HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Նորակառույց շենքերը՝ շինարարության շարժիչ ուժ. արդյոք կայուն հիմքեր կա՞ն Հայաստանում

Հայաստանում շինարարության շարժիչ ուժը անշարժ գույքի ոլորտն է։ Նորակառույց բազմաբնակարան շենքերի շինարարությունը շարունակում է աճել մեծ տեմպով, որին նպասող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, սակայն, սահմանափակվում է։ Երևանում ծրագրի դադարից հետո շինարարության տեմպերը կարող են թուլանալ։

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 149 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել։ Ինչպես հաշվարկել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ), 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ շինարարության ծավալներն աճել են 12.7%-ով։

Հատկանշական է, որ շինարարության աճը հիմնականում պայմանավորված է կազմակերպությունների կողմից շինարարության ծավալների աճով։ Առաջին կիսամյակի տվյալներով կազմակերպությունների կողմից շինարարության ծավալները կազմել են ամբողջ շինարարության գրեթե կեսը՝ 46.3%: Դա կազմում է 69 մլրդ դրամ, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 27.2%-ով։

Կազմակերպությունների կողմից արվող շինարարությունը հիմնականում նորակառույց բազմաբնակարան շենքերի կառուցումն է, որը մայրաքաղաքում վերջին տարիներին զգալի թափ է հավաքել։ 2015 թվականից դրան նպաստեց եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որը թույլ է տալիս հիփոթեք ունեցող վարկառուներին իրենց վճարած եկամտային հարկն ուղղել բնակարանների վարկի տոկոսավճարներին։ Սա զգալի տեմպ հաղորդեց բնակարանաշինությանը։

Սակայն, քանի որ բյուջեն դրա արդյունքում եկամտային հարկի գումարներ էր կորցնում, իսկ շինարարությունը՝ գերկենտրոնանում Երևանում, իշխանությունները 2021 թվականին որոշեցին աստիճանաբար և փուլային տարբերակով հրաժարվել այս ծրագրից՝ կառուցապատողներին ու նոր հիփոթեքային վարկ վերցնել պատրաստվողներին տալով 1 տարի ժամկետ Երևանի կենտրոնի համար։ Եվ հետո աստիճանաբար մինչև 2025 թվականը՝ ամբողջ Երևանի համար։

Ծրագիրը կշարունակի գործել մարզերում, սակայն մարզերում դեռևս էական շինարարություն չի նկատվում։ 

Ծրագրային այս փոփոխությունները ստիպել են կառուցապատողներին ավելի արագացնել աշխատանքները՝ այդպիսով զարկ տալով շինարարությանը։ Սակայն, ռիսկ կա, որ սա ժամանակավոր բնույթ ունեցող տեմպ է։

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նկատում է, որ երբ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանի համար դադարի գործել և եթե փոխարենը Կառավարությունը այլ ծրագիր չգործարկի, ապա շինարարության ծավալների այս տեմպը կթուլանա։ Դա էլ իր հերթին կարող է ազդել երկրի տնտեսական աճի վրա։

«Առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8%-ով, իսկ շինարարության ծավալները՝ 12.7%-ով։ Այսինքն՝ շինարարությունը աճում է տնտեսական ընդհանուր աճին համահունչ։ Սակայն, եկամտային հարկի ծրագիրը ինչ-որ չափով արհեստական կոմպոնենտ է հաղորդել այդ աճին, որը ռիսկային է հետագայի համար»,- ասում է տնտեսագետը։

Ըստ նրա, այսօր թյուր կարծիք կա, որ շինարարությունն ընթանում է լայն թափով, և բնակարանաշինությունն այն մակարդակում է, որ բնակարանային ֆոնդը կարճ ժամանակում կթարմանա։ Սակայն, իրականում, նախ շինարարությունը կենտրոնացած է Երևանում, բացի այդ՝ որպեսզի բնակարանային ֆոնդը թարմանա ամբողջությամբ, հարկավոր է, որ շինարարությունն այսօրվանից 3-4 անգամ ավելի արագ ընթանա։

Բագրատ Ասատրյանը շեշտում է, որ տնտեսական աճի համար եթե ոչ առավել, ապա պակաս կարևոր չէ բյուջեի հաշվին կատարվող կապիտալ շինարարությունը, որը այսօր դանդաղ է աճում։

«Հիմք չկա այն մտահոգությունների համար, որ շինարարական փուչիկ կարող է առաջանալ, ինչպես եղավ մինչև 2009 թվականը, երբ արհեստականորեն բոլոր ռեսուրսները ուղղվում էին այս ոլորտ»,- կարծում է տնտեսագետը։

2021 թվականի տարեկան տվյալներով շինարարություն տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 6.6%-ը։ Մինչդեռ շինարարական բումի տարիներին այն 20%-ից բարձր է եղել։

Բագրատ Ասատրյանը կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստան եկած ռուսաստանցիները իրենց միջոցները կապիտալում ներգրավելու խնդիր են ունենալու։ Տրանսֆերտների վիճակագրությունը վկայում է, որ այս տարի Ռուսաստանից աննախադեպ ծավալի գումարներ են հոսում Հայաստան։ 

«Այդ գումարները վաղ թե ուշ պետք է որևէ տեղ ներգրավեն։ Անշարժ գույքի շուկան ու շինարարությունը լավագույն տարբերակներից են և ենթադրվում է, որ դա էլ կարող է դրական ազդել շինարարության վրա»,- ասում է տնտեսագետը։

Բնակչության միջոցներով շինարարությունը կրճատվում է

Ի տարբերություն կազմակերպությունների՝ բնակչության միջոցներով շինարարությունն այս տարի նվազում է։ Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 5.1% անկում։ Բնակչության միջոցներով շինարարությունը կազմել է 35.5 մլրդ դրամ։ Դա էական կշիռ ունի ամբողջ շինարարության մեջ՝ մոտ 24%, հետևաբար՝ անկումը բացասաբար է ազդել շինարարության ընդհանուր ծավալների վրա։

Պետական բյուջեի հաշվին իրականացվել է շինարարության 25.1%-ը՝ 37 մլրդ դրամ։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ բյուջեով կատարված շինարարության ծավալները 1.8%-ով աճել են։ 

Որտեղ ինչ ծավալի շինարարություն է ընթանում

Այն, որ շինարարության ծավալների էական բաժինն ու տեմպը ապահովում են նորակառույց շենքերը, ապացուցում է նաև շինարարության ծավալների բաժանումն ըստ տնտեսության ոլորտների։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիսին 149 մլրդ դրամի շինարարության 38.1%-ը կամ մոտ 57 մլրդ դրամը անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում է ընթացել։ Այն 24.7%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Շինարարության հաջորդ երկու խոշոր ոլորտներն են էներգետիկան և տրանսպորտը։

Մասնավորապես՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում 24 մլն դրամի շինարարություն է իրականացվել, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 18.8%-ով։ Այս ոլորտի շինարարությունը զբաղեցրել է ամբողջ շինարարության 16.3%-ը։

14.6%-ն էլ բաժին է ընկել տրանսպորտին՝ մոտ 22 մլրդ դրամի շինարարություն։ Հատկանշական է, որ այս ոլորտում շինարարության ծավալները 50.8%-ով աճել են, ինչը, ենթադրվում է, պայմանավորված է ճանապարհաշինարարությամբ, որը բյուջեի կապիտալ ծախսերի հաշվին է։

Մյուս ոլորտներում շինարարության ծավալները ավելի փոքր են։

Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում շինարարության մոտ 41%-ը բաժին է ընկել Երևանին։ 

Կարդացեք նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter