HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտահանումից մինչև ֆինանսներ. ինչպես Հայաստանը կարող է տուժել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանվող տնտեսական պատժամիջոցները կարող են անուղղակիորեն հարվածներ հասցնել նաև Հայաստանի տնտեսությանը։ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների ու հոսող տրանսֆերտների ամենամեծ աղբյուրը և առաջին տեղում է տնտեսական մի շարք այլ ցուցանիշների գծով։ Հենց այդ խողովակներով էլ բացասական ազդեցությունը կարող է ներթափանցել Հայաստանի տնտեսություն։ 

Արևմտյան երկրները հայտարարել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու որոշումների մասին։ Չնայած պատժամիջոցների մասին խոսվում էր շատ ավելի վաղ, սակայն առավել հստակ հայտարարություններ հնչեցին Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումից հետո:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Եվրամիության երկրները հայտարարել են, որ պատժամիջոցները առնչվում են ռուսաստանյան ընկերություններին, ֆինանսական կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց: Շատ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Հայտարարությունները դեռևս անոնսների տեսքով են։ 

Արևմուտքը հայտարարում է, որ ավելի կոշտ քայլերի կգնա և կխստացնի պատժամիջոցները, եթե իրավիճակը Ուկրաինայում վատանա։ Խստացումների նոր փուլը պայմանավորված կլինի Ուկրաինայի դեմ Մոսկվայի գործողություններից։

Առանձին երկրներ իրենց հերթին Ռուսաստանի հետ կապված հայտարարում են այս կամ նախագծի հնարավոր դադարեցման և ռիսկերի մասին։ Այդ թվում, ինչպես փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները, գերմանական կողմը կարող է ամբողջությամբ դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի ծրագիրը: «Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Գերմանիա մղել:

Ռուսական տնտեսությունը անմիջապես «արձագանքեց» այս իրավիճակին։ Առաջին հարվածը ռուսական ռուբլին է կրել, որը արժեզրկվել է դոլարի նկատմամբ: Ռուսաստանի կենտրոնական բանկի տվյալներով՝ փետրվարի 22-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 76.77 ռուբլի, փետրվարի 23-ին՝ 80.42 ռուբլի, մինչդեռ դրանց նախորդող օրերին 75-76 ռուբլու սահմաններում է եղել։ Ռուսական բորսաներում արժեթղթերի անկում է գրանցվել։ 

Տնտեսագետները մեկը մյուսի հետևից կանխատեսում են պատժամիջոցների բացասական հետևանքները Ռուսաստանի տնտեսության վրա։ Չնայած, որ դեռևս ամեն բան հստակեցված չէ և կանխատեսումները ավելի առարկայական կլինեն, երբ պատժամիջոցների մասին ինֆորմացիան հստակ լինի, սակայն ակնհայտ է, որ բացասականա ազդեցություն կկրի ինչպես Ռուսաստանը, այնպես էլ այն երկրները, որոնք տնտեսական կապեր ու կախվածություն ունեն այս երկրի տնտեսությունից։ Հայաստանը այդ երկրների շարքում է։ 

«Ռուբլու փոխարժեքի անկումը ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանից արտահանվող ապրանքների արժեքի վրա, և Ռուսաստանում այդ ապրանքների մրցունակությունը նվազելու է»,- «Հետքի» հետ զրույցում նշում է տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը։ 

Ռուսաստանն առաջին տեղում է Հայաստանի արտահանման ու ներմուծման կազմում

Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է. առաջին տեղում է ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման գծով։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 24.5%-ով։  

Իսկ Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 մլրդ 782 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19.2%-ով։ 

Տնտեսագետ Հայկ Բեջանյանը շեշտում է, որ ռուսական շուկայում հայկական ապրանքների պահանջարկի հնարավոր անկման պարագայում հայ արտահանողների համար հեշտ չի լինելու այլ շուկաներ «նվաճելը»։ 

«Քանի որ մեր արտահանվող ապրանքների գերակշիռ մասը ոչ վերջնական սպառման ապրանքներն են, օրինակ՝ հանքահումքը, նոր շուկաներ գտնելը և արտահանման բացը լրացնելը բավականին դժվար է լինելու։ Եթե անգամ կարողանանք որոշ փոխարինող շուկաներ գտնել, ապա դա երկար ժամանակ է պահանջելու։ Կպահանջվեն տարիներ, գործընկերային նոր հարաբերություններ»,- ասում է տնտեսագետը։ 

2021 թվականին Հայաստանի արտահանման կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը կազմել է 28%, իսկ ներմուծման կազմում՝ 33.3%: 

Թե՛  արտահանման, թե՛  ներմուծման գծով Ռուսաստանին հաջորդող երկրների կշիռները շատ ավելի ցածր են։ Համեմատության համար նշենք, որ արտահանման գծով Ռուսաստանին հաջորդում է Չինաստանը՝ 13% տեսակարար կշռով, ներմուծման գծով ևս նշված երկիրն է՝ 16.2% կշռով։ 

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն ու ռուսական ռուբլու դիրքերի թուլացումը, ըստ Հայկ Բեջանյանի, կարող է լուրջ բացասական հետևանքներ թողնել Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների վրա։ 

2021-ին արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների 41%-ը Ռուսաստանից է կատարվել

Ռուսաստանը դեպի Հայաստան տրանսֆերտների առաջնային ու գլխավոր աղբյուրն է՝ «շնորհիվ» Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիների։ Կենտրոնական բանկի տվյալներով՝  2021 թվականին  բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել  մոտ 2 մլրդ 109 մլն դոլար, որից 865 մլն դոլարը կամ 41%-ը Ռուսաստանից է։

Նույն տարում Հայաստանից արտասահման է փոխացվել 1 մլրդ 226 մլն դոլարին համարժեք գումար, որից մոտ 402 մլն դոլարը կամ 33%-ը Ռուսաստան է ուղարկվել։ 

«Ռուբլու փոխարժեքի անկումը իր հերթին հանգեցնելու է դրամական արտահայտությամբ Հայաստան հոսող գումաների անկմանը։ Դա էլ իր ազդեցությունը կունենա ներքին պահանջարկի ու սպառման վրա»,- նկատում է տնտեսագետը։

Հայտարարություններից հետո ռուբլին արժեզրկվեց նաև հայկական դրամի նկատմամբ

 Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումից մեկ օր հետո՝ փետրվարի 22-ին, ռուսական ռուբլին արժեզրկվեց նաև հայկական դրամի նկատմամբ։ Եթե փետրվարի 21-ին 1 ռուբլու միջին փոխարժեքը, ըստ ԿԲ-ի, կազմել է 6.22 դրամ, ապա փետրվարի 22-ին այն նվազեց մինչև 5.99 դրամ։  Այսօր՝ փետրվարի 23-ին այն բարձրացել է ու կազմել 6.03 դրամ։ 

Փետրվարի 22-ի արժեզրկումը տնտեսագետ Հայկ Բեջանյանը բացատրում է բնակչության սպասումներով, որը նրանց դրդել է ժամանակավորապես «ազատվել» ունեցած ռուբլիներից։ 

«Քանի որ մեր երկրում գործում է փոխարժեքի ազատ լողացող համակարգ, փոխարժեքը կարգավորվում է արտարժույթի առաջարկի և պահանաջարկի հիման վրա։ Երբ տեղի են ունենում գործընթացներ, որոնք խարխլում են ռուսական ռուբլու հիմքերը, այս դեպքում՝ պատժամիջոցների կիրառումը, այն մարդիկ ովքեր ռուբլի ունեն, մտածում են, որ ռուբլին հետագայում արժեզրկվելու է և սկսում են շատ արագ վաճառել իրենց ունեցած ռուբլին, որ հետագայում խուսափեն ֆինանսական կորստից։ Սա հանգեցնում է ռուբլու առաջարկի ավելացմանը։ Քանի որ դրա դիմաց աճող պահանաջարկ չկա, առաջարկի և պահանջարկի բալանսը շեղվում է և դա հանգեցնում է փոխարժեքի փոփոխությանը։ Մենք այս պահին ականատես ենք այս փուլին, որի վրա ազդում են բնակչության սպասելիքները»,- բացատրում է տնտեսագետը։ 

Ըստ նրա՝ այն ինչ հիմա տեսնում ենք, դա առաջնային ռեակցիան է բնակիչների ու տնտեսվարողների։  Եթե նոր շոկային ազդակներ չլինեն, ապա ռուբլու շուրջ կայունացման միտումներ կտեսնենք առաջիկայում. «Երբ առաջին ռեակցիան անցնում է, մարդիկ հասկանում են, որ իրավիճակը կայունացել է, սկսում են գնել ռուբլի։ Գնելու արդյունքում էլ ավելանում է պահանաջարկը և գինը բարձրանում է»։ 

Տնտեսագետը նաև նկատում է, որ տարիների ընթացքում, երբ Ռուսաստանը պարբերաբար ենթարկվել է տնտեսական պատժամիջոցների Արևմուտքի կողմից, ինչպես 2014-2015 թվականներին, ռուսական ռուբլին ու տնտեսությունը «դիմադրողականություն» են ձեռք բերել արտաքին շոկերի նկատմամբ։ 

Ներդրողներ և զբոսաշրջիկներ. դրական ու բացասական կանխատեսումները

Հայաստան այցելող զբոսաշրջիկների կազմում էական կշիռ ունեն Ռուսաստանի քաղաքացիները։ 2021 թվականին Հայաստան է ժամանել 870 308 զբոսաշրջիկ։ Միայն Ռուսաստանի քաղաքացիների թիվը կազմել է 350 569։ Այդպիսով, նախորդ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների 40%-ը ռուսաստանցիներն են։ 

Հայաստան կատարվող օտարերկրյա ներդրումների գլխավոր աղբյուրը ևս Ռուսաստանն է։ 

Այս երկու ուղղություններով ևս հայաստանյան տնտեսությունը կարող է տուժել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով։

Կանխատեսումներ կան, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը վատթարանա և բնակչության ու բիզնեսի եկամուտների վրա դա ազդի, կարող են կրճատվել ինչպես Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, այնպես էլ՝ ներդրումների, որոնք կատարվում են ռուսական կողմից։

Միևնույն ժամանակ, այս երկու ուղղություններով նաև դրական կանխատեսումներ են հնչում՝ եթե Արևմուտքը փակի իր դեռները ներդողների առջև, ապա ռուսական կապիտալը կարող է փոխել ուղղությունը դեպի այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Նույնը վերաբերում է նաև զբոսաշրջիկների հոսքին։ 

SWIFT. Ռիսկեր՝ ֆինանսական համակարգում

ԱՄՆ-ն Ռուսաստանին սպառնում է նաև դուրս մղել  միջազգային միջբանկային փոխանցումների SWIFT  համակարգից։ Չնայած, որ տնտեսական պատժամիջոցների առաջին փուլում դա ներառված չէ, սակայն այն կարող է ներառվել մյուս փուլերում՝ կրկին կախված Ուկրաինայի դեմ Մոսկվայի գործողություններից։

SWIFT-ից անջատվելով՝ ռուսական բանկերը ամբողջությամբ կամ մասնակիորեն անջատվում են միջազգային ֆինանսական ոլորտից։ 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կարծում է, որ Ռուսաստանի անջատումը ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգից կարող է ծանր ազդեցություն ունենալ նաև Հայաստանի համար։ 

 «Պատժամիջոցների ազդեցության մակարդակն ու չափը կախված կլինեն, թե ինչպիսի պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի դեմ։ Եթե դա սահմանափակվի միայն Ռուսաստանի դեմ անհատների նկատմամբ պատժամիջոցներով, դա մի պատմություն կլինի։ Եթե պատժամիջոցները ներառեն նաև ֆինանսական հատվածը, բնականաբար, Ռուսաստանում տեղի կունենա ազգային արժույթի արժեզրկում։ Արդյունքում մենք մեր մրցունակությունը կկորցնենք Ռուսաստանի տնտեսության հանդեպ։ Ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ ավելի մեծ են, որովհետև մեր բանկերը սպասարկվում են նաև ռուսական բանկերի միջոցով։ Արդյոք այդ սահմանափակումները անդրադառնալու՞ են նաև Հայաստանի վրա՝ հայելային սահմանափակումներ դնելով, թե՞ ոչ։ Սցենարներ են, որոնք այս պահի դրությամբ անորոշություն են պարունակում »,- փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարտին Գալստյանը։ 

Հայկ Բեջանյանը ևս կարծում է, որ եթե Ռուսաստանը դուրս գա SWIFT  համակարգից, Հայաստանը ևս էապես կտուժի, որովհետև հայաստանյան որոշ բանկերի համար ռուսական բանկերը, այսպես կոչված, միջնորդ գործընկեր են հանդիսանում  SWIFT համակարգով աշխատելու համար։ «Եթե ծայրահեղ սցենարը պատկերացնենք, որ այդ համակարգը կանջատվի Ռուսաստանի համար, ապա կնշանակի, որ մի շարք բանկեր պարզապես կզրկվեն այդ համակարգի միջոցով գործարքներ իրականացնելուց։ Իհարկե այստեղ հակառակ կողմն էլ կա, պետք է հաշվի առնենք, որ թե՛  SWIFT համակարգը, թե՛  VISA-ն, բավականին մեծ ծավալ են զբաղեցնում ռուսական և ասիական շուկայում և քիչ հավանական է, որ կազմակերպությունները հրաժարվեն այդ համակարգի սպասարկումից ռուսական ազդեցության գոտում։ Այս թեման նաև 2014-2015 թվականներին բուռն քննարկվեց, բայց Ռուսաստանը չանջատվեց այս համակարգից»,-հիշեցնում է տնտեսագետը։ 

Նա ևս մեկ անգամ շեշտում է՝ այս պահին հնարավոր է միայն որոշակի կանխատեսումներ անել, թե Ռուսաստանի տնտեսությունը ինչպես և որ ուղղություններով կտուժի Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների հետևանքով։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանի տնտեսության վրա դրա անուղղակի ազդեցությանը։ Ամեն բան ավելի հստակ կլինի, երբ ամբողջությամբ հրապարակվեն տնտեսական պատժամիջոցների փաթեթները։ 

Գլխավոր լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter