HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Նախարար Քերոբյանի հայտարարած ներդրումները լավ չեն «հորդում»

2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը բոլորովին ոգևորիչ չէ. ընդհանուր ներդրումները դեռևս չեն վերադարձել նախաքովիդյան 2019 թվականի մակարդակին: Ավելին՝ խիստ սահմանափակ է երկրների ցանկը, որոնց կարելի է համեմատաբար խոշոր ներդրողներ համարել Հայաստանում, դրանք հիմնականում Ռուսաստանն ու Գերմանիան են: Մի շարք երկրներ էլ, ինչպես՝ Սեյշելները, Հունաստանը, Բելգիան և այլն, որոնք նախկինում ներդրումներ են կատարել Հայաստանում, այս տարի ներդրում չեն կատարել: Ուշագրավ է, որ ներդրումների տեսանելի հոսք կա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից:

«Երկնիշ տնտեսական աճն, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»,- մայիսի 25-ին «Ֆեյսբուք»-ում այսպիսի գրառում է արել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հետագայում մեզ հետ զրույցում նախարարը ներդրումների ընդհանուր ծավալ չնշեց:

Վիճակագրական կոմիտեն միայն օրերս է հրապարակել 2021 թվականի առաջին կիսամյակում (հունվար-հունիս) Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների տվյալները: Միտումները ցույց են տալիս, որ ներդրումները չեն «հորդում», ինչպես պնդում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, չկա որևէ «բում» կամ ակնհայտ աշխուժություն, համենայն դեպս՝ օտարերկրյա ներդրումների մասով: Անգամ տարօրինակ կլիներ դա՝ հաշվի առնելով համավարակի ու պատերազմի միջով անցած մեր տնտեսության վիճակը: Բոլոր դեպքերում, փորձել ենք համադրել ու վերլուծել տվյալները՝ միտումները հասկանալու համար:

Ինչպես ենք հաշվում 

Ինչպես միշտ, ներդրումների վիճակագրությունից գլուխ հանելու համար պահանջվեց երկար ժամանակ, քանի որ Վիճկոմիտեն դրանք բավականին թերի է ներկայացնում: Տվյալները հրապարակվում են երկու եղանակով: Առաջինը՝ զուտ ներդրումների հոսքեր, որոնք ցույց են տալիս ներդրումների գծով ստացումների ու մարումների տարբերությունները: Այսինքն՝ ելակետային տվյալներ չկան, միայն «եկած ու գնացած» գումարների տարբերությունն է:

Մյուսը՝ համախառն հոսքերն են. ընդգրկում են 1988 թվականից մինչև տվյալ ժամանակաշրջանի վերջի դրությամբ ներդրումների հոսքերը:

Ներդրումների ներհոսքի տվյալները ստանալու համար ստիպված ենք եղել 2021 թվականի հունիսի վերջի տվյալներից հանել 2020 թվականի դեկտեմբերի վերջի տվյալները՝ ստանալու 2021 թվականի առաջին կիսամյակի պատկերը: Նույն տրամաբանությամբ ստացել ենք նաև նախորդ տարիների տվյալները և տվյալները՝ ըստ երկրների:

Ճիշտ է՝ մասնագետները պնդում են, որ այս եղանակով ևս ներդրումների ցուցանիշները վիճահարույց են, սակայն այլընտրանք չկա օտարերկրյա ներդրումների միտումները հասկանալու համար:

Ի դեպ, տվյալները ՀՀ դրամով են ներկայացված, որը ևս բավականին խնդրահարույց է, քանի որ օտարերկրյա ներդրումները հոսում են արտարժույթով, որպես կանոն՝ ԱՄՆ դոլարով, և փոխարժեքի տատանումները դրամային հաշվարկների վրա ազդեցություն են ունենում:

Հետևաբար, մենք տվյալները վերածել ենք ԱՄՆ դոլարի՝ հիմք ընդունել նշված կիսամյակում դրամ-դոլար միջին փոխարժեքը: Փոխարժեքի միջին ցուցանիշը ևս հրապարակում է Վիճկոմիտեն:

Ներդրումները չեն վերադարձել 2019-ի մակարդակին

Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունից հետո կարելի էր եզրակացնել, որ ներդրումները ոչ միայն աճել են, այլև վերադարձել են նախաքովիդյան մակարդակին: Չնայած, որ համավարակից առաջ էլ ներդրումների «բում» չի եղել, սակայն դրանից հետո վիճակն ավելի վատ է:

2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա համախառն ներդրումների հոսքերը կազմել են մոտ 1.219 մլրդ դոլար (1 ԱՄՆ դոլարը 522.08 դրամ փոխարժեքով), որից 353 մլն դոլարը օտարերկրյա ուղղակի ներդրումներն են (ՕՈՒՆ): 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ ներդրումների ընդհանուր ներհոսքը աճել է 267 մլն դոլարով կամ 28%-ով, իսկ ՕՈՒՆ-ը՝ 106.3 մլն դոլարով կամ 43%-ով:

Նշենք, որ տնտեսության իրական հատվածից դուրս է ֆինանսական հատվածը, ինչպես՝ բանկերը, վարկային կազմակերպությունները և այլն: Իրական հատվածը ներկայացնում են արդյունաբերությունը, շինարարությունը, ծառայությունները և այլն:

Առաջին հայացքից այս աճերը, գուցե, էական թվան, սակայն պետք է նկատի ունենալ, որ համեմատում ենք 2020 թվականի առաջին կիսամյակի հետ, երբ համավարակի տարածման հետևանքով ամբողջ տնտեսությունը, այդ թվում՝ ներդրումները, շեշտակի անկում ապրեցին:

Ներդրումների մակարդակը չի վերադարձել նախաքովիդյան 2019 թվականին: 2019 թվականի առաջին կիսամյակում համախառն ներդրումների ներհոսքը կազմել է 1.456 մլրդ դոլար, որը 237 մլն դոլարով կամ 16.3%-ով ավելին է 2021 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից:

Ինչ վերաբերում է միայն ՕՈՒՆ-ին, ապա այստեղ դրական միտում կա: 2021 թվականի առաջին կիսամյակում 12.2% աճ կա 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ: Ուղղակի ներդրում է համարվում մի երկրի ռեզիդենտի(ների) կողմից այլ երկրի ռեզիդենտ կազմակերպության կապիտալում ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10% և ավելի ձեռք բերելը:

Վերջին հինգ տարիներին՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ամենամեծ ծավալը գրանցվել է 2019 թվականին:

Առաջին ինֆոգրաֆիկայում ներդրումների դինամիկան է՝ հաշվարկած ԱՄՆ դոլարով: 

Երկրորդ ինֆոգրաֆիկայում տվյալները դրամային արտահայտությամբ են: Ինչպես երևում է, դրամով հաշվարկած ևս ներդրումների ընդհանուր հոսքերը դեռևս չեն վերադարձել 2019 թվականի մակարդակին: Այլ խոսքով՝ փոխարժեքի տատանումները մեծ ազդեցություն չեն ունեցել:

Ռուսաստան և Գերմանիա՝ ներդրումների գլխավոր աղբյուրները

Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների գլխավոր աղբյուրները այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանն ու Գերմանիան են: Ներդրումների համախառն ներհոսքի 39%-ը Ռուսաստանից է, 38%-ը՝ Գերմանիայից: Համեմատաբար տեսանելի կշիռ ունեն և առաջին հնգյակում են հայտնվել Միացյալ Թագավորությունը, Կանադան ու Իտալիան (տե ՛ս ինֆոգրաֆիկան):

Իսկ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալում առյուծի բաժինը՝ 65%-ը, Ռուսաստանից է, Գերմանիայի կշիռը՝ 24%-ը:

Ընդ որում՝ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ ներդրումների գրանցված աճը ևս մեծապես պայմանավորված է այս երկու երկրի ներդրումներով:

Այս բարձր կենտրոնացվածությունը վկայում է, որ Հայաստանը ներդրումների համար գրավիչ չէ մյուս երկրների համար:

Ուշագրավ է, որ Շվեյցարիայից, Սեյշելներից, Հունաստանից, Բելգիայից և այլ երկրներից, որտեղից նախկինում ներդրումներ են կատարվել, այս տարվա առաջին կիսամյակում կամ ներդրումների հոսք չի եղել, կամ այն չնչին ծավալ է ունեցել:

Կան երկրներ էլ, որտեղից հոսող ներդրումների համախառն հոսքերը այս տարվա հունիսի վերջի դրությամբ 2020 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ պակասել են, ինչպես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների: Վիճակագրական կոմիտեից մեզ հետ զրույցում պարզաբանեցին՝ այդ նվազումը նշանակում է, որ նշված երկրներից ներդրումներ կատարող ընկերություններից որոշները վնասով են աշխատել այս տարի:

Ներդրումների տվյալներում աչքի է ընկնում նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Կազմակերպությունը այս տարվա առաջին կիսամյակում 92 մլն դոլարի (48.1 մլրդ դրամի) ներդրում է կատարել Հայաստանի տնտեսության իրական հատվածում: Ընդ որում ՝ դրանք  համարվում են ոչ ուղղակի ներդրում: Նախկինում ՎԶԵԲ-ի կողմից նման ներդրումներ չեն կատարվել, քանի որ 1988 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերի վերջ դրանք ոչ մեծ ծավալներ են ունեցել (մոտ 5 մլրդ դրամ):

ՎԶԵԲ-ը միջազգային խոշոր ֆինանսական կազմակերպություն է, Հայաստանի վարկատուներից մեկը: Եվ այս վիճակագրությունից պարզ չէ՝ արդյոք կատարված ներդրումների արտաքին վարկային միջոցներո՞վ են, թե՞ ոչ: Այդ հարցով փորձեցինք ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ կապ հաստատել, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Առաջիկայում կփորձենք պարզել նշված ներդրումների մանրամասները:

ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Այս մասին պարզ է դառնում, երբ ուսումնասիրում ենք Եվրամիության կայքում հրապարակված մի հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ Amber Capital Armenia մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ, ձեռք է բերել արևային էլեկտրակայանի հայկական օպերատոր «Սոլիս» ընկերությանը՝ Արագածոտնում 4 ՄՎտ ֆոտովոլտային (ՖՎ) արևային կայան կառուցելու և շահագործելու համար:

Մեկ այլ հաղորդագրությամբ էլ նշվում է, որ կազմակերպությունը ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքներին հակազդելու համար է տարբեր երկրներում ներդրումներ կատարում, այդ թվում՝ Հայաստանում և մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում:

Ներդրումների վիճակագրությունն այնքան թերի է ներկայացվում, որ չկան տվյալներ, թե այդ գումարները տնտեսության որ ոլորտ են հոսել: Նման վիճակագրություն հրապարակվում է միայն տարեկան կտրվածքով:

Տնտեսության ոլորտներում ներդրումների տվյալները առկա են միայն զուտ հոսքերի պարագայում: Դրանք համադրելով միայն կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ներդրումներ է կատարում մեծ մասամբ էներգետիկայի ոլորտում, ինչպես՝ հանքարդյունաբերության, տրանսպորտի և առևտրի:

Գերմանական ներդրումներն էլ հոսում են մեծ մասամբ հանքարդյունաբերության ոլորտ:

Այսպիսով, եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումները համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, երբ տնտեսությունը գահավիճում էր, աճ ենք տեսնում: Սակայն, դրանք դեռևս չեն վերականգնվել կամ հասել 2019-ի առաջին կիսամյակի մակարդակին: Եվ ասել, որ ներդրումները «հորդում են», չափազանցություն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter