HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նախագահ Վլադիմիր Զելենսկուն խնդրել է դիտարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը։ Այդ մասին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք տեսնում ենք մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա հարձակում։ Ես ստացել եմ Ուկրաինայի ԱԳՆ դիմումը, որպեսզի դիտարկեմ ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը։ Մեր մամուլի ասուլիսից հետո ես կաշխատեմ այդ հարցի ուղղությամբ»,- հայտարարել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետությունների ճանաչմամբ Ռուսաստանը ստեղծում է իրավական հիմքեր Ուկրաինայի դեմ զինված ագրեսիա իրականացնելու համար։ Զելենսկու խոսքով՝ չի բացառվում, որ Ուկրաինայում հայտարարվի ռազմական դրություն։

Զուգահեռաբար, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի ցանկանում խզել դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը չի մտածել դիվանագիտական հարաբերությունների խզման վերաբերյալ Կիևի հայտարարությունների մասին։ Ըստ նրա՝ ՌԴ-ն հանդես է գալիս Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և հույս ունի, որ դա շուտով կիրագործվի։

Ավելի վաղ, ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորության վերաբերյալ հարցին պատասխանել էր, որ որոշումը չպետք է լինի «էմոցիոնալ և դրամատիկ»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը կընդունի «գիտակցված որոշում»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ուշ երեկոյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։ Աշխարհի երկրների առաջնորդները դատապարտեցին Պուտինի այդ քայլը, իսկ Բայդենը պատժամիջոցներ սահմանեց այն անձանց նկատմամբ, ներառյալ Միացյալ Նահանգների քաղաքացիների, որոնք Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետությունների տարածքում իրականացնում են ներդրումային, ֆինանսական և առևտրային գործողություններ։ 

Ավելի վաղ, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էին ճանաչել ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Որպես իրենց խնդրանքի հիմնավորում՝ նրանք նշել էին «խաղաղ բնակչության շրջանում զոհերի անթույլատրելիությունը»։

Փետրվարի 15-ին ՌԴ Պետդուման պաշտոնապես դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ճանաչել Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ Պուտինը ստացել է պատգամավորների դիմումը, «արձագանքել դրան և ընդունել ի գիտություն»։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել էր, որ ճանաչումը կարող է դառնալ Մինսկի պայմանավորվածությունների խախտում, որի «իրագործումը Պուտինի համար ներկայում առաջնահերթություն է»։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter