաստանցիների գործոնով։ Այս ներհոսքը, ըստ Ձեզ, կարո՞ղ է երկարատև բնույթ ունենալ և շարունակվել նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումներից հետո։

Այդ գումարները ոչ միայն այստեղ գտնվող ռուսաստանցիների գործոնով է պայմանավորված, այլև ՌԴ-ում բնակվող ռուսաստանցիների, որոնք որոշակի գումարներ «կայանել» են ՀՀ-ում։ Հաճախ դրանք ցպահանջ են և կարող են արագ լքել երկիրը՝ թե՛ ավելի եկամտաբեր, թե՛ ավելի ապահով վայրեր։ Սակայն, դա չի լինի միանգամից և ամբողջությամբ։ Ադրբեջանի հնարավոր հարձակումների վերաբերյալ բոլոր գնահատականները սցենարային են, դրանց հավանականությունները չեմ կարող գնահատել և չեմ ուզում հնչեցնել որևէ մեկը։

Այս տարվա առաջին յոթ ամիսներին շինարարության ծավալներն աճել են 16.8%-ով։ Կրկին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ շինարարությունը տնտեսական աճին ավելի շատ է նպաստել, քան, օրինակ, արդյունաբերությունը։ Ինչի հաշվին է աճում շինարարությունը, այսօր ի՞նչ վտանգներ կան։

Շինարարության աճի հիմնական, բայց ոչ միակ աղբյուրը տնտեսվարողների կողմից (հիմնականում վարկերի հաշվին) բնակարանային շինարարության աճն է՝ գլխավորապես Երևանում։ Ըստ իս, այն չափազանց արագ է և ցավոք, կենտրոնացած է Երևանում կամ մերձակա տարածքում: Կառավարության կողմից վերջերս բնակարանաշինարության համար եկամտային հարկի վերադարձի մեխանիզմի  խստացումը ողջունելի քայլ է, այն պետք է ավելի արագորեն, քան նախատեսված է, տարածել նաև Երևանի այլ շրջանների վրա, քան միայն Կենտրոնն ու Արաբկիրն են։ Խոսքն, իհարկե, նախկինում տրված լիցենզիաների և/կամ շինթույլտվության չեղարկման մասին չէ։ Մենք, իհարկե, հեռու ենք 2009թ․ նախորդող շինարարության գերտաքացումից (այն ժամանակ շինարարությունը ՀՆԱ շուրջ մեկ քառորդ մասն էր), սակայն կարծում եմ, որ միջնաժամկետ առումով շինարարության տեմպերն ավելի արագ են, քան տնտեսության ներուժն է։

Արդյունաբերության ոլորտում ուշագրավ փոփոխություններ են գրանցվում՝ մշակող արդյունաբերությունն աճում է, հանքարդյունաբերությունը՝ նվազում։ Տարիներ շարունակ հանքարդյունաբերությունն ավելի արագ տեմպերով է աճել։ Ինչո՞վ է պայմանավորված այսօրվա իրավիճակը, դա ի՞նչ ազդեցություն է թողնում տնտեսության  վրա։ Ըստ Ձեզ՝ այս իրավիճակը երկարաժամկե՞տ է, թե՞ կարճաժամկետ։

Հանքարդյունաբերության անցյալ տարվա աճը հիմնականում պայմանավորված էր պղնձի միջազգային գնի ֆենոմենալ աճով` 2020թ․ մարտից մինչև 2022 թ․ ապրիլ միջազգային գները բարձրացան շուրջ 100%-ով։ Սակայն, այս տարվա գների անկումը (դեռևս 2020թ․ մարտից էապես բարձր, սակայն թե՛ ապրիլի գագաթային գնից, թե՛ անցած տարվա միջին գնից զգալի ցածր) զուգակցվել է հանքաքարի ֆիզիկական ծավալների արդյունահանման նվազմամբ։ Արդյոք պատճառը մեկամյա լրացուցիչ հա՞րկն է, ոլորտի ոչ այնքան թափանցիկ կենտրոնացումը/համախմբումը, թե՞ ավելի վաղ չկատարված կապիտալ ներդրումների պակասը, դժվարանում եմ ասել։ 

Մշակող արդյունաբերությունը հիմնականում աճել է շինարարության հետ կապված ոլորտներում և սննդի արդյունաբերությունում։ Սննդի արդյունաբերությունը և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը մեր մշակող արդյունաբերության կեսն են՝ 2․5 անգամ ավելի, քան հանքարդյունաբերությունը։ Զգալի աճ կա նաև, ասենք, ոսկերչության ճյուղում, սակայն ճյուղի տեսակարար կշիռը շատ ավելի փոքր է։ Ռուսասատանի պահանջարկով պայմանավորված՝ սննդի արդյունաբերության աճը, հագուստի, խմիչքի, տեքստիլի հետ, հավանաբար կշարունակի աճել, հավանաբար կաճի նաև հիմնականում ոչ Ռուսաստանում սպառվող ծխախոտի արտադրության աճը։ Կարծում եմ, այս արտահանելի ապրանքախմբերում պահանջարկը մոտ ապագայում կշարունակի դեռ պահպանվել։ Կկարողանա՞նք, արդյոք, վարկային ներդրումների (ՀՀ-ում ներդրումների հիմնական աղբյուրը) անփոփոխության պայմաններում ձևավորել համապատասխան առաջարկ, այլ խնդիր է՝ դժվար մակրոտնտեսական ընտրությամբ։ Մենք ունենք փողի աննախադեպ ներհոսք կարճ ժամանակահատվածում, և այստեղ կայուն զարգացման տեսակետից անհրաժեշտ է տեմպերի որոշակի դանդաղեցում։

«Լույս» հիմնադրամի փորձագետները հաշվարկել են, որ ՀՀ տնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.3%-ով և կազմել 218 641 դրամ: Միևնույն ժամանակ, գնաճը կազմել է 8.1%, որը թույլ է տալիս ենթադրել՝ իրական աշխատավարձն աճել է ընդամենը 3%-ով: Ի՞նչ են հուշում այս տվյալները, արդյոք այս պայմաններում բնակչության կենսամակարդակում որևէ փոփոխություն գրանցվե՞լ է։  Ներկա իրավիճակում գնաճը արագանալու հիմքեր ունի՞։

- Գիտեք, միջին թվերով իրական աշխատավարձի աճ իրոք կա։ Բայց այն բավականաչափ անհավասար է։ Անվանական աշխատավարձի երկնիշ տնտեսական աճ առկա է միայն Երևանում, իսկ ըստ ոլորտների՝ այդ միջին աճն ապահովվում է հիմնականում բարձր աշխատավարձերով ճյուղերի 20% և ավելի աճով։ 2022թ. հունվար-հունիսին միջին աշխատավարձը կազմել է 218 641 դրամ (11.3% տարեկան աճ), իսկ ահա տեղեկատվություն և կապ ոլորտում՝ 676 239 դրամ (27.4% տարեկան աճ), որից՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ 831 634 դրամ (23.4% տարեկան աճ), Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 515 925 դրամ (21.3% աճ)։ Այո, բնակչության կենսամակարդակում փոփոխություններ գրանցվել են, սակայն ոչ միշտ դրական։ Օրինակ, աճող արտադրությամբ մշակող արդյունաբերությունում աշխատավարձերի անվանական աճը 5.7% է, իսկ իրական աճը՝ բնականաբար բացասական։

Գնաճն, իհարկե արագանալու հիմքեր ունի, քանի դեռ գնաճային սպասումները չեն վերացել, և առկա է շարունակվող ֆինանսական ներհոսք։ Ֆինանսական ներհոսքի չափն այնպիսին է, որ հավասարակշիռ և սահուն արժևորում ապահովելու համար անհրաժեշտ է դրամավարկային և հարկաբյուջետային գործիքների համատեղ կիրառում։ Չնայած ԿԲ լրջմիտ ջանքերին, առանց կառավարության ֆիսկալ մասնակցության դրամի սահուն արժևորման ու գնաճի զսպման համատեղումը բարդագույն, եթե ոչ անհնար խնդիր է։

Տնտեսական իրողությունների հանկարծակի, շատ արագ փոփոխությունը (օրինակ, 6 ամսում 20% արժևորում) հնարավորություն չի տալիս տնտեսվարող սուբյեկտներին արագ կերպով համակերպվել այդ իրողությանը։

Երկար ժամանակ դրամը շարունակում է դոլարի նկատմամբ արժևորված մնալ։ Եթե համեմատենք տարեսկզբի հետ, ապա սեպտեմբերի սկզբին այն առնվազն 15%-ով էժան էր։ Սակայն, տեսնում ենք, որ վերջին օրերին դոլարը որոշ չափով թանկացել, կրկին էժանացել է։ Որքանո՞վ է դոլարի ներկայիս փոխարժեքը մեր տնտեսության համար նպաստավոր։ ԿԲ-ի միջամտության կարիքը կա՞։

ՀՀ-ի նման բաց տնտեսություն ունեցող երկրում լողացող փոխարժեքն այլընտրանք կարող է ունենալ, եթե տնտեսական իրողությունների հանկարծակի, շատ արագ փոփոխությունը (օրինակ, 6 ամսում 20-25% արժևորում) հնարավորություն չի տալիս տնտեսվարող սուբյեկտներին արագ կերպով համակերպվել նոր իրողություններին։ Այս առումով, շատերի համար ՀՀ դրամի արժևորումն այժմ խիստ անցանկանալի է՝ այն իջեցնում է կենսամակարդակը, խաթարում արտահանումը և այլն։ Խիստ դժվար է տալ ՀՀ դրամ/դոլար փոխարժեքի հավասարակշիռ մակարդակի գնահատականները։ Կարծում եմ, վերջերս նման փորձ արել էր էկոնոմիկայի նախարարը։ Ինչպես նշեցի վերևում, ԿԲ-ի միջամտությունն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է կարճատև ծավալուն ներհոսքի հետևանքները կարգավորելու համար։ Այս հարցով նաև պետք է հարկաբյուջետային համախմբված օգնությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter