HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Երկրորդ եռամսյակում 13% տնտեսական աճ է գրանցվել, որն ապահովել են հիմնականում առևտուրն ու ծառայությունները

Տրանսֆերտների աննախադեպ ներհոսքը, ռուս զբոսաշրջիկները, շահույթը եռապատկած բանկերը, աշխուժացած ռեստորաններն ու հյուրանոցները, առևտրի ոլորտն ու մյուս ծառայությունները զարկ են տվել տնտեսական աճին։ Ակտիվացել է նաև շինարարությունը։

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս) Հայաստանի համախառն ներքին արդյունքը ընթացիկ գներով կազմել է մոտ 1 տրլն 899 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 13%-ով։

Մասնավորապես, նշված 13% աճի 11.45 տոկոսային կետը միայն առևտրի և ծառայությունների հաշվին է։

Համեմատության համար՝ շինարարությունը աճին նպաստել է 1.41 տոկոսային կետով, արդյունաբերությունը՝ 0.58։ Համախառն ներքին արդյունքի ծավալը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև ՖՄԱՉԾ-ն (ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները), որն այս անգամ 0.38 տոկոսային կետով է նպաստել աճին։

Փոխարենը գյուղատնտեսությունը, որը անկում է ապրում, տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն է թողել։ Երկրորդ եռամսյակում այն 0.15 տոկոսային կետով զսպել է տնտեսական աճը։ ՀՆԱ-ի վրա 0.67 տոկոսային կետով էլ բացասական է ազդել արտադրանքի հարկերի ծավալը։

Տրանսֆերտների աննախադեպ ներհոսքն ու Հայաստան ժամանած ռուսաստանցիները զարկ են տվել տնտեսական աճին

Դեռևս մինչև վիճակագրական տվյալների հրապարակումը, տնտեսագետներն արդեն կանխատեսում էին, որ Ռուսաստանից Հայաստան դրամական ռեկորդային ներհոսքը այս տարի Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժն է լինելու։

Մի կողմից դա ժամանակավոր տնտեսական դրական արդյունքներ է ապահովում, մյուս կողմից էլ ռիսկեր՝ եթե Ռուսաստանում իրավիճակը կայունանա, և Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները վերադառնան հայրենիք, Հայաստանի տնտեսությունը զգալի կտուժի։ Այլ խոսքով՝ աճի հիմքերը երկարաժամկետ չեն։

Ինչպես նշվեց վերևում, տնտեսական աճն ապահովել են հիմնականում առևտրի և ծառայություների ոլորտները։

Առևտուրն ու ծառայությունները 2022 թվականի երկրորդ եռամսյակում զբաղեցրել են ՀՆԱ-ի 58.5%-ը (միայն առևտուրը՝ 12.3%-ը)։ Բացարձակ թվով այն կազմել է 1 տրլն 110 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 18.7%-ով։

Հայաստանի ծառայությունների ոլորտի առաջատարը ֆինանսական գործունեությունն է, որի կշիռը ՀՆԱ-ի մեջ այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 9.8%։

Ունենալով մեծ կշիռ և գրանցելով տեսանելի աճ՝ ֆինանսական ոլորտը էական ազդեցություն է թողել տնտեսական աճի վրա։ Այս ոլորտում հիմնականում բանկերն են, վարկային կազմակերպությունները և ապահովագրական ընկերությունները։ Երկրորդ եռամսյակում ոլորտի հասույթը կազմել է մոտ 186 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով 67.2%-ով։

Հիշեցնենք, որ առաջին կիսամյակի տվյալներով բանկերը եռապատկել են շահույթը։ Շահույթի աճին էապես նպաստել են բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունները, արտարժութային գործառնություններից ստացված եկամուտները։ 

Երբ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների հոսքը Հայաստան ավելացավ, բանկերը սկսեցին մեկը մյուսի հետևից բարձրացնել իրենց ծառայությունների գները, օրինակ՝ դրամական փոխանցումների և  գումարների կանխիկացման ծառայությունների համար։ 

Այս տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, 28.5%-ով աճել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի ծավալները։ Այստեղ ներառված են հյուրանոցները, ռեստորանները, սննդի կետերը և այլն։ Այս ոլորտի ակտիվացման մասին են վկայում նաև զբոսաշրջիկների մասին տվյալները։ 2022 թվականի առաջին կիսամյակում արտասահմանից Հայաստան է ժամանել 588 731 զբոսաշրջիկ: 2021 թվականի նույն կիսամյակի համեմատ այս թիվը 2.4 անգամ աճել է:

30.3% աճ է գրանցվել տեղեկատվության և կապի ոլորտում։ Առահասարակ, ծառայությունների գրեթե բոլոր ոլորտներում այս տարի աճ է նկատվում։

Տնտեսական աճին նպաստող մյուս ոլորտը շինարարությունն է։ Այս տարվա երկրորդ եռամսյակում շինարարության ծավալները 30.2%-ով աճել են։  Հայաստանում շինարարության շարժիչ ուժը անշարժ գույքի ոլորտն է։ Նորակառույց բազմաբնակարան շենքերի շինարարությունը շարունակում է աճել մեծ տեմպով, որին նպաստող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, սակայն, սահմանափակվում է։ Եվ մտավախություն կա, որ Երևանում ծրագրի դադարից հետո շինարարության տեմպը կարող է թուլանալ։

Արդյունաբերությունն այս ընթացքում աճել է 5.4%-ով։ Այստեղ դրական կետն այն է, որ այդ աճը գրանցվում է մշակող արդյունաբերության հաշվին։

Իսկ գյուղատնտեսության ծավալները կրճատվել են 1.5%-ով։

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 8.7%:

Երկու եռամսյակների տվյալները վկայում են, որ կիսամյակի կտրվածքով տնտեսական աճը 11%-ի շրջակայքում է:

Այդ մասին է վկայում նաև ՏԱՑ-ը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն, ի տարբերություն ՀՆԱ-ի, հրապարակվում է ամեն ամիս։ Թեև այս երկու ցուցանիշները հաշվարկվում են տարբեր եղանակներով, սակայն արդյունքները մոտ են լինում։

2022 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8%-ով։ Աճի ամենաբարձր տեմպը գրանցվել է հունիսին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter