HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում 2019թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների 65%-ը կատարվել է Ռուսաստանից

Օտարերկրյա ներդրումների մասին տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանն այս պահին հեռու է ներդրումային գրավիչ երկիր լինելուց։ Ներդրումների առյուծի բաժինը կլանում են էներգետիկան ու հանքարդյունաբերությունը։ Իսկ մյուս ոլորտներում կատարվող ներդրումները շատ ավելի քիչ են։ Ներդրող երկրների թիվը ևս փոքր է։

Վիճակագրական կոմիտեն  (ՀՀ ՎԿ) վերջերս հրապարակել է 2019 թվականին Հայաստանում կատարված oտարերկրյա ներդրումների տվյալները, որի վերլուծության արդյունքում կարելի է հասկանալ, թե որ երկրներն են հետաքրքրված Հայաստանի ներդրումային միջավայրով և թե տնտեսության որ հատված են հոսում այդ գումարները։ 

Ինչպես արդեն գրել ենք,  ներդրումները հաշվարկվում են ըստ տարբեր մեթոդաբանությունների։ Այս հոդվածում մենք հիմք ենք ընդունել համախառն ներդրումները, այսինքն՝ այն գումարները, որոնք դրսից ներդրվել են Հայաստանում և որոնցում հաշվարկված չեն այն գումարները, որոնք Հայաստանից դուրս են եկել ներդրումների գծով կատարված վճարումների արդյունքում։ Ուսումնասիրության վերջում անդրադարձել ենք նաև զուտ ներդրումների՝ ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությանը։ 

Օտարերկրյա ուղղակի ներդրումների 65%-ն ապահովել է միայն Ռուսաստանը

2019 թվականին Հայաստանում կատարված oտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը, ըստ Վիճկոմիտեի, կազմել է 1 տրլն 422 մլրդ 615 մլն դրամ  (կամ 2 մլրդ 961 մլն ԱՄՆ դոլար), որից ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ)՝ 284 մլրդ դրամ (591.1 մլն դոլար)։ 

2018 թվականի համեմատ ընդհանուր ներդրումներն աճել են 214 մլրդ դրամով կամ 17.7%-ով։ Մինչդեռ ՕՈՒՆ-ը նվազել է մոտ 7.2 մլրդ դրամով կամ 2.5%-ով։ 

Հիշեցնենք, որ համախառն հոսքերը ցույց են տալիս տնտեսության իրական հատվածում իրականացված ներդրումների ծավալները՝ առանց պարտավորությունների գծով մարումների, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների: Այդ համախառն հոսքերի հիման վրա էլ մենք հաշվարկել ենք ներդրումներն՝ ըստ երկրների ու ըստ ոլորտների։ 

Պարզվում է՝ ընդհանուր ներդրումների 75%-ը կատարվել են միայն երեք երկրներից՝ Ռուսաստանից, Գերմանիայից ու Նիդերլանդներից։ Ռուսաստանի տեսակարար կշիռն այստեղ 34.3% է, Գերմանիայինը՝ 23.1%, Նիդերլանդներինը՝ 17.9%-ը:  Ստացվում է, որ Հայաստանում կատարված ներդրումների մեծ մասն ապահովել են ընդամենը երեք երկրներ, ինչն էլ նշանակում է, որ մեր ներդրումային ոլորտը խիստ կենտրոնացված է և կախված մի քանի երկրներից։ Սա էլ իր հերթին խոսում է ներդրումային ցածր գրավչության մասին։

Ներդրումներում որոշակի տեսանելի կշիռ ունեն Միացյալ Թագավորությունը, Կանադան, Իտալիան, Կիպրոսը, Լիբանանն ու Լյուքսեմբուրը։ Նրանց տեսակարար կշիռը, սակայն, ներդրումների ընդհանուր ծավալում, անհամեմատ ավելի փոքր է, քան վերևում նշված երեք երկրներինը (տե՛ս ներքևում գտվող քարտեզը)։

Ինչ վերաբերում է ՕՈՒՆ-ին, ապա այստեղ կենտրոնացվածությունը շատ ավելի մեծ է։ Ուղղակի ներդրումների 65.2%-ը կատարվել են Ռուսաստանից։ Հաջորդում են Նիդերլանդները՝ 6.2%-ով և Իտալիան՝ 5.1%-ով։  Այս վիճակագրությունը ևս բավականին մտահոգիչ է։

Զարգացած տնտեսություններն այսօր ձգտում են ավելի մեծացնել և դիվերսիֆիկացնել ուղղակի ներդրումների ծավալը, սակայն Հայաստանում լրիվ հակառակ միտումն է։  Հիշեցնենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումը մի երկրի ռեզիդենտիի կողմից այլ երկրի ռեզիդենտ կազմակերպության կապիտալում ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10% և ավելի ձեռք բերումն է, ինչպես նաև այդ ներդրողների ու դրանց հետ կապված կազմակերպությունների հետ ֆինանսական բոլոր պահանջներն ու պարտավորություններն են, օրինակ, երբ օտարերկրյա իրավաբանական անձը (ոչ ռեզիդենտ ներդրողը)  ներդրումներ է կատարում կազմակերպության կապիտալում՝ տնօրինելով կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ փայամասնակցության 10%-ն ու ավելին:

2018 թվականի համեմատ ընդհանուր ներդրումների աճը պայմավորված է հինգ երկրներից կատարվող ներդրումների աճով։ Մասնավորապես, Ռուսաստանից կատարվող ներդրումներն աճել են մոտ 16 մլրդ դրամով կամ 3.4%-ով, Նիդերլանդներից՝ մոտ 74 մլրդ դրամով կամ 40.8%-ով, Իտալիայից՝ մոտ 58 մլրդ դրամով կամ 37 անգամ, գերմանական ներդրումներն ավելացել են 45 մլրդ դրամով կամ 16.1%-վ, իսկ Կանադայից կատարվող ներդրումներն աճել են մոտ 25 մլրդ դրամով կամ 38.6%-ով։

Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազմանը, ապա այն ևս հիմնականում պայմանավորված է քիչ թվով երկրների ներդրումներով և մեծապես՝ Գերմանիայով։ Միայն Գերմանիայից կատարվող ՕՈՒՆ-ն կրնակի նվազել է՝ 10.5 մլրդ դրամով։

Փոխարենը համեմատաբար տեսանելի աճ է նկատվել Նիդերլանդներց և Իտալիայից կատարվող ուղղակի ներդրումների մասով՝ համապատասխանաբար 15 և 13 մլրդ դրամով։

Էներգետիկա և հանքարդյունաբերություն. ներդրումների առյուծի բաժինը հոսել է այս ոլորտներ

Եթե փորձենք հակիճ նկարագրել, թե հիմնականում Հայաստանի տնտեսության որ ոլորտներում են ներդրումներ անուն օտարերկրացիները, ապա կարող ենք ընդամենը երկու ոլորտ նշել՝ էներգետիկա, հանքարդյունաբերություն։ 

Նշենք, որ ներդրումների այս տվյալները ցույց են տալիս տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների՝ առանց ֆինանսական հատվածի։ 

Այսպիսով, 2019 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված 1 տրլն 422 մլրդ 615 մլն դրամ  ներդրումների 28.2%-ը կատարվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում։ Այս ոլորտը ներառումը է էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բաշխումը, գազամատակարարումը, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը։ Ոլորտում ընդամենը ներդրումները կազմել են 401 մլրդ դրամ, որից 213 մլրդ դրամն ուղղակի ներդրումներն են։ Դա կազմում է ամբողջ ՕՈՒՆ-ի՝ 75%-ը։

Թեև Վիճակագրական կոմիտեն չի ներկայացնում համախառն հոսքերի տվյալներն ըստ երկիր-ոլորտ կտրվածքի, սակայն պատկերը կարելի է ստանալ զուտ ներդրումների վիճակագրությունն ուսումնասիրելով։ Այն ցույց է տալիս, որ էներգետիկայի ոլորտում ներդրումներ են կատարել մեծամասամբ Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը։ 

2018 թվականի համեմատ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում կատարված ներդրումներն ավելացել են 155 մլրդ դրամով կամ մոտ  63%-ով։ Իսկ միայն ուղղակի ներդրումները՝ 22 մլրդ դրամով կամ 12%-ով։ 

Հաջորդ ոլորտը, որտեղ հոսել են ներդրումների մյուս զգալի մասը՝ հանքարդյունաբերությունն է։ Այստեղ երկու ենթաոլորտներում են կատարվել ներդրումները՝ հանքագործական արդյունաբերության, բացահանքերի շահագործման այլ ճյուղեր և մետաղական հանքաքարերի արդյունահանում։  

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերը ներառում են այնպիսի հանքանյութերի արդյունահանումը, որոնք հետագայում հիմնականում օգտագործվում են շինարարությունում (օրինակ` ավազը, քարերը և այլն), այլ նյութերի (կավի, գիպսի, կալցիումի և այլն) ու քիմիկատների արտադրությունում և այլն: Այս ոլորտում ներդրումները կազմել են 320 մլրդ դրամ՝ ընդհանուր ներդրումների 22.5%-ը։ 2018 թվականի համեմատ այն մնացել է գրեթե նույն մակարդակում։ Հիմնական ներդրող երկրներն են Գերմանիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունն ու Խորվաթիան։

Ներդրումների 19%-ն էլ բաժին է ընկել մետաղական հանքաքարերի արդյունահանմանը՝ 273 մլրդ դրամ։ 2018 թվականի համեմատ այն աճել է մոտ 82 մլրդ դրամով կամ 43%-ով։  Եռապատկվել են նաև այս ոլորտում կատարվող ուղղակի ներդրումները՝ կազմելով 17.5 մլրդ դրամ։ Հիմնական ներդրողներն են Կիպրոսը, Նիդերլանդներն ու Ռուսաստանը։

Տվյալները ցույց են տալիս, որ ուղղակի ներդրումների նվազումն էլ պայմանվորված է hանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում, ինչպես նաև՝ հիմնային մետաղների արտադրության ոլորտում կատարվող ՕՈւՆ-ի նվազմամբ։ 

Ներդրումների ոչ մեծ ծավալ ապահովել են մեծածախ առևտուրը (Ռուսաստան, Շվեյցարիա, Հունգարիա և այլն), հեռահաղորդակցությունը (Ռուսաստան, Կիպրոս, Լիբանան), հիմնային մետաղների արտադրությունը (Ռուսաստան, Կիպրոս, ՄԹ, Գերմանիա) և այլն։ Մանրամասները կարող եք տեսնել ինֆոգրաֆիկայում։

Այսպիսով, վիճկագրությունը փաստում է, որ 2019 թվականին Հայաստանում օտարերկրյա ներդրումների գերակշիռ մասը կատարվել է երեք երկրներից՝ Ռուսաստանից, Գերմանիայից ու Նիդերլանդներից։ Եվ այդ ներդրումները հոսել են գլխավորապես երկու ոլորտներ՝ էներգետիկա և հանքարդյունաբերություն։ Սա ներդրումների բավականին տխուր պատկեր է և լուրջ ազդակ այն մասին, որ իշխանություններն այսօր դեռևս մեծ անելիքներ ունեն արտաքին աշխարհից ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ 

Տարբեր տնտեսագետներ ներդրումների մասին խոսելիս հիմնվում են ոչ միայն մեր նշած վիճակագրության վրա՝ համախառն հոսքեր, այլև՝ զուտ հոսքերի, որը, ինչպես բազմիս նշել ենք, ցույց է տալիս ներդրումների գծով ստացումների ու մարումների տարբերությունը։ Այդ տվյալները ևս փաստում են այն մասին, որ ներդրումները կատարվում են հիմնականում մեր նշած ոլորտներում և նշված երկրների կողմից։

Մեկնաբանություններ (2)

Արտեմ
Մեծ աշխատանք է տարվել, սակայն այնպիսի տպավորություն է, որ վարկային միջոցները զուտ ներդրումներից չեն տարանջատվել, իսկ դրանք տարբեր բաներ են, միայն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ-ն դեռ 2015 թվականին կնքել է 300 մլն դոլարի վարկային համաձայնագիրը, որի մի մասը ծախսվել է 2019 թվականին և դա համարել ուղակի ներդում չի կարելի... Որոշ ցուցանիշներ անհրաժետ է վերանայել և կրկնել վերլուծությունը: այն ու ամենայնիվ կատարված է մեծ աշխատանք
Արտեմ
Մեծ աշխատանք է տարվել, սակայն այնպիսի տպավորություն է, որ վարկային միջոցները զուտ ներդրումներից չեն տարանջատվել, իսկ դրանք տարբեր բաներ են, միայն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ-ն դեռ 2015 թվականին կնքել է 300 մլն դոլարի վարկային համաձայնագիրը, որի մի մասը ծախսվել է 2019 թվականին և դա համարել ուղակի ներդում չի կարելի... Որոշ ցուցանիշներ անհրաժետ է վերանայել և կրկնել վերլուծությունը: այն ու ամենայնիվ կատարված է մեծ աշխատանք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter