HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դավիթ Անանյանը պատրաստվում է հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի ծրագրի հետ կապված հարցեր  բարձրացնել Կառավարությունում       

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատրաստվում է Կառավարությունում բարձրացնել հիպոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի ծրագրի նպատակահարմարության հարցը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է հասկանալ՝ այս ծրագիրը միտված է բիզնեսին աջակցելուն, թե՞ ավելի շատ ունի սոցիալական ուղղվածություն։ «Եթե այն սոցիալական ուղղվածություն ունի, ապա այս ծրագիրը պետք է գործի։ Բայց եթե դա բիզնեսին աջակցելու գործիք է, ապա որպես տնտեսագետ ասեմ, որ դա լավ գործիք չէ։ Դա այն բիզնես ոլորտը չէ, որին պետությունը պետք է օժանդակեր, որովհետև կան արտահանմանը միտված բիզնես ճյուղեր, որտեղ պետությունը շատ ավելի արդյունավետ կարող է ծախսել այդ գումարները»,- այս մասին այսօրվա ասուլիսին նշեց Դավիթ Անանյանը` ի պատասխան մեր հարցին, թե որքանով է մեր երկրի բյուջեն պատրաստ եկող տարիներին ևս կրել այս ծրագրի բեռը։

Հիշեցնենք, որ այս ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է կառուցապատողից գնվող բնակարանի կամ տան հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։

Ծրագրի շահառուների թվի ավելացմանը զուգահեռ մեծացել են նրանց վերադարձվող եկամտային հարկի գումարները։ Ըստ ՊԵԿ-ի` ծրագրի մեկնարկից մինչ այս տարվա սեպտեմբերը ներառյալ՝ 2015 թվականից սկսած, վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել մոտ 14.2 մլրդ դրամի չափով եկամտային հարկ։ Եթե 2015 թվականին այն կազմել է ընդամենը 274 մլն դրամ, ապա այս տարվա միայն հունվար-սեպտեմբերին այն արդեն հասել է 5.4 մլրդ դրամի։ Իսկ այս տարվա համար կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այս գումարը կկազմի  8-9 մլրդ դրամ։

Հարցին` կա՞ն հաշվարկներ, թե այս ծրագրի շրջանակներում առուվաճառքի արդյունքում որքան հարկեր են վճարում կառուցապատողները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Երեկվա դրությամբ մենք ֆիզիկական անձանց եկամտային հարկի տեսքով վերադարձրել են 5.5 մլրդ դրամ։ Արված հաշվարկները վկայում են, որ այս ծրագրի շրջանակում պետությունը շատ ավելի մեծ գումարներ է ծախսում՝ եկամտահարկի վերադարձի տեսքով, քան ստանում է բնակարանների առուվաճառքի գործարքի արդյունքում գոյացած հարկերի տեսքով»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով` հարկավոր է քննարկել նաև ծրագրով սահմանված շեմերը բնակարանների գների վերաբերյալ։ 2018 թվականի հունվարի մեկից այս ծրագրի համար գործում են սահմանափակումներ, որոնք առաջարկել էր Կառավարությունը։ Մասնավորապես, ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակարանի/բնակելի տան արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը։ «Եթե մենք գալիս ենք համաձայնության, որ այս ծրագիրը սոցիալական ուղղվածություն ունի և պետք է շարունակվի, ապա սահմանաչափերը պետք է վերանայվեն։ Օրինակ՝ արդյոք 55 մլն դրա՞մն է սոցիալական խնդիր լուծելու համար լավագույն սահմանաչափը բնակարանի գնի համար։ Իմ կարծիքով՝ ոչ։ Ավելի լավ կլիներ, որ այդ շեմը լիներ, օրինակ՝ 35 մլն դրամը, որովհետև դա համադրելի կլիներ նմանատիպ ծրագրերով սահմանված շեմերին, ինչպիսին է երիտասարդ ընտանիքների ծրագիրը»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Իսկ եթե սրանով բիզնեսին աջակցելու ծրագիր է իրականացնում, Դավիթ Անանյանի կարծիքով՝ բնակարանաշինությունը Հայաստանի տնտեսության զարգացման առումով այն առաջնային բիզնես ոլորտը չէր, որտեղ պետք է ներդրումներ կատարվեին. «Մենք պետք է իրատեսական լինենք։ Այո, գնահատականներ ունենք, որ մինչև տարեվերջ վերադարձվող եկամտային հարկի գումարը կազմելու է 8-9 մլրդ դրամ։ Երբ ծրագիրը մեկնարկեց, խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին էր։ Հաջորդ տարի այդ բեռը ի՞նչ է լինելու»։

ՊԵԿ նախագահը, մտավախություն ունենալով, որ հանրության մոտ կարող է թյուր կարծիք ձևավորվել, շեշտեց, որ ծրագիրը դադարեցնելու որևէ հարց այս պահին Կառավարությունում չի քննարկվում. «Բայց Կառավարությունում այդպիսի հարց ես ինքս բարձրացնելու եմ անպայման՝ այդ բեռը մենք ի զորու ենք առաջիկա տարիներին կրել, թե՞ ոչ։ Իմ կարծիքով դժվարություններ կլինեն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter