HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Անշարժ գույքի շուկայում գործարքներն ավելանում են, գները՝ բարձրանում

Այս տարի անշարժ գույքի շուկան Երևանում և մի քանի մարզերում ակտիվացել է։ 2022 թվականի առաջին եռամսյակում առուվաճառքի 12 099 գործարք է գրանցվել հանրապետությունում, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 9.5%-ով։ Մասնավորապես, Երևանում աճը կազմել է 23%: Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի պետական կոմիտեի տվյալներից։

Այս տարվա երկրորդ եռամսյակի վիճակագրությունը դեռևս չի հրապարակվել, սակայն անշարժ գույքի գործակալների ու քաղաքացիների հետ զրույցները վկայում են, որ երկրորդ եռամսյակում ևս գործարքների քանակն ավելացել է, գները՝ բարձրացել։

Դոլարի էժանացում, հիփոթեքի պայմանների դյուրացում, բնակչության սպասումներ. անշարժ գույքի շուկայի «շարժիչները»

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը ևս նկատում է, որ անշարժ գույքի շուկան այսօր ավելի ակտիվ է, քան այս տարվա  առաջին եռամսյակում, ինչպես նաև նախորդ տարվա այս օրերի համեմատ։

Գործակալության տնօրենը դա պայմանավորում է երեք հնարավոր գործոններով։

Առաջին հերթին՝ դոլարի ներկա փոխարժեքը։ «Քանի որ դոլարը էժանացել է, գնորդները շտապում են ձեռք բերել նախատեսված անշարժ գույքը։ Ու չնայած որոշ վաճառողներ տուժում են այստեղ, սակայն եթե պետք է վաճառեն, վաճառում են։ Մյուս կողմից վաճառողները շահում են, քանի որ անշարժ գույքի գները գնալով բարձրանում են»,- ասում է Վահե Դանիելյանը։

Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալներով՝ հունիսի 24-ին դոլարի փոխարժեքը կազմել է 408.56 դրամ, ուղիղ մեկ ամիս առաջ այն կազմում էր 452.7 դրամ, իսկ տարեսզբին՝ 480 դրամի սահմաններում էր։

Մյուս գործոնը, որը ազդել է անշարժ գույքի շուկայում գործարքների աճին, բանկերի կողմից հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների որոշակի դյուրացումն է։ Բանկերը, ըստ Վահե Դանիելյանի, կրճատել են պահանջվող փաստաթղթերի քանակը, որի արդյունքում վարկառուների համար բյուրոկրատական քաշքշուկները որոշ չափով պակասել են։

Եվ երրորդ գործոնը, որը նպաստում է շուկայի աշխուժացմանը, բնակչության սպասումներն են։ «Մարդիկ, որոնք պլանավորել են անշարժ գույք ձեռք բերել, տեսնելով, որ անշարժ գույքի գները գնալով բարձրանում են, շտապում են գնել՝ մտածելով, որ առաջիկայում գներն ավելի են թանկանալու»,- նշում է անշարժ գույքի գործակալը։

Անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը շարունակում են նպաստել նաև եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումները:

2015 թվականից գործող ծրագրի համաձայն՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել կառուցապատողից գնվող բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։

Ըստ նոր սահմանափակումների ծրագիրը 2022 թվականից մինչև 2025 թվականը աստիճանաբար կդադարեցվի Երևանում կառուցվող շենքերի համար, սկզբում այն կսահմանափակվի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների համար։ 2025 թվականից հետո կգործի միայն մարզերում: Հետևաբար, քաղաքացիները շտապում են օգտվել այս ծրագրից։

Հատկանշական է, որ մեզ հետ զրույցներում գործակալները անշարժ գույքի շուկայի ակտիվացումը ոչ մի կերպ չեն պայմանավորում մարդկանց եկամուտների աճով կամ տնտեսական աճով։ Այսինքն՝ այս դեպքում շուկայի աշխուժությունը չի կարող խոսել տնտեսության ակտիվացման մասին։

Առուվաճառքի մոտ 34%-ը Երևանին է բաժին ընկնում

Ինչպես նշվեց վերևում, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում առուվաճառքի 12 099 գործարք է իրականացվել։ Ինչպես ցույց է տալիս կադաստրային վիճակագրության վերլուծությունը, միայն Երևանում տեղի է ունեցել գործարքների 34%-ը։ Հաջորդում են Կոտայքը՝ 18.9%-ով և Արարատը՝ 11.2%-ով։ Առուվաճառքի գործարքների կազմում էական կշիռ ունի նաև Արմավիրը (մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում):

Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների թիվն ավելացել է 23%-ով։

Բացասական միտումներ են գրանցվել Արագածոտնում, Լոռիում, Շիրակում ու Վայոց Ձորում։

Մյուս բոլոր մարզերում առուվաճառքի գործարքների քանակն աճել է։

Ինֆոգրաֆիկայում ներկայացված է առուվաճառքի քանակները ինչպես 2021 և 2022 թվականների առաջին եռամսյակներում, այնպես էլ 2021 թվականի չորրորդ եռամսյակում։

Ինչպես երևում է, չորրորդ եռամսյակի համեմատ՝ այս տարվա առաջին եռամսյակում գործարքները նվազել են, ինչը բնական է, քանի որ անշարժ գույքի շուկայում ևս կա սեզոնայնության գործոնը՝ տարեվերջին, սովորաբար, ավելի շատ առուվաճառք է լինում։ Հետևաբար, շուկայի իրական պատկերը հասկանալու համար հիմք ենք ընդունում այս տարվա առաջին եռամսյակի համեմատությունը նախորդ տարվա նույն եռամսյակի հետ։

Անշարժ գույքը շարունակում է թանկանալ

Շուկայի աշխուժացմանը զուգահեռ աճել են նաև անշարժ գույքի գները։ Կադաստրի կոմիտեի հաշվարկներով՝ Երևանում բնակարանների շուկայական գները այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ բարձրացել են միջինը 12.4%-ով։ Իսկ նախորդ տարվա վերջին՝ չորրորդ եռամսյակի համեմատ, 2.9%-ով։

Մեզ հետ զրույցներում անշարժ գույքի գործակալներից մի քանիսը վկայում են, որ անշարժ գույքը մարզերում շատ չի թանկացել, բայց մայրաքաղաքում էական գնաճ կա։

«Ալեքսան ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Նունե Դուխիկյանի խոսքով, եթե այսօրվա՝ հունիսի գները համեմատենք 2021 թվականի նույն ամսվա գների հետ, ապա թանկացումը 20-30%-ի շրջանակներում է։

«Դոլարի էժանացումը մի կողմից գնորդներին ձեռնտու է, մյուս կողմից՝ վաճառողները ստիպված են լինում թանկացնել բնակարանները, քանի որ վաճառքի հանելիս իրենք հաշվարկներ են ունեցել, որոնք հաստատ այս փոխարժեքով չէին»,- ասում է գործակալության ներկայացուցիչը։

Ըստ նրա` վարձակալության գները մինչև կրկնակի բարձրացել են։ Եթե մեկ տարի առաջ նորմալ պայմաններով բնակարանը Երևանում հնարավոր էր վարձակալել ամսական 200 հազար դրամով, ապա հիմա 1000 դոլարին համարժեք՝ 400 հազար դրամ և ավելին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում հնարավոր չի լինի անշարժ գույք գնել կանխիկ գումարով։ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև բոլոր այն գործարքների վճարումները, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, պետք է կատարվեն անկանխիկ եղանակով, եթե գործարքի արժեքը գերազանցել է 500 հազար դրամը։

2023 թվականի հուլիսից այդ շեմը դառնում է 300 հազար դրամ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter