HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան ուղարկվող գումարների կազմում ԱՄՆ-ի կշիռը մեծանում է

2021 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում (հունվար-հուլիս) ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել 1 մլրդ 146.5 մլն դոլարին համարժեք գումար։ Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս դրամական փոխանցումների ծավալն աճել է 253 մլն դոլարով 28 %-ով։

Նախորդ տարի տարածված համավարակի պատճառով մի շարք հայաստանցիներ չմեկնեցին արտագնա աշխատանքի, հետևաբար՝ դրսից ստացվող փողը պակասեց, հատկապես Ռուսաստանից, որը դեպի Հայաստան տրանսֆերտների գլխավոր աղբյուրն է։ Այս տարի նրանց մի մասին հաջողվեց վերադառնալ իրենց աշխատանքին, որի արդյունքում տրանսֆերտները սկսեցին աճել։ Եթե 2020 թվականի հունվար-հուլիսին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են մոտ 400 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակաշրջանում դրանք աճել են մոտ 64 մլն դոլարով կամ 16%-ով՝ կազմելով 463 մլն դոլար։Սակայն ակնհայտ է, որ դրամական փոխանցումների աճին այնքան մեծ չափով չի նպաստել արտագնա աշխատանքի մեկնողների փաստը, որքան ԱՄՆ-ի գործոնը։

Գումարների ներհոսքի աճին նպաստել են առավելապես ԱՄՆ-ից կատարվող փոխանցումները։ Մասնավորապես, այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել մոտ 314 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 127 մլն դոլարով կամ 70%-ով։

ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումների աճ է նկատվում դեռևս 2020 թվականի կեսերից։ Այս տարի այն առավել ակնհայտ է դարձել։ Հայաստանի Կենտրոնական բանկը ԱՄՆ-ից հոսող գումարների աճը պայմանավորում է ԱՄՆ-ում քաղաքացիների ստացած պետական օժանդակությամբ: Դա դրական է ազդել նաև ԱՄՆ-ում գտնվող հայերի եկամուտների վրա: Նրանք էլ իրենց հերթին գումարներ են ուղարկում Հայաստանում ապրող իրենց հարազատներին:   

ԱՄՆ-ում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու պետական օժանդակության ծրագրերը պարբերաբար թարմացվում են և նոր ծրագրեր են ի հայտ գալիս։ Ենթադրվում է՝ դեպի Հայաստան տրանսֆերտներն էլ առաջիկայում ևս կշարունակեն աճել։ Արդյունքում՝ աստիճանաբար մեծանում է ԱՄՆ-ի դերը Հայաստան հոսող տրանսֆերտների կազմում։

Այս տարվա յոթ ամիսների կտրվածքով արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներում ԱՄՆ-ի տեսակարար կշիռը կազմել է 27%։ Համեմատության համար՝ նախորդ տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում այն կազմել է 21%։

Չնայած ՌԴ-ից ուղարկվող գումարների աճի տեմպն ավելի «համեստ է», Ռուսաստանը շարունակում է մնալ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ամենամեծ աղբյուրը, ինչպես որ եղել է միշտ։ Այնուամենայնիվ, այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում նշված երկրի տեսակարար կշիռը դեպի Հայաստան դրամական փոխանցումներում նվազել է՝ կազմելով 40%, նախորդ տարվա նույն ամիսների 45%-ի դիմաց։

Չի բացառվում, որ այս տեմպով շարունակվելու պարագայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի կշիռները հավասարվեն կամ ԱՄՆ-ն առաջ անցնի։ 

Այս տարի նկատելի աճ կա Ղազախստանից դրամական փոխանցումների մասով: 2021 թվականի հունվար-հուլիսին նշած երկրից Հայաստան է փոխանցվել 47.6 մլն դոլար՝ 4.3 անգամ ավել, քան նախորդ տարվա նույն ամիսներին:

Ավելացել են նաև Գերմանիայից ու Ֆրանսիայից կատարվող փոխանցումները:

Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում: 

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձնաց կողմից բանկերով Հայաստանից արտասահման դրամական փոխանցումներին, ապա այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում դրանք կազմել են մոտ 663 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս արտահոսքն աճել է 40.5 մլն դոլարով կամ 6.5%-ով:

Հայաստանից արտասահման դրամական փոխանցումների կազմում ևս ամենամեծ տեսակարար կշիռն ունեն Ռուսաստանն ու ԱՄՆ: Մասնավորապես, այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում Ռուսաստան է փոխանցվել 220 մլն դոլարին համարժեք գումար՝ 6.2%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ամիսներին:

Փոխարենը 46.5%-ով ավելացել են դեպի ԱՄՆ փոխանցումները՝ կազմելով մոտ 108 մլն դոլար:  

Քանի որ դրամական փոխանցումների ներհոսքն այս ընթացքում ավելի մեծ տեմպով է աճել, քան արտահոսքը, արդյունքում զուտ ներհոսքի զգալի աճ է գրանցվել: Հիշեցնենք, որ զուտ ներհոսքը ներհոսքի ու արտահոսքի տարբերությունն է: Այսպես, այս տարվա առաջին յոթ ամիսներին արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 483.5 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով մոտ 213 մլն դոլարով կամ 78.5%-ով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter