HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Մենք ոչինչ և ոչ մեկին չենք տա». Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով հանդես է եկել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 22-ի գիշերը՝ Երևանի ժամանակով 04:00-ին, տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչմամբ։ 

«Մենք մեր հողում ենք։ Մենք ոչնչից և ոչ մեկից չենք վախենում։ Մենք ոչ մեկին ոչինչ պարտական չենք։ Եվ մենք ոչինչ և ոչ մեկին չենք տա։ Եվ մենք դրանում վստահ ենք։ Որովհետև հիմա 2014 թվականի փետրվարը չէ, այլ՝ 2022 թվականի փետրվարը։ Այլ երկիր, այլ բանակ։ Նպատակը մեկն է՝ խաղաղություն Ուկրաինայում»,- հայտարարել է նա։ 

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի սահմանները կմնան այնպիսին, ինչպիսին դրանք ճանաչել է միջազգային հանրությունը, «չնայած Ռուսաստանի Դաշնության հայտարարությանը»։ Զելեսնկու խոսքով՝ հիմա ուկրաինացիները պատճառ չունեն «անքուն գիշերվա» համար։ 

«Դոնեցկի և Լուգանսկի բռնազավթված շրջանների անկախության ճանաչումը կարող է նշանակել Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնություններից միակողմանի դուրս գալ և Նորմանդիայի շրջանակներում որոշումների անտեսում։ Դա խարխլում է խաղաղ ջանքերն ու կործանում բանակցային ձևաչափերը»,- նշել է նա։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան նախաձեռնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ հատուկ նիստեր։ Ուկրաինայի նախագահը նաև հիշատակել է Բուդապեշտի հուշագրի ստորագրող երկրների ձևաչափով խորհրդակցությունների մասին, որը երաշխավորում էր Ուկրաինայի անվտանգությունը՝ միջուկային զենքից հրաժարման փոխարեն։ 

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։ Աշխարհի երկրների առաջնորդները դատապարտեցին Պուտինի այդ քայլը, իսկ Բայդենը պատժամիջոցներ սահմանեց այն անձանց նկատմամբ, ներառյալ Միացյալ Նահանգների քաղաքացիների, որոնք Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքում իրականացնում են ներդրումային, ֆինանսական և առևտրային գործողություններ։ 

Ավելի վաղ, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էին ճանաչել ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Որպես իրենց խնդրանքի հիմնավորում նրանք նշել էին «խաղաղ բնակչության շրջանում զոհերի անթույլատրելիությունը»։

Փետրվարի 15-ին ՌԴ Պետդուման պաշտոնապես դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ճանաչել Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախությունը։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ Պուտինը ստացել է պատգամավորների դիմումը, «արձագանքել դրան և ընդունել ի գիտություն»։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել էր, որ ճանաչումը կարող է դառնալ Մինսկի պայմանավորվածությունների խախտում, որի «իրագործումը Պուտինի համար ներկայումս առաջնահերթություն է»։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter