HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ-ն չի կարող միջամտել բանկերի կողմից դրամական փոխանցումների միջնորդավճարների բարձրացման ու կանխիկացման հարցերին

Ռուբլու անկմանն ու դոլարի վերելքին զուգահեռ  հայաստանյան բանկերի մի մասը սահմանափակել է դոլարով և ռուբլով կանխիկ գործառնությունները: 

Նրանք հրաժարվում են արտերկրից Հայաստան փոխանցված գումարները հաճախորդներին տրամադրել դոլարով կամ ռուբլով՝ այն պարագայում, երբ այդ գումարները արտերկրից փոխանցվել են նշված արժույթներով: Հաճախորդներին առաջարկում են գումարը տրամադրել հայկական դրամով՝ տվյալ պահին ամրագրված փոխարժեքով։ 

«Մենք փոխանցումների ժամանակ միջնորդավճար չենք պահում, ուղղակի եթե այս պահին դոլարով եք ուզում ստանալ, դոլար չենք կարող տրամադրել»,- հաճախորդի զանգին մարտի 14-ի առավոտյան պատասխանել են «Հայէկոնոմբանկի» հեռախոսային կենտրոնից: 

Հարցին՝ ինչու՞ չեն կարող դոլար տրամադրել, բանկի աշխատակիցը պատասխանել է. «Այս պահին սպառված է»։

Մեկ այլ բանկից՝ «Հայբիզնեսբանկից» նախ ճշտում են, թե որքան գումարի մասին է խոսքը։ Պատասխանին, որ 200-300 դոլարի մասին, բանկի զանգերի կենտրոնից հայտնում են, որ չեն կարող հստակ ասել՝ կտրամադրե՞ն արտարժույթով փոխանցումը, թե՞ ոչ։ Ընդ որում՝  խոսքը վերաբերում էր ոչ միայն դոլարային փոխանցումներին, այլև՝ ռուբլով։ «Պետք է ճշտենք՝ կարո՞ղ եք այդքան ստանալ տվյալ մասնաճյուղից, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում՝ Ձեզ դրամով կարող ենք տրամադրել»,- նշում են բանկից։ 

«Արարատբանկ»-ից խորհուրդ են տալիս մասնաճյուղ այցելելուց առաջ նախապես զանգով պայմանավորվել՝ վստահ լինելու արդյոք հնարավո՞ր է գումարը արտարժույթով տրամադրել, թե՞ ոչ։ 

Արտարժույթով կանխիկ գործարքների սահմանփակումներ կան նաև այլ բանկերում։ 

Մեր խմբագրությանը դիմած քաղաքացին պատմում է, որ օրեր առաջ ԱՄՆ-ից գումար է ուղարկել Հայաստանում ապրող իր հարազատներին, բայց նրանք դժվարությամբ են կարողացել այդ գումարը դոլարով ստանալ։ Մի քանի բանկ այցելելուց հետո ի վերջո հաջողվել է գտնել մասնաճյուղ, որտեղ դոլարով ստացել է փոխանցումը։ 

Վերջին օրերին դժգոհություններ են հնչում նաև այն մասին, որ բանկերը հրաժարվում են դոլար վաճառել քաղաքացիներին։ Մի մասն առհասարակ չի վաճառում, մի մասը՝ սահմանափակումներով։ 

ԿԲ-ն հավաստիացնում է, որ որոշումն իրենը չէ

Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ բանկերի ընթացիկ որոշումներին չեն միջամտում: Դոլարի և ռուբլու կանխիկ գործառնությունների սահմանափակման վերաբերյալ որևէ որոշում գլխավոր դրամատան կողմից չի եղել: 

«ԿԲ-ից որևէ ցուցում չկա փոխանցված դրամական միջոցները միայն դրամով ստանալու վերաբերյալ։ Առանց հաշվի դեպքում քաղաքացին կարող է ստանալ փոխանցման արժույթով, հաշվով փոխանցման դեպքում կարող է ստանալ հաշվի արժույթով»,- «Հետքի» հարցմանն ի պատասխան նշում են Կենտրոնական բանկից։

Ինչ վերաբերում է միջնորդավճարներին, ապա ըստ ԿԲ-ի՝ փոխանցումների դեպքում ուղարկողը վճարում է փոխանցման գումարը, սակայն բանկն իրավունք ունի գանձել միջնորդավճար այդ գումարը կանխիկ տրամադրելու համար։ Գլխավոր դրամատնից շեշտում են, որ միջնորդավճարը ոչ բոլոր բանկերի կողմից է գանձվում:

Ըստ ԿԲ-ի՝ միջնորդավճարի շեմ չկա։ Սա նշանակում է, որ դրանք օրենքով սահմանափակված չեն և թողնված են բանկերի կամքին։ Ոչ ԿԲ-ն, ոչ էլ որևէ այլ կառույց չի կարող բանկերին օրենքի սահմաններում ստիպել չգանձել միջնորդավճար կամ սահմանափակել դրանք։ 

«Իսկ վերահսկողություն իրականացվում է սպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու և տեղեկացնելու մասով: Բանկը պարտավոր է հրապարակել այդ միջնորդավճարները և դրսևորել արդար վարքագիծ իր հաճախորդների նկատմամբ»,- նշում են ԿԲ-ից:

Բանկերում քաղաքացիներին պատասխանում են, որ դոլարի նկատմամբ պահանաջարկը կտրուկ աճել է։ Նախ ռուբլու թուլացման հետևանքով քաղաքացիները սկսել են ավելի շատ դոլար գնել, ապա՝ ռուս-ուկրաինական պատերազմի օրերի Հայաստան ժամանած ռուսաստանցիներն են սկսել իրենց ունեցած գումարները դոլարով փոխանակել։  Սա հանգեցրել է բանկերում դոլարի ֆիզիկական ծավալների կրճատմանը։ 

Որքան էլ պատճառաբանությունը համոզիչ կամ անհիմն լինի, տուժում են քաղաքացիները, հատկապես դոլարային պարտավորություններ ունեցողները։ Երբ բանկը հրաժարվում է նրանց դոլարով տրամադրել փոխանցված գումարը և տալիս է դրամով, հաճախորդը ստիպված է լինում նույն դրամը կրկին դոլարի վերածել փոխանակման կետում, որպեսզի կատարի իր պարտավորոթյունները։ Իսկ դոլարի վաճառքն ավելի բարձր փոխարժեքով է, քան առքը։ 

Տուժում են նաև ռուբլի ստացող այն քաղաքացիները, որոնք այս փուլում, երբ ռուբլին բավականին էժանացել է, նախընտրում են գումարը պահել ռուբլով և հարմար պահի այն վաճառել։ Երբ բանկը հրաժարվում է ռուբլի տրամադրել, հաճախորդը ստիպված է դրամը ստանալ ցածր փոխարժեքով։

«Բանկը ստիպված է վերանայել արտարժույթի կանխիկացման միջնորդավճները»

Դրամական փոխանցումներ սպասարկելիս որոշ բանկեր, ինչպես նշվեց վերևում, բարձրացրել են միջնորդավճարների տոկոսադրույքները։ 

Օրերս համացանցում նման խնդրի մասին բարձրաձայնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանը՝ նշելով, որ ՌԴ-ից Unistream համակարգով գումար է փոխանցվել քաղաքացուն` վճարելով բոլոր միջնորդավճարները, սակայն «ԱյԴի Բանկ»-ում հայտնել են, որ գումարը ռուբլով տրամադրելիս պետք է 3% միջնորդավճար գանձեն։ 

Անդրադառնալով այս դեպքին և առհասարակ միջնորդավճարների բարձրացմանը՝ «Հետք»-ի հետ զրույցում բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց, որ բանկը բարձրացրել է միջնորդավճարները, քանի որ կանխիկ արտարժույթի հետ կապված ծախսատարությունն աճել է։ 

«Պայմանավորված գործընկեր երկրներում ցնցումներով, աշխարհաքաղաքական իրադրությամբ, հնարավոր ռիսկերով և սպասումներով՝ նկատվում է արտարժույթի կանխիկացման գործարքների աճ, որն իր հերթին նպաստում է արտարժույթի ու արտարժութային գործարքների և հատկապես կանխիկ արտարժույթի հետ կապված ծախսերի աճին»,- նշում է Տաթևիկ Վարդևանյանը։

Հաշվի առնելով նշված կանխիկ արտարժույթի հետ կապված ծախսատարության աճը՝ բանկը վերանայել է արտարժույթի կանխիկացման միջնորդավճները։

«Կենտրոնական բանկը պետք է միջամտի, եթե իրավիճակը խորանա և ազդի բնակչության սպասումների վրա»

 Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ Կենտրոնական բանկի գործառույթներից դուրս է այս կամ այն բանկի ծառայությունների սակագների կարգավորումը։

«Դա բանկի ծառայությունների գինն է, ինքն է որոշում՝ ինչ գին սահմանի, նույնն է, որ խանութում տերն է որոշում՝ ապրանքն ինչ գնով վաճառի»,- ասում է տնտեսագետը։

Սակայն, ըստ նրա, Կենտրոնական բանկը պետք է լրջորեն հետևի իրադարձություններին, և եթե որևէ պահի այդ ամենը հանգեցնի բնակչության կողմից բացասական սպասումների, պետք է անմիջապես իր լծակները գործի դնի բանկային կայունությունը պահպանելու համար։

«Դա կարող է լինել բանկերի հետ խորհրդակցությունների մակարդակով, հնարավոր վտանգերը բացատրելով ու կանխելով»,- նշում է Ասատրյանը։

Հարցին՝ ինչ վտանգների մասին է խոսքը, տնտեսագետը պատասխանում է՝ բնակչության կողմից անվստահության ձևավորումը բանկային համակարգի նկատմամբ, որը կարող է հանգեցնել ընդհուպ խուճապի՝ իր բացասական հետևանքներով հանդերձ։

Բանկային համակարգի շուրջ տրամադրությունները շատ արագ են ձևավորվում։ Մեկ կամ երկու աղմկահարույց դեպքերն ազդում են ամբողջ համակարգի վրա։ 

«Մեր բանկային համակարգն այսօր կայուն և վստահելի է։ Խուճապային ոչինչ չկա։ Դա տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ է եղել։ Պետք է ամեն կերպ պահել այդ վստահությունը»,- շեշտում  է Բագրատ Ասատրյանը։ 

Նա հակված է այն կանխատեսամանը, որ արտարժույթի շուրջ ստեղված իրարանցումը կարճաժամկետ է։ 

Դոլարը նվազմամբ է սկսել շաբաթը

Այսօր՝ մարտի 14-ին, ըստ ԿԲ հրապարակած փոխարժեքների՝ 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 514.97 դրամ, որը նախորդ աշխատանքային օրվա՝ մարտ 11-ի համեմատ նվազել է 3.31 դրամ-ով։ 

Դոլարը սկսեց թանկանալ փետրվարի վերջից, երբ ռուսական ռուբլին արժեզրկվեց՝ դրա նկատմամբ վստահության թուլացման հետևանքով, փոխարենը մեծացավ դոլարի նկատմամբ պահանաջարկը։ Դա էլ հանգեցրեց դոլարի թանկացման։ 

Դոլարի պահանջարկն ու վերելքը շարունակվեց նաև մարտի առաջին երկու շաբաթում, երբ ռուս-ուկրաինական պատերազմի օրերին Հայաստան ժամանած ռուսաստանցիները սկսեցին իրենց ունեցած գումարները դոլարով փոխանակել։

Ի տարբերություն դոլարի՝ որոշակի նվազում կա ռուբլու գծով։ Ռուբլու միջին փոխարժեքը մարտի 14-ին կազմել է 4.66 դրամ՝ նախորդ աշխատանքային օրվա համեմատ աճելով 0.11 դրամով։ 

Ռուբլու վայրէջքը սկսվել է փետրվարի 25-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմից քիչ անց։

 

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter