HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուբլին, դոլարն ու տրանսֆերտները. ո՞վ է տուժում, ո՞վ՝ շահում

Վերջին տասը տարիներին Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստան հոսող տրանսֆերտների կազմում էապես կրճատվել է, փոխարենն աճել է ԱՄՆ-ի կշիռը։ Այդուհանդերձ, Ռուսաստանը շարունակում է մնալ փոխանցվող գումարների գլխավոր աղբյուրը։ Ռուբլու արժեզրկման հետևանքով տուժում են այդ գումարներով ապրող ընտանիքները։ Մյուս կողմից, բարձրանում է դոլարի գինը՝ դրական ազդելով ԱՄՆ-ից և այլ երկրներից դոլարային տրանսֆերտներ ստացողների եկամուտների վրա։

Փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ սրընթաց արժեզրկվում է։ Եթե մինչ այդ 1 ռուբլու առքը մոտ 7 դրամ էր, իսկ երբեմն՝ ավելի բարձր, ապա այսօր 4.5 դրամի սահմանում է։ Ռուբլու նկատմամբ վստահությունն ընկել է, քաղաքացիները շտապել են ազատվել այդ արժույթից։ Արդյունքում արտարժույթի շուկայում ռուբլու առաջարկն աճել է, գինն՝ ընկել։

Հայաստանում ապրող ընտանիքները, որոնց եկամտի աղբյուրը Ռուսաստանից դրամական փոխանցումներն են ռուբլով, այս օրերին ծանր կացության մեջ են։ Եթե օրեր առաջ նրանք 10 հազար ռուբլու դիմաց կարող էին ստանալ, դիցուք, 70 հազար դրամ, այժմ՝  40-45 հազար դրամ։ Այսինքն՝ միայն 10 հազար ռուբլու հաշվարկով Ռուսաստանից տրանսֆերտներ ստացողները 25-30 հազար դրամ են կորցնում։

Այն, որ տնտեսական մի շարք ուղղություններով Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից, հայտնի փաստ է։ Այս հոդվածում դիտարկել ենք տրանսֆերտների ոլորտը՝ պարզելով, թե վերջին 10 տարիներին որքան գումար է հոսել Ռուսաստանից Հայաստան, և ինչպես է փոխվել նշված երկրի կշիռը արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներում։ Հետահայաց դիտարկել ենք նաև 2015 թվականը, երբ Ռուսաստանը կրկին հայտնվել էր Արևմուտքի պատժամիջոցների ներքո ու տնտեսական բարդ իրավիճում։  

 Ռուսաստանը մշտապես եղել է արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների առաջնային աղբյուրը։ Չի եղել որևէ տարի, որ այս առումով մյուս երկրները գերազանցեն Ռուսաստանին։ Փաստ է, որ Ռուսաստանից ուղարկվող գումարները գոյանում են արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների եկամուտներից։

Տարիների դինամիկան ցույց է տալիս, որ մինչև 2015 թվականը Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց տարեկան բանկային դրամական փոխանցումները գերազանցել են 1.5 մլրդ դոլարը՝ հասնելով մինչև 1.7 մլրդ դոլարի։ 

Սակայն, 2015 թվականին այդ գումարները կտրուկ կրճատվել են՝ հասնելով 1 մլրդ դոլարի։ Այդ տարին տնտեսապես անբարենպաստ էր Ռուսաստանի համար, որի ազդեցությունը զգաց նաև Հայաստանը։ Գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Արևմուտքը կրկին տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի  նկատմամբ։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները սահմանել էին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու և Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականներին աջակցելու համար։ Բացի այդ, այդ տարի նվազել էին նաև նավթի համաշխարհային գները, իսկ Ռուսաստանը, լինելով նավթ արտահանող երկիր, էապես տուժել էր դրանից։ Այս իրավիճակն ու ռուբլու թուլացումը հանգեցրել էին Ռուսաստանում աշխատող հայերի եկամուտների ու նրանց ուղարկած գումարների վրա։

Հետագա տարիներին Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարներն այդպես էլ չհասան մինչև 2015 թվականը գրանցված մակարդակին (տես ինֆոգրաֆիկան)։ Ավելին, 2020 թվականին դրանք նվազեցին, երբ համավարակի ու փակ սահմանների պատճառով արտագնա աշխատանքի մեկնողները ստիպված էին հայրենիքում մնալ։

Տարիների ընթացքում դեպի Հայաստան դրամական փոխանցումներում Ռուսաստանի կշիռը տեսանելիորեն կրճատվել է։ Օրինակ՝ եթե տասը տարի առաջ՝ 2012 թվականին, այն կազմել է մոտ 74%, ապա 2021-ին՝ 41%։

Ինչպես երևում է երկրորդ ինֆոգրաֆիկայում, զգալիորեն աճել է Միացյալ նահանգների կշիռը։ Այդ միտումը տեսանելի էր հատկապես 2020 թվականից։ 

Հայաստանի Կենտրոնական բանկը ԱՄՆ-ից հոսող գումարների աճը պայմանավորում է ԱՄՆ-ում քաղաքացիների ստացած պետական օժանդակությամբ: Դա դրական է ազդել նաև ԱՄՆ-ում գտնվող հայերի եկամուտների վրա: Նրանք էլ իրենց հերթին գումարներ են ուղարկում Հայաստանում ապրող իրենց հարազատներին:   

Այսպիսով, արտասահմանից Հայաստան ուղարկվող գումարների կազմում Ռուսաստանը պահպանում է առաջատարի դիրքը։ Պնդումը, որ ռուբլու փոխարժեքի անկումը զգալի հարված է Հայաստանում ապրող այն ընտանիքների համար, որոնք արտագնա աշխատող ունեն Ռուսաստանում, փաստարկված է։

Սակայն, Կենտրոնական բանկը ստեղծված իրավիճակի ազդեցությունը Հայաստանի ընդհանուր ներքին պահանաջարկի վրա գնահատում է ոչ շատ մեծ։ 

«Պատմականորեն ՀՀ տնտեսությունը մի քանի անգամ բախվել է նման ցնցումների։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, ներկայումս Հայաստանի տնտեսությունը շատ ավելի քիչ է կախված դրամական փոխանցումների ծավալներից, իսկ ՌԴ կշիռը այդ դրամական փոխանցումներում զգալիորեն ավելի փոքր է։ Կարծում ենք, որ դրամական փոխանցումների որոշակի կրճատումը բացասական կազդի ՀՀ ներքին պահանջարկի վրա, սակայն այդ ազդեցությունը գնահատում ենք ոչ շատ մեծ»,- նշված է գլխավոր դրամատան հայտարարության մեջ։

Մյուս կողմից, այս օրերին Հայաստանի արտարժույթի շուկայում դոլարի բարձրացում է գրանցվում։ Ենթադրվում է՝ դրան կարող է նպաստել այն, որ բնակչությունն ու բիզնեսը, ազատվելով ռուբլուց, ձեռք են բերում դոլար, ավելանում է դրա պահանջարկը, որի հետևանքով բարձրանում է գինը։ Այսինքն՝ դոլարի նկատմամբ վստահությունն այս պահին ավելի մեծ է։

Ըստ rate.am կայքի, մարտի 3-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, բանկերում և փոխանակման կետերում 1 դոլարի առքը մինչև 496 դրամ է, իսկ վաճառքը՝  մինչև 515 դրամ։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ մարտի 2-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 489.36 դրամ՝ մեկ օրում միանգամից բարձրանալով 4.5 դրամով։

Բիզնեսին, հատկապես ներմուծողներին դոլարի այս բարձրացումը, մեղմ ասած, ձեռնտու չէ։ Նրանք իրենց դրամային եկամուտները ստիպված են դոլարով փոխանակել, որպեսզի կարողանան դոլարով ներմուծում իրականացնել։ Արդյունքում, նրանք զգալի տուժում են։ Նույնը վերաբերում է նաև դոլարային վարկեր ունեցող քաղաքացիներին և այլն։

Շահեկան վիճակում են այն քաղաքացիները, որոնք ունեն դոլարային խնայողություններ և այս պահին դրանք վաճառելու մտադրություն։ Ինչպես նաև՝ այն քաղաքացիները, որոնք արտերկրից ստանում են դոլարային տրանսֆերտներ։

Վերադառնալով երկրորդ ինֆոգրաֆիկային, կտեսնենք, որ ԱՄՆ-ից Հայաստան ուղարկվող գումարների տեսակարար կշիռը դրամական փոխանցումներում մոտ 28% է։ Նրանց համար այս պահին արտարժույթի շուկայում բարենպաստ իրավիճակ է։ Չհաշված մյուս երկրներից փոխանցումները՝ Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսպանիա, որոնք ևս երբեմն դոլարով են լինում։ 

Հայտնի չէ, թե արտարժույթի շուկայի այս տատանումները որքան կտևեն և գումարային ու ծավալային առումներով կոնկրետ ինչ ազեդցություններ կթողնեն։ Սակայն, ինչպես սովորաբար, այս իրավիճակներում մեդալը երկու կողմ է ունենում՝ մեկը տուժում է, մյուսը՝ շահում։ Այլ հարց է, թե ընդհանուր տնտեսության համար կշեռքի որ նժարն  ավելի ծանր կգտնվի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter