
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման միջազգային արձագանքները
Աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ սկսել են արձագանքել մոտ մեկ ժամ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման վերաբերյալ հայտարարությանը։
Ուկրաինա
Նախ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հենց նոր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է վերջին իրադարձությունները և պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Նրա խոսքով՝ սկսվում է նաև ավելի վաղ պլանավորված Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստը։
Обговорив події останніх годин з @POTUS. Розпочинаємо засідання РНБО. Також запланована розмова з @BorisJohnson.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) February 21, 2022
Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտարարել է, որ Ուկրաինայում հարուցվել է քրեական գործ Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչման կապակցությամբ։ Վենեդիկտովան ընդգծել է, որ գործը հարուցվել է քրեական օրենսդրության համապատասխան հոդվածով, որն արգելում է Ուկրաինայի սահմանների փոփոխության կոչերը։
Նրա խոսքով՝ դատախազները մանրամասն կզբաղվեն գործով, իսկ ռուսաստանցի պաշտոնյաները, որոնք պատասխանատու են այդպիսի կոչերի համար, կարող են դժվարությունների բախվել արտասահման մեկնելիս։
«Խոստանում ենք, որ այդ ակումբի անդամների համար գնումներ անելու նպատակով արտասահմանյան այցերը կդառնան պրոբլեմատիկ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրինա Վենեդիկտովան։
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնական Լոնդոնն իր աջակցությունը կհայտնի Կիևին։ Ջոնսոնի պնդմամբ՝ Ռուսաստանի կողմից ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը միջազգային իրավունքի նորմերի խախտում է։
«Դա Ուկրաինայի ինքնիշխանության և ամբողջականության աղաղակող խախտում է։ Դա Մինսկի գործընթացից և Մինսկի պայմանավորվածություններից հրաժարում է։ Ես կարծում եմ, որ դա շատ վատ նախանշան է և շատ մռայլ նշան»,- հայտարարել է Բորիս Ջոնսոնը։ Նրա խոսքով՝ Պուտինի հայտարարությունը ևս մեկ ցուցիչ է, որ Ուկրաինային վերաբերող իրադարձություններն ընթանում են սխալ ուղղությամբ։
Եվրոպական հանձնաժողով
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում անջատողական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Մինսկի համաձայնությունների կոպիտ խախտում է։
«ԵՄ-ն և նրա գործընկերները դրան կպատասխանեն միասնականությամբ, հաստատակամությամբ և Ուկրաինային համերաշխությամբ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵՄ պաշտոնյան։
The recognition of the two separatist territories in #Ukraine is a blatant violation of international law, the territorial integrity of Ukraine and the #Minsk agreements.
— Ursula von der Leyen (@vonderleyen) February 21, 2022
The EU and its partners will react with unity, firmness and with determination in solidarity with Ukraine.
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն ևս քննադատել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումը, որը, դաշինքի կարծիքով, խարխլում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման ջանքերը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
I condemn #Russia recognition of Donetsk/Luhansk in #Ukraine. It erodes efforts to resolve the conflict & violates Minsk agreements. #NATO supports Ukraine sovereignty & territorial integrity. We urge Moscow to stop fuelling conflict & choose diplomacy. https://t.co/H4yczPG8XM
— Jens Stoltenberg (@jensstoltenberg) February 21, 2022
«Ես դատապարտում եմ Ռուսատանի կողմից Ուկրաինայում Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը։ Դա խարխլում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման ջանքերը»,- գրել է Սթոլթենբերգը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ «Մենք Մոսկվային կոչ ենք անում դադարեցնել հակամարտության հրահրումը և ընտրել դիվանագիտությունը»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ մտադիր է ստորագրել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հրամանը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Մենք ակնկալում էինք Ռուսաստանի կողմից նման քայլի և պատրաստ ենք անհապաղ արձագանքել»,- հայտարարել է Փսակին։
Պատժամիջոցների նոր հրամանը ենթադրում է ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ տուգանքների սահմանում, որոնք Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքում իրականացնում են ներդրումային, ֆինանսական և առևտրային գործողություններ, ինչպես նաև ցանկացած անձի դեմ, որը գործունեություն է իրականացնում այդ շրջաններում։
Փսակին, սակայն, նշել է, որ նոր պատժամիջոցները կապ չունեն տնտեսական պատժամիջոցների հետ, որոնք ԱՄՆ-ն ու դաշնակիցները պատրաստել են Ռուսաստանի համար՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման պարագայում։
Դանիա
Դանիայի արտաքին գործերի նախարար Եպե Կուֆուդը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Condemn the harmful, hostile Russian decision to recognize Ukrainian oblasts of Luhansk and Donetsk as independent
— Jeppe Kofod (@JeppeKofod) February 21, 2022
Denmark stands in steadfast support of the sovereignty & territorial integrity of #Ukraine#Russia must stop its breach of international law & Minsk process#dkpol
«Դատապարտում եմ <...> Ռուսաստանի որոշումը ճանաչելու Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերն անկախ։ Դանիան հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ռուսաստանը պետք է դադարեցնի միջազգային իրավունքի և Մինսկի գործընթացի խախտումը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է դանիացի պաշտոնյան։
Լեհաստան
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը հավասարացրել է Ուկրաինայի դեմ ագրեսիային։
Մեկնաբանել