HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուբլու արժեզրկման պատճառով հայ արտահանողների մի մասը ժամանակավորապես դադարեցրել է արտահանումը դեպի Ռուսաստան

Հակառակ պարագայում՝ նրանք ստիպված են վնասով աշխատել։ 

Ռուսական ռուբլին ռուս-ուկրաինական պատերազմի և Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանման այս օրերին նոր պատմական հակառեկորդներ է գրանցում։

Փետրվարի 28-ի առավոտյան Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը  հասել է 100 ռուբլու շեմին այն պարագայում, երբ պատերազմին նախորդող օրերին 75-76 ռուբլու սահմաններում է եղել։ Օրվա ընթացքում ռուբլին որոշակի տատանումներով շարունակել է արժեզրկվել։

Ռուսական ռուբլին հակառեկորդներ է գրանցում նաև Հայաստանում՝ կտրուկ արժեզրկվելով հայկական դրամի նկատմամբ։

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած տվյալներով՝ փետրվարի 28-ին ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 4.79 դրամ՝ նախորդ աշխատանքային օրվա համեմատ (փետրվարի 25) նվազելով 0.99 դրամով։

Համեմատության համար նշենք, որ ամսվա ընթացում՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը, ռուբլին 6.2-6.4 դրամի սահմաններում է եղել։ 

Փետրվարի 28-ին՝ օրվա ընթացքում, ըստ rate.am փոխարժեքների կայքի, փոխարժեքի փոխանակման որոշ կետերում ռուբլու առքը նվազեց ու հասավ ընդհուպ մինչև 2.5 դրամի։ Ներկայում այն 3-4 դրամի սահմաններում է։

Փոխարենը, առավել բարձր դիրքերում է մնացել վաճառքը՝ որոշ փոխանակման կետերում գերազանցելով 6 դրամը։

Երբ տեղի են ունենում գործընթացներ, որոնք կասկածի տակ են դնում ռուբլու նկատմամբ վստահությունը, այն մարդիկ ովքեր ռուբլի ունեն, մտածում են, որ ռուբլին հետագայում էլի է արժեզրկվելու է և սկսում են շատ արագ վաճառել իրենց ունեցած ռուբլին։ Սա հանգեցնում է ռուբլու առաջարկի ավելացմանը ու դրա գնի նվազմանը։ 

Ի դեպ, ռուբլու փոխարժեքի նվազմանը զուգահեռ վերջին օրերին բարձրացել է դոլարի գինը։ Սա կարող է նշանակել, որ ազատվելով ռուբլուց՝ քաղաքացիները իրենց խնայողությունները դոլարի են վերածում։ Աճում է դոլարի նկատմամբ պահանջարկը, բարձրանում է դրա գինը։ Օրվա ընթացքում փոխանակման կետերում և բանկերում դոլարի վաճառքի գինը հատեց 490 դրամի շեմը՝ որոշ կետերում հասնելով մինչև 493 դրամի։

Ինչպեսև կանխատեսվում էր, արժեզրկվող ռուբլին փաստի առաջ է կանգնեցրել հայ արտահանողներին։

Դժվար կացության և անորոշության մեջ են հատկապես այն արտահանողները, որոնք ռուսական կողմի հետ պայմանագրեր են կնքել ռուսական ռուբլով։ Այժմ մատակարարված ապրանքների դիմաց նրանք ստանում են արժեզրկված գումար։

Իսկ ովքեր պայմանագրեր են կնքել ամերիկյան դոլարով, թվում է, թե առաջին հայացքից կարող են շահել, սակայն նրանց առաջ էլ ռուսական կողմն է դռները փակում՝ ապրանքները դառնում են ավելի թանկ ու պակաս մրցունակ։

Հայաստանից հյութեր և պահածոներ արտահանող «Սիս նատուրալ» ընկերությունը անորոշ ժամանակով սառեցրել է արտահանումները Ռուսաստան։ 

«Ներկա պահին դադարեցված է։ Ռուբլու այս տատանումների ժամանակ արտահանումը արտադրողների համար դառնում է անեկամտաբեր, եթե պայմանագրերը ռուբլով են։ Իսկ եթե կան դոլարով պայմանագրեր, այդ ժամանակ արդեն ռուսական կողմի համար են ապրանքները թանկանում, իրենք էլ հրաժարվում են, ասում են՝ ապրանքը դառնում է ոչ մրցունակ։ Գնային բարձրացումների համար ժամանակ է պետք, որ ընդհանուր շուկան գա դրան։ Որոշ ժամանակ պետք է դադարեցնենք արտահանումը, մինչև հասկանանք, թե ինչ կլինի»,- «Հետքի» հետ զրույցում նշում է «Սիս նատուրալ»-ի նոր շուկաների զարգացման բաժնի տնօրեն Դավիթ Հակոբյանը։

Ըստ նրա՝ առայժմ անորոշ է, թե երբ կվերսկսեն արտահանումները։

Եթե այս վիճակը երկար շարունակվի, ստիպված կլինեն մեծացնել արտահանումը դեպի այլ շուկաներ, որոնք կախվածություն չեն ունենա ռուբլուց։ 

«Արտահանումներ ունենք դեպի Ամերիկա, Կանադա, եվրոպական տարբեր երկրներ։ Կարող ենք մեծացնել արտահանումները դեպի այդ երկրներ։ Իսկ, օրինակ, Ղազախստանի պարագայում, որտեղ ևս արտահանումներ ունենք, չենք կարող մեծացնել ծավալները, քանի որ այդ շուկան ևս էական կախում ունի ռուբլուց»,- ասում է Դավիթ Հակոբյանը։

Ըստ նրա՝ այս իրավիճակը, անշուշտ, վնասում է  նաև ռուս արտադրողներին։ Եթե արտադրանքի հումքը իրենք են արտադրում, տեղականն է, ապա ազդեցությունն ավելի մեղմ է լինում։ Բայց եթե հումքը ևս ներմուծում են, ապա ազդեցությունը մեծ է։ 

Բեռնափոխադրող ​​«Սպիննակեր Գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը օրվա սկզբում մեզ հետ զրույցում ևս փաստեց, որ շուկայում անհանգստություններ ու անորոշություններ կան։

Իրենց աշխատանքի հետ կապված չեղարկումներ դեռևս չեն եղել, սակայն ամեն րոպե, ըստ նրա, կարող է իրավիճակը փոխվել։ 

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Մնացականյանը նկատում է, որ այսօր ամենից շատ տուժում են այն արտահանողները, որոնք ռուսական կողմի հետ երկարաժամկետ պայմանագրեր ունեն ռուբլով։ 

Ռուբլու արժեզրկումից էապես տուժում են նաև այն հայ ընտանիքները, որոնց եկամտի հիմնական աղբյուրը Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հարազատների ուղարկած գումարներն են։ Այդ գումարները ռուբլով են։ Եթե օրեր առաջ հազար ռուբլին նրանք կարող էին փոխանակել մինչև 6500-7000 դրամով, երբեմն՝ ավելի բարձր, ապա այսօր՝ առավելագույնը 4000 դրամով։ 

«Փոխանցումները դրամով արտահայտված էական նվազում են։ Դրա հետևանքով  գնողունակության անկում է գրանցվում»,- նկատում է տնտեսագետը։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 24.5%-ով։ Իսկ Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 մլրդ 782 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19.2%-ով։ 

Ռուսաստանը առաջատարն է նաև արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների գծով։ 

2021 թվականին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 2 մլրդ 109 մլն դոլար, որից 856 մլն դոլարը կամ 41%-ը Ռուսաստանից է։

Նույն տարում Հայաստանից արտասահման է փոխացվել 1 մլրդ 226 մլն դոլարին համարժեք գումար, որից մոտ 402 մլն դոլարը կամ 33%-ը Ռուսաստան է ուղարկվել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter