
Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների առաջին փաթեթի սահմանման որոշման մասին, որոնք ներառում են պատժամիջոցներ նաև ռուսական էլիտայի ու սուվերեն պարտքի նկատմամբ։ Բայդենի տեսաուղերձը հեռարձակել է Սպիտակ տան յութուբյան ալիքը։
Վաշինգտոնը պատրաստվում է նոր պատժամիջոցները ներդնել աստիճանաբար և խստացնել դրանք՝ կախված Մոսկվայի գործողություններից։ Բացի Ռուսաստանի սուվերեն պարտքի և ռուսական էլիտայի դեմ սահմանափակումներից, նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել նաև երկու բանկերի նկատմամբ, այդ թվում՝ ВЭБ.РФ-ի։ Երկրորդ բանկին նա անվանել է «ռազմական»։ РБК-ն կարծում է, որ խոսքը Промсвязьбанк-ի մասին է, որն սպասարկում է ռազմական կառույցներին։
Բայդենի խոսքով՝ առաջիկայում կհայտարարվեն ռուսական ղեկավար կազմի այն ներկայացուցիչների անունները, որոնք կհայտնվեն անհատական պատժամիջոցների տակ։
Բացի այդ, Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիայի հետ աշխատում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի չգործարկման ուղղությամբ։
Ջո Բայդենը Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումը հավասարազոր է համարել Ուկրաինա ներխուժելուն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը վկայում է երկխոսություն անցկացնելու ցանկության բացակայության մասին։ Իր հերթին Միացյալ Նահանգները հույս ունի, որ իրավիճակի լուծման դիվանագիտական ճանապարհը դեռևս հնարավոր է։
Բայդենի համոզմամբ՝ Պուտինը առիթ է փնտրում, որպեսզի ուժով նվաճի ուկրաինական տարածքը։ «Սա Ուկրաինա ռուսական ներխուժման սկիզբն է»,- ասել է Բայդենը՝ նկատի ունենալով Դաշնային խորհրդի որոշումը, որով ռուսական զորքերը կուղարկվեն Դոնբաս։
Կրեմլում հայտարարել են, որ չեն դիտել Դոնբասում իրավիճակի վերաբերյալ Բայդենի ելույթը, իսկ Պուտինն անց է կացնում աշխատանքային խորհրդակցություն։
Նախօրեին Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Աշխարհի մյուս գերտերությունները քննադատեցին Մոսկվայի քայլը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ ոչինչ ոչ մեկին տալու չունեն։
Ավելի ուշ, Զելենսկին հայտարարեց, որ դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը։ Իսկ Մոսկվան էլ նշեց, որ ցանկություն չունի խզել հարաբերությունները Կիևի հետ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել