HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը սահմանափակելու թեման կրկին օրակարգում է

Հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրում նոր սահմանափակումներ ներառելու թեման կրկին օրակարգում է: Թեև Ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ այն դեռևս նախագծային տեսք չունի և հրապարակված չէ, սակայն կառուցապատողները հայտարարում են, որ նոր սահմանափակումների մասին հստակ տեղեկություններ ունեն:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որ Ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի վերադարձի կարգավորումները դադարեցնելու մասին նախագիծ է շրջանառում: 

Ներկայում շրջանառվող նախագծով կառավարությունը պատրաստվում է 2022 թվականից Երևանի որոշ գոտիներում, մասնավորապես՝ Կենտրոնում ու Արբակիրում կառուցվող նոր շենքերի համար դադարեցնել այս ծրագիրը, իսկ մինչև 2025 թվականը ատիճանաբար և ամբողջությամբ հրաժարվել եկամտային հարկի վերադարձից: Բոլոր դեպքերում, ծրագրի սահմանափակումների կամ չեղարկումների արդյունքում ծրագրի ներկա շահառուների վրա դրանք չեն տարածվելու. օրենքով նրանք շարունակելու են հետ ստանալ իրենց եկամտային հարկը:

«Հետքի» հետ զրույցում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանը նշեց, որ օրենքի նախագիծը դեռևս չկա իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում, սակայն շրջանառվում է շահագրգիռ գերատեսչություններով: «Դեռ շրջանառվում է նախարարություններով, հավաքվում են կարծիքներ ու նոր կհրապարակեն հանրայնորեն»,- ասաց նա:

ՀԿ-ն մտահոգություն է հայտնել, որ այս նախագծի կյանքի կոչվելուն զուգահեռ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը կնվազի: «Հետևաբար կնվազի նաև կառուցապատումն ու շինարարության ծավալներն այս ոլորտում։ Դա էլ իր հերթին կհանգեցնի շինարարության ծավալների ավելի մեծ անկմանն ու աշխատատեղերի կրճատմանը»,- հայտարարել են կառուցապատողները: 

Գործող ծրագրի համաձայն՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել  կառուցապատողից գնվող բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։

2018 թվականի հունվարի մեկից այս ծրագրի համար գործում են սահմանափակումներ, որոնք առաջարկել էր Կառավարությունը։ Մասնավորապես, ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակարանի/բնակելի տան արժեքը պետք է չգերազանցի 55 մլն դրամը։ Մյուս սահմանափակումը՝ հիփոթեքային վարկի գծով վճարվող և վերադարձվող տոկոսագումարի եռամսյակային հանրագումարը չի կարող ավել լինել  1.5 մլն դրամից, այսինքն՝ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները։ Եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից նույն հարկատուն կարող է օգտվել միայն մեկ անգամ։ 

Այս փոփոխությունների նպատակն էր առավել բարձր եկամուտ ունեցողների համար սահմանափակել ծրագիրը, նվազեցնել բյուջեի կորուստները և դրանից օգտվելու հնարավորություն տալ ավելի ցածր եկամուտ ունեցողներին։

Սակայն, տարիների ընթացքում ծրագրի շահառուների քանակը գնալով ընդլայնվել է, մեծացել է բյուջեից եկատային հարկ վճարողներին վերադարձվող գումարների ծավալը: Կառավարությունը դեռևս 2019 թվականից պարբերաբար հայտարարում է, որ այս ծրագիրը «գլխացավանք է» դարձել բյուջեի համար: 

Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին: Եթե 2015 թվականին այս ծրագրի շրջանակներում հարկատուներին վերադարձվել է ընդամենը 274 մլն դրամ եկամտային հարկ, ապա 2020 թվականին այն արդեն հասել է 13.3 մլրդ դրամի: 

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է 7.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է մոտ 67%-ով: 

Հուլիսի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 16 101 շահառու:

Ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ թեև եկամտային հարկի վերադարձի ծրագրում սահնմանափակումներ ներառելու թեման քննարկվում է դեռևս նախորդ տարվանից, սակայն հրապարակված նախագծային որևէ նոր տարբերակ այս պահին չկա: 

2020 թվականի հունիսին կրկին ակտիվացել էր այս թեման: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուզազյանը 2020 թվականի հունիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ հայտարարեց, որ հնարավոր է՝ Երևանի առաջին և երկրորդ գոտում, այն է՝ Կենտրոնում և Արաբկիրում դադարեցվի հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։ Այդ ժամանակ էլ այս թեմայով նախագիծ չներկայացվեց: Սակայն, ենթադրվում  է, որ կառավարությունը վաղ, թե ուշ կամ դադարեցնելու է այս ծրագիրը, կամ նոր սահմանափակումներ է ներառելու:

Եկամտային հարկի վերադարձի ծրագրի արդյունավետության և բյուջեի վրա դրա ծանրության թեման անվերջ բանավեճի է վերածվել կառավարություն-կառուցապատողներ կողմերի միջև: Կառուցապատողները պնդում են, որ թեև այս ծրագրի արդյունքում բյուջեն գումարներ է կորցնում է, սակայն մյուս կողմից էլ՝ դրան փոխկապակցված գործունեությունների արդյունքում նոր գումարներ են մտնում բյուջե, որոնք գոյանում են կառուցապատողներից գանձվող ավելացված արժեքի հարկի, շինարարության, առևտրի ծավալների և այլ գործոնների հաշվին: 

Կառավարությունում չեն ընդունում այդ հաշվարկները: Բացի այդ, հայտարարվում է, որ այս ծրագրի հետևանքով շինարարությունն ու կառուցապատումը կենտրոնացված է Երևանի կենտրոնում, որտեղ բնակարանների գները արհեստականորեն բարձրացվել են: 

Թե ինչ ընթացք կստանա այս անգամ եկամտային հարկի վերադարձի թեման, դեռևս հայտնի չէ: Ֆինանսների նախարարությունը խոստանում է հրապարակել մանրամասները, երբ դրանք ամբողջական նախագծային տեսքով լինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter