
Կառուցապատողները խուճապի մեջ են
Հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի սպասվելիք փոփոխությունները իրարանցում են առաջացրել կառուցապատողների շրջանում: Նրանք հայտարարում են, որ սա պետության կողմից սխալ քայլ է, իրենք չեն հասցնում տեղավորվել սահմանված ժամկետների մեջ, շինարարության ոլորտն էլ շուտով կոլապսի մեջ է հայտնվելու: Հակառակ դրան՝ կառավարությունը շարունակում է պնդել, որ այս ծրագիրը բյուջեի համար արդեն ծանր բեռ է դարձել: Առաջարկվում է ծրագիրը Երևանում աստիճանաբար դադարեցնել մինչև 2025 թվականը և թողնել միայն մարզերում:
Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում կարող է սահմանափակվել և աստիճանաբար հանվել մինչև 2025 թվականը: Այս մասին նախագիծը («Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ) օգոստոսի 12-ին ընդունվեց կառավարության նիստին և պետք է դեռևս քննարկվի Ազգային ժողովում: Կառավարությունում նախագիծը ներկայացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Գործող ծրագրի համաձայն՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել կառուցապատողից գնվող բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։
Ի՞նչ է առաջարկում փոխել Կառավարությունը
Ըստ կառավարության կողմից երեկ ընդունված նախագծի՝ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չի դառնա՝
- 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում (Փոքր Կենտրոն),
- 2023 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում (Կենտրոն վարչական շրջանի մնացած տարածքները և Արաբկիր վարչական շրջանից մի հատված),
- 2023 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում (Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի մասը, Էրեբունի վարչական շրջանի՝ Կենտրոնին հարող հատվածը),
- 2025 թվականի հունվարի 1-ից այն արդեն Երևանում ամբողջությամբ կդադարեցվի:
Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո չեն տարածվելու այն վարկառուների վրա, որոնք ներկայում օգտվում են այս ծրագրից: Այլ խոսքով՝ նրանց եկամտային հարկը շարունակելու է ծառայել հիփոթեքի տոկոսների մարմանը:
Մարզերում ծրագիրը կշարունակի ամբողջությամբ գործել:
Ի սկզբանե ծրագրիրի նպատակն է եղել աջակցել ցածր ու միջին խավին բնակարաններ ձեռք բերելու հարցում, ինչպես նաև զարկ տալ նորակառույց շենքերի կառուցմանը: Սակայն, տարիների ընթացքում պետական բյուջեից վարկառուների վերադարձող գումարների չափը աճել է և կառավարությունն արդեն համարում է, որ այս ծրագիրը բյուջեի համար մեծ բեռ է և այն երկար շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում: Բացի այդ, ծրագրի արդյունքում բնակարանաշինությունը գերկենտրոնացել է Երևանի կենտրոնում: Հետևաբար, այն նաև բնակչության գերկենտրոնացման է տանում:
Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին: Եթե 2015 թվականին այս ծրագրի շրջանակներում հարկատուներին վերադարձվել է ընդամենը 274 մլն դրամ եկամտային հարկ, ապա 2020 թվականին այն արդեն հասել է 13.3 մլրդ դրամի:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տվյալներով՝ այս պահի դրությամբ հիպոթեքային վարկի տոկոսագումարի չափով եկամտային հարկի վերադարձի ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 17 հազարը: Այս տարվա վերջին շահառուների թիվը կհասնի 20 հազարի, իսկ հատկացվելիք գումարը՝ շուրջ 21 մլրդ դրամ:
2018 թվականի հունվարի մեկից այս ծրագրի համար գործում են սահմանափակումներ։ Մասնավորապես, ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակարանի/բնակելի տան արժեքը պետք է չգերազանցի 55 մլն դրամը, իսկ հիպոթեքային վարկի գծով վճարվող և վերադարձվող տոկոսագումարի եռամսյակային հանրագումարը չի կարող ավել լինել 1.5 մլն դրամից: Եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից նույն հարկատուն կարող է օգտվել միայն մեկ անգամ։
Ի դեպ, Կառավարության երեկվա առաջարկած այս փոփոխությունների մասին «Հետքը» գրել է դեռևս երկու շաբաթ առաջ, երբ ծրագիրը չէր հրապարկվել, սակայն շրջանառվում էր շահագրգիռ գերատեսչություններով: Այդ ժամանակ ֆինանսների նախարարությունից խոստացան ծրագիրը հրապարակել իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում, որտեղ հանրային քննարկման է դրվում: Սակայն, այն միանգամից հրապարկվել է կառավարության նիստի օրակարգում և ընդունվել գործադիրի կողմից: e-draft.am-ում նախագիծը տեղադրվել է միայն երեկ՝ օգոստոսի 12-ին:
- Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը սահմանափակելու թեման կրկին օրակարգում է
- Դավիթ Անանյանը պատրաստվում է հիպոթեքին ուղղվող եկամտայինհարկի ծրագրի հետ կապված հարցեր բարձրացնել Կառավարությունում
- Շարունակե՞լ եկամտային հարկի վերադարձը, թե՞ ոչ. կառուցապատողները մտահոգված են
- Կենտրոնում և Արաբկիրում բնակարան գնելիս եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կարող է չեղարկվել
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ. «Մի քանի ամսից ոչ միայն կառուցապատումը, այլև ամբողջ երկրի տնտեսությունը կոլապսի մեջ է հայտնվելու»
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը համոզված է, որ եկամտային հարկի վերադարձի ծրագրում առաջարկվող փոփոխությունները մեծ հարված են հասցնելու Հայաստանի կառուցապատման ոլորտին: Ոլորտը կհայտնվի կոլապսի մեջ՝ իր հետևից տանելով ամբողջ տնտեսությունը:
Կառուցապատողները հայտարարում են, որ այս ծրագրի արդյունքում ավելի շատ գումարներ են հոսում պետական բյուջե, քան դուրս եկող գումարներն են:
«Մենք հաշվարկներով ապացուցել ենք, որ այս ծրագիրը շահեկան է հենց պետության համար: Սակայն մեր գործընկերները ականջալուր չեղան մեր հորդորներին: Եթե ծրագիրը չլինի, բազմաթիվ կառուցապատողներ կդադարեցնեն իրենց գործունեությունը: Երեկվանից ինձ հայտնում են իրենց մտահոգությունն ու մտադրությունը, որ դուրս են գալիս կառուցապատման ոլորտից»,- ասում է Գուրգեն Գրիգորյանը:
Կառուցապատողների շրջանում խուճապ է ստեղծվել: Դրա պատճառ է հանդիսացել հատկապես առաջարկվող անցումային այն դրույթը, ըստ որի՝ այս ծրագրի շրջանակներում նախատեսված սահմանափակումներով հանդերձ կարող են աշխատել այն կառուցապատողները, որոնք շինարարական թույլտվություններ կստանան մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Նրանք համարում են, որ բավականին կարճ ժամանակ է տրամադրված իրենց բիզնեսը պլանավորելու համար:
«Մարդիկ չգիտեն՝ ինչ անել: Գումար են ծախսել հող ձեռք բերելու վրա, քանդման աշխատանքներ են կատարել, բանվորական աշխատուժին և վարպետներին են վարձատրել, բայց շինթույլտվություն դեռևս չեն ստացել: Հաշվի առնելով մեր վարչական մարմինների ծանրաբեռնվածությունը և այն, որ շինթույլտվությունը մի քանի ամսում են տալիս՝ կառուցապատողները հասկանում են, որ չեն հասցնելու այն ստանալ մինչև դեկտեմբերի 31-ը: Խաղի կանոնները փոփոխելու համար շատ խիստ ու կարճ ժամկետներ են տրված: Ժամկետների մեջ կառուցապատողները խեղդվում են»,- նշում է ասոցիացիայի նախագահը:
Կառուցապատողները շինթույլտվությունների համար առնվազն մեկ տարի ժամանակ են պահանջում:
Դիտարկմանը, որ Երևանի հատկապես Փոքր կենտրոնում բնակարանների գները վերջին տարիներին էապես բարձրացել են նորակառույցների հաշվին, որն էլ եկամտային հարկի վերադարձի ծրագրի արդյունքում առաջացած պահանջարկի հետևանքն է, և որ այդ գնաբարձրացումն արհեստական է, Գուրգեն Գրիգորյանը պատասխանում է, որ դա միֆ է: Նրա խոսքով՝ Կենտրոնում բնակարանների գնագոյացման վրա մեծ ազդեցություն ունեն հողերի բարձր գները:
«Միֆ է, որ այս ծրագրի հանվելուց հետո Կենտրոնում գները կէժանանան: Կառուցապատողն արդեն իսկ ներդրում է արել և պետք է վաճառքի ժամանակ փոխհատուցի իր ներդրումը: Նա էժան վաճառք չի իրականացի: Կվաճառի այն գնով, որը կարդարացնի իր ներդրումը: Այս ծրագիրը կապ չունի գների հետ: Կա պահանաջարկ, կան վաճառքներ»,- շեշտում է ասոցիացիայի նախագահը:
Գևորգ Պապոյան. «Փոփոխությունների առաջին նպատակն է՝ շինարարությունը տանել դեպի մարզեր, ապահովել տարածքային համաչափություն»
Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջին և հիմնական հիմքը տարածքային համաչափ զարգացում ապահովելն է: Փոփոխությունների անհրաժեշտությունն այսպես է մեկնաբանում ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականից: Պապոյանի ձեռքի տակ եղած տվյալներով՝ ծրագրի մեկնարկից հետո Հայաստանում կառուցված շենքերի 93%-ը կառուցվել է Երևանում, և միայն 7%-ը՝ մարզերում: 93%-ի մեծ մասն էլ Երևանի կենտրոնում կամ կենտրոնամերձ հատվածներում են: «Մենք մի մեխանիզմ ենք ֆինանսավորել պետական բյուջեից, որը ծառայել է միայն Երևանի կենտրոնի զարգացմանը: Ժամանակի ընթացքում կարիք առաջացավ կոշտ կարգավորման միջոցով իրապես փոխել տրամաբանությունը և տանել շինարարությունը Երևանի կենտրոնից դեպի ծայրամասեր և մարզեր: Սա է նախագծի գաղափարախոսությունը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նա նկատում է, որ նոր կառուցվող շենքեր մարզերում կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են, օրինակ՝ Կապանում, Դիլիջանում, Արտաշատում, Աշտարակում և այլն: Համոզված է, որ երբ ծրագիրը դադարի Երևանում գործել, կառուցապատումը կաշխուժանա մարզերում. «Եթե կապանցի երիտասարդը գալիս է Երևան և չի կարող Կապանում բնակարան գնել, որովհետև Կապանում շենք չի կառուցվում, իսկ Երևանում կառուցվում է, և դա իր համար շատ մատչելի է, ինքը բնականաբար մնալու է Երևանում: Եվ կարող է մի օր պարզենք, որ Երևանը դարձել է 2-2.5 մլն բնակչություն ունեցող քաղաք, իսկ մարզերում գրեթե մարդ չի ապրում»:
Պատգամավորը կարծում է, որ բիզնեսը պլանավորելու համար առաջարկվող փոփոխություններով կառուցապատողների համար բավարար ժամանակ է նախատեսված: Գործընթացը սահուն տեղի կունենա, և՛ կառուցապատողները, և՛ բանկերը բավականին ժամանակ ունեն հարմարվելու համար:
Պապոյանը համաձայն է, որ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը արդյունավետ գաղափար էր և հնարավորություն է տվել բազմաթիվ շահառուների, հատկապես՝ երիտասարդներին, բնակարան ձեռք բերել նորակառույցներից, սակայն հարց է՝ արդյոք այն գումարը, որը պետական բյուջեից հատկացվել է այդ նպատակով, չէ՞ր կարող ծախսվել ավելի արդյունավետ ծրագրերի ուղղությամբ:
«Ենթադրենք՝ 2025 թվականին վերադարձվող եկամտային հարկը կազմի 50 մլրդ դրամ: Հարց է առաջանում՝ պետության տեսանկյունից ո՞րն է ավելի ճիշտ՝ նույն քաղաքացիներին ֆինանսավորել անվճար առողջապահական ապահովագրությա՞մբ, թե՞ բնակարանի տոկոսագումարների գծով, թե՞ վճարել շատ ավելի լավ կրթության համար: Այդ գումարը, միևնույն է, ծախսվելու է, պետական բյուջեում չի մնալու: Համաչափությունն է պետք պահպանել: Այդ համաչափությունը պահպանելու տրամաբանության շրջանակներում է նաև այս նախագիծը»,- ասում է պատգամավորը:
Շահագրգիռ գերատեսչությունները, ԱԺ հանձնաժողովները, բանկային համակարգը, կառուցապատողները և այլք դեռևս հնարավորություն ունեն առաջարկություններ ներկայացնելու և քննարկելու Կառավարության ընդունած որոշումը: Առաջիկայում, ըստ Գևորգ Պապոյանի, կլինեն այդ քննարկումները: Եվ միայն քննարկումներից ու ԱԺ քվեարկություններից հետո հստակ կդառնա հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի ճակատագիրը:
Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել